Իվան Ախմետև | Անշարժությունը ժամսլաքի

Moscow. Ulitca OGI. 2009.

Moscow. Ulitca OGI. 2009.

Ծնվել է 1950 թվին: Ավարտել է Մոսկվայի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է որպես ինժեներ,պահակ, բանվոր, գրադարանավար: Հեղինակ է բանաստեղծական հինգ ժողովածուների (առաջինը լույս է տեսել Մյունխենում, 1990-ին): Հաճախ հանդես գալիս որպես1950-80-ական թվականների պոեզիայի եւ արձակի հրատարակիչ: «Դարի ինքնահրատ»(1998) անթոլոգիայիպոեզիայի բաժնի համակարգողն է, նույն անթոլոգիայի հիմամբ ստեղծված «Ոչպաշտոնական պոեզիա» համացանցային նախագծի համակարգողը:

կարդացեք
բայց մի նախանձեք

***
էլի միեւնույնը
էլի նույն բանը
կառչում եմ կյանքին
դողում եմ ահով
կյանքը ձեռքերիս մեջ
անզոր եմ պահել
դե ջարդի ոտքս
դե մատս կորցրի
դե ավտոյի տակ
ընկա խելառված
ամեն ինչ հիմա
միանգամայն այլ է
հիմա ամեն ինչ
գեշ ու վատթար է
իմ հոգին քերում է
գարշելի վախը
չգիտեմ ինչ անել
չգիտեմ ոնց ապրել
ախ հարկ է գուցե
ծխելը թարգել

***
լավն է արհեստական եղեւնին, միայն
շատ ափսոս որ նա
չի տերեւաթափվում

***
կապույտ վերարկու
գորշավուն դեմք

***
արցունքները ցամաքում են
քամին սսկվում

***
անշարժությունը
ժամսլաքի

***
ես անջատեցի լույսը
այդպիսով ավարտվեց օրը

***
ահա եւ
երգիր
երգը քո գորշ

***
հաճելի է
ձեռքը
դնել սեղանին

***
արարքների բեռը
սխալների բեռը
տպավորությունների անանց բեռը
ծանրացնում են գլուխը իմ
մեծ է այն
սակայն համահավաք

***
բարին ուժեղ է
բայց հոգնել եմ ես
եւ հարկավոր բառը գտնել չեմ զորում
եւ չեմ կարողանում քնով անցնել

***
բոլոր դժբախտություններիդ մեջ
մեղավորը դու ես, լոկ դու
խոսք գերեզմանի վրա

***
արթնացել են նրանք
ովքեր չեն կարող օրը տեսնել

**
բեղմնավորվեք
բազմացեք
բնակարաններով փոխանակվեք

***
տգեղները ծննդաբերում են
գեղեցիկները ման են գալիս

***
հանդիպեցի փոքրիկ երկվորյակների
ու թեպետ նրանք նման են իրար
ինձ ուշադիր նայեց
միայն մեկը

***
գնալ կնոջ մոտ
զգացմունքների մասին խոսելու

***
պատուհան էլի պատուհան
եւ յուրաքանչյուրում
ուզում ես ապրել

***
ներողություն եմ հայցում
դուք առանց էն էլ շատ եք
իսկ այստեղ նաեւ ես եմ գումարվում

***

ես չեմ սիրում բացահայտ ցինիզմը
ես չեմ սիրում մարքսիզմ-լենինիզմը

 

***
ով երկար սպասել է
նա կորցրել է շատ

***
հրշեջը պահակը հնոցապանը
ցավոք փոքր է ընտրությունը

***
համառ փորձարկողի հայացքի տակ
խափանվել է տիեզերական մեխանիզմը

***
վհատ է մեր տեսքը
մենք խոնարհում ենք գլուխը
եւ ձգում պարանոցը մեր
ասես սպասում ենք կացնի հարվածին

***
պատրաստվել ձմռանը
գուցե եւ պատերազմին

***
երեկո
համր ֆիլմեր եմ դիտում
դիմահայց տան պատուհաններում

***
նոր սերունդը իր համար ընտրում է
հին սերունդը իր համար խմում է

***

աշխատանքը մարդուց կապիկ է ստեղծել
կապիկից մկնիկ
մկնիկից գորտիկ
գորտիկից ձկնիկ
ձկնիկից սպունգ
սպունգից կոշիկ
իսկ կոշիկը բանեց ու բանեց
եւ մաշվեց լրիվ

***
ավելին կտեսնես
թե մեռած մնաս միեւնույն տեղում
ձմռանը
ամռանը
գիշեր ու
ցերեկ
ոնց հին ճամպրուկը պատշգամբում

***
համբուրիր ինձ կրքոտ
համբույրները քո
քաղցր են ինձ համար
պատերազմից ու խաղաղությունից
(պատերզամներ ու խաղաղություններ
հայրերի ու որդվոց
մեռած հոգիների ու
թշվառների միջեւ)

***
գուցե
արժանի չեմ ես
կամ ստեղծված չեմ այնպես

***
եւ այս ամբողջը
մեր մեջ անկնեղծ ասած
կատարյալ անհեթեթություն է
թանկագին ընկերներ

***

Աստված ներում է
Աստված վրիժառում է

***
իրոք
դաստիարակված մարդը
անծանոթ է
խղճի տանջանքի հետ
իսկ մեկ ուրիշը
ապրում է ազատ
եւ նրան խիղճը կրծում է
եւ խմում է նա
եւ էլի խիղճը կրծում է
եւ նա ավելի թունդ է խմում
եւ խիղճն ավելի է կատաղի կրծում
եւ նա այլեւս ասուն կենդանի չէ
այլ խմող համակ –
ավելի ու ավելի է
դառնում կորուսյալ

 

ՈՐՏԵՂԻՑ Է ՀԱՌՆՈՒՄ ԹԱԽԻԾԸ
միջազգային իրադրությունից
ներքին իրադրությունից
իրերի դրվածքից
ընկերների դիրքից
անքնությունից
անփողությունից
ստեղծագործությունից
հոգսառատությունից
անդուլ ջանքերից
անելանելիությունից
տարբեր սարսափներից
աչքով տվողներից
սատանայավհուկաուրուներից
լեմուրներից ու տնային կախարդներից
գայթակղությունից
բաժանումներից եւ
վիրավորանքներից եւ
անկանխատեսելի
եղանակից եւ
նյութափոխանակությունից

***
«Խոսենք ոնց տերությունը տերության հետ»
Տինյանովին առաջարկել է Մայակովսկին
«Խոսենք ոնց ձայնագրիչը ձայնագրիչի հետ»
Նեկրասովին առաջարկել է Սատունովսկին

***
նա ցանկացել է
մարմինը իմ
իսկ ես ցանկացել եմ
շատ մարմիններ

***
որքան դեմքեր
դու չտեսար
լոկ ոտքերի պատճառով
որքան ոտքեր
դու չտեսար
լոկ գրքերի պատճառով
գրքեր
ոտքեր

Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

 

Արդիռուսական վերլիբռ: Բանաստեղծությունների Ա 858 անթոլոգիա/Թարգմանություններ ռուսերենից: Կազմող և թարգմանիչ` Հ. Ալեքսանյան Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի» հր., 2015

Արդիռուսական վերլիբռ: Բանաստեղծությունների անթոլոգիա: Թարգմանություններ ռուսերենից:
Կազմող և թարգմանիչ` Հ. Ալեքսանյան
Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի» հր., 2015

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *