Ներսես Աթաբեկյան | Ցեղասպանություն. ապաքինման բանաձևը

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Կոմայգու ծառուղիներից մեկում թնդում է վիթխարի նաղարան, ճչում է զուռնան, և ազգային տարազով պճնված երիտասարդներ պարում են Սասնո, Մշո պարեր՝ Վահրամ Արիստակեսյանի հմուտ ղեկավարությամբ: Բազմությունն աղմկում է, բոլորի դեմքերին շողում է ոգևորությունը, բոլորի աչքերը վառվում են ուրախությունից:

Թևս քաշեց:
– Գնանք, լացս գալիս է, երբ տեսնում եմ այս պարերը: Հասկանո՞ւմ ես, մի ամբողջ ժողովրդից այս պարը մնաց: Զարհուրելի, ողբերգական պար է: Գնա՛նք:

Գուրգեն Մահարի
«Նորից նրա հետ»

Կանցնեն տարիներ, ու ես այդպես էլ չեմ կարողանա մոռանալ ամառային այն երեկոն, երբ հայրս մեզ Շուշին տեսնելու տարավ: Նեղ անմարդամոտ փողոցներ եմ հիշում, խումբ-խումբ մարդիկ, սևեռված-վայրենի հայացքներ, անխաչ եկեղեցու շվաքին մակաղած ոչխար, ու ներսի կիսախավար զովին՝ էլի մակաղած, ու երևի չոբանն էլ՝ ավելի ներսերը մակաղած,- չտեսա՛,- հով էր խաղում լուսամուտների փուչ խոռոչներից, բայց գաղջ էր, անհոգի ու անբովանդակություն: Ու եկեղեցուց մեր դուրս գալը,- չե՛մ հիշում-գիտե՛մ,- փախուստի պես էր, վայրենի հայացքների ատելության միջով ավտոբուսի կանգառ հասնելն էլ ՝ փախուստի պես՝ իմ ու եղբորս երեխա վախով ու մեր հոր՝ երեխաների համար վախով: Մի օտար ներկայություն կուլ էր տվել Քաղաքը ու, զգում էի, մեզ էլ է կուլ տալիս: Մի թշնամի թանձրություն պնդանում էր շուրջը, ու քայլին համընթաց շնչելն անհնար էր դառնում: Կա՛մ քայլ, կա՛մ շունչ: Շունչս պահած՝ հասա կանգառ, վերջին շնչում՝ ավտոբուսը շարժվեց, ոլորաններով՝ ներքև՛, ներքև՛, ներքև՛, հեռո՛ւ, հեռո՛ւ, հեռո՛ւ… Ստեփանակերտ մտնող կամրջին շնչեցի: Հորս գույնը տեղն էր եկել…

Այդ պնդացող, թանձր, թշնամի ներկայությունը տարիներ հետո «Ստալկերում» տեսա, ու նորից արթնացավ այն ամառային երեկոյի տագնապը, երբ հայրս մեզ Շուշին տեսնելու էր տարել, բայց չգտանք: Անհիշողությունը կուլ-տվել-մարսել-էր Քաղաքը: Արդեն ամառային այն երեկոյի երեխան չէի, գիտեի՝ ինչ ու ինչպես է պատահել, և հուշը որպես վիրավորանք էր վերադառնում: Իմ վախի համար, հորս վախի համար, մեր քաղաքում մեր գիքոր անպատեհության համար, մակաղատեղ եկեղեցու համար, ձեռքերիս չբռնցքվելու համար…
Եվ այդպես էլ չեմ մոռանալու իմ տան մեջ անկոչ լինելու նվաստացումը:
Ցեղասպանությունը վիրավորանք է:
Պարտվելը վիրավորանք է:
Կոտորվելը վիրավորանք է:
Ու երբ ոմանք առաջկտրուկի են անում հրեաների հետ, թե ում են ավելի շուտ, շատ, դաժան ու անասելի կոտորել, վիրավորանքից մեռնում եմ: Գուցե և նպատակը բարի է՝ մղկտոցով արթնացնել աշխարհի խիղճը, բայց նորից, դարձյալ ու կրկին՝ բարի ցանկություններով է սալարկված դժոխքի ճամփան: Մի՛ խոնարհվիր, մի՛ մղկտա, մի՛ աղերսիր. նրանց չեն կոտորել, բնազուրկ չեն արել, ուրիշի հիշողություն չեն պարտադրել, նրանց կռունկներն անտունի չեն երգում, մեզ ցավակից լինելը նրանց համար սեփական գթասրտությամբ լիանալու հնարավորություն է: Շնորհակալ ենք, անշուշտ, կարող էին դա էլ չանել (շատերը չեն էլ անում), բայց խոսքը մե՛ր մասին է. երբ դիմում ենք աշխարհի խղճին, մեր անելիքը ուրիշից խնդրելու խեղճ փորձ ենք անում: Հիվանդը հոգնել է իր հիվանդությունից ու խնդրում է՝ ցավս ա՛ռ: Աշխարհը ե՞րբ է ուրիշի ցավ առել. լավագույն դեպքում թույլ կտան՝ գլուխդ ուսին՝ մի քիչ լաց լինես: Լավագույն դեպքում կարեկցանքի խոսք ու բարի ցանկություններ կմրմնջան: Լավագույն դեպքում հաց կտան (հարգանք՝ երբե՛ք…) ու կճանապարհեն բարի ցանկություններով սալարկված դժոխքի ճամփով: Այսինքն՝ դեպի մեր նե՛րսը, որովհետև արդեն հարյուր տարի դժոխքը մեր ներսում է, ու կաթսաների կրակը շիջելու փոխարեն բորբոքում ենք: Հիվանդը հոգնել է, բայց այնքան երկար է հիվանդ եղել, որ իր այլ կերպը չի պատկերացնում…

Ընտանեկան լեգենդն ասում է, որ առաջին բառս «բամբակ»-ն է եղել: Ոչ թե «պեմբյակ»՝ ղարաբաղերեն, որ իմ շուրջն էր, այլ հենց զուտ գրական հայերենով: Չե՛մ հիշում-գիտե՛մ՝ հենց այդպես էլ եղել է, որովհետև Տուն-Ղարաբաղ-Հայաստան օղակ-օղակ ընդարձակվող իրականության ամենաներսում շրջապատված էի ուրիշ լեզվով, կենցաղով ու կեցությամբ: Այդ կարմրադրոշ կոլխոզակոմունիստականության մեջ ինձ որդեգրել էր նախաեղեռնի կորուսյալ աշխարհի մի փխրուն-կարծր բեկոր, որը գտել էր պահպանելով ապաքինվելու բանաձևը: Չե՛մ հիշում-գիտե՛մ՝ Գենոֆյա մեծ տատս ինձ հետ իր աշխարհի, Շուշվա Մարիամյան օրիորդաց վարժարանի, իմ Ներսես մեծ պապի մեծ տան լեզվով է խոսել, առավոտն արթնացնելիս, գիշերը քնացնելիս, լողացնելիս, ուտեցնելիս շշնջացել է այդ հեռու աշխարհի էպոսը, զգացրել է այդ անէ քաղաքակրթության հպումը…
Ընտանեկան լեգենդն ասում է՝ չորս տարեկանից գիրք եմ կարդացել,- չե՛մ հիշում-գիտե՛մ,- նույն չորս տարեկանում դանակ-պատառաքաղ բռնել գիտեի (ճի՛շտ բռնել), նայում եմ արդեն դեղնած լուսանկարները. թշնամի երկրի ըմբոստ ծայրագավառի գյուղական երեխա՞ է, թե՞ մայրաքաղաքների խնամված բալիկ. հագուստ-կապո՜ւստը, կեցվա՜ծքը, հայա՜ցքը… Հետո, երբ դպրոց եմ գնացել (էլի՛ վաղակետ),- չե՛մ հիշում-գիտե՛մ,- ճամփաս պահել է՝ մեր տան փոքրիկ (մեկուկես տեղանոց) պատշգամբում կանգնած. այդ քաղաքավար լոջիա-պատշգամբն էլ (միակը՝ գյուղում) իր կորուսյալ աշխարհի վերստեղծված բեկորն էր: Եվ ամենը՝ մեղմ, տխուր, շշուկով, համարյա աններկայություն… Պարզ տատություն չէր արածը, Փրկումի ծես էր. բոլորից ու ինձնից թաքուն իր կորուստ-աշխարհն էր տեղավորում իմ մեջ՝ ինչքան կտաներ դեռ ճնճղաչափ ներսս: Չե՛մ հիշում-գիտե՛ր՝ շատ հետո, երբ ինքը վաղուց չի լինի, ու ես չեմ էլ կասկածի՝ ինչե՜ր կան իմ մեջ, ինչպես լուսանկաչական թղթերի վրա՝ հանկարծ հայտածվելու են բոլոր պատկերները, մարդիկ, բառերը, շարժումները, և անսպասելիությամբ ապշեցնելով՝ ինձ ուրիշ ուղիներ են հուշելու: Փրկո՜ւմ էր, ինչպես 20-ի գարնան այն անիծված օրը հինգ երեխաներին էր փրկել (գրկանոց տատս ու համարյա տարեկից Սոնա քույրը՝ ձիու խուրջինի երկու աչքերում) վառվող, արնաթոր, գարշահոտող Քաղաքից, հետո պատսպարան գյուղի մարագներից մեկում ծվարած (ու ծվարած էին բոլո՜ր մարագներում, գոմերում, նկուղներում…) շուշեցի մեծահարուստի ունեցվածքից փրցված հատիկ-հատիկ մի քանի ոսկով սովից էր փրկել, մարագատիրոջ <Զինգերով> տկլորությունից ու էլի սովից էր փրկել (հինգ երեխայից՝ տղային ու զորատարիքի տղա թոռանը, որ հանճարեղ նկարիչ էր, փրկել չկարողացավ. պատերազմ էր, ու Ներսես մեծ պապիս անհասցե գերեզմանին երկու անհասցե շիրիմ էլ գումարվեց)…
Երեխա փրկելը բնազդ է, կորուսյալ աշխարհն ի պահ տալը՝ հոգու պարտք այդ աշխարհին ու մարդկանց: Եվ Վերադարձի կարելիություն: Աղջիկներին պահ տալ չէր կարող. շատ էին մեծ և անիծված օրերը շատ էին հիշում՝ Առասպելը չէ՛ր ապրի: Ընտանեկան լեգենդն ասում է՝ Զատիկի օրերն են եղել. տատիս մեծ քույրը այնպես մանրամասն էր նորից ու անընդհատ տեսնում ամենը, որ հետո ողջ կյանքում պինդ եփած ձու չկերավ: Ուրեմն իմ ծնվելուց առաջ արդեն մնացել էի միայն ես, ում պահ էր տալու իր աշխարհը: Ե՛ս էի Պահապան ընտրվել: Չե՛մ հիշում-գիտե՛մ՝ ամեն ինչ որոշ է եղել, ոչ մի պատահականություն՝ սկսած անունից, որ է՛ր ծնվելուցս առաջ, մինչև ինձ կնքելը ու հատկապես՝ Էջմիածնում (Արարքի ահռելիությունը պատկերացնելու համար. մեծ անաստվածության 63 թիվն էր, տատս, հայրս, մայրս՝ էդ թվերի կոմունիստներ, ու ես` երևի միակ մկրտվածը մեր գյուղարանքում…), հետո՝ ներցեղային ճակատամարտերը ինձ ռուսական դպրոց տալու շուրջ (ցեղը պնդում էր, որ «խելունք խոխա»-ն անպայման ռուսակա՛ն դպրոց պիտի գնա…), ինձ ուրիշ կեցության ու կենցաղի տալու տարօրինակութան լուռ հակազդումը… Եվ այս մեծ դիմակայության մեջ մեծ տատս հաղթեց. հեղինակությունն ու հարգանքը տիեզերաչափ էին (տեսել եմ՝ իրար անեծքակոխ անող թաղի կնանիք ոնց էին փախչում ու սսկվում տներում, երբ կռվի ամենաթունդ պահին դուրս էր գալիս ու որպես լուռ, սևաշոր հանդիմանություն կանգնում դռանը. հավերժ վշտակիր հայացքը ծանր էր…), չէր կարող չհաղթել, բայց՝ ո՛չ միայն. գիտեր, որ ինձ Պահապան մեծացնելով՝ իր Քաղաքն ու Աշխարհն է ապրեցնում: 69 թվից հետո ոչ թե մեր մեկուկես մարդանոց պատշգամբից՝ Երկնքից է հսկում ընթացքս, ու երբ հանկարծակի հայտածված լուսանկարչական թղթերն եմ նայում, հասկանում եմ՝ հաղթած գնաց, հաղթեց ու գնաց, չհաղթեր՝ շարունակելու էր, մինչև հաղթեր Եղեռնին: Որովհետև գիտեր Ապաքինման բանաձևը…

Ինքը գիտեր: Մենք նոր պիտի սովորենք, որ
ցեղասպանությունն անհիշողություն է,
ցեղասպանությունն ինքնակորուսություն է,
երբ քեզ պահ տված աշխարհն ընդամենը պահում ես քո ներսում, փրկում ես քո՛ գնով, և մեծանում, մեծանում է քեզ հետ ու քո մեջ, այնքան, որ մի օր էլ պայթեցնի վտիտ ներսդ, և չլինեք այլևս՝ ո՛չ դու, ո՛չ Աշխարհը: Որովհետև միֆ է այդպիսի փրկությունը, ուղեղի մորմոք, սրտի հիվանդություն: Հակառակն էր լինելու. մե՛նք էինք ապրելու այդ աշխարհում, ոչ թե ինքը՝ մեր մեջ, մե՛նք չէինք Պահապաններ լինելու, ինքն էր պահպանելու մեզ, բայց…
Մի ամբողջ ժողովուրդ արդեն հարյուր տարի հակառա՜կ է ապրում: Գալլը, բրիտը, հոռոմը, սլավոնը, բոլո՜րը՝ իրենք ու իրենց աշխարհներում են, ինչպես նորածինն՝ օրորոցի մեջ: Նույնիսկ հրեան՝ իր աշխարհում է, միայն ցեղասպանության հուշն է իր մեջ: Իսկ մե՞նք… Տեսե՞լ եք՝ ոչ թե երեխան օրորոցում, օրորոցը երեխայի մեջ… Դրանից էլ՝ կոր ենք, կքած, ծանր, դեպի ներս, անվե՜րջ դեպի ներս, ու մեր դեպի ներս հայացքով են մեզ ճանաչում, խղճում կամ սպանում են՝ գուցե նաև ազատելով մեռած աշխարհը կենդանի կրելու այդ ահարկու հանձնառությունից…

Հիվանդը հոգնել է իր հիվանդությունից:
Մարդկությունը հոգնել է իր հիվանդից:
Հիվանդությունը հոգնել է կրկնությունից:
88-ին միլիոն էինք Երևանի հրապարակներում ու փողոցներում: Լուր տարածվեց, թե Մասիսի թուրքերը սպառնացել են կոտորածով: Վախեցա՜նք: Օրեր շարունակ մայրերը վախենում էին երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանել: Երևանում չեղավ՝ Սումգայիթում եղավ, Բաքվում եղավ, Գանձակում եղավ, Մարաղայում եղավ: Մեզ պահ տրված Աշխարհը գալարվում էր մեր ներսում, շնչահեղձ լինում, մղձավանջներ էինք տեսնում Եղեռնից տասնամյակներ հետո ծնվածներս, ու մղձավանջ էլ չէր, նույնիսկ կինո չէր, իրականությություն էր: Եվ այդպե՛ս է լինելու: Մի՛շտ: Երբ հայաթափ անեն Քեսաբ գյուղը, երբ պայթեցնեն Դեր Զորի եկեղեցին, երբ սպանեն եզիդներին, երբ մորթոտեն ղպտիներին…
Գուցե սխա՞լ էր Մեծ տատս, որ ինձ պահ տալով՝ փրկեց իր Աշխարհը, իսկ ինձ թողեց Պահապանի խաչը: Գուցե պետք չէ՞, գուցե հատել ու թաղել, սկսել մաս-մաքուր էջից, գուցե մոռանա՛լ, մոռանա՛լ, մոռանա՛լ… Անհնարի՜ն է. մի ամբողջ ժողովուրդ՝ մի ամբողջ Աշխարհի ծանրությունից կռացած… Բայց ականի վրա պայթած ոտք չի, կտրես-գցես, մե՜նք ենք, և մոռացումը ինքնասպանություն է կամ… նորից ցեղասպանություն: Մոռանա՞լ, թե՞ հասկանալ, որ կա՛ Ելքը, և ուրի՜շ է Ելքը, որ Պահապան-ության միայն կեսն ենք հասկացել, որ Ապաքինման բանաձևի միայն կեսն ենք կարդացել. ոչ թե «Պահպանել ընդմիշտ», այլ՝ «Պահպանել մինչև…»: Մեծ տատս գիտեր ու մեզ Պահապան կարգած բոլոր մեծերը գիտեին: Մենք նոր պիտի հասկանանաք, որ
«Ավեր Վանի տեղ՝ քո Երևանով»-ը ինքնախաբեություն է:
Նահապետի մորթված խնձորենիների փոխարեն ուրիշ տեղ (թեկուզ էլի Հայաստանում) ծաղկած խնձորի այգին ինքնամխիթարանք է:
Տասնքանի մայրաքաղաք ունենալը խայտառակություն է:
Պետք է մեկն ունենալ ու պահել ամեն գնով: Ուրեմն չենք պահել, ուրեմն նոր մայրաքաղաքի տեսիլքն աչքերում՝ նահանջի նեղ կածանը գուշակել ու փախել ենք մահը մահով կանգնեցնելու միակ ապրելաձևից: Եվ ունենք տասնքանին՝ մի՛ Փարիզի, մի՛ Բեռլինի, մի՛ Լոնդոնի փոխարեն: Ահա՛ ցեղասպանության բանաձևը…
Եվ ուրեմն ապաքինման բանաձևը, միա՛կ բանաձևը Շուշին է՝ Վերադարձը, Վերականգնումը, Վերահաստատումը, Վերապրումը՝ այնտեղ, ուր միա՛կ Տունն է…
Կորցրած բույնը մորմոքալով նոր բույն հյուսող ծիծեռնակի կերպարը պիտի մերժվի. թույլ ու թուլացնող կերպար է: Հիվանդը միայն Վերադարձով է ապաքինվելու (գաղթականներն Էրգրի սահմանից մի քայլի վրա էին շինում իրենց կացարանները ու դրանց տուն չէին ասում, որ Տո՜ւն վերադառնան, սասունցիք Արևելյան Հայաստանի բանձրիկ տեղերում էին կենում, որ էրգիրը երևա՝ Տան ճամփան չկորցնեն. հարյուր տարին մեծ ժամանակ է՝ սա՛ ենք մոռացել): Ուրեմն՝ Վերադա՛րձ: Ու երբ վերադառնանք, ու երբ հայրենական ջրին, հողին, երկնքին պահ տանք մեր մեծերի՝ մեզ պահ տվածը, որ արդեն երկրորդ «ես» է դարձել, երբ ասենք «ցավս ա՛ռ», և առնեն, թեթևացած շունչ կքաշենք և՛ մենք, և՛ մեր հիշողությունը, ծանրը թոթափած՝ կշտկվենք և առողջ կտեսնենք մեզ ու աշխարհը: Կրկին կլինենք օրորոցում, ոչ թե՝ օրորոցը մեր մեջ: Եվ Պահապաններ չենք լինի այլևս…
Ուրեմն ապաքինման միակ դեղատոմսը Շուշին է: Երբ ասում ենք՝ Շուշին Կովկասի խոշորագույն մշակութային կենտրոններից է, ճի՛շտ է: Երբ ասում ենք՝ Շուշին Հայաստանի Արցախ ամրոցի միջնաբերդն է, ճի՛շտ է: Երբ ասում ենք՝ Շուշին ռազմավարական նշանակություն ունի, ճի՛շտ է: Բայց՝ ամենաճիշտն ու ամենակարևորը. Շուշիով մենք առաջին (ցավոք՝ առայժմ միակ) անգամ Վերադարձանք – այնտեղ, ուր մեզ սպանել են, Վերադարձրինք – մեր Տունը, Վանքը, Վարքը, որ փորձել էին սպանել, մեր ներսում պատսպարված հայրենիքը, որ հոգեմակետ էր մինչ այդ, դրեցինք ի՛ր հողին, ի՛ր երկնքի տակ, և իսկակա՛ն դարձավ: Մետամորֆոզների շրջանն ավարտված է…

Գիշերը՝ Շուշիում… հյուրանոցի բարձր պատշգամբից… տների խաղաղ մրափը… մինարեների սլացիկ ուրիշությունը… անարձագանք հարցումներս… Ու հասկացա՝ ոչ մի պատասխան էլ չի լինելու, որովհետև հիվանդին են վատ թաքցված կարեկցանքով հարցնում՝ ո՞նց ես, իսկ Շուշին սովորական քաղաք է այլևս, ինչպես Փարիզը, Ալավերդին, Պեկինը, ու ես՝ սովորական, եկել եմ պոեզիայի սովորական միջազգային փառատոնի, ու սովորական կենվոր եմ, մի գիշերվա կենվոր, որ հին հայկական իներցիայով փորձում է փորփրել վերքը: Ու Քաղաքը չի պատասխանում, Քաղաքն առո՜ղջ է, կեցցե՛ Քաղաքը, որ քնի մեջ շրջվեց մյուս կողին ու դժգոհ մրթմրթաց՝ վա՛զն արի, մետամորֆոզների շրջանն ավարտված է…
Առողջության նշանը սովորականությունն է:
Առողջության նշանը սովորականի հիշողությունն է:
Առողջության նշանը՝ երբ Քաղաքը քնի մեջ շրջվում է մյուս կողին ու սովորական արթնանում առավոտյան, և գիշերային տագնապած արթնացումների մղձավանջը ոչ մեկին այլևս չի չարչարում…

Մետամորֆոզների շրջանն ավարտվել էր ավելի վաղ. չէի հասկացել…
92-ի աշնանը, երբ ընկել էր Գետաշենը, ընկել էր Շահումյանը, Մարտակերտը չկար, ու թուրքերը Ստեփանակերտից մի քայլի վրա էին, հայրս կոտրվեց. վաղակետ սգո մորուքով, աչքերը խամրած, թևաթափ… Ես ոչ զիլ վերլուծաբան եմ, ոչ էլ, բնականաբար, պայծառատես ու մարգարե, ասեցի՝ հաղթելու ենք, ու թոռներիդ էլ Շուշիում եմ կնքելու… Սիրտ տալու խոսք չէր, իսկապես վստահ էի… Ու եղավ, ինչին վստահ էի… Ուրեմն մետամորֆոզների շրջանը հենց այդ ժամանակ էլ ավարտվել էր (հայրս արդեն չկար), երբ երեխաներս մկրտվում էին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցում, ու չէի հասկացել (թեթև սահում ենք մակերեսով, և միտքն անջանասեր է, ու հույզը՝ քարացած կերպերին հլու…), որ Էջմիածնում իմ կնքվելով սկսված մետամորֆոզների շրջանն ահա այստեղ երեխաներիս մկրտվելով ամբողջացավ: Որ 63-ի իմ անխաչ (յոթգույն թել՝ վզիս…) կնունքը և տարիների գաղտուկ քրիստոնեությունը ահա այստեղ բացահայտ, հպարտ ու հայրենական Մկրտություն դարձավ, որովհետև ավարտվեց Պահապանի իմ առաքելությունը. հոգեՔաղաքը երկրաՔաղաք է այլևս, և Հոգևոր հայրենիքի ինքնախաբեությունը նահանջել է. սովորական քաղաք է, սովորական Շուշի՝ տուն, լույսի վարձ, դաս սովորող երեխա, հարևանուհու հետ մի քիչ բամբաս անող կին, իրիկունը մի քիչ գինով տուն դարձած տղամարդ, և պատին՝ անկռիվ, բայց պատրաստ Հրացանի ու Տիրոջ Խաչի կողքին Մեծ պապուտատի հարյուրամյա լուսանկարը, և շիտակ հայացքը նրանց. ոչինչ պարտք չեն Մարդուն ու Աստծուն, և շիտակ հայացքդ՝ նրանց. լրված է Պահապանի առաքելությունդ…

Մեղրի ժամանակին Նախիջևանով էի հասնում. Ես էլ ժողովուրդների սովետական ու անխախտ բարեկամության կարմիր ծփծփումի միջով ուրախ-զվարթ գնում-գալիս էի: Հիմա՝ Երևան-Արարատ-Եղեգնաձոր-Վայք-Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի. իմ երկրի դուրսը իմ երկրի ներսից շրջանցելով: Եվ ամեն անգամ, երբ Երասխավան-Նախիջևան շիտակի փոխարեն Սևակավանի վերելքն եմ բռնում, ալիք է տալիս վիրավորանքը, ներսս նորից ծանրանում է կոտորածի մղձավանջից ու պապերի պահ տվածով, և Պահապանի ստվերն է շրջում մահերի ու ավերակների վրա…
Բայց Շուշին եղավ, ուրեմն լինելու է, չէ՞, որ Երասխավան-Նախիջևան շիտակով եմ գնալու, Կոմիտասի Ցղնա գյուղում ծիրան եմ առնելու ճամփեզրի աղբյուրի մոտ դիրքավորված մանչուկից, որ արդեն Պահապան չի լինի, Կարսի այգում Չարենցի տունն եմ հարցնելու ջահել զույգից ու սայլակում պառկած պստոյի տռուզ թուշը ճմթելով հարցնելու եմ՝ Եղիշ չի՞ անունը, ինչ էլ սազո՜ւմ է, ու Վանա լճի ափին փալաբեղ նավավարը հետ է պահելու՝ ջուրը չմտնես, տղա՛ս, դեռ պաղ է…
Ու էլի՛, էլի՛, էլի՛՝ ճանապարհներ, արտեր, գետեր, կամուրջներ, գյուղեր, քաղաքներ, մարդիկ, երկիր…
Անունը՝ Հայաստան:
Ինչպես՝ Ուրուգվայ, Լիբանան, Ֆրանսիա…
Պարզապե՛ս…
Սովորակա՛ն…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *