Վարդան Հակոբյան | Լռությունը՝ խոսքի ապավեն

Վարդան Հակոբյան

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՈՍՔԻ ԱՊԱՎԵՆ

1.
Ներիր ինձ, բանաստեղծություն,
որ ես փորձել եմ
բանաստեղծություն գրել:

Ես դժվար, դժվար, դժվար պարզեցի,
որ ետընթաց չի ունենում խոսքը,
որ ոչինչ չի կարող փոխարինել խոսքին,
անգամ՝ խոսքը:

Մնաս բարով, բառ,
ես այսուհետև
կապավինեմ լռությանը:

 

2.
Ներիր ինձ, բանաստեղծություն,
որ ես փորձել եմ
բանաստեղծություն գրել:

Մեղավորը արևն է,
մի առու և
հասկ հավաքող մի աղջիկ:

 

3.
Ներիր ինձ, բանաստեղծություն,
որ ես փորձել եմ
բանաստեղծություն գրել:

Մեղավորը ինքդ ես,
այդքան լավը չլինեիր՝
չէիր լինի այդքան գլխակեր:

 

4.
Ներիր ինձ, բանաստեղծություն,
որ ես փորձել եմ
բանաստեղծություն գրել:

Մանկությունը վերադարձ ունենար,
երկար տևեր
կամ լիներ հավերժական,
գուցե այդ դեպքում ես… չծնվեի
(ինձ լավ բան տրված չէ կյանքում),
թեև ամենից լավ գրում են չծնվածները:

 

***
Մեռած ճանապարհների վրա
բույն են դրել կաքավները,
և նրանց կաղ-կղայից
հարություն են առել անտեր հուշերը:
Մեր գյուղում հիմա ոչ ոք չի ապրում,
հանդերով անցնելիս՝ զգու՜յշ, որ
հանկարծ չարթնանան քարերը:
Լուսինը իջել և վերցրել է ինձ:

 

***
Ես խռով եմ; Չգիտեմ` ումից,
չգիտեմ` ինչից,
չգիտեմ` ինչու: Խռով եմ:
Երես եմ թեքել ճամփաներից,
որոնք երկարել են հաճախ
իմ մենակության նման,
աստղերից, որոնց լույսով
գժվել եմ մթին լեռներում,
աղջիկներից, որոնց, ավա՜ղ,
անհայտ է խորությունը ցավիս,
թռչուններից, որոնց թևերով
բազմապատկել եմ երազներս,
հուշերից, որոնց մոխիրներում
անթեղվել են սրտիս պողերը,
ընկերներից, որոնց հետ խմել եմ գինի,
ծաղիկներից, որոնց ցող ու շաղով
բոբիկ ոտքերս եմ թացել,
լավ ու վատից կյանքի, որոնցով
սիրտս վերուվեր է ցատկել անվերջ,
երազներից, որ
առաջնորդել են …
Դեմքս շրջել եմ: Ես օտարված եմ:
Չգիտեմ` ումից, չգիտեմ` ինչու,
չգիտեմ՝ երբվանից…

 

***
Այն, ինչ ասվում է՝
իմ ասելիքը չէ,
իմը չասվողն է:

Այն, ինչ լսվում է՝
իմ լսելիքը չէ,
իմը չլսվողն է:

Այն, ինչ տեսնվում է՝
իմ տեսնելիքը չէ,
իմը չտեսնվողն է:

Այն, ինչ հնարավոր է՝
իմ անելիքը չէ,
իմը անհնարինն է:

 

***
Երբ նայում եմ քո աչքերին,
ես վերստին համոզվում եմ,
որ տիեզերքի հայտնի և անհայտ գույները բոլոր
աչքերն են ստեղծում:
Ամենադժվար ճամփեքն աշխարհում աչքերն են անցնում,
ամենատաք երգերն աշխարհում աչքերն են երգում,
ամենաքաղցր ծաղիկներն աշխարհում աչքերն են քաղում,
ամենաչքնաղ կտավն աշխարհում աչքերն են վրձնում,
ամենասուրբ մեղեդին աշխարհում հորինում են աչքերը,
ամենալավ…Աչքերը, քո աչքերը:
Այնպես է թվում, թե քո աչքերը
կարող են փոխել ամբողջ աշխարհը, այն, ինչ
չկարողացավ անել անգամ բանաստեղծությունը:

 

ԿՐԿՆԱԿԻ ԼՈՒՅՍ

Ես մենակ չեմ կարող
մենակ մնալ,
ուրիշ է, երբ դու
ինձ մոտ ես: Ես
այդ ժամանակ
դառնում եմ
կրկնակի մենակ: Իսկ երբ
քեզ եմ նայում, թվում է՝
քո աչ քերը աչքեր չեն, այլ
իմ համբույրները
քո դեմքի վրա:
Եվ ինձ այցելում է
ամենալավ երգը,
որի բառերը
չեն ասվում երբեք:
Հազար ձև կա,
գիտեմ, բայց ասելու
ձևերից ամենալավը
չասելն է: Քո
լռությունը
բազմապատկում է
ներկայությունդ:

Տեսնես ո՞ր դռնով է
մութը դուրս գալիս,
երբ անակնկալ
ներս է խուժում լույսը:

 

ՆԱԽԱԹՂԹԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Նշանը սպասվող գործողության
նախազգուշացումն է, այսինքն՝
յուրաքանչյուր բջիջ իր մեջ ունի
բազմաթիվ ու անանուն աշխարհներ:

Երբ ես գրիչը ձեռքս եմ առնում՝
Ալեքսանդր Մակեդոնացին խոնարհվում է
Կյուրոսի գերեզմանին՝ նրա դամբարանում,
իսկ բարբարոսուհի Ռոքսանեքը
սեր է շշնջում նրա ականջի տակ:

Երբ ես գրիչը ձեռքս եմ առնում՝
պոետը Սուրբ Վենետիկում իր լուսանկարի ետևին
հայատառ գրում է իր անունը՝ Լորդ Բայրոն. «Աստծու հետ
խոսելու միակ լեզուն հայերենն է»:

Երբ ես գրիչը ձեռքս եմ առնում՝
Նապոլեոնը շշնջում է. «Հիմար է այն
տղամարդը, որը կնոջը թույլ է տալիս իշխել իրեն»,
իսկ աշխարհի գեղեցիկ աղջիկները քթի տակ ծիծաղում են՝
նպաստելով անվերջանալի անձրևների ընթացքին:

Երբ ես գրիչը ձեռքս եմ առնում՝
Մելիք Շահնազարը կուրծքը ծեծում է ինքնագոհ.«Ես եմ
իմ տան գլուխը», իսկ Պըլը-Պուղին նրա վրա խնդմնդում է
ափաշկարա. «Մելիքն ապրած կենա, տան վիզն էլ կինն է,
ուր թեքվում է՝ գլուխը նայում է այն ուղղությամբ»:

Երբ ես գրիչը ձեռքս եմ առնում՝
Քրիստոսը «շնության մեջ բռնված կնոջ» մասին ասում է.
«Ձեզնից ով որ անմեղ է, թող նա քար գցե դորա
վերայ»: Ապա. «Ես էլ քեզ չեմ դատապարտում»:

Երբ ես գրիչը ձեռքս եմ առնում՝
Կալիգուլան սայթաքում և ընկնում է սոված
առյուծների երախը՝
դրսում թողնելով իր մարմարյա գլուխը,
որն անվերջ քրքջում է ինքն իր վրա:

Երբ ես գրիչը ձեռքս եմ առնում՝
Սերվանտեսի ձեռքը սեղմում է ձգանը՝ թուրք ոսոխաց դեմ, և
նավատորմի բոլոր հրանոթները միանգամից կրակում են,
ու տեղ են հասնում նախ Սանչոն, հետո միայն Դոն Կիխոտը…

Երբ ես գրիչը ձեռքս եմ առնում՝
որկրամոլ եգիպտացին, որին Ներոնը
ստիպում էր մարդկանց ուտել,
լափում է հենց իրեն…Ներոնին՝
քանի նա չի հասցրել գլխատել մորը:

Երբ ես գրիչը ձեռքս եմ առնում՝
Պուշկինը թանաքամանը նետում է ցարի
դեմքին, որի վրա կաթիլ-կաթիլ դաջվածքը՝
ինչպես եզան կաշվից շինված մագաղաթին,
ոչ ոք դեռ չի հասցրել վերծանել:

Երբ ես գրիչը ձեռքս եմ առնում՝
թուղթը դառնում է ավելի ու ավելի սպիտակ,
Բորխեսի «երազն անհետանում է, ինչպես
ջուրը ջրի մեջ»,
իսկ իմ բառերը հնչում են միայն կապույտ օդում՝
որպես նախաթղթային բանաստեղծություն…

 

***
Ես սերը փրկում եմ սիրուց,
և դա հեռվի խորհուրդն է
առաքված ինձ…Քանի որ
արևը չի ուզում տեսնել
իր մայրամուտը,
իրիկնադեմին աչքը փակում է:

Ես սիրում եմ գետերի
վերադարձը և չեմ ներում
երբեք չմերժված սերերը:

 

***
Փակ դռները քաշում են ինձ,
դրանք ջարդելով՝ շատ անգամ
հայտնվում եմ դժոխքում:

Իսկ զուգարանի ջրի քուղը
քաշելիս՝ անձրևը վարարում է
կիսավեր տանիքի վրա: Ո՞ւմ
ձեռքն է կրկնվում իմի մեջ:

Ես չեմ սիրում «սիրում եմ»-ը:
Ու գիտեմ՝ պատերազմի ժամանակ
ամենից շատ
զոհվում են գրքերը:

Ինձ ապահարզան տված
իմ ստվերին այլևս
վերադարձ չկա: Եվ
ամենափոքր միավորը՝
սիրո ժամանակի մեջ,
հավերժությունն է:

Փակ դռները միշտ
գեղեցիկ են լինում:

 

***
Ծաղիկների գլխավոր արժանիքը
նրանց բուրմունքը չէ,
այլ քո երկնային մաքրությունն է,
որով նրանք վարակում են շրջապատը:

Իր մեղեդին է փորձում իմ մեջ այն միակ
ճանապարհը, որ քեզ բերում է ինձ մոտ:

 

***
Ծաղիկը ինչ-որ խոսքի ներկայություն է, որ
բոլորը հասկանում են առանց բառերի:

Այնտեղ, ուր ձի չկա` ծաղիկներ չեն աճելու,
և ջահելները մոռանալու են
ժամադրության վայրը, և
եթե հիշեն էլ` բարդու վրա լուսին չի լինելու:

Դու այնքան հաճախակի ես վանք գնում
ու մոմ ես վառում այնտեղ՝
մեր սիրո համար,
որ ինձ թվում է, թե ես եկեղեցու ստվերում
ծաղիկներ արածող ձի եմ, և
արևը դուրս է գալիս իմ խրխինջների հետ միասին:

 

***
Քո աչքերից դուրս` սուտ է աշխարհը,
Քո աչքերից դուրս`
աշխարհը հորինված դուռ է,
որի ետևում
հազար կողպեքով փակվել է… սերը:

 

ՆԱՄԱԿ ԷԿՈՅԻՆ

Մառախուղն ամփոփել է
իրեն
ճնճղուկի լռության մեջ:

Մինչև հիմա ոչ ոք պարանից
դեռ չի իջեցրել Եսենինին,
թեև
նրա ներբանից մինչև հատակը
ընդամենը մի փոքր տարածություն է:

Լուսնից սև արյուն է կաթում
բոլոր նստարաններին, որ
դրված են բարդիների տակ՝
վարդի անվան հիշողություններով:

Պատերազմից փախած տղաները
տեսնես ինչ են անում
աշխարհի մեծ-մեծ, ոչ գավառական քաղաքներում:

 

ԹԱՓԱՌԱԿԱՆ ՍՏՎԵՐՆԵՐ

Ծաղիկն իմ հիշողության միջով բարձրանում է կամաց,
անձրևի, արևի, օրերի միջով ելնում է այնպես, ասես
իր փոխարեն իմ ձեռքն է ձգվում դեպի պողերը ծոցված կրակի:
Եվ լուսնից սպիտակ թերթիկներ են թափվում մթնշաղի մեջ:

Ջուրը կանգնում, ես` հոսում եմ: Ու ինձ թվում է, իբր ես եմ
աստղը, որ իր մոմը վառեց երկնքի մթին ծիրերի մեջ.
լռությունս եղավ ընդդիմությունը խոսքի և նրանով
աստվածներն իրենց տիեզերական ձայնը սահմանեցին:

Այնպես եկա-անցա այս աշխարհով, ասես ես չէ, այլ ուրիշն էր
իմ քայլերով անցնողը, իսկ ես` ընդամենը նրա ետևից նայողն էի,
կամ նրա թափառական ստվերը` ժամանակի բավիղներում կորսված…
Բայց կուզե՞ք վաղը արեգակի շողերի հետ նորից ծագեմ…

 

***
Անարև օրվա մայրամուտի պես սիրտս տխուր է,
Ճամփաս՝ անորոշ, հոգիս՝ դատարկված, խոսքս՝ անլուր է:
Ես ես չեմ արդեն, ես հեռացել եմ ինձանից վաղուց,
Նայում եմ հեռվին՝ կանչում ինքս ինձ, բայց հեռուն լուռ է:

 

* * *
Ծառին երգող թռչնակը
իր ձայնով մաքրում է
երկինքը, և
բանաստեղծությունը դառնում է օդ,
քանի կա` չես զգում,
երբ չկա` շնչահեղձ ես լինում:

Մի իմաստնախոսիր, ասում է հավքը,
որ չկորչի իմաստնությունը,
մի բանաստեղծիր, որ չմարի
բանաստեղծությունը,
հոսիր, որ առուն չմեռնի…
(Երբ բանաստեղծն է քայլում`
ճանապարհը` որքան էլ հին, նոր բացվող տող է`
որ դեռ ոչ ոք չի գրել)…
Բուժում է հոգին այն, ինչը
գիտես, այն, ինչը չգիտես`
հիվանդացնում, սպանում է քեզ:

Խոսքեր պետք չեն, երբ քայլում ես
երկրիդ ճանապարհներով, ուրեմն`
դա սեր է հայրենիքիդ հանդեպ:
Ավելին, բանաստեղծություն է:
Բոլոր մարդիկ բանաստեղծներ են`
քանի գրիչ չեն առել, երբ գրիչ են
առնում, խիստ քչերին է հաջողվում
մնալ բանաստեղծ…

Հոսիր, որ ջուրը մաքուր մնա…

 

***
Մատներիս փորձը՝ համտեսել արևը
ծնկներիդ վրա,
նման եղավ թաժա հաց վերցնելուն՝
թոնրաթեժ պողերը վրան:
Ծնկներդ կիպ-կպած էին իրար, ինչպես
իմ բացված տետրի երկու թևերը՝
դեռևս չգրված բառերի դողով,
ուր ցորնահացի տաք նշխարներ կային:

Մի թռչուն իջավ տետրի վրա,
կտցեց փշրանքները, հետո հավքը
մնաց, իսկ իմ տետրը
բացեց ճերմակ թևերը ու՝ թըըռ, գնաց:

 

ՇՐՇՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՐԵՎ

Ես առարկայի մեջ որոնում եմ
այն, ինչ առարկան չէ: Եվ
գտնում եմ լույսի մեջ
այն, ինչ գտնվում է լույսից անդին:
Իմ ձեռքերի մեջ դու ծաղկում ես,
և պտուղները
հասունանում են խնձորենու վրա:

 

ՄԵՐՁԵՑՈՒՄ՝ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Դու չկարողացար ինձ ատել՝ սիրելով ուրիշի,
ուրիշին մերձենալով՝ դու ինձ ավելի սիրեցիր՝
անվիճելի դարձնելով մեր անբաժանելիությունը:

Սերը քրեակատարողական մի տարածք է, ուր
ակամա հայտնվում են աշխարհի անմեղները:

 

ԼՈՒՍՆԻՑ՝ ՄԵԿ ՔԱՅԼԻ ՎՐԱ

Իմ ու քո միջև չկա տարածություն
եթե կա անգամ տարածություն իմ ու քո միջև
իմ ու քո միջև մոտ ու հեռու չկա
եթե կա անգամ մոտ ու հեռու իմ ու քո միջև
իմ ու քո միջև իմ ու քո չկա
եթե իմ ու քո կա անգամ իմ ու քո միջև
իմ ու քո միջև չկա ոչ մի միջև
եթե կա անգամ միջև իմ ու քո միջև
Ողջույն Պարմենիդես եթե գոյություն չունի
չգոյություն ուրեմն գոյություն ունի և չգոյությունը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *