Դոնալդը հասկանում էր, որ չնչին հնարավորություն ունի, բայց այնուամենայնիվ տրամադրությունը լավ էր. լի էր էներգիայով և ամբողջ ձանձրալի աշխատանքը արդեն արված էր: Եթե դա հնարավոր լիներ, նա կպարգևատրեր իրեն:
Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, նա իջավ, և նրան պարուրեց արևմտյան ամառային գիշերը, և նա գնաց դեպի օդանավակայանի ծայրում գտնվող մեկուսացած տնակը, որը կառուցված էր երկաթուղային հին կայարանի ձևով: Նա չգիտեր, արդյոք Նենսին ողջ է, ապրում է այս քաղաքում կամ ինչ է նրա ներկայիս անունը: Նրա հուզմունքը ավելի էր ուժեղանում, երբ նա թերթում էր հեռախոսագիրքը՝ փնտրելով Նենսիի հոր համարը, որը շատ հավանական է, որ այս քսան տարիների ընթացքում կարող է և մահացած լիներ:
«Ո՛չ: Դատավոր Հարմոն Հոլմս – Հիլսայդ 3194», – մտածեց Դոնալդը:
Մի կնոջ հաճելիորեն զարմացած ձայն պատասխանեց նրան, երբ նա հեռախոսի մոտ խնդրեց Օրիորդ Նենսի Հոլմսին:
– Հիմա Նենսին տիկին Վոլտեր Գիֆերդ է : Իսկ ո՞վ է հարցնում:
Բայց Դոնալդը առանց պատասխանելու դրեց հեռախոսը: Նա պարզեց այն ինչ ուզում էր իմանալ, իսկ նա ընդամենը երեք ժամ ուներ: Նա չէր հիշում ոչ մի Վոլտեր Գիֆերդի, երբ թերթում էր գիրքը, մի պահ մտորեց. «Նա կարող է ամուսնացել է և մեկնել քաղաքից…:
«Ո՛չ: Վոլտեր Գիֆերդ – Հիլսայդ 1191», – նա թեթևացած շունչ քաշեց:
– Լսում եմ:
– Բա՛րև ձեզ: Տիկին Գիֆերդին կարելի՞ է , նրա հին ընկերն է ձեզ հետ խոսում:
– Ձեզ հետ խոսում է տիկին Գիֆերդը:
Նա հիշեց կամ նրան թվաց, որ հիշեց նրա ձայնի կախարդական հմայքը:
– Դոնալդ Փլանտն է: Ես ձեզ չեմ տեսել տասներկու տարեկանից ի վեր: Վերջին անգամ տեսել եմ ձեզ, երբ տասներկու տարեկան էի:
– Այո՞, – չափազանց զարմացած հարցրեց նա: Բայց նրա ձայնի մեջ չկար ուրախություն, և արդյոք նա իրեն ճանաչեց:
– Դոնալդ, – կրկնեց նա: Հիմա նրա ձայնը ավելի շատ բան էր արտահայտում, քան լոկ հիշելու փորձեր:
– Ե՞րբ ես վերադարձել: Հետո ջերմորեն հարցրեց որտե՞ղ ես:
-Արդեն մի քանի ժամ է, ինչ օդանավակայանում եմ:
– Դե ուրեմն այցելիր ինձ:
-Վստահ ես, իսկ ուշ չէ՞:
-Աստված իմ, ո՛չ, – բացականչեց նա: Ես տանը, մենակ նստած սոդայով վիսկի եմ խմում: Պարզապես ասա տաքսու վարորդին……
Ճանապարհին Դոնալդը վերլուծում էր իրենց զրույցը: Նրա խոսքերը «օդանավակայանում եմ» ապացուցում էին այն, որ նա հարուստ էր և հարգված: Նենսիի միայնությունը կարող էր նշանակել, որ որպես կին նա հիմա այնքան էլ գրավիչ չէ և ընկերներ էլ չունի: Ամուսինն էլ միգուցե գործուղման է կամ էլ քնած է: Եվ քանի որ Դոնալդի երազներում նա միշտ տասը տարեկան էր, նրա վիսկին շփոթեցրեց Դոնալդին: Բայց նա ժպտալով մտածեց. չէ որ նա արդեն մոտ երեսուն է:
Երբ ճանապարհը թեքվեց դեպի տուն, նա տեսավ մուգ մազերով մի փոքրիկ գեղեցկուհու՝ կանգնած լուսավորված դռան առջև՝ բաժակը ձեռքին: Ցնցված իր վերջնական տեսքից՝Դոնալդը դուրս եկավ տաքսուց և ասաց.
– Տիկին Գիֆե՞րդ:
Նենսին վառեց շքամուտքի լույսը և լայն բացած աչքերով երկար, կասկածանքով նայում էր նրան:
Կասկածանք արտահայտող հայացքը վերածվեց ժպիտի:
– Դոնա՛լդ, դու ես , մենք բոլորս այնքան փոխվել ենք: Այո՛, սա իսկապես անհավանական է:
Նրանք ներս մտան, պարբերաբար կրկնելով՝«այս բոլոր տարիները», և Դոնալդի սիրտը ճմլվեց. մասամբ իրենց վերջին հանդիպման տեսարանի պատճառով, երբ աղջիկը հեծանվով անցավ նրա կողքով արհամարելով, մասամբ էլ վախից, որ ոչինչ չկար ասելու: Կարծես նախկին դասընկերների հանդիպում լիներ, երբ զգում ես, որ անցյալը հետ չես բերի, և ամբողջ ուժով թաքցնում ես դա խրախճանքի աղմուկի մեջ: Նա սարսափով գիտակցեց, որ այս հանդիպումը կարող էր լինել դատարկ ու երկար մեկ ժամ: Դոնալդը գլուխը կորցրած առաջ նետվեց….
– Դու միշտ լավիկն ես եղել: Բայց մի քիչ ցնցված եմ, չէի պատկերացնում, որ այսպիսի գեղեցկուհի ես դառձել:
Դա ազդեց: Դոնալդը անմիջապես հասկացավ իրենց կարգավիճակի փոփոխությունը, իսկ համարձակ հաճոյախոսությունը նրանց դարձրեց շփոթված մանկության ընկերներից հետաքրքիր օտարականներ:
– Վիսկի կուզե՞ս, – հարցրեց նա: «Ո՞չ: Խնդրում եմ չկարծես, որ ես գաղտնի հարբեցող եմ դարձել. ուղղակի ձանձրալի երեկո էր: Ես սպասում էի ամուսնուս, բայց նա հեռագիր ուղարկեց, որ երկու օր կուշանա: Դոնա՛լդ, նա շատ բարի է և շատ գրավիչ: Քեզ նման է, մազերն էլ քո մազերի գույնի:
Նա վարանեց:
– Եվ կարծում եմ, Նյու-Յորքում ինչ-որ մեկին է գտել, բայց ես չգիտեմ:
– Քեզ տեսնելուց հետո, դա անհնարին է թվում, – ասաց նա: Ես վեց տարի ամուսնացած եմ եղել և ինքս ինձ այդպես տանջել եմ: Հետո մի օր ընդմիշտ վերջ դրեցի խանդիս: Երբ կինս մահացավ, հասկացա, որ այդպես ճիշտ էր: Հիմա հիշողությանս մեջ միայն լավ բաներ են մնացել, ոչ մի բան չի փչացել, չի խաթարվել, չեմ էլ նեղվում դրա մասին մտածելուց:
Երբ նա խոսում էր, Նենսին ուշադիր ու կարեկցանքով նայում էր:
– Ցավում եմ, – ասաց նա: Հետո մի պահ սպասեց ևշարունակեց,- դու շատ ես փոխվել: Ապա գլուխդ շրջի՛ր: Ես հիշում եմ, որ հայրիկս ասում էր. «Այս տղան գլուխ ունի ուսերի վրա»:
– Դու հավանաբար համամիտ չէիր:
– Ես տպավորված էի: Մինչև այդ մտածում էի, որ յուրաքանչյուր ոք ունի գլուխ: Ահա թե ինչու դա տպավորվել է գլխիս մեջ:
– Է՞լ ինչ է տպավորվել քեզ մոտ, – հարցրեց Դոնալդը ժպտալով:
Նենսին հանկարծակի բարձրացավ և արագ մի քանի քայլ արեց:
-Օ՛, ոչ, դա արդար չէ, – նախատեց նա: Ենթադրում եմ, որ չարաճճի աղջիկ եմ եղել:
-Սխալվում ես, – համառորեն ասաց նա, – գիտես, ես երևի կխմեմ:
Նենսին դեռ լցնում էր խմիչքը, դեմքը շրջված էր,երբ նա շարունակեց.
– Դու ինչ է, կարծում ես միակ փոքրիկ աղջի՞կն ես եղել, ում համբուրել են:
– Ուրիշ բանից չե՞ս կարող խոսել, – ասաց նա: Նրա ակնթարթային բարկությունը մեղմացավ և նա ասաց.
– Գրողը տանի, իսկապես լավ էր, ինչպես երգում է:
«Սահնակով սահելու ժամանակ»
– Այո, կարծես ինչ-որ մեկի զբոսախնջույքն էր, հա Թրուդի Ջեյմսինը: Եվ Ֆրոնտենակում այդ ամռանը:
Սահնակով սահելը նա ամենից լավն էր հիշում, քանի որ ծղոտի վրա՝ անկյունում, համբուրել էր նրա սառը այտերը: Նա վեր էր նայում ու ծիծաղում սպիտակ, սառը աստղերը վրա: Մյուս զույգը նրանց մեջքով էր նստած,և տղան համբուրում էր նուրբ պարանոցը, ականջները, բայց ոչ շուրթերը:
– Ու Մակենց տան երեկույթը, որտեղ բոլորը փոստատուն էին խաղում, իսկ ես չկարողացա գալ, որովհետև խոզուկով հիվանդ էի, – ասաց Դոնալդը:
– Ես չեմ հիշում:
– Ինչպե՞ս թե չես հիշում, դու այնտեղ էիր: Ու քեզ համբուրում էին, ու ես խանդից գժվում էի, դրանից հետո ես երբևէ այդպես չեմ խանդել:
– Տարօրինակ է, չեմ հիշում: Միգուցե ցանկացել եմ մոռանալ այդ մասին:
– Բայց ինչո՞ւ, – զարմանքով հարցրեց նա, – մենք երկու շատ անմեղ երեխաներ էինք: Գիտես, Նենսի՛, երբ կնոջս պատմում էի անցյալիս մասին, ես ասում է, որ դու այն աղջիկն ես եղել, ում սիրել եմ գրեթե այնքան շատ, որքան կնոջս: Բայց կարծում եմ, իրականում քեզ նույնքան շատ եմ սիրել: Երբ մենք քաղաքից տեղափոխվեցինք, քեզ թնդանոթի գնդակի նման կրում էի ներսումս:
– Ամեն ինչ այդքան խո՞րն էիր ընդունել:
– Օ՛հ, Աստված իմ, այո: Հետո Դոնալդը հանկարծակի գիտակցեց, որ կանգնած են միմյանցից ընդամենը երկու ոտնաչափ հեռո, և նա այնպես էր խոսում, կարծես հիմա էլ էր սիրահարված, իսկ Նենսին նայում էր նրան կիսաբաց շուրթերով, իսկ աչքերում թախիծ կար:
– Շարունակիր, – ասաց Նենսին, – ամաչում եմ խոստովանել, որ դա ինձ դուր է գալիս: Ես չգիտեի, որ այդքան տանջվել ես այն ժամանակ: Ինձ թվում էր, թե միայն ես էի տանջվում:
– Դու՞, – բացականչեց նա, – մի՞թե չես հիշում ինչպես ինձ լքեցիր դեղատան առջև, – ծիծաղեց նա, – ու լեզու հանեցիր:
– Ընդհանրապես չեմ հիշում: Ինձ թվում էր՝ այդ դու ես ինձ թողել:
Որպես մխիթարանք նա ձեռքը դանդաղ դրեց Դոնալդի ձեռքին:
– Վերևում լուսանկարների ալբոմ ունեմ, հարյուր տարի է չեմ բացել: Գնամ գտնեմ:
Հինգ րոպե Դոնալդը մենակ նստած մտածում էր երկու բանի մասին. առաջինը, անհույս հաշտվելու անհնարինության և թե ինչ են տարբեր մարդիկ հիշում միևնույն իրադարձության մասին, և երկրորդը, որ՝ Նենսին որպես կին ձգում է նրան նույնքան ուժգին, ինչպես երեխա ժամանակ: Կես ժամվա ընթացքում նա ապրեց այնպիսի զգացում, որ չէր զգացել իր կնոջ մահից հետո և երբևէ չէր պատկերացնում, որ նորից կզգա:
Կողք կողքի նստած թախտի վրա նրանք երկուսով նայում էին ալբոմը: Նենսին նայում էր նրան և երջանիկ ժպտում:
– Օ՜, ինչ լավ է, – ասաց նա:-Ինչ հաճելի է , որ դու այսքան լավն ես, և ինձ այսպես գեղեցիկ ես հիշում: Թույլ տուր ասեմ, երանի այս մասին այն ժամանակ իմանայի: Քո գնալուց հետո ատում էի քեզ:
– Ափսո՜ս, – մեղմ ասաց նա:
– Բայց ոչ հիմա, – վստահեցրեց նա, և անսպասելիորեն ավելացրեց, -համբուրի՛ր ինձ և արի՛ հաշտվենք: Ինչ էլ հավատարիմ կին եմ, – մեկ րոպե անց ասաց նա, – ես իսկապես չեմ կարծում, որ իմ ամուսնությունից ի վեր համբուրել եմ մեկ-երկու տղամարդու:
Նա ոգևորված էր, բայց ավելի շատ շփոթված: Նա համբուրեց Նենսիի՞ն. թե հիշողություն էր, թե այս սիրունիկ, երկչոտ անծանոթուհուն, ով արագ մի կողմ նայեց և շրջեց ալբոմի էջը:
– Սպասի՛ր, – ասաց նա, – ես չհասցրեցի նայել նկարը:
– Մենք դա նորից կրկին, ես ինձ այդքան էլ հանգիստ չեմ զգում:
Դոնալդը ասեց այն ծեծված բաներից մեկը, որ կարող էր նաև շատ բան նշանակել և ոչինչ:
– Կարծում ես սարսափելի կլինի՞ , եթե մենք նորից սիրահարվենք:
– Վերջ տու՛ր, – ծիծաղեց նա շնչակտուր լինելով:- Ամեն ինչ վերջացած է: Դա մի պահ էր: Մի պահ, որը ես պետք է մոռանամ:
– Քո ամուսնուն մի ՛ պատմիր:
– Ինչու՞ ոչ: Ես սովորաբար նրան պատմում եմ ամեն ինչ:
– Դա նրան ցավ կպատճառի: Երբեք այդպիսի բաներ մի՛ պատմիր տղամարդուն:
– Լավ, չեմ ասի:
– Մեկ անգամ ևս համբուրի՛ր ինձ, – ասաց նա առանց մտածելու: Բայց Նենսին շրջեց էջը և ուրախությամբ ցույց տվեց մի նկար:
– Ահա և դու, – գոռաց նա, – նայի՛ր:
Նա նայեց: Մի փոքրիկ տղա՝ կիսատաբատը հագին, կանգնած էր նավամատույցին, իսկ հետևում՝ առագաստանավն էր:
– Հիշում եմ այդ նկարելու օրը, – ծիծաղեց նա լի հրճվանքով , – Քիթին նկարեց այն, իսկ ես գողացա նկարը նրանից:
Մի պահ Դոնալդը չճանաչեց իրեն նկարում, հետո ավելի մոտիկից նայեց և ի վերջո համոզվեց, որ դա ինքը չէր:
-Դա ես չեմ, – ասաց նա:
– Ո՛չ, դո՛ւ ես, Դա Ֆրոնտենակում է, հենց այն ամռանը, որ մենք գնում էինք քարանձավ:
– Ի՞նչ քարանձավ: Ֆրոնտենակում ընդամենը ես երեք օր եմ եղել: Նա նորից ուշադիր նայեց քիչ դեղնած նկարին:
– Սա ես չեմ: Սա Դոնալդ Բաուերսն է: Մենք իրար մի քիչ նման էինք:
Այժմ Նենսին ուշադիր նայում էր նրան, հետ թեքվելով՝ կարծես մի փոքր նրանից հեռանալով:
– Բայց Դոնալդ Բաուերսը դու ես, – բացականչեց նա՝ մի քիչ բարձրացրնելով ձայնը: – Չնայած ո՛չ, դու չես, դու Դոնալդ Փլանթն ես:
– Ես այդպես էլ ասացի, հեռախոսով:
Նա վեր թռավ և դեմքը ծռմռվեց:
– Փլա՛նթ, Բա՛ուերս: Ես երևի խենթ եմ: Միգուցե խմիչքի՞ց է: Ես մի քիչ խմել էի, երբ ես քեզ առաջին անգամ տեսա: Սպասի՛ր: Ինչե՞ր եմ ես քեզ ասել:
Նա փորձեց վանականի պես հանգիստ մնալ և շրջեց էջը:
– Առանձնապես ոչ մի բան, – ասաց նա: Կրկին ու կրկին հայտնվում էին աչքի առջև այն նկարները, որտեղ նա չկար. Ֆրոնտենակ, քարանձավ, Դոնալդ Բաուերս:
Դու ես ինձ լքել:
Նենսին խոսեց սենյակի մյուս ծայրից:
– Երբեք չպատմես այս մասին, – ասաց նա, – Բանբասանքները արագ են տարածվում:
– Ոչ մի պատմություն էլ չկա, – վարանելով պատասխանեց նա, բայց մտածեց. «Փաստորեն նա իսկապես վատ աղջիկ է եղել»:
Հանկարծակի Դոնալդին պատեց կատաղի խանդի մի ալիք Բաուերսի հանդեպ, նրան, ով վերջ էր դրել խանդին ընդմիշտ: Հինգ քայլից նա արդեն նրա կողքին էր, և կարծես չէին եղել ո՛չ այդ քսան տարիները, ո՛չ էլ Վոլտեր Գիֆերդը:
– Նենսի՛, նորից համբուրիր ինձ, – ասաց նա՝ ծնկի իջնելով նրա բազկաթոռի առջև և ձեռքը դնելով նրա ուսին: Բայց Նենսին հետ քաշվեց:
– Դուք ասացիք, որ ինքնաթիռին պետք է հասնեք:
-Խնդիր չէ: Ես կարող եմ այն բաց թողնել: Դա կարևոր չէ:
– Խնդրում եմ հեռացե՛ք,- ասաց նա անտարբեր ձայնով, – խնդրում եմ պատկերացրեք, թե ինչ եմ ես զգում:
– Բայց դու քեզ այնպես ես պահում, կարծես ինձ չես էլ հիշում, – բղավեց նա, – կարծես չես էլ հիշում Դոնալդ Փլանթին:
– Հիշում եմ, ձեզ նույնպես հիշում եմ… բայց դա շա՜տ, շա՜տ վաղուց էր:
-Նրա ձայնը նորից կոպիտ էր ու օտար:
– Տաքսու համարն է՝ Քրեսթվուդ 8484:
Օդանավակայանի ճանապարհին Դոնալդը գլուխը այս ու այն կողմ էր տանում: Նա լիովին ուշքի էր եկել, բայց չէր կարողանում հասկանալ կատարվածը: Միայն երբ ինքնաթիռը աղմուկով սլացավ դեպի սև երկինքը, և ուղևորները դարձան մի առանձին աշխարհ կտրված ներքևում գտնվող աշխարհից, նա զուգահեռ անցկացրեց իր թռիչքի և այդ իրադարձության միջև:
Հինգ հիասքանչ րոպեներ նա ապրեց խենթի պես միանգամից երկու աշխարհներում: Անբաժանելիորեն և անհուսորեն նրա մեջ խառնվել էր տասներկու տարեկան տղան և երեսուներկու տարեկան տղամարդը: Նա շատ բան կորցրեց ինքնաթիռների միջև ժամերի ընթացքում. բայց քանի որ մարդ կյանքի իր երկրորդ հատվածում միշտ ինչ-որ բան է կորցնում, այդ ամենը հավանաբար այդքան էլ կարևոր չէր:
Թարգմանությունը անգլերենից՝ Անի Սարգսյանի