Ծեր Մոնմարտրի մի հին անկյունում
Ես եմ ապրում:
Աստեղ ամեն իրիկուն
խմած հայրիկիս ոտնաձայնն է լսվում:
Այստեղ ամեն աստծու օր խեղճ
մայրս է բանում.
նա լվացք է անում
մեզ՝ չորսիս սնելու մեծ հույսով:
Ես… ես հիվանդ եմ հիմա: Երազում եմ՝
նստած պատուհանի նեղ գոգին,
ես լսում եմ մարդկանց քայլերթի մեղմ աղմուկը
ամեն ավարտված խաղաղ երեկո…
Կան բաներ, որ ինձ վախեցնում են
մի քիչ…
Իմ հին փողոցով զբոսնում են մարդիկ,
Շշուկներն եմ նրանց ես լսում
սև կես-գիշերին,
Եվ երբ ես ննջում եմ՝ նվաղուն
տաղտկալի մեղեդի-աղմուկից,
հանկարծ էլ ելնում եմ
կրկնվող սուր ճիչից.
սուլոց, տևական ոտնաձայն,
որ գալիս են ու շտապով հեռանում,
վերջում՝ լռություն է,
որից իմ սիրտն է սառչում:
Իմ հին փողոցով զբոսնում են ստվերներ,
ու ես սարսռում եմ… մրսում, վախենում….
Հայրս ասաց մի անգամ ինձ այսպես.
«Աղջիկ, դու չես կարող կենալ այստեղ
անվերջ հենց այնպես,
ոչնինչ անել չգիտես, իսկ դու պիտի վաստակես:
Պարոնայք քեզ համարում են շքեղ,
Դու պիտի սովորես լոկ ելնել գիշերը…
Քանի՜-քանի՜ տիկիններ են իրենց խնամում՝
մեն-մի կենտ «տրոտտուար դուրս գալով»:
ԻՄ հին փողոցով զբոսնում են կանայք,
Ես լսում եմ երգերը նրանց
սև կեսգիշերին,
Եվ երբ ես ննջում եմ՝ նվաղուն
տաղտկալի մեղեդի-աղմուկից,
հանկարծ էլ ելնում եմ
կրկնվող սուր ճիչից.
սուլոց, տևական ոտնաձայն,
որ գալիս են ու շտապով հեռանում,
վերջում՝ լռություն է,
որից իմ սիրտն է սառչում:
Շաբաթն է հետևում շաբաթին պարելով,
ես այլևս չունեմ օթևան, ոչ էլ փող,
Չգիտեմ, թե ինչպես են նրանք դա անում ,
բայց ես չունեցա հաճախորդ.
ես մուրում եմ անցնող-դարձողից
նշխարի փշուրներ, մի քիչ տաքություն,
բայց, ավաղ, ես չունեմ այդքան քաջություն,
այժմ ես եմ նրանց վախեցնում:
Իմ հին փողոցով ամեն երեկո զբոսնում եմ ես,
երբ քամին է նետում իր հոգին երկինքին,
իմ մարմինն է սառչում անձրևի շիթերից:
Բայց արդեն…
արդեն ես դատարկ եմ,
ես կանգնած սպասում եմ Աստծո գալուստին,
որ տանի ինձ իր մոտ… տաքացնի:
ԻՄ հին փողոցով ինձ տանում են
հրեշտակներ ճերմակ սքեմով,
Ահա վերջացավ իմ երկա՜ր մղձավանջը:
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Լուսին Աթաբեկյանի