Սիրով հրավիրում ենք բոլորին դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին ներկա գտնվելու Նունե Լևոնյանի «Դասեր, որ պետք չեն գալու» գրիք շնորհանդեսին «Հայ գիրք» գրախանութում, Իսահակյան 16|ա (Կամերային երաժշտության տան դիմաց):
***
Ոտնաթաթերի վրա լքում եմ
տարածությունը իմ և քո միջև.
Այս բաժանումը թող հենց այդպես էլ
Անավարտ մնա:
***
Վերջինը, ինչ մոռանում եմ քնելուց առաջ
և առաջինը, ինչ հիշում արթնանալիս,
օձիքիդ ծուռ կարված մանրաթելերն են.
անվերջ մտածում եմ դրանք շտկելու մասին:
***
Նեղության պահին
այնքան եմ դիմել
սրբություններին,
որ հիմա նրանք
միայն կեղտոտված
հոմանիշներն են
տառապանքների,
երբ պետք էր միայն,
որպես սրբություն,
քնից արթնանալ:
***
Քո արքայավայել պահվածքից
ես խոնարհվում եմ,
փոքրանում,
նսեմանում.
բայց ներսումս
ոտքի է կանգնում
Թագուհին:
***
Առանց քեզ հերթական օրը
հաղթահարված է,
Բայց դեռ շատ ու շատ առավոտներ կգան:
Ամեն դեպքում,
սիրո երջանիկ վերջաբան է.
այսպիսի մահ եմ երազել միշտ:
***
Հին իրերը դեն նետելիս
Այնքան հեշտ է թվում
Նետվելը
Աղբի մեջ:
***
Մի վերջին մանրուք
միշտ պակասում է
երջանկությանը:
Մանրուքը ունեմ՝
Թեյի գոլորշի,
Կիթառ, ճոճաթոռ,
Ձյունն ու ձմեռը,
Ներսում՝ բուխարին:
Ինձ հարկավոր է
մնացած մասը,
բայց որին դարձյալ
պակաս է մնում
մի վերջին մանրուք:
***
Եվ, այնուամենայնիվ,
եկավ աշխարհի վերջը,
դեկտեմբերի 21-ին, ուղիղ 10:12
ծերունին ներս մտավ դանդաղ բացվող դռնից
և տխուր դեմքով` բացիկ հանձնեց մեզ,
որում շնորհավորանք էր՝
Ամանորի, Սուրբ Ծննդյան, շարունակվող կյանքում կատարվելիք
հետագա գործերի հաջողության բարեմաղթանքով,
մի հեռավոր ու տաք երկրից,
որի գտնվելու տեղն ու անվանումը
ոչ ոք չմտաբերեց:
***
Մորս փնտրում եմ
Տան սենյակներում,
Մտնում պատշգամբ,
Դուրս գալիս փողոց,
Մեկ առ մեկ շրջում քաղաքի բոլոր
Անկյունները այն,
Որտեղ կարող եմ
Նրան հանդիպել:
Երեկոյան կողմ
Հին ընկերուհուն
Տեսնում եմ նրա.
«Դու չգիտե՞ս, որ
Մայրը շատ վաղուց
Մահացել է քո»:
Ջղակծկումով արթնանում եմ ես
Ծանր երազից:
– Վեր կաց, թեյ խմենք, – ասում է մայրս:
– Թող քիչ էլ քնեմ, – ասում եմ ես:
***
Երբ սպասում ես երկար ու չի գալիս
Կամ գալիս է վերջում,
Լցնում է սպասման փորած բոլոր հորատանցքերը
Եվ հենց այդտեղ էլ սպառվում
Երջանկությունը: