Գրիշ Սարդարյան | Մեր մի օրը

Դասականների ականջը կանչի

Տասական թվականների կեսերից Արտեմը երեսունի վրա էր կանգնել ու արդեն ուզում էր ամուսնանալ։ Ուղիղ տասնհինգի ամառը մերոնք իննսուն թվերով հավաքվեցին ու գնացին ՌԴ աշխատելու։ Այս սերնդից մեր շրջապատում մնացած միակ քսանհինգ տարեկանը ես էի։ Տալիս-առնում էի Արտեմի, Նիհարի, ավագ ախպորս հետ։ Իրենց հետ նույն ավտոն էի նստում, ավագ ախպորս ու Նիհարի ձեռքի շարժումները հրավիրում էին ինձ, ցուցադրական արհամարհանքով, չուզենալով, փոքր ախպոր մշտական ձևերով հետևի նստատեղին էի տեղավորվում, Արտեմի կողքին։ Դիմացը բազմած Նիհարի ու ախպորս որոշումները մեզ տանում-բերում էին, Արարատի գյուղերով ման տալիս, մինչև ընտրվում էր մսի հարմար վաճառակետ կամ հացի նստելու խաղաղ տեղ։ Տեղավորվում էինք։ Նիհարը էդ վայրերը վերածում էր քարոզատեղիի, Արտեմի գլուխը արդուկվում էր մինչև կեսգիշեր, մինչև լավ կերած ու խմած դուրս կգայինք ռեստորանից, ճաշարանից, Ավշարի, Այգավանի ու Երասխի գարեջրատներից, հետ կգայինք Արարատ։
Արտեմը մեղադրվում էր անմտաբար ապրելու, կյանքը վատնելու, չամուսնանալու մեջ։ Նա մարդակորույս կնոջ ծոց էր մտնում, մեր մանկության ուժեղ, հանցագործ դեմքի կին էր, դրանից բոլորս վատ էինք զգում, թվում է՝ թաքուն էր, բայց երևում էր։ Մենակ թե ոչ ինքնագոհ Արտեմից։ Նա նոր-նոր էր սկսում ազդվել Նիհարի հանդիմանություններից ու ախպորս բորբոքող հռհռոցներից։
Այդ օրերին նաև լավ շոգ էր, շիրոտ եղանակ, ոնց սիրում են ասել ամենամեծերը, այն աստիճան էր, որ կրակայրիչ վառելդ չէր գալիս. մենակ թե շոգը մի չըռթ էլ հանկարծ չավելանար։ Հետևի նստատեղերը ախպորս մեքենայում ծխելու հնարավորությունը հենց սկզբից բացառում էին։ Ծխում էր մենակ Նիհարը, նրա քրֆատու մենախոսության կեսը քամին ծխի հետ տանում էր բաց պատուհանից։ Արտեմը ձև էր անում, իբր ոչինչ չի լսվել, իսկ չամուսնանալու հարցն առաջնահերթությունը զիջում էր միայն մի նորաբաց քննարկման, թե՝ ո՞նց ու ո՞ւր են ախպերս Նիհարի հետ գնում հանգստանալու։
Ու երբ որոշումը կայացված էր, ճամպրուկներն էլ՝ պատրաստ, Նիհարը դարձավ մեզ ու Արտեմի վրա նայելով՝ ասեց.
– Ինչ ես անելու, ոնց ես անելու՝ չգիտեմ, հուլիսի 18-ին գանք, ու մեզ տանես աղջկա տուն։
Անհասկանալի է՝ ինչ էր ակնարկում. խոսքկա՞պ, նշանադրությո՞ւն, թե՞ Արտեմի ծնունդի օրով հարսին միանգամից տուն բերելու հարցը։ Դա հունիսի 25-ին էր, իրենց մեքենայի մոտ էր, դռներն արդեն բաց էին, իրենք նստեցին ու հեռացան դեպի Արցախ, այնտեղից պիտի գնային Վրաստան, այնտեղից հետո էլ, վերջին շաբաթը ՌԴ-ում պիտի անցկացնեին. մեր միջի ամենանոստալգիկ երկյակը ընտրել էր Եսենտուկին։
Շրջապատից կտրված, մնացինք ես ու Արտեմս։
Իրեն ես ընդունում էի հարազատ ախպոր պես ու թունդ խեցգետին լինելու պատճառով՝ երեքի միջից ինձ առավել հոգեհարազատ էի համարում։ Ես էլ հորոսկոպով խեցգետին էի, ես այնքան խեցգետին էի, որ մեկ-մեկ նույնիսկ Արտեմին ի զորու չէի հասկանալ։ Ինչ որ է։ Թյուրիմացությունը անցնում-գնում էր, երևի չէր էլ նկատվում։
Երկուսով մնալուց հետո մենք հիմնականում ոտքով էինք, հազվադեպ՝ տաքսի էինք կանչում, բայց Արարատ քաղաքի մեջ էինք գործ բռնում, որ տակից դուրս գալ կարողանայինք։
Առաջին շաբաթվա վերջերից Արտեմը սկսեց իմ օգնությամբ աղջիկներ ֆիլտրել. ապառիկ առած նոութը բակ էր հանել, շորտով, մայկով, հողաթափերով նստել էր աթոռակին, ուսի վրա բացվել էր բանակային դաջվածքներից մեկը, ոտքի տակ գարեջրի կիսատ շիշ էր դրել, որը հաստատ ավելացել էր հորեղբոր վերջին կերուխումից։ Աղջիկները շատ պարզ եղանակով էին ֆիլտրվում. ես մտնում էի սոցցանցի հայտնի կայքը, հրահանգում էի՝ փնտրել արարատցի աղջկա, Արտեմը տարիքային առավելագույն շեմն իջեցնում էր մինչև 21-ը, ու տակը մնում էին չորս հոգի, որոնցից մեկի քիթը ծուռ էր, մեկը ընկեր ուներ, մեկին արդեն անպատասխան գրել էր… մաքուր հաշվարկով մնում էր մեկ հոգի։ Սուսաննա Բադալյան։
Արտեմի բախտը չէր բերել։ Ընդհանրապես, մեր սերնդի բախտը նախապես քիչ էր բերել էս հարցում, այն տարիներին մարզերում քչերն էին ցանցային այլընտրանքային գոյություն պահպանում։ Ու անլուծելի նյարդայնություն էր բռնում Արտեմիս, ես դեռ կարող էի համբերել, ինքը՝ չէ, բռնում տեսազանգ էր անում այրի Խաթունին, կապը խախուտ էր, պատկերն ուտում էր, ձայնը կտրտվում-մնում էր. սիգարետը բերանին՝ զուգահեռաբար Սուսիկի էջում տեղեկություններ բզբզող Արտեմը Խաթունին ասաց.
– Շորերդ հանի։
Եվ երբ Սուսանիկի էջից իմանալու բան չէր մնացել, կտացրեց՝ թեքվեցինք ընկանք անխափան մերկությամբ նստած Խաթունի վրա։ Ես փռթկացի։ Հիշեցի Նիհարի խոսքերը, իրոք՝ հիսունամյա էս կնոջ դեմքը անտանելի գեշ էր, բայց մարմինը լավն էր։
– Վայ քո,- Արտեմն ինքն էլ անակնկալի եկավ,- հո դու հիմա՞ր չես։
– Դու չուզեցի՞ր,- ասում էր կինը։
– Վերջը պիտի հագնվես, չէ՞։ Հո տենց անշոր չես մնալու։
Այրին Արտեմի իմիջիայլոց խոսքին խելոք ենթարկվում էր, զգացվում էր, որ մեր թռի-վռի ընկերոջ նշանակությունը այս աչքերում ավելի քաղցր է, քան անցյալի լեգենդար ամուսնունը։
– Էլ ինձ չզանգես,- ասում էր Արտեմը, այնտեղից ցածր, ամաչող, կասկածող «Յա» էր լսվում,- հա՛, ես աղջիկ եմ ճարում, ուզում եմ ամուսնանամ,- ասում էր Արտեմը։
Խաթունը սպասվելիք ծնունդի նվերի մասին խոսակցություն էր բացում։ Քթի տակից քֆուր էր ստանում։ Չեմ պատմում, թե ես ինչեր էի փորձում համոզել Արտեմին։ Ինձ հետաքրքիր էր՝ իր ոտքերի տակ ընկած այս կինը մինչև ո՞ր կետն էր կամովին նվաստանալու։
Երեք օր անընդմեջ նույն վիճակներով անցկացրինք։ Երեք օրերին էլ փնտրում էինք ու անփոփոխ արդյունքի մեջ դեմ առնում նույն աղջկան. Սուսաննա Բադալյան։ Արտեմը տեսավ՝ ճար չկա, խոստովանեց.
– Ճանաչում եմ սրան։ Վատ աղջիկ չի։ Էնդեղ Լյով կա, ախպորը կճանաչես, Լյովիկ կա, կճանաչե՞ս, փոստի Հովսեփի աղջիկը պիտի լինի՝ մի խոսքով։
Ես ասացի.
– Արտ, բայց պատկերացրու, որ ցանցի միակ ազատ աղջկան ես կպել։ Պատկերացրի՞ր, թե ինչ հերթ կլինի։
Բայց Արտեմը պնդեց, որ ավելի լավ, աղջկա գործում ամենաբարդ տեղից պիտի սկսես։ Իր վստահության հարցում երբեք կասկած չկար, գիտեի, որ ընկերս լրիվ ուրիշ խեցգետին էր, բարձր ինքնագնահատականով։
Նիհարենք շաբաթից ավել կլիներ դեռ ձայն չէին հանում։ Արտեմի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ վճռական պահը կկորի, իսկ ինքը դանդաղ, ուզածի պես առաջ կգնա։ Չէր շտապում։ Իմ ծնունդին հասանք։ Ամսի 5-ի գիշերն էր, Արտեմի հետ նստած խմում էինք, երբ Նիհարը Վրաստանից զանգեց։ Քեֆով էր, օտար երկրում գտնվողի տպավորություն չկար, ոնց որ Վրաստանի կեսն իրեն տված լինեին, կեսը՝ ավագ ախպորս։ Մոտավորապես այսպես դիմեց և Հայաստանի տիրակալները նրանց առաջ ընկրկեցին։
– Բիջո, էդ մխտառի հետ ես, չէ՞։ Մի հատ դրան տուր, ախպերս։
Շան լափը թափվեց Արտեմի գլխին, տասը րոպե խոսեցին, տասներկուսից մեկ, երկու պակաս հեռախոսս ինձ վերադարձավ, երկա՜ր շնորհավորեցին, բաժակներ չխկացրին Նիհարն ու ախպերս, ի պատասխան՝ մենք մերը չրխկացրինք։
Հուլիսի վեցին հայտնվեցին նաև իննսունականները։ Սկզբում Մրոտը շնորհավորեց, նրան միացան Արսը, Մռդոն, ավշարցի Արսը… Արտեմի մտախոհ վրիպումներն այդ օրը աչքաթող մնացին, այլ բաների վրա էի, փորձում էի հաշվել, թե համբույրի միջազգային օրը քանի՞ համբուրվող զույգ կտեսնեմ։ Իմ ծնունդն էր։ Արարատի կենտրոնում ականատես եղա երկու ավտոյի համբույրի, տղերքի հետ ողջույնի պաչիկներ եղան, հարազատներս շնորհավորական պաչեցին, իսկ գիշերը, պահի տակ նախագահն էր հեռուստաէկրանի վրա մեկի ձեռքը սեղմում ու ոգևորությամբ պաչպչում։
Ամսի տասնութն էր մոտենում, ծնունդիս հաջորդող օրերից նշանակությունը չկորցրած միակ օրը։ Արտեմիս վրա կարգին մորուք էր արդեն բուսնել, այստեղ էլ նորից օգտվել էր կյանքը ուտող ընկերների բացակայությունից։ Չէր պատրաստվում թրաշվել։ Խաթունի հետ հարաբերությունները չէին ավարտվում։ Սուսանիկ աղջկա համար պայքարողների երկար ցուցակում 14 մարդ կար, երկու ախպեր, մեկը՝ բանակում։ Հայրը, երկրորդ ջահելություն մտած, իր պահանջն էր դրել՝ վերջնական թույլտվության համար հետը պիտի հանդիպեին, զրուցեին, ևն, ևն… և այդ պայմաններից յուրաքանչյուրին տուրք տալը դիմացինիդ ավելի էր լկստվացնում։ Դրա համար Արտեմը թքեց աստիճանակարգված հարաբերությունների վրա ու կենտրոնացավ Սուսիկի ազատ տեղաշարժերի ուղղությամբ։
Ամսի 17-ն է՞ր, թե՞ 18-ը։ Արտեմը թափված գարեջրի շիրի հետ աթոռակին է կպել։ Կարդում է թարմ անեկդոտային նորությունը.
– Վրաստանը Ռուսաստանին պատերազմ հայտարարեց։
– Լո՞ւրջ ես ասում։
Զանգել ենք Նիհարին, սպասի՝ ասում է, չդնե՛ք, ռուսերեն է խոսում, հեսա մեկ րոպե, ազատվում է.
– Ինչի՞ ես զանգել, այ ագռավ,- կպնում է Արտեմին,- շատ ես, չէ՞, ուրախացել։
– Ի՞նչ կա, ո՞ւր եք,- հարցնում եմ ես։
– Եկել հասել ենք Ռուսաստան, այ ախպեր, իմանում ենք, որ կռիվ են սկսել։ Մոտներիս լարին արժեզրկվել էր, հիմա էլ սահմանը փակեցին…
Նիհարն ու ավագ ախպերս ստիպված մեքենան թողնելու էին ու ինքնաթիռով գային։ Ուրիշ ի՞նչ պիտի անեին։ Հուլիսի 18-ին Արտեմը ազատություն էր ստանում, իսկ առաջիկայում, բազմաթիվ խնդիրների մեջ իրենը համարվելու էր անհրատապ։
Բայց ես նայեցի դեմքին ու չգտա արձագանք, ոչ մի չարախնդություն։
Հետո, երբ խմում էինք, ասաց.
– Սուսիկը գնում էր կենտրոնական փողոցով։ Հարմարացրի։ Մոտեցա։
Խմում էինք, որովհետև խմելն էր մնում։
Հետո խմել-պառկել էր թախտին, երգացանկի ամենառաբիս երգն էր դռդռում. «Առաջին սեր, իմ անմոռաց…», մեջքի վրա, ոտքերը անշարժ, բոկոտներից՝ դիակի կերպ պառկացրածի տպավորություն էր, իսկ ես հարբել էի, դեպքի վայրում մշտապես անպակաս սեղանից նայում էի Արտեմին, բայց դեմքը լավ չեմ հիշում, խառնում եմ մեր մյուս ընկերների դեմքերի հետ, աչքիս առաջ է նույն Նիհարի դեմքը, որ սեփական դարդերով ընկել էր բազմոցին ու ժպտում էր՝ Արտեմին մտաբերելով, կամ սենյակի մահճակալին կուչ եկած ախպորս դեմքն եմ տեսնում, մերժված Մրոտինը, Արսինը, Մռդոյինը։ Իմը։
Բոլորիս դեմքերին առանձին էր հասել, հետագայում դեմքներս ընկերովի միանման էր արել՝ մեր մի օրը։
Դուրս եկա։ Ուղիղ էի քայլում, հետո՝ ձախ։ Փողոցից ես զանգեցի Նիհարին, իմացա, որ վաղվա չվերթով գալիս են.
– Հա, դե եկեք։ Եկեք, որ Արտեմի մեջքը տրորեք, հետ տվածը մաքրեք, տանեք թափեք։
– Հա, գալիս ենք,- ասեց Նիհարը։
Կյանքումս վստահ չեմ եղել, որ խոսակիցը վերջին բառերս լսեց։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *