Աննա Ազբեկյան | Տունը

Աննա Ազբեկյան(ՖՐԱՆՍԻԱ)

Այն միակն էր, որ պահպանվել էր հին գյուղից: Վաղուց էին քանդել աղյուսե ցեխապատ տները` ցածր, գերանե առասաաղներով: Այնքան վաղուց, որ չլիներ այս տունը, չէին էլ հիշի, որ տուֆե ընդարձակ տներից առաջ ապրել են ահա այսպիսի տներում:

Ժամանակից ու անտեր մնացած պտղատու այգու վրա գրոհող երեխանների հարձակումներից խարխլվել էր ցանկապատը` տխրատեսք մնացորդներով շրջապատելով տանը: Այդ տանը նայելով մարդիկ մտաբերում էին, որ գյուղում, այո, ինչ որ ժամանակ թուրքեր էլ են ապրել, որովհետեւ նրանք են այդպես կառուցում: Գրեթե առանց հիմքի, բետոնե լցապատերով, վրան կլոր գերան, գերանի կլոր մակերեսին աղյուսե պատ: Կարծես թե կառուցել են կասկածելով` կառուցեն թե չկառուցեն, անվստահ, թե կարողանալու են երկար ապրել այդտեղ:

Նայելիս թվում էր , թե ուր որ է կփլվի, բայց արդեն երեք քառորդ դար այդպես կար: Ժամանակից անճոռնի դարձած պատուհաններով` տունն այնքան տգեղ էր, որ հասկանալի էր այն անունը, որ երեխաններն էին կպցրել նրան` Ջադու պառավի տուն: Այդ անունը կպել մնացել էր մի ուրիշ պատճառով ևս` տունն իր մեջ իրոք ինչ-որ կախարդական, հեքիաթային բան ուներ : Ժամանակը: Այն ժամանակը, որ անցել էր նրա անբնակ ամայության վրայով: Այն ժամանակը, որ ապակին դարձրել էր այդ աստիճան անթափանց ու խորդուբորդ, և փայտի հոծ զանգվածը վերածել անհասկանալի ձևով իրար կպած մնացող շյուղերի: Ծռմռված պատուհանները, պոկված քարերի տեղում աճող ու մինչև տանիք բարձրացող խոտի տխուր տեսքը հոգին ողողում էին ունայնության սառեցնող շնչով: Անցնող ժամանակի այդ դրոշմն էլ հավանաբար հմայել էր Սեմային, որ չնայեց տան համար պահանջվող մեծ գումարին, որի պատճառով տասնամյակներ շարունակ գյուղում և նրա սահմաններից դուրս ոչ ոքի այն չէր հետաքրքրել: Վճարեց ու իր արարքը անիմաստ ու անմիտ համարողների արհամարհանքի ներքո տիրացավ հին, խարխլված այդ տանը :

Առաջինը փոխվեց ցանկապատը: Նորը պատրաստվեց հսկա դարպասների բարձրությունը ունեցող մետաղե լարերից ու դրանց վրա փարթամորեն աճող մի բույսով, որ ամռան կեսից մինչև ուշ աշուն ծածկված էր լինում նռնենու վառ կարմիր ծաղիկներ հիշեցնող բույլերով, և այնքան ստվար ցողուններ ուներ , որ տերևաթափից հետո էլ ցանկապատը մնում էր անթափանց: Նման ցանկապատ պատրաստելու համար ոչ մի գումար պետք չէր, և այն այնքան գործնական էր , որ շուտով տարածվեց գյուղով մեկ «Սեմայի չափառ» անվան տակ:

Նորեկին այդպես սկսեցին ճանաչել: Բայց ծանոթացումը տեղի ունեցավ ավելի ուշ: Երբ ձգձգվող պատերազմին միայն կամավորները բավարար չէին, և զինվոր էին որսում մետրոյում, փողոցներում, շուկայում… Սեման նոր փլել էր բոլոր կցաշինությունները ու գնացել քաղաք շինանյութի ետևից : Կիսավեր տանը մենակ մնացած մայրը, լույսը չբացված, պատուհանի տակ լսել էր արագ ոտնաձայներ, հետո ուրիշը, հետո էլի: «Կովը, կովը, ախր ես հիմա կով ունեմ» միանգամից վեր էր թռել, հագել շորերը ու վազել գոմ… Եվ նա գյուղի կանանցից վերջինն էր, որ տեսել էր թաղի տղամարդկանց որը` միայն ներքնաշորերով, որը բոբիկ, որը թարս ու շիտակ հագնված` ճահճի եղեգների մեջ թաքնվելիս: Մի քանի ժամ հետո, երբ գյուղից հեռացել էր զինվոր հավաքող ավտոբուսը, տղամարդիկ դուրս էին եկել ու իրար ձեռ առնելով` ցրվել իրենց տները :

Սեման գյուղ եկել էր հաջորդ օրը : Լսել էր այդ պատմությունը. «Սաղ գյուղը, լույսը չբացված, բադի որսի էր ելել: Ով էլ բադ չէր սիրում` կռիվ տարան»:

– Որ էլի գալու լինեն` ես մինչև պորտ ճահճի ցեխը մտնողը չեմ:

– Դե ասա տանդ տեղը ցույց տանք էլի:

– Առանց կասկածելու ցույց տվեք,- պատասխանել էր նորեկը :

Սեման կռվեց ամենածանր, ամենաշատ զոհեր տալու բոլոր ամիսներին: Իսկ համեմատաբար խաղաղ ժամանակներին փորեց տան հիմքը, դանդաղ-դանդաղ, շարք առ շարք բարձրացրեց տան պատերը: Գյուղն անհամբեր սպասում էր, թե ի վերջո ինչ տեսք է ունենալու Սեմայի տարօրինակ ու գյուղի համար անսովոր ձևով կառուցվող տունը: Իսկ շինարարությունը ձգձգվում ու ձգձգվում էր: Բայց Սեմայի նշանդրեքից հարսանիք ընկած կես տարում այդ կառույցի ստացած վերջնական տեսքն այնքան յուրօրինակ էր, որ արդարացնում էր իր վրա ծախսված ժամանակը, անլույս ու անհաց այդ տարիներին այնքան մեծ թվացող գումարները  և այն եռանդը, որ աշխատանքի սովոր գյուղացուն անգամ զարմացնում էր:

Այդ կառույցի բոլոր գծերը, որ կողմից էլ նայելու լինեիր, նման էր իր հանդուգն, ինքնիշխան տիրոջը: Այդ հենց ինքը Սեման էր անկանխատեսելի, շռայլ, մեծահոգի:

Տունը կառուցելուց հետո, Սեման գյուղում քայլում էր մի մարդու նման, որ վստահ է իրականացնելու իր բոլոր ցանկությունները: Նա էր տերը իր տան, իր տարածքի, իր ժամանակի… ու ոչինչ չէր կարող կանգնել նրա ճանապարհին, նույնիսկ պատերազմը: Պատերազմի ընթացքում չէ, որ կարողացել է կառուցել է իր ուզած տունը,հանդիպել իր երազած կնոջը, ամուսնանալ ու տղա զավակ ունենալ: «Իմ թոռների թոռներն էլ չեն ամաչի ապրել էս տանը, չէ, ձեր սովետական քառակուսի տների պես, դեռ չափահաս չդարձած ձեր տղերքը արդեն ձևափոխում են…»:

Սեմայի թոռների թոռները չապրեցին այդ տանը: Սեման ինքը երկար չվայելեց իր երազների տունը:

Պատերազմի ավարտից հետո նրա տեսնող աչքերն ու վերլուծող միտքը խանգարում էին չիմանալու, թե ինչ է կատարվում իր շուրջը : Ինչպես և ովքեր տիրացան ողջ գյուղի մեխանիզացիային, ինչպես և ինչ գներ սկսեցին պարտադրել վարի, չիզելի համար…Սեման նրանց աքցանից դուրս պրծնելու համար վաճառեց իր սեփականաշնորհման հողերի կեսը, կնոջ ոսկեղենը, հավաքեց ում-ինչ-երբ պարտքով տվել էր, ու գնեց իր սեփական տրակտորը: Բայց հո պահածոյի գործարանն էլ չէր գնի: Ամենաշատ զոհեր տվող ամիսների` զինվոր Սեման չգիտեր ինչ պատերազմ մղի այդ գործարանի անտեսանելի տերերի դեմ, որոնք գիտեին երբ և ինչպես այն աշխատեցնել հումքի գները գրեթե չնչին դարձնելու համար: Գներն իջնում ու իջնում էին… Գյուղացիների դաշտերում նեխում էր սմբուկը, լոլիկը, ծիրանը թափվում էր ծառերի տակ` հավաքող չկար. հավաքել-գործարան հասցնել` պակասորդով էին դուրս գալիս…Նռնակ չէր գցելու այն ֆուռերի առաջ, որ մայիս ամսին արդեն լեփ-լեցուն Դրսից բերված բանջարեղենով կանգնում էին շուկայի կենտրոնում ու իրենց ցածր գներով ջրի բերան գցում այն գյուղացինների տները, որ դեռ հունվարից մատ փչելով, գիշերն երբ ցախ վառելով աճեցրել էին այն բանջարր, որ եթե նույնիսկ հասունացած լիներ, արդեն մրցունակ չէր Դրսից ժամանածին:

Սեմայի տեսնող աչքերն ու վերլուծող միտքն ասում էին` լռիր:

Ու Սեման լռում էր: Այդ ինքնակամ լռությունր նրան տանջում էր, կարծես թաքնված լիներ այն եղեգնուտում, ուր գյուղի տղամարդիկ թաքնվում էին զորահավաքի ամիսներին: Սեման կորցրել էր մարդկանց, նույնիսկ պատերազմի դառը տարիներին վարակող իր կենսախնդությունը: Վաղուց արդեն ընկերներով չէին հավաքվում ու աղմկոտ քեֆերը հիշողություն էին դառնում: Դարձել էր ցրված, փնթփնթան, շարունակ մանր­-մունր վեճ-կռիվների մեջ էր, կարծես փորձում էր լվանալ այն ցեխը, որի մեջ աննկատ թաղվում էր: Երբեմն-երբեմն իրեն առաջվա Սեման էր զգում, երբ որևէ ընկեր, ինչպես օրինակ հացի փռի Ավիկը, կգար, օգնություն կխնդրեր. «Սեմ, հին ընկեր ենք, ուրիշը չունեմ…» : Ավիկի պաշտոնավոր ու ազդեցիկ բարեկամները կասեին.

– Կարգն էտ ա, նալոկի քիչն ու շատը, մեր ախպեր, բազառ չեն անում, ուզում ես մնաս փռիդ տերը, նալոկը իրանց ուզածի չափով պըտի տաս:

– Քել մի գնանք տեսնենք,էդ ով են «իրենք», ու իրենց էդ «չափը» իրենց որ գրպանից են հանում,- կասեր Սեման ու կհասներ իր ուզածին:

Վեճերը հիմնականում մանր-մունր խարդախությունների շուրջ էին ու հաճախ գյուղապետը ինքն էր Սեմայի հակառակորդների բերանը փակում.«Սենց թե նենց, նախկին ֆիդայի ա, էդ մի բանն էլ իմ խաթեր կուլ տվեք»: Գյուղապետը բարեհոգի մարդ էր,կատակասեր: Շատ անգամ Սեմայի վիրավորական, կոպիտ տոնը կմեղմեր իր բացսիրտ կատակներով, բայց նա էլ հոգնեց: Աշնանը, երբ կոլորադյան բզեզի դեմն առնել Սեման չկարողացավ ու շարքացան կարտոֆիլից մի կոպեկի եկամուտ չունեցավ, գյուղապետը աչք չփակեց հողի-ջրի վարձը ուշացնելու վրա: Մարդ-մարդու ետևից էր ուղարկում հարկը պահանջելու: Ստորացումը կուլ տալով` Սեման ասել էր.

– Էլ չգաք: Որ կունենամ, ինքս կբերենք: Օրենքով կոլորադյան բզեզը բնական աղետ է, ուրեմն եկամտահարկը պիտի հեչ արվի, գյուղապետ է, էդ չգիտի… ձեռ չի տալիս իմանա, իր գործն է: Ես ձեզ ասում եմ, գումարը երբ կունենամ` ինքս կբերեմ:

Բայց էլի եկան: Երկուսին Սեման փռեց դաշտի ցեխի մեջ, իսկ փախչող երրորդի ետևից տրակտորով ընկավ ու վազքին անհարմար կոստյում- շալվարով վազեցրեց գյուղով մեկ, մինչեւ գյուղապետարան… ողջ գյուղի աչքի առաջ, գյուղապետարանի համար առաջին խորհրդականին…

Սեմայի գործը դատարան չհասավ, բայց հողերր ձեռքից վերցրեցին: Բոլորի համար կռիվ տվող Սեման իր համար չբողոքեց : Վաճառեց տրակտորը, ծախեց անասունները, տան իրերը… կարճ, ինչը որ գնող ուներ: Գտավ դեռ Ջադու պառավի տնից մնացած հսկա կողպեքը, դրեց դարպասին, երկաթե ճաղեր գնեց, բայց չդրեց իր շողշողուն ապակեպատ պատշգամբին…. ու հեռացավ:

«Գնաց որտեղից որ եկել էր». իրենց հոգու ցավը ծածկելու ու հուսահատ տխրության դեմն առնելու հանար սրամտում էին ընկերները:

– Ոնց թե…

– Ի՛նչ… քաղաքից չէ՞ր, քաղաք էլ գնաց : Քաղաքի անունը Երևան լինի թե՞ Ֆրանկֆուրտ, քաղաք է…

Սեմայի գնալուց հետո վառ կարմիր ծաղիկներով ցանկապատն առանց ջրվելու քիչ-քիչ չորացավ, հետո անտեր մնացած պտղատու այգու վրա գրոհող երեխանների հարձակումներից լրիվ ավերվեց : Պինդ կողպած դարպասը` անտեղյակ իր ծիծաղելի անիմաստությանը, մնաց հպարտ կանգնած չորս կողմից բաց տարածության մեջ : Ժամանակի հետ պատշգամբի ապակինները կուտակում էին ավազն ու փոշին, դառնում անթափանց ու խորդուբորդ: Սկսեց խոտ աճել պատի ճեղքերում ու դանղաղ-դանդաղ բարձրանալ դեպի տանիք:

Սեմայի տան անբնակ ամայության վրայով անցնող ժամանակը ավելի ակնառու էր դարձնում նրա հմայքը: Նրա անհամաչափությունը իր մեջ կախարդական ու հեքիաթային մի բան ուներ, մի խուսափուկ հիշողություն, հազիվ որսացվող մի նմանության: Երեխանները մեծերից շուտ այն ընկալեցին. «Ջադու պառավի թազա տունը» : Տուն, որ կառուցվել էր ամուր ու հիմնավոր, առանց կասկածանքի, որ ընդմիշտ պիտի այդտեղ ապրեն, ամայի էր… Սեման կարծել էր, թե ինքն է տերը իր ցանկությունների, իր կյանքի, իր հողի, իր տան:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *