Ուան Ծիասին | Բանաստեղծություններ

Ուան Ծիասին

Ուան Ծիասին (Wang Jiaxin 王家新)

Ուան Ծիասինը ծնվել է 1957 թվին՝ Չինաստանի Հուբեյ նահանգում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հիմնադրումից ութ տարի անց։ Ծնված լինելով կալվածատիրոջ ընտանիքում՝ տասնամյա Ուանը իր ընտանիքի հետ ընկնում է Մաո Ցզեդունի «Մեծ Մշակութային Հեղափոխության» թիրախի տակ և մոտ ինը տարի անց է կացնում աքսորում։ Տասնինը տարեկանում՝ Մշակութային հեղափոխության ավարտից անմիջապես հետո ընդունվում է Վուհանի համալսարանի գրականության ֆակուլտետ։ Նա իր բանաստեղծությունների առաջին շարքը հրատարակում է 1984 թվականին՝ 27 տարեկան հասակում։ 1985 և 1989 թթ-ին․հետևում են նրա երկրորդ և երրորդ ժողովածուները։ 1985-ից 1990 թվականներին նա եղել է «Պոեզիա ամսագիր» (shikan诗刊) բավականին ազդեցիկ ամսագրի գլխավոր խմբագիրը։
Քանի որ նա ճանաչված է իր յուրահատուկ կոսմոպոլիտ և էգզիստենցիալ ոճի համար՝ Չինաստանում շատերը ասոցացնում են նրան այսպես կոչված «Ինտելեկտուալ» դպրոցի հետ։ Բայց Արևմուտքում «Ինտելեկտուալ» բառի ակադեմիական երանգը ճիշտ չի կարող նկարագրել Ուանի ոճը։
Նա ոչ միայն ժամանակակից խոշոր բանաստեղծ է՝ այլ նաև կարևոր խմբագիր և թարգմանիչ, ինչպես նաև ազդեցիկ գրաքննադատ։ Նա հեղինակ է հինգ բանաստեղծությունների ժողովածուների, տասը գրաքննադատական հոդվածների ժողովածուների, ինչպես նաև թարգմանել է Պաուլ Ցելանի, Էմիլի Դիքինսընի, Աննա Ախմատովայի, Օսիպ Մանդելշտամի և բազմաթիվ այլ բանաստեղծների գործերը։ Ուանը Չինաստանի Ռենմին համալսարանում (Renmin University of China 中国人民大学) գրականության պրոֆեսոր է։

 

Կարիճ

Շրջեցի սարի բոլոր քարերը,
կարիճ չգտա։
Սա իմ մանկությունն էր։
Բայց այդ ո՞ր տարում, ո՞ր օրում։
Այսօր ես այդ սարը վերադարձա,
հին բարակ սոճենուն գտնելով հաստացած։
Կարմրավուն ժայռի ճեղքի արանքից՝
մի կարիճ պոչը տնկած
շարժվեց դեպի ինձ։

Դեմ առ դեմ,
մի ակնթարթում՝
ես դարձա նրա ոտքերի տակի
քարն ու ավազը։
1987

 

 

Իմրե Կերտեսին

Քո բառերի արանքում՝ սառույց ու կրակ,
ազատություն ու շղթաներ`
դատապարտյալի,
զնգզնգալով անվերջ ։

Այս, քո եբրեք չայցելած երկրում՝
պատկերը փոքր-ինչ նման է։
Երկաթը հողում արմատ է գցել։
Երեխաները՝ խե՜ղճ երեխաներ,
սառույց ուտելով են միայն զվարճանում,
զարկելով անցած դարի դատարկ սափորը։
Երբ ես կարդում էի քեզ`
դրա արձագանքը նորից լսվեց –
այո՛, այն եղել է, և ավա՜ղ կլինի,
մեր միակ մեղեդին։

2012

 

 

Ֆոտոլաբորատորիա
Հ․Մ․-ին

Նա զբաղված է ֆոտոլաբորատորիայում,
քիչ հետո դուրս է գալիս
երևակայված լուսանկարները կորած ջրի մեջ։
Նորից վերադառնում է այն փակ աշխարհը –
պահաժամ կատարում, երևակայում, ֆիքսում․․․
Հետոյի մասին ոչինչ չիմացա,
հետո կարծես հազիվ լսում էի բացվող դռան ձայն։
Կարծես երբեք չէի քնել այդպես խորը,
կարծես վերադարձա մանկությունս՝ մութը շոշափելով․․․
Արթնանալուն պես տեսա լուսանկարներ,
կախված պատուհանի մոտ՝ թափանցիկ ժապավենից,
աստիճանաբար պարզվելով արևի ճառագայթներից։
Նրանք օրորվում էին մեղմ քամուց,
ինչպես ծառի ամենաթարմ տերևը կօրորվեր։
(Կարծես երաժշտության ձայն էլ էր լսվում,
կարծես հենց այդ պահին՝
մահը նույնպես միացավ մեղմ քամուն;
Կարծես ես՝ լուսանկարի միջից
ժպտում էի ինքս ինձ):

2006-2012

 

 

Այցելություն դեպի Դուինո Ամրոց

Կարծես պոետի արձակած ճիչը
մինչ այժմ կախված է ժայռի դոշերից
Արձագանք չկա։

Չկա փոթորիկ՝ մոլեգին
Հրեշտակներն էլ
չեն հարձակվում հանկարծակի

Զբոսաշրջիկները վեր ու վար են անում անտիկ ամրոցում
Ոչ ոք չի կարող թափանցել այդ տեսակ գոյություն

Պոեզիան՝ մի տեսակ կլիմա է
Այն փոթորիկ է
Ցնցում է մեզ մոլեգին,
հանուն իր աղետի պտուղների

Բայց հիմա
Մենք կարող ենք լոկ վայելել
Սեպտեմբերյան տեսարանն այս հաճելի:

09.2012, Դուինո Ամրոց, Տրիեստ, Իտալիա

 

 

Ձմեռային մասնիկներ

Այս ձմռան իմ միակ փափագը՝
կարդալ մի շողացող սառցատապար
և իր բերած բարությունը։

 

Գիշեր, հիշողություն 

Բելառուս կին գրողի մրցանակ ստանալու լուրից հետո [1]

Համացանցում մի քանի լուսանկար տեսա, հանկարծ հիշեցի, որ տարիներ առաջ
մենք հանդիպել ենք Շտուտգարդի Մոռացված Ամրոցում –
Այն ժամանակ նա Բեռլինից էր գալիս,
իր սեփական երկրում արգելված մի գրող։
Նրա սենյակը՝ լցված օղու դատարկ շշերով,
իսկ աչքերը՝ փայլփլուն ինչպես կրակի բոցեր։
Նրա գանգուր շեկ մազերը՝ կարծես այրվելիս լինեին։
Մենք ի՞նչ զրուցեցինք։ – Ախմատովա, Ցվետաևա․․․
Նա ցույց տվեց ինձ իր ուրվանկարները (այլ ոչ իր գերմաներեն թարգմանված գրքերը)
Առաջարկեց դուրս գալ անտառում քայլել,
բարձրացրեցի ձեռքս՝ նայեցի ժամացույցին, սիրտս թրթռաց –
Արդեն գիշերվա տասնմեկն անց էր.
Ես իհարկե նրա հետ դուրս չեկա զբոսնելու։
Ես չունեմ մութը թափանցելու քաջություն։
Մենք, ա՜խ, մենք այս թույլ մարդիկ․․․
Հիմա, դու իսկապե՞ս ստացել ես այդ մրցանակը,
թե՞ Ցվետաևան,
դեռ թափառելով միայնակ իր Չեխական հովիտներում [2]։
08.10.2015, գիշեր, Պեկին

[1] «Բելառուս կին գրող»-ը վերաբերում է 2015 թվականի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր՝ Սվետլանա Ալեքսիեվիչին։

[2]  Ցվետաևան 1922-1925 թվականները անց է կացրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ որպես  աքսորյալ։  Նա այնտեղ գրել է «Լեռան պոեմ», «Մետաղալար», «Պոեմ վերջի մասին» և այլ բանաստեղծություններ։

Չինարենից թարգմանեց՝ Ռոբերտ Ծատուրյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *