Վահագն Մուղնեցյան | Ակնթարթ

* * *
Ես մարդուն որոնեցի կյանքի մեջ,
Բայց չգտա,
Ես մարդուն որոնեցի մարդկանց մեջ,
Բայց չգտա,
Ես մարդուն որոնեցի մարդու մեջ,
Չգտա, բայց նմանեցրի…
Ես մարդուն որոնեցի իմ մեջ.
Գտա և սարսափեցի:

 

Ակնթարթ

Անձրևում էր օրը հաշիշ, և մշուշ էր ճանապարհին,
Եվ բարի էր օրը այնպես, ու մոտիկ էր հեռուն այնքան,
Սև թմբիրի փափկատեսիլ պատուհանը հանկարծ բացվեց,
Ու հակինթվեց մի մեղեդի ՝ երազացիր, ցնորական:

Շրջանակի կապույտ միգում լուսաօծվեց դեմքը նրա,
Եվ իմ միջով ձեռքը նրա պարզվեց, ձգվեց դեպի հեռուն.
Հարբեցողի ձայնը հնչեց որպես սաղմոս, տաղ լուսնկա,
Մեռնող օրը դարձավ ոսկի, դարձավ ծնծղա, դարձավ արյուն:

Իմ խորքերում մշուշն իսպառ տեղը զիջեց պարզ գույներին,
Եվ աղջկա շուրթերն անուշ բուրվառեցին ժպիտ մի տաք,
Խավարածին խորհուրդները կամաց- կամաց նահանջեցին.
Եվ ինձնից դուրս, և իմ ներսում արյան հոսք էր, արյան կրակ:

Եվ ինձնից դուրս, և իմ ներսում ջահել մի երգ էր մղկտում,
Ջահել մի սիրտ երկփեղկվել էր հմայքի դեմ անդիմադիր.
Դեղի՜ն, դեղին մի ժապավեն լուսապսակ էր, լուսաշող,
Լուսատեսիլ, լուսաերիզ, լուսավարար և լուսացիր:

Ինձ կանչում էր անհայտության մոգական ուժը դավադիր,
Սրբազան հուր էր նկարվել հեռուների պարանոցին,
Մութ վարսերի մութ ծերպերում ծվարել էին շողիկներ,
Արեգակն էր երկուտակվել նրա ճերմա՜կ, ճերմակ ծոցին:

Ու չգիտեմ, ու չեմ հիշում՝ սուզվում էի, թե սավառնում,-
Իմ մատները հյուսած նրա բոց մատներին աներկրածին,-
Հոգուս գրկում բարուրվում էր ճերմակ տեսիլն այն աղջկա,
Անձրևում էր օրը հաշիշ, և մշուշ էր ճանապարհին:

 

Եվ բերեմ սերմեր

Մի օր էլ անցավ, և մի ակնթարթ մի դարի չափով,
Գիշեր է կրկին, և հառաչում են աստղերը մրսած,
Իմ մեջ ոռնում են հազար տարեկան շներ անատամ,
Եվ ես չեմ կարող քանդել երկաթե կապերը նրանց:

Փակ են դռները՝ և՛ քամու առաջ, և՛ կարոտների,
Փակ են, անտարբեր նաև գթության ձեռքերի առաջ,
Բայց վերհուշի դեմ անզոր են նրանք և արհամարված,
Արհամարհված են իմ ներշնչանքի, հոգգուս ուժի դեմ:

Ոտնահետքերս իր մեջ ամփոփած ճգնում է ճամփան,
Եվ սպասումի ահը խեղդել է հառաչանքը ծեր,
Եղևնիները արդեն հագել են ճերմակ պատմուճան.
Հոգիս երկնում է վերջին գալստյան – հարության երգեր:

Ճշմարտությունը մթագնել է արդեն վանքի կողերին,
Պատերի վրա մամռակալել են հետքերը արյան,
Իմ հիշողության ծալքերում որքան փորձում եմ ջնջել՝
Էլի հառնում է կիսալուսինը՝ կեռ մի յաթաղան:

Ափսո՜ս չեն բացվում բռունցքեր դարձած մատներն իմ հիվանդ.
Դուրս գամ ասպարեզ,- երկնքից թափվող նզովքը հնձեմ,-
Եվ Նեմեսիսի ոգին գողանամ սանդարամետից,
Նրա չարությամբ՝ անդուլ – մեղսածին դևերին սանձեմ:

Հրեղեն կառքող սլանամ դեպի գագաթը Մասյաց,-
Հալեցնեմ հազար տարվա սառույցը Նոյյան տապանի,-
Եվ բերեմ սերմեր, որոնց պտուղը երկրում չորացավ,
Եվ անխոցելի սկիզբը դնեմ իմ նոր ոստանի:

 

Երբ ինձ տեսնես

Երբ ինձ տեսնես անգոհունակ՝ Դեմքդ շրջիր,
Երբ ինձ տեսնես անբանիբուն՝ Դեմքդ շրջիր,
Թե մոլորվեմ, – շավիղներն ինձ վտարանդեն ,-
Երբ ինձ տեսնես անծլունակ ՝ Դեմքդ շրջիր:

Հետքս ջնջիր հողի վրա ու երկնքում՝
Արահետը, որ պիտի ծայր առներ հողից,
Ինձ հասցնես հովիտները նախավաստակ
Եվ յոթնալույս վեր բարձրացներ հովիտներից:

Ահա, այս է, որ ասում եմ ՝ Դեմքդ շրջիր,
Եթե տեսնեմ անձնամատույց – անգործունակ,
Ահա, այս է, որ ասում եմ՝ Հետքս ջնջիր,
Եթե տեսնես մոլաբույս եմ – ոչ բարունակ:

Ինձ ծուլաքայլ եթե տեսնես՝ Դեմքդ շրջիր,
Ինձ ապշամիտ եթե տեսնես ՝ Դեմքդ շրջիր,
Թե երկնչեմ ուղեմոլոր իմ ընթացքով –
Ինձ հոգեդավ եթե տեսնես ՝ Հետքս ջնջիր:

 

* * *
Մեկ-մեկ բացվում է կապանքը լեզնիս,-
Խոսքս դառնում է շռայլ ու հորդուն,-
Մի հարց տանջում է ինձ ամեն անգամ.
Ի՞նչ հաճույք, երբ որ ծախում են մարդուն:

Առաջ երևի լավ էր ավելի,-
Մարդու մարմինն էր ծախվում շուկայում,-
Հիմա մարմինը գին չունի բնավ.
Դարի խռովքը այդ է վկայում:

Ծախում են մարդու խոսքը միամիտ,
Հենց այնպես ասված բառերը տկար,-
Ի՜նչ զենքով կռվի սադրանքների դեմ՝
Մեռնում է վհատ – լքված ու անճար:

Կամ հարբած մարդու ճիչն են վաճառում
Եվ վրդովվածի խռովքը հոգու,
Խիղճն են վաճառում, տրոփը սրտի,
Եվ արժեք չունենք՝ որ ես, ոչ էլ դու:

Էհ, ինչ իմանամ, այնպես որ գնա,
Մի բան կարժենա՞ կյանքը իմ որդու:
Տե՜ր, գուցե թաքուն ականջիս ասես՝
Ե՞րբ պիտի մի օր նմանվենք մարդու:

 

***
Ես համառորեն չեմ ձերբազատվում անկումի ահից,-
Չէ՞, դիվահալած սանձում եմ նույնիսկ մրմունջը հոգուս,-
Իր եմ՝ իրեղեն, ուրիշ ոչ մի բան ոմանքի համար,
Հոգուս տքնանքը չի խրախուսում անգամ Եկվորին:

Դու ես, միայն Դու, Բյուրհազարաչյա Նախագետ իմ Տեր,
Որ երբեմնակի ցած ես շպրտում հայացքիդ հյուլեն,
Որ մենախավար իմ ոգորումին այցի ես բերում
Մեծ հիշողության , թեկուզ և չնչին, հատիկը լուսե,

Որի շոյանքով մխիթարության հայացքն է պարզվում,
Եվ հուսաբեկիս ներսը մխում է մարմանդ կրակով,
Եվ նախավերջին դուռը փոքր-ինչ շարժվում է տեղից
Եվ կանչում է ինձ, դույզն ինչ վհատ, բայց և քաջունակ:

Ու՞ր ես, հաճության Հավերժագորով աննվազական,
Քո սուր շեղբերով ճեղքիր խավարը աչքիս շղարշի,
Որ տեսնեմ Նրան, ում ցանկանում եմ յասպես փութաջան,
Որ լսեմ Նրան, ում փափագում եմ այսպես կորովի:

Եվ թող մաքրվեմ անորոշության սպանող ցավից,-
Երկնքից թափվող նեկտարով լցվի գավաթն իմ պարապ,-
Ի՜նչ ծաղիկներ են, որ օրորվում են լույսի թևերին,
Ի՜նչ հնչյուններ են, որ խոսք են բուրում ծաղկաթերթերով:

Օրորագիսակ շողում է նեկտար շաղաղ շոյանքով,-
Ծորում է բարակ – ծփուն շիկնանքի ժպիտով տարտամ,-
Ո՞վ է թաքնված այնտեղ – վերևում որպես մեկնություն,
Ո՞վ է շարունակ ժողովում գույներ որպես հավատամք:

Հիմա գիտեմ. Փորձությունն այս
պարգևել է Երկինքը ինձ,-
Որպես շնորհ բացառական,
Ինքնահերձման միջոց որպես,-
Հիմքից պիտի ինձ ավերեմ՝
Վերակերտեմ հիմքից նորից՝
Մինչև ճամփան Քո ցուցանած
Ինձ այցելի հեռուներից:

Կարմիր ու բորբ հեռուներից
Ինձ այցելի Ձեռքդ ճերմակ,-
Որ վանկարկող հնչյունների
դասը սերտեմ տասնապատիկ,-
Եվ հատուցեմ՝ իմ մեղքերի
չափ ու կշիռը ճանաչած,
Որ դեպի Քեզ ողջագուրեմ,
որ դեպի Քեզ անմեղանամ:

Եվ գույնզգույն ածանցների
գումարումով արմատանամ,-
Տարագրված հոգիս գտնի
բողբոջումներ վաղնջական,-
Ինձ հետ բերեմ խոսքը միայն –
բառի խորհուրդը դասական,
Որ դեպի Քեզ ընթանալիս՝
վերջին աղոթքով համենամ:

 

ՄԵՌՅԱԼ ԿԵՏ

Իմ գոյությունը այսօր ապրում է իր մեռյալ կետում.
Որտեղ աղը իր համն է կորցրել,
Որտեղ զրկվել է բառն իր իմաստից,
Որտեղ մարմինս իր է գրանցվել:
Իմ մենությունը բազմապատկվել է այն միակ կետում,
Որտեղ խավարի ու լույսի միջև կռիվ չի գնում,
Որտեղ անցյալն ու ներկան համատեղ
Ապրում են ՝ առանց բացազատվելու,
Որտեղ լույսը իր ակունքը չունի…
Ա՜խ, շարժում լիներ.
Թեկուզ դժոխքի ճամփան ծայր առներ այս մեռյալ կետից,
Թեկուզ հարության ոգին վախճանվեր ինձ այցի չեկած…
Այստեղ, այս կետում,
Որտեղ մարմինն իմ դարձել մահարձան,
Իսկ հոգիս բացման խոսք է մրմնջում,
Որտեղ սև հացը ապրում է
Առանց տենչալի գինու բարեկամության-
Իմ ազնիվ արյան կաթիլն է մեռնում
Փայտոջիլների խրախճանքի մեջ…
Ժամանակն այստեղ ոչ սկիզբ ունի, ոչ էլ ունի վերջ,
Ոչ էլ ժամերը դառնում են օրեր…
Արի, իմ շողիկ արեգակնաթև, որ մութը ճեղքեմ –
Գոնե կրակի բնածին փայլով հույսը տաքացնեմ իմ մարմնի մեջ:

 

ՃԱԽՐԻԿ ՄԵՆԱՎՈՐ

Երբ գլխի ընկա՝
Ով եմ իսկապես,-
Որ վերջալույսն ու առավոտը ճոխ
Իմ տան ստվերում չեմ տարբերակում,
Որ հոգուս ներսում որոնում եմ ինձ
Ու չեմ հստակվում,-
Մի քիչ զարմացա,
Մի քիչ տրտմեցի,
Ցավի հետ մեկտեղ՝
Թոշնեցի մի քիչ…

Լավ է՝ գիտեի,
Թե ով եմ այնտեղ՝
Իմ հոգու դրսում,
Միայն այնտեղ եմ ինքս ինձ տեսնում,
Զանազանում ու ամենքիցց զատում,
Գիտեի հստակ՝
Ով է հանապազ
Իմ վարքը հսկում,
Իմ բախտի ծառի բարունակները,-
Կարեկցանքի ու խանդաղատամքի
Ողջագուրումով,-սանրում ճարահատ:

Ես ինձ չեմ խաբում.
Ներսում գայթում եմ,
Ներսում ՝ խարխափում,
Օտար մեղքեր են
Իմ գլխին բարդում…
Դատարկվում եմ ես՝
Պարպվում ցմրուր,
Եվ իմ հատակն եմ
Պարզորոշ տեսնում:
Գլխի եմ ընկնում, ահա, վերջապես,-
Դրսում ու ներսում նույն մարդը չեմ ես,-
Ներսում վհատ եմ՝ անկիրք ալևոր,
Դրսում ՝ սիգաթև ճախրիկ մենավոր:

 

ՀԱՄԵՑՈՒՄ

Վերադարձել՝ գորովասեր իմ թռչնիկն է ճյուղին թառել,
Իրիկնաժամ – օ՜, դյութիչ է իմ վարդերի բույրը ալվան,
Դալարաճոխ իմ վարդերի , որոնց դյութքը գեղգեղալով՝
Իմ թռչնիկն է վշտագուրում դեղնակուտակ սուգը աշնան:

Տերևները դեղնատրտում ծանր ու թաց իջնում են ցած,
Թույլ շրշյունով մեղմահառաչ հողն իր գիրկն է բացում շռայլ,
Իմ որբ հոգու լուրթ երկնքի կեսը լույս է, կեսը՝ ամպած,
Նույնիսկ վարդերն են պատկառում տերևների սուգի առաջ:

Անձրևում է ու անձրևում հոգուս երկնի կեսը ամպած,
Տերևները ծանր ու թաց, ծանր ու թաց թափվում են ցած,
Իմ թռչնիկը՝ դողը կտցին, ցնորվելով թևում է վեր,
Սրսփում են ճյուղերը մերկ՝ հողմածեծ ու հողմահալած…

Սա իմ կյանքի աշունն է ցուրտ, որ ավելի կցրտանա,
Մինչև մարի կայծս վերջին, վերջին խոհս անգոյանա,
Մինչև պարպի – ցնդի իսպառ իմ վարդերի բույրը ալվան,
Եվ աշնան մեջ, սև աշնան մեջ չքմեղանա դեմքը մահվան:

Փուչ օրերս – տարիներս, ինչպես տերևները աշնան,
Թափթփվեցին ոտքերիս տակ, տրորվեցին՝ անցան իզուր,
Աչքս հառած հոգուս երկնի լուսաժպիտ համեցումին՝
Մոտենում եմ իմ վախճանին՝ հոգնած ու լուռ, հոգնած ու լուռ:

 

ԱՂՈԹՔ

Տեր, գոհացրու վերջին պահին
Իմ անունը հիշողներին,
Իմ անհանգիստ Հոգու հևքին
Հանգստություն մաղթողներին.

Նրանց, ովքեր
Իմ չգործած մեղքի համար
Ինձ ներեցին,
Ինձ,- անընտել վարքիս համար,-
Հերքեցին ու հերյուրեցին:

Գոհացրու, Տեր,
Սխալներս նորոգելով հրճվողներին,
Անկումներիս տագնապները
Ճաշակելով պղծողներին,

Իմ տան դրսում
Ինձնից երես թեքողներին,
Ինձ, – աղքատիկ կյանքիս համար,-
Բաց ու թաքուն լքողներին,

Իմ տան ներսում,- իրենց մտքում,-
Ինձ ամոթանք տվողներին՝
Արևիս տակ անբանիբուն
Տաքանալով սառչողներին…

Տեր, գոհացրու վերջին պահին
Մահիս կյանքով հաղթողներին
Եվ այդ վերջին գրկում անգամ
Հոգուս ձեռքից կառչողներին:

 

ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ստվերի մեջ ու լույսի,
Խավարի մեջ՝ մեկուսի,
Իմ կարոտներն են մեռնում
Հավատի հետ և հույսի:

Անուրջներս են հանգչում,-
Սավառնումներս ճերմակ,-
Իմ ԵՍ-ն ինձնից ազատվել՝
Թավալվում է ոտքիս տակ:

Կենաց աղերսն է հերքում
Եդեմական մի խնձոր,
Մատռվակներն են ողբում
Գինեձոնը ոսկեծոր:

Մի սև քուրձ է մոտենում,-
Շաղապատվում իմ շնչին,-
Խաչի թևն է կոտրվում՝
Տարակույսը առաջին…

Մարդու Որդուն կարգեցին
Աստված երկնի ու երկրի,
Որ նա փակի ամեն դուռ
Մարդու հոգու եզերքի:

Չէ, չի բացվում երկնային
Ոչ պատուհան, ոչ երդիկ,
Եվ գալիս ենք ու անցնում
Որպես խաղք ու խաղալիք:

Փակ է դուռը երկնքի,-
Ինձ համար և ամենքի,-
Մարդու Որդին խաղը իր
Զիջեց որդուն խաբկանքի:

 

ԴԵՂԻՆ ՇՐՇՅՈՒՆ

Անտեղյակ թող մնամ իմ ցավին իրական,
Երազի հագուստով թող նինջս վայելեմ,
Եվ կյանքի թագուհու տեսլիը թող շրշա,
Արթնանամ՝ լորենու բուրմունքը համբուրեմ:

Դեղնել են, բարակել շավիղներն իմ կյանքի,-
Կհալվեն- կփարվեն ամայքին այս աշնան,-
Եվ վերջին մի ստվեր իմ դուռը կթակի՝
Ինձ ուրախ կժպտա սուրհանդակը մահվան:

Բարեգութ գտնվիր, սուրհանդակ, այս անգամ,
Վերջին նինջս ապրեմ պարտեզում երկրային,
Հետո մեծ գոհությամբ դեպի քեզ կդառնամ՝
Դեպի վե՜ր – կձուլվենք Աստղակաթ հեքաթին:

 

ՆԱԽԱՆՎԱԳ

Տաճարի լեռան աշխարհաստեղծ
Անկյունաքարն է մնացել թափուր.
Մարդն ի զորու չէ նստել այդ քարին
Եվ շարունակել արարչագործման
Ընթացքն անկատար, այնտեղից, որտեղ
Աստված հապաղեց, ապա ընդհատեց
Բանն այդ կենսական, հետո մոռացավ…

Սուրբ մոռացության թմբիրը վանիր
Եվ սուրբ հաճությամբ գոտեպնդվիր, Տեր,
Եվ ի տրիտուր իմ աղերսների,
Որ դեպի Քեզ եմ ուղղում ամեն օր՝
Արի ու բազմիր իմ Վանաձորի
Սուրբ քարին – Բոլոր.

Նախ պարզաբանիր, թե իմ քաղաքի
Զավակներն ինչու՞ մնացին մոլոր,
Ի՞նչ տեսիլներ են տիրություն անում
Լքված տների մթամած ներսում,
Ի՞նչ ստվերներ են փափու՜կ զբոսնում
Լուռ փողոցների լաբիրինթոսում:

Յոթնալոույսելով սթափվիր, իմ Տեր.
Ճարափակվել են ու էլ չեն բացվի
Արդեն բազմաթիվ հայրենի դռներ,-
Դամբարաններ են ասես անմեռել,
Կամ վտարանդին իր վիշտ-կարոտը՝
Իր վերադարձի ճամփան է բանտել,
Որ հոգու սովին – ցրտին դիմանա:-

Իմ Վանաձորի երկինքը վաղուց
Թախծոտ ամպերի կարիքը չունի,
Քանի որ ինքն է լալիս դառնալուր,-
Իր զավակներին կարեկցող մոր պես,-
Որի հոգնաբեկ – տառապյալ գլխին
Լոկ երկմտանքի բարձն է ապավեն:
Թող երկինք ձգտող աստիճաններով,-
Նախապատվելի Բոլոր – Քարի մոտ,-
Հրեշտակներդ բարձրանան – իջնեն
Եվ իմ քաղաքի փառքը վերհիշեն.

Թույլ չտաս, Տեր իմ, այս քարի վրա
Հայրը իր որդուն զոհաբերի Քեզ,
Եվ օրենքներդ, որ պիտի գրվեն՝
Ոչ թե սալերի վրա հավերժեն,
Այլ Բոլոր – Քարի արդար ճակատին,
Որ խանդավանքն ու կեղծիքը մերժվեն:

Տեր իմ, դեռ պիտի այս քարին դառնաս,-
Երբ ազգերին ու ժողովուրդներին,,
Ինչպես խոստացար՝ սկսես դատել,-
Այնպես որ ՝ արի և , նախահոժար,
Մեր ներսում ապրող ոսոխին դատիր.
Հայրենադավին, պատեհապաշտին…
Ինչ-որ տղերքի, որոնք մեր գլխին
Դարձել են ոմանք, որ մառախուղե
Զգեստների մեջ՝ հոգիներն իրենց
Զոհաբերեցին
Սմբակատրոք աթոռակներին…
Եվ որ անողոք վճիռդ երբեք
Էլ չբեկանվի, յոթներորդիր, Տեր:

Ահա ինչու եմ պատճառում, որ գաս,
Որ Բոլոր – Քարին ապավինես, Տեր,
Քանի որ այստեղ, տարակույս չունեմ,
Որ մոռացության մուժը կցրվի,
Եվ ափիբերան կմնաս այնպես,-
Երբ թերիների վարքը որակես,-
Որ մարդակերտման այնքա՜ն նրբամտությամբ,
Կհոժարեցնես վերջնանվագին
Կատարելության…
Ես աղերսեցի, Դու հոժարիր, Տեր:

 

ԱՂՈԹՔ

Իրարամերժ օրերի շփոթմունքի ծերպերում,-
Օվկիանի մեջ,- բախտը իմ՝ անառագաստ մի նավակ,
Ոտքս՝ գլխիս կարեկից, հոգիս՝ անչափ մեկուսի,
Այս ցավերին – դավերին տեր Մուղնեցյան մի Վահագ:

Այս ցավերի – դավերի, այս գլխակեր օրերին
Սուտ բարևներ ինձ ընծա և համբույրներ թունավոր,
Լոկ մի բարակ լույսի շող երկնագմբեթ ակունքից
Հույսի նշխար է դնում տան կտուրին մենավոր:

Տան կտուրին մենավոր , – հին պատերը խարխլված,-
Մանկատեսիլ աղավնին ծերանում է ամեն օր.
Այդ վաղուցվա երգն է իմ, որ ապրում է ափին մերձ,
Իմ փարոսն է մթամած, և իմ սիրտն է վիրավոր:

Իմ փարոսն է մթամած,- սև խորքերում ժայթքումներ,
Առերևույթ անմշակ անուրջների դամբարան,-
Ես նշմարում եմ արդեն մեծ աղետի սև հետքեր,
Չ՞է որ տեսել եմ արդեն և՛դժոխք, և՛ քավարան:

Չ՞է որ տեսել եմ արդեն մարդկային ներսը դատարկ,
Եվ կամ հիմքից աղտոտված ու փրկության անհաղորդ…
Կամա՜ց գալիս է հեռվից մի բարակ լույս ժրաջան,-
Ճերմակ երգն է իմ վերջին՝ ճերմակ երգի մնացորդ:

Այս ամենը մուժ է, մուժ թախիծ է ու զրկանք,-
Իմ կարոտն է աղոթքի Կամակատար պատի տակ,-
Ես սուզվում եմ շարունակ դեպի խորքերը վերին,
Որտեղ երգն է իմ մանուկ ու ճերմակն է անհատակ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *