«Ժամերը» ամերիկացի վիպասան, կինոսցենարիստ Մայքլ Կաննինգեմի ամենահայտնի վեպն է: Այն 1999 թվականին ճանաչվել է ամերիկյան լավագույն վեպ և արժանացել Պուլիցերյան մրցանակի, նաև` PEN/Faulkner և GLBT Book մրցանակների նույն տարում:
Երեք կին` Վիրջինիա Վուլֆ, Լորա Բրաուն, Կլարիսսա Վոգան: Երեք ճակատագրեր – զուգահեռ, միանման, տարբեր, իրարով պայմանավորված ու իրար հետ կապ չունեցող, երեքն էլ գրականության ստեղծման, ընթերցման, նրա ազդեցության, գրողի ու ընթերցողի մասին: Տարբեր ժամանակներ, տարբեր տարածություններ` 20-ականների Անգլիա, ետպատերազմյան Լոս-Անջելես և ժամանակակից Նյու Յորք:
Ի դեպ, Վուլֆի «Միսս Դալովեյ» հայտնի վեպի նախնական անվանումը եղել է «Ժամերը»:
Նախաբան
(Հատված)
Նա շտապ դուրս է գալիս տանից` վրան գցելով եղանակի համար չափազանց հաստ մի վերարկու: 1941 թվականն է: Պատերազմ է սկսվել: Լեոնարդի համար նամակ է թողել, մի նամակ էլ` Վանեսսային: Նպատակասլաց քայլում է դեպի գետը` վճռականությամբ լի` անելու այն, ինչ մտադրվել է: Բայց անգամ այդ պահին նրա ուշադրությունը կլանում են շրջակա տեսարանները` եկեղեցին, գառների հոտը` հրաշեկ ներկված, ծծումբ հիշեցնող երանգով` մթնող երկնքի տակ արածելիս: Կանգ է առնում, նայում է գառներին ու երկնքին, ապա շարունակում քայլել: Ձայները շշնջում են նրա թիկունքում, ռմբակոծիչները շչում են երկնքում: Հայացքը ակամա բարձրացնում է երկինք` ինքնաթիռներ տեսնելու, բայց ոչինչ չի տեսնում:
Անցնում է հողագործներից մեկի կողքով (Ջո՞ն էր անունը)` հաղթանդամ, փոքր գլխով տղամարդ, որ կարտոֆիլագույն բաճկոնը հագին, մաքրում էր առուն, որը հոսում էր ուռենու մարգով: Նա հայացքը բարձրացրեց, գլուխը խոնարհեց` բարևեց, ապա նորից կռացավ դեպի դարչնագույն ջուրը: Գետ տանող իր ճանապարհին անցնելով հողագործի կողքով` մտածեց, թե որքան հաջողակ է այդ տղամարդը, որքա՜ն բախտավոր, որ մաքրում է ուռենու կողքով հոսող առուն: Իսկ ինքը ձախողվել է: Ինքը հեչ էլ գրող չէ: Ինքն ուղղակի քիչումիչ օժտված էկսցենտրիկի մեկն է: Այդքանը:
Երկնքի կտորտանքները փայլում են անցյալ գիշերվա անձրևի թողած ջրափոսերում: Նրա կոշիկները տեղ-տեղ խրվում են փափուկ հողի մեջ: Ինքը ձախողվել է, և հիմա ձայները վերադարձել են, անհասկանալի բաներ են շշնջում իր տեսադաշտից անդին, իր ետևից, այստեղ, չէ´, հենց պտտվես, նրանք ուրիշ կողմ փախած կլինեն: Ձայները վերադարձել են, իսկ գլխացավն անխուսափելի է այնքան, որքան անձրևը: Գլխացավը կկործանի նրա ողջ էությունը և կգրավի նրա տեղն իրենով ամբողջությամբ: Գլխացավը մոտենում է (կարո՞ղ է ինքն է հենց դրան հմայում), և թվում է` ռմբարկուներն են նորից հայտնվել երկնքում:
Նա հասնում է ամբարտակին, բարձրանում վրան ու իջնում գետի ափ: Մի ձկնորս կար այնտեղ` հեռվում, իրեն չէր նկատի (չէ՞): Սկսում է քար փնտրել: Գործում է արագ, բայց մի տեսակ ծրագրավորված, ինչպես ասենք ինչ-որ գծագրի հետևելիս լիներ, որի բոլոր կետերին անխտիր ենթարկվելու դեպքում միայն հաջողության պիտի հասներ: Նա ընտրում է չափով և ձևով խոզի գանգ հիշեցնող մի քար:
Հենց բարձրացրեց այն և խցկեց իր վերարկուի գրպաններից մեկը (մորթե օձիքը խուտուտ տվեց վիզը) անմիջապես զգաց քարի սառը լպրծունությունն ու գույնը` կաթնա-շագանակագույն` կանաչավուն բծերով: Կանգնեց գետի եզրին մոտ, որը ափից մի փոքր բարձր էր, ոտքերի տակ զգաց տիղմի անհարթությունները` տեղ-տեղ մաքուր ջրով լցված, որը կարող էր ինքն իրենով լինել ինչ-որ ուրիշ բանի հիմք` ամբողջությամբ դեղնադարչնավուն, բծավոր` ինչպես վստահություն ներշնչող ճանապարհ, որն ձգվում է ափից ափ` անշեղորեն:
Նա քայլ դրեց առաջ: Չհանեց կոշիկները: Ջուրը սառն է, բայց ոչինչ, շատ անտանելի չի: Մի պահ կանգ առավ, երբ ջուրը հասավ ծնկներին: Մտածեց Լեոնարդի մասին: Մտածեց նրա ձեռքերի ու մորուքի մասին, բերանի շուրջ առաջացած խորը կնճիռների մասին: Մտածեց Վանեսսայի, ապա նրա երեխաների` Վիթայի և Էթելի մասին: Ի~նչ շատ բաներ կան մտածելու: Նրանք բոլորը ձախողվել են, տանուլ են տվել, հա´: Հանկարծակի ու խորապես նա խղճաց բոլորին: Մտածեց`գուցե հե՞տ գնա, քարը հանի գրպանից ու տո՞ւն գնա: Գուցե հասցնի՞ վերադառնալ այնքան շուտ, որ վերացնի նամակները, մինչև ինչ-որ մեկը կգտնի դրանք: Ինքը կարող է շարունակել ապրել, կարող է այդ վերջին բարեգթությունը շնորհ անել բոլորին (կարո՞ղ է):
Կանգնած ծնկներին հասնող հոսող ջրի մեջ` որոշեց չհանձնվել: Ձայներն այստեղ էին, գլխացավն էլ ճանապարհին է, և եթե ինքը հիմա հանձնվի Լեոնարդի և Վանեսսայի հոգատարությանը, նրանք էլ իրեն երբեք շանս չեն թողնի գալ այստեղ (գուցե էլի ուզենա), չեն թողնի: Նա որոշեց չհանձնվել, չհանձնվել: Առաջ քայլեց մի կերպ (գետի հատակը լպրծուն էր), մինչև ջուրը ծածկեց գոտկատեղը: Գետի վրայով նայեց ձկնորսին, ով կարմիր բաճկոն էր հագել, և ով իրեն չէր տեսնում: Գետի դեղին մակերեսին (հենց դեղին, ոչ թե դարչնագույն, երբ մոտիկից ես նայում) գունատ արտացոլվում է երկինքը: Ահա´ փաստորեն ինչն է իրականությունից իր վերջին ընկալումը` մարդ, որ ձուկ է որսում կարմիր բաճկոնով, իսկ ամպամած երկինքը արտացոլվում է անթափանց ջրում: Գրեթե ակամա (ամեն դեպքում իրեն այդպես է թվում`ակամա) նա քայլում է, կամ էլ սայթաքում է առաջ, իսկ գրպանի քարը նրան ներս է քաշում:
Մի պահ այս ամենը թվաց ոչինչ, թվաց ինչ-որ անհաջողություն. ինքը կարող է սառը ջուրը ճեղքել ու հեշտությամբ լողալ ետ: Բայց ընթացիկ ալիքները շրջապատում են նրան ու տանում մի այնպիսի անսպասելիությամբ ու մկանոտ ուժգնությամբ, որ թվում է` ինչ-որ ուժեղ տղամարդ բարձրացել է խորքերից, բռնել է նրա ոտքերն ու սեղմել կրծքին: Դրա մեջ ինչ-որ անձնական բան կա (իրոք):
Ավելի քան մեկ ժամ հետո նրա ամուսինը վերադառնում է այգուց: «Տիկինը դուրս գնաց,- աղախինն ասում է` թփթփացնելով մաշված բարձը, որն իր շուրջ վայրկենապես փոշե ամպ է գոյացնում: -Ասաց` շուտ ետ կգա»:
Լեոնարդը վեր է բարձրանում` հյուրասենյակում լուրեր լսելու: Գտնում է կապույտ ծրար` ուղղված իրեն` սեղանին: Մեջը նամակ:
«Թանկագի´նս,
ես զգում եմ հաստատ, որ նորից խելագարվում եմ: Ես զգում եմ հաստատ, որ մենք չենք կարող անցնել այդ սոսկալի փուլով ևս մեկ անգամ: Ես զգում եմ հաստատ, որ այս անգամ ես ի զորու չեմ լինի վերականգնվել: Ես սկսել եմ ձայներ լսել ու էլ ի վիճակի չեմ կենտրոնանալ ոչ մի բանի վրա: Եվ այդ պատճառով էլ անելու եմ այն, ինչ ամենաճիշտն է թվում ինձ:
Դու ինձ տվել ես աշխարհի հնարավոր երջանկություններից ամենամեծը: Ամեն առումներով դու ինձ համար եղել ես ամեն ինչ: Չեմ կարծում, որ այս երկրի վրա երկու մարդ կարող են ավելի երջանիկ լինել, քան մենք էինք մինչ այս անտանելի հիվանդությունը կպավ ինձ: Ես էլ չեմ կարողանում պայքարել դրա դեմ: Գիտեմ, որ փչացնում եմ քո կյանքը, ու որ առանց ինձ դու կկարողանաս աշխատել: Եվ դու դա կանես, ես գիտեմ: Տեսնո՞ւմ ես, անգամ կարգին նամակ չեմ կարողանում գրել: Կարդալ էլ չեմ կարողանում: Ես ուղղակի ուզում եմ ասել, որ իմ կյանքի ամեն լավ բանի համար քեզ եմ պարտական: Դու եղել ես աննկարագրելի քնքուշ և աներևակայելի բարի ինձ հետ: Ես դա ուզում եմ հատուկ շեշտել, չնայած դա բոլորը գիտեն: Եվ գիտե՞ս, եթե ինչ-որ մեկն ի վիճակի լիներ փրկել ինձ, դա միմիայն դու կլինեիր: Ես ամեն բան կորցրել եմ, բացի քո բարության հանդեպ անխախտ հավատիցս: Ես այլևս չեն կարող վատնել քո կյանքը, էլ չեմ կարող: Ես վստահ եմ` այս աշխարհում ոչ մի ուրիշ երկու մարդ չեն կարող այնքան երջանիկ լինել, որքան մենք էինք:
Վ.»:
Լեոնարդը դուրս թռավ սենյակից, աստիճաններով ներքև վազեց: Աղախինին ասաց. «Ես կարծում եմ տիկին Վուլֆին ինչ-որ բան է պատահել: Ես կարծում եմ նա փորձել է ինքնասպան լինել: Ո՞ր ճամփով գնացած կլինի: Դու տեսե՞լ ես նրան տանից դուրս գալիս»:
Աղախինը` խուճապահար, սկսում է լաց լինել: Լեոնարդը դուրս է թռչում և քայլում գետի ուղղությամբ, անցնում եկեղեցու ու գառների կողքով, ուռենու մարգի կողքով:
Գետափին նա ոչ ոքի չգտավ` բացի կարմիր բաճկոնով մի մարդուց, որ ձուկ էր որսում:
Նրան գետի հոսանքը արագ քշում տանում է: Նա կարծես ճախրելիս լինի` մտացածին կերպարանք` ձեռքերը տարածված, գիսախռիվ, վերարկուի մորթե փեշը ալիքվում է ետևից: Նա լողում է մի տեսակ ծանր դարչնավուն, հատիկավոր լույսի ճառագայթների միջով: Երկար չի տևում ճանապարհորդությունը: Նրա ոտքերը (կոշիկերն արդեն չկային) մերթընդմերթ գետի հատակին են դիպչում և վեր հանում տիղմի դանդաղաշարժ ամպ` տերևների կմախքների սև ուրվագծերով, որոնք անշարժ մնում են իրենց տեղում անգամ երբ ինքն արդեն վաղուց դրանց տեսադաշտից հեռու էր անցած լինում: Կանաչասև ջրիմուռների ճյուղերը, որ նրա մազերի և վերարկուի մորթու մեջ էին խճճվել, ամուր վիրակապի նման փաթաթվել են նրա աչքերի շուրջ, ապա իրենք իրենց թուլանալով` սահում են ջրի մեջ ու լողում, ապա նորից փաթաթվում ու նորից թուլանում:
Նա կանգ է առնում վերջապես Սաութիսի կամուրջի սյուներից մեկի դիմաց: Հոսանքը սեղմում է նրան, խանգարում է նրան, բայց նա ամուր տեղավորվել է թեքված, քառակուսի սյունի հիմքի մոտ` մեջքով դեպի գետը, դեմքով դեպի քարը: Նա ջրի հետ ալիքվում է այնտեղ` մի ձեռքը ծալված կրծքին վրա, մյուսը լողում է ազդրի վերևում: Նրանից մի փոքր վերև պայծառ, մեղմալիք մակերեսն է ջրի: Այնտեղ երկինքն արտացոլվում է մի տեսակ անվստահ` սպիտակ ու ծանր ամպերով` կտրատվելով ագռավների սև կերպարանքների սայրերից:
Մեքենաներն ու բեռնատարերն են դղրդացնում կամուրջը: Մի փոքրիկ տղա, որ երեք տարեկանից ավել չէր լինի, անցնում էր կամուրջը մայրիկի հետ, կանգ է առնում ճաղերի մոտ, կռանում, որ ճաղերի արանքով ցած նետի ձեռքի մեջ ամուր պահած ճյուղը: Մայրը շտապեցնում էր նրան, բայց փոքրիկն իրենն է պնդում` էլի մնա` նայելու, թե ինչպես է ճյուղը տրվում գետի հոսանքին:
Ահա նրանք Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբի օրերից մեկում. տղան ու նրա մայրը` կամուրջին, լողացող ճյուղը` ջրի մակերեսին, իսկ Վիրջինիայի մարմինը` գետի հատակին. ասես նա երազում տեսնելիս լիներ գետի մակերեսը, ճյուղը, տղային ու նրա մորը, երկինքն ու ագռավներին: Մի կանաչավուն բեռնատար անցնում է կամուրջի վրայով` բեռնախցիկում լիքը համազգեստով զինվորներ, որոնք ձեռքով են անում տղային, ով հենց նոր ճյուղը նետեց ջրի մեջ: Նա էլ է ձեռքով անում: Պահանջում է մորից` գրկի իրեն, որ կարողնանա զինվորներին ավելի լավ տեսնել, այդպիսով ինքն էլ ավելի լավ տեսանելի կլինի նրանց համար: Այս ամենն անցնում են կամուրջին, արձագանքվում նրա բոլոր քարերի ու փայտերի խորքում, ապա փոխանցվում Վիրջինիայի մարմնին: Նրա դեմքը` մի այտով գերանին հպված, անհագ կլանում է այդ ամենը. բեռնատարին ու զինվորներին, մորն ու երեխային:
Թարգմանությունը անգլերենից՝ Շուշան Կարապետյանի