Երբեմն աշխարհն է մեզանից խորթանում, երբեմն մենք ենք աշխարհին խորթանում։ Այդ պահերին պարփակվում ենք սեփական պատյանի մեջ, ու կասկածի մի որդ կրծում է մեր հոգին, համակում վախի ու խուճապի տագնապով։ Այնինչ` պետք չէ վախենալ կամ խուճապի մատնվել, մինևնույն է՝ «որտեղից ենք գալիս և ուր ենք գնում» հարցը մնալու է անպատասխան։ Եթե մարդ խորթություն է զգում, չի նշանակում, թե այլմոլորակային է։ Ուղղակի պետք է սպասել, չէ որ խորթության կամ հարազատության հարցը՝ լինի այլմոլորակային, թե երկրի վրա բեղմնավորված հողեղեն մահկանացու, որոշվում է ոչ թե սկզբում՝ սաղմի մեջ, այլ վերջում՝ նայած թե ուր է գնում հոգիդ։
– Մի վախեցիր փոքրիկս, գնա առաջ, քայլ գցիր, ոչ ոք չի կարող փակել քո ճանապարհը։ Մեկ-երկու-երեք: Ընտրիր Զատիկի ձվերից ամենագունեղն ու կարմիրը ու դիր Նարեի ափի մեջ։ Հետո վերցրու մեկ ուրիշը ու պահիր այնպես, որ սուր ծայրը հազիվ երևա: Զգույշ խփիր: Հենց ձվիդ կեղևը կոտրվի, Նարեն կհամբուրի քո այտը, զվարթ կկչկչա ու կփախչի,- ասում էր Թոմի մայրիկը,- այդպես ամեն տարի։ Հենց Նարեին բռնես՝ այդ տարի կնշանենք:
Թե ինչու էին Հայաստանի լեռներում ծվարած, կորած-մոլորած այդ գյուղում ծնված տղային Թոմ անվանել, ոչ ոք չգիտեր։ Հանելուկների ու առեղծվածների գիտակներն ու գյուղի գրբացները այլ բան, քան ենթադրել, թե ծնողները «Թոմ Սոյերի արկածներն» են կարդացել, չէին կարողացել։ Նույնիսկ փորձառու տատմերը ուսերն էր թոթվել ու խաչակնքել։ Գյուղի կատակասերները պնդել էին, թե այլմոլորակային է կամ արևմտյան հատուկ ծառայությունների կողմից ներմուծված գործակալ։ Ցեղի թշնամիներն էլ մի անհավանական վարկած էին մոգոնել, թե իբր հայրն այնքան անճարակ մարդ է եղել, որ չի կարողացել տղային էպոսից կամ պատմավեպերից ներշնչված մի կարգին ավանդական անուն տալ ու այդ իրավունքն ընծայել է ծննդյան վկայականներ շնորհող գրասենյակում աշխատող աչքաբաց տիկնոջը, տիկինն էլ առանց երկմտելու մեխել է՝ «Թոմ, և՛ կարճ է, և՛ բարեհունչ, և՛ աշխարհի ունկերին ընկալելի»։ Ամեն դեպքում, թե հայրը, թե մայրը և մանավանդ տատմերն ամենայն սրբությամբ երդվում էին, թե Մարկ Տվենի անունը ականջի պոչով էլ լսած չկան, ու մենք էլ մեր կողմից մերժելով դավադրությունների տեսությունն ու բարձր գնահատելով կատակասերների հումորի զգացողությունը, հակվում ենք աչքաբաց տիկնոջ արժանահավատ տարբերակին: Երբ գիտակցության փականները սկսել էին բացվել՝ անվան շուրջ ծավալված խմորումները մթագնել էին տղայի միտքը, խորթության կասկածը կրծել էր ողնաշարը ու բերել հուսահատ եզրահանգման. եթե ուզում ես ճեղքել այս ճահիճը, դուրս գալ մեծ աշխարհ՝ պիտի խորթ լինես։
– Մեր ժամանակ կարկուտը ձվի չափ էր, ու այնպես էր խփում, որ փրկվելու համար քարանձավում էինք թաքնվում,- ասում էր պապը, – մեր ցեղից մեկը, մեր նախապապը՝ նույնիսկ դարձել է այդ արհավիրքի զոհը։ Հիմա ամեն ինչ փոքրացել է, ոչ անձրևն է անձրև, ոչ կարկուտը՝ կարկուտ։ Նույնիսկ արևն ավելի երկչոտ է ջերմացնում։
– Այ պապ, մի չափազանցրու, մարդ ինչքան անճարակ պետք է լինի, որ կարկուտից մեռնի, այն էլ՝ մեր ազնվական, քաջարի ցեղից,- ասում էր ու փղձկում։
Գյուղում ասեկոսեներ էին թափառում, թե իբր այս քաջարի ցեղից որևէ մեկը գյուղի սահմաններից այնկողմ չէր անցել, թերևս՝ միայն կարկուտի զոհ դարձած նախապապը։ Իբր՝ քաղաքի մասին միայն գրքերից ու հեռուստացույցից գիտեին։ Առավել սրամիտները հերքում էին վախկոտության առասպելը և գլուխները տմբտմբացնելով հավաստում, թե սրանք թեև հավ էլ մորթած չկան, բայց մի անգամ կարողացել են աքլորի քթի տակից փախցնել հավերի ածած ձվերը ու արժանացել գյուղական հասարակության դրվատանքին։
Թեև Թոմը պապի ասածին չէր հավատում, բայց երբեմն երազում թռչող հավեր էր տեսնում, որ հենց օդում ձու էին ածում։ Ձվերն էլ կարկուտի տեսքով թափվում էին մարդկանց գլխին ու սպանում իրենց ցեղակիցներին։ Միակ տարբերությունն այն էր, որ օդում թռչող հավերի ածած ձվերը ներկած էին՝ Զատիկի ձվերի պես, ու կամաց կամաց գունավոր կարկուտի էին վերածվում։ Թեև չէր հավատում, բայց կանխազգում էր, որ ինքն էլ իր թոռներին է նույնը պատմելու ու փորձում էր մտապահել պապի ցնորական մտքերը։ Գյուղացիներից էլ չէր նեղանում. գյուղ տեղ է, ծանր կյանք, տաժանակիր աշխատանք, թող ասեն խոսեն ուրախանան։
Այս անիծյալ գյուղի միակ լուսավոր կետը Նարեն էր, եթե չհաշվենք մորը։ Նարեն բոլոր սահմանումներից դուրս էր, իրական, շոշափելի, հարազատ։ Նարեի հետ մանկապարտեզ, հետո դպրոց, ամեն օր, ամիսներ, տարիներ շարունակ։ Թեև արևը երկչոտ, ինչպես պապն էր ասում, հերիքում էր պարտեզում մայրիկի աճեցրած վարդերի համար, որ ամեն տարի ծաղկելուն պես դառնում էին Նարեի բաժինը։ Մի փունջ էր կապում, նվիրում Նարեին ու համբուրում այտը։ Զատիկի ժամանակ էլ ձու էին կռվացնում ու սպասում այն երանելի պահին, երբ ձվի կեղևը այլևս չի կոտրվի ու կգնան Նարեին ուզելու: Ճիշտ այն պահին, երբ Նարեին լիմուզին կնստեցնի ու գյուղացիների խեթ հայացքների ներքո ի չիք կդարձնի իրենց ցեղի անճարակության անեծքը։
Ճիշտ էր ասում պապը. ոչ անձրևն է անձրև, ոչ կարկուտը՝ կարկուտ, ոչ էլ արևը՝ արև։ Այլապես մի օր երազը հօդս չէր ցնդի, ու Նարեն չէր ընդունվի Երևանի Պետական Համալսարան: Վարդերն էլ չէին դադարի ծաղկել: Թոմն էլ որպես աշխարհի ամենաանճարակ ցեղի արժանավոր որդի չէր ընդունի այդ փաստը որպես նախախնամության արգասիք ու ընկնի խորթության ու հարազատության անիմաստ պայքարի որոգայթը: Եթե հարազատ է, ինչու չի հավատում պապի պատմություններին, ինչու սիրտը չի ճմլվում նախապապի եղերական մահվան մասին լսելիս: Եթե խորթ է, ինչ գործ ունի այս անիծյալ եզերքում, չէ որ ինքը Թոմն է, ոչ թե ինչ-որ շարքային գավառական տղա, ու մի օր այսպես, թե այնպես ճեղքելու է ճահիճն ու դուրս գալու մեծ աշխարհ: Զատիկի իր ձուն չի կարող անվերջ կոտրվել, ուզի թե չուզի մի օր հաղթելու է: Մանավանդ հիմա, երբ վարդերը նորից ծաղկել են՝ հենց Նարեի քսանամյակի նախաշեմին։ Վերջ։ Հասունացել է անճարակության ճիրաններից դուրս գալու պահը։ Նախօրեին դիտած «Երեք քայլ երկնքից անդին» իսպանական կինոնկարն էլ թող ոգեշնչի։ Անմատչելի բարձունքներ չեն լինում։ Վերցրու կախարդական սպիտակ վարդերի ծաղկեփունջը ու սլացիր Երևանի Պետական Համալսարան։ Նվիրիր վարդերը, համբուրիր քսանամյա Նարեի այտը ու նշանի առաջարկ արա։ Առանց հետ նայելու։ Մի հավատա գյուղացիների փսփսոցներին՝ թե Նարեին սիրահարվել է թաղային մի ահարկու հեղինակություն՝ գեներալ Լոռիս-Մելիքովի ցեղից, ու որ օձն իր պորտով ու հավքն իր թևքով չի հանարձակվում անգամ աչք գցել նրան։ Մի հավատա փսփսոցներին, թե Նարեն էլ գեներալի այդ ահարկու ծոռան դարդից հոգին ծախել է Արևմուտքից ներթափանցած ինչ-որ աղանդի ու նույնիսկ ծնողների երեսը չի ուզում տեսնել։ Ի վերջո դու Թոմն ես։ Հայաստանի լեռների մեջ ծվարած կորած-մոլորած գյուղի միակ Թոմը ու ոչ մի Լոռիս-Մելիքով, ոչ մի Արևմուտքից թափանցած աղանդ որ պայթի էլ՝ չի կարող փակել քո ճանապարհը։ Միայն թե ձուն այնպես պահիր, որ սուր ծայրը հազիվ երևա։
Ահա Երևանը, որտեղ միանգամից չքվում է երկչոտ արևի առասպելն, ու բոլորը աչք չբացած արևահարվում են։ Արևը Թոմին առնում է իր շողերի վրա ու տանում-հասցնում համալսարանի այն բաղձալի սենյակը, որ գտնվում է երեք քայլ երկնքից անդին։
Սպիտակ, մարդահասակ վարդերի ծաղկեփունջը կասկած չի հարուցում, որ դրանք քսանամյա Նարեի համար են։ Թաղային հեղինակությունների աչքից ոչինչ չի վրիպում։ Լոռիս-Մելիքովի զորաբանակը կազմ ու պատրաստ կանգնած է այդ լկտի ոտնձգության դեմ հանդիման։
– Կերեք էս գեղցուն,- մռնչում է հրամանատարը, – ֆաս։
– Այ Թոմիկ, Թոմ Սոյերիկ, փախի-փրկվի։ Քեզ դրել ես Դոն Կիխոտի տեղը, հում-հում կուտենք,- ծաղրում է գեներալի համհարզը։
– Սրանից ինչ Դոն Կիխոտ, էս Սանչո Պանսայի էլ չի ձգում,- շարունակում է մեկ այլ համհարզիկ։
Թոմն արդեն չի զգում ոչ մի ցավ, հարվածներին, հայհոյանքներին անհաղորդ է մնում։ Ոհմակն էլ մի տեսակ հարազատ է դարձել։ Միայն պինդ գրկել է ծաղկեփունջն ու հարվածների ու հայհոյանքների տարափի տակ վազում է Գետառի քարապատ ամբարտակի երկայնքով։ Միակ փրկությունը Գետառի մեջ ցատկելն է, ընդամենը երեք քայլ, երեք քայլ երկնքից անդին։ Հիմա կարող ես մինչև ծնկները հասնող ջրի միջով հանգիստ քայլել Գետառով, սպիտակ վարդերի ծաղկեփունջը ձեռքիդ ու հաղթական հայացք գցել ապշահար, լեզուն կախ գցած ոհմակին։ Վախկոտ ոհմակի քաղաքացիներ, սպիտակ բամբակի մեջ պահած փափկասուններ, ինչու եք լլկվել, դե ցած թռեք, դե ձեզ տեսնեմ։ Ամեն ինչ հրաշալի կլիներ ու կտաներ դեպի երջանիկ ավարտ, եթե մեկի հիվանդ ուղեղում չճառագեր «քարերով սպանեք» հանճարեղ միտքը։
Մեր ժամանակ կարկուտը ձվի չափ էր, ասում էր պապը։ Հիմա, երբ պապին չհավատալու պատճառ չուներ, իր կրծքավանդակում զգում էր նախապապի սրտի տրոփյունը։ Սա հենց այն մեծ աշխարհն է որ կա։ Թե ձվաչափ կարկուտը, թե անձրևը, թե երկչոտ արևը այնքան հարազատ էին, խորթության ոչ մի զգացողություն։ Նույնիսկ աչքերի մեջ լցվող հորդառատ արյունը, Գետառի ճապաղ ալիքների վրա այսուայնկողմ ճոճվող վարդերը, որ այլևս սպիտակ չէին։ Իրականում, կարկուտն այնքան էլ սարսափելի չէ։ Առավոտյան, եթե քարանձավից դուրս գա, երկչոտ արևն էլ ավելի համարձակ շողարձակի ու աչքերի մեջ լցված արյունը մաքրվի, ալիքների վրայից կհավաքի ալ կարմիր վարդերի ծաղկեփունջը, կնվիրի Նարեին ու կհամբուրի այտը։ Նարեն էլ գրպանից կհանի Զատիկի ձուն, աչքով կանի ու մեղավոր կժպտա. «Չկռվացնե՞նք»։ Մի վախեցիր փոքրիկս, գնա առաջ, քայլ գցիր, ոչ ոք չի կարող փակել քո ճանապարհը։ Մեկ-երկու-երեք։