Պերֆորո, պերֆորո մինչև վերջ
Ոչ ոք աշխարհի երեսին չգիտեր այնքան բան պերֆորատորների մասին, որքան Ռուբեն Զուռնաչյանը: Օրինակ, որ այդ սքանչելի գործիքի առաջին` գոլորշիով և մխոցային մեխանիզմով աշխատող նմուշը ստեղծվել էր 19-րդ դարակեսում` հատուկ լեռներ ու ժայռեր փորելու համար: Իսկ 1932 թվականին` այն տարի, երբ Ռուբեն Զուռնաչյան-ավագը Մարտնչող անաստվածների միության կազմում ամբողջ ուժով փրկում էր աշխատավոր հայությանը ժողովրդի համար նախատեսված ափիոնից, Լայփցիգում անցկացվող արդյունաբերական ցուցահանդեսում «Բոշ» ընկերությունը ապշած արդյունաբերողներին ներկայացնում էր առաջին էլեկտրական պերֆորատորը: Կիսաքնած, կարմրած աչքերը բացելով և քնաթաթախ՝ մոխրագույն առաստաղի երկար բարակ ճաքին նայելով Զուռնաչյանը մտքում ինքն իրեն, չմոռանալու համար, հաստատեց, որ այժմ Երկիր մոլորակի վրա տարածված բոլոր պերֆորատորները հենց այդ՝ լայփցիգյան բոշածին գործիքի անմիջական բարեկամներն են: Դրանք արդեն վաղուց ծակում են (ինչպես լատիներեն «պերֆորո»՝ «ծակել» արմատն է հուշում) ոչ միայն լեռներ, այլև բետոնե պատեր: Եվ ահա արդեն վեց ամիս է, ինչ իրենց անասնական վըզզզ-պըզզզզզոցներով պերֆորատորները ծակում էին Զուռնաչյանի ականջները, ուղեղը, հոգին, մանկության հուշերն ու երազանքները:
Հարևան բազմահարկ և էլ ավելի բազմաբնակարան շենքի շինարարությունն ընթանում էր արդեն երրորդ տարին: Վերջը չէր երևում: Բայց երևում էր բանվորների մոլագար ճշտապահությունը. նրանք հասնում էին շինհրապարակ առավոտ յոթն անց քառասուն, իսկ յոթն անց հիսուն ինը միանում էին պերֆորատորները:
Պերֆորատորների պերֆորացման ներքո Զուռնաչյանը զոմբիանման շարժումներով վեր կացավ տեղաշորից, լողացավ, արթնացավ, կերակրեց ձկներին՝ գուպիներ Ֆրանցին, Ջեյմսին և Ումբերտոյին, հագնվեց ու սուրճ լցրեց: Ութն անց քսան է՝ որտեղ որ է կլսվի հաջորդ աղմուկը: Զուռնաչյանը ֆրթացրեց սուրճը և արձանագրեց այլանդակ շրխկոցը՝ տակի բանկային աշխատող հարևանը բանվորներին հարիր ճշտապահությամբ` ինչպես ամեն օր, նույն րոպեին, դուրս եկավ շենքից՝ մուտքի` մագնիսային փականով մետաղյա դուռը թողնելով ճակատագրին: Վերջինս էլ, ինչպես միշտ, դուռը ամբողջ ճակատագրական ուժով շպրտեց ետ:
Զուռնաչյանը դուրս մղեց մարմինը բնակարանից: Վերելակում տիրեց տասնհինգ վայրկյանի հարաբերական անդորր: Միակ աղմուկը խցիկը վերուվար տանող-բերող պարանների մեղմ խշշոցն էր, որ շինհրապարակի ձայներից հետո Նորա Ջոնսի մեղմիկ վոկալին համարժեք մի բան էին:
Ավտոմատացման հասցրած քայլերը բերեցին Զուռնաչյանին մուտքի դռանը, որը նա բացեց և դուրս եկավ: Ի տարբերություն տակի բանկային աշխատողի, նա քնքշորեն դուռը հասցրեց իր շրջանակին, ապա նոր շարունակեց ճանապարհը: Շենքից մի քանի մետր այն կողմ, մայթեզրին, հարևանուհիներից մեկը ապարդյուն փորձում էր հանգստացնել ողբացող երեխային: Երեխան ողբում էր, քանի որ չէր ուզում գնալ մանկապարտեզ: Մայրը ողբում էր, որոհվետև հոգնել էր ամեն առավոտ մանկապարտեզի կարևորությունը երեխային բացատրելուց: Զուռնաչյանը նույնպես հոգնել էր:
– Գրողը տանի, – շատ ցածր՝ տիեզերքում աղմուկի չափաբաժինը չավելացնելու համար շշնջաց Զուռնաչյանն ու արագացրեց քայլերը:
Նա քայլում էր, քանի որ ավելի լավ էր ոտքով գնալ ու ծախսել քառասունհինգ րոպե ավելի, քան դիմանալ ներտրանսպորտային անտանելի աղմուկին:
Աղմուկի հանրագիտարան
Հիմնարկում թղթեր էին կուտակվել: Զուռնչյանը դեմ չէր նրանց հետ աշխատել՝ նա միշտ սիրել է քրքրվել թղթերի մեջ, տարբեր բաներ նկատել, որ մյուսները կարող էին և աչքաթող անել: Մյուսների կարծիքով դրանից ավելի ձանձրալի աշխատանք մարդկությունը դեռ չի հորինել: «Կարևորը խախանդ լինի», – միշտ այդ դեպքերում մտածում էր Զուռնաչյանը և վայելում ա-չորսների մեղմ խշխշոցը և դրանց սպիտակ խորդուբորդ մակերեսին գրիչների գնդիկների խուլ գլվլոցը: Բայց ինչպե՞ս կենտրոնանաս թղթերի ու նրանց վրայի մանր տառերի ու թվերի վրա, եթե հիմնարկի պատի տակով անցնում է քաղաքի ամենադյուրախցան փողոցը: Իսկ քանի որ ամառը կնքել է իր մահկանացուն և աշխարհի մարդիկ վերադարձել են ծովափերից ու լցվել փողոցներ, խցանումներն այստեղ սկսվում են առավոտվա իննից ու վերջանում յոթի կողմերը: Եվ այդ ողջ ընթացքում փողոցի օդը ողողվում է մեքենաների ազդանշաններով:
Զուռնաչյանը խոր շունչ քաշեց: Մի կողմ դրեց թղթերը: Դարակից հանեց մաշված սև «մոլեսկինը»: Բացեց, թերթեց մանր զուսպ ձեռագրով գրոտած էջերը` վերջին մի քանի ամիսների իրեն կլանած տարօրինակ զբաղմունքի արդյունքը: Գտավ «Ավտոազդանշաններ» գլուխը: Երկու էջանոց տեքստից ընթերցողը (այսինքն` ինքը Զուռնաչյանը) կքաղեր հետաքրքրաշարժ տեղեկություններ ավտոմեքենաների ազդանշանների մասին: Օրինակ, որ առաջին կլաքսոնները զարդարել են այդ ժամանակ դեռ ճոխություն հանդիսացող ավտոմեքենաները հեռավոր 1908 թվականին: Շնորհակալություն Klaxon Signals ընկերության ամերիկացի գյուտարարներին: Չէ, իրոք, շատ կարևոր նորամուծություն էր ազդանշանը, կարևոր` սրընթաց զարգացող մեքենայաշինության համար: Ի՞նչ իմանային խեղճ կլաքսոնցիները, որ հարյուր մի քիչ տարի անց իրենց գյուտը կդառնա քառասունամյա Ռուբեն Զուռնաչյանի ցերեկային մղձավանջը: Որ հենց իր աշխատասենյակի պատուհանի տակով անցնող փողոցում կգոյանան դիվային խցանումներ, որոնցից դուրս գալու համար հազարամյա քաղաքակրթության կրողները գործի կդնեն գրողի տարած կլաքսոնները, որոնք էլ կտիրեն Զուռնաչյանի ուղեղին:
Ռուբենը ցուցա և միջամատերով տրորեց ճակատը, բայց ազդանշանների ոռնոցը դրանից չթուլացավ: Թերթեց առաջ, գտավ դատարկ էջ ու վերևում գրեց` «Մագնիսային փականով դռներ` ճշտել»:
Հերթական «պիիիի-բիիիի»-ի ժամանակ դուռը բացվեց: Կողքի սենյակի Ռուզիկն էր:
– Ռուբ ջա՞ն, էս ոտանավոր-բան ե՞ս գրում, – նա գլխով արեց սև «մոլեսկինին», – էդ բլակնոտիտ մեջ:
– Չէ, հեչ, – Զուռնաչյանը փակեց նոթատետրն ու այն տեղավորեց դարակի մեջ և զրույցին ընթացք չտվեց: Բայց Ռուզիկը չհանձնվեց:
– Ես էլ մտածեցի` սիրային քառյակներ ես գրում, ասեցի` մի հատ տաս կարդամ:
– Չէ, ամենօրյա աղմուկի հանրագիտարան եմ կազմում, – շատ լուրջ դեմքով ասաց Զուռնաչյանը (և բնավ չստեց):
– Այ տղա, չես ուզում կարդամ` տենց էլ ասա, – կես կատակ նեղացած ձայնով ասաց Ռուզիկը, ապա, արդեն ավելի սառը ձայնով հայտնեց, որ իրականում իր գալու նպատակը սուրճի մոտալուտ եփման մասին տեղեկացնելն էր: Ռուբենն ասաց, որ տանը արդեն խմել է:
Ռուզիկը ձեռնունայն վերադարձավ կողքի սենյակը: Քիչ անց, հավանաբար երբ սուրճը արդեն բաշխվել էր չորս փոքր ոսկեծօզ եզրերով սպիտակ գավաթների մեջ, սկսվեցին քրքջոց, զվարթ ճչոցներ, հումորներ, բամբասանքներ և աշխատանքային առօրյայի այլ սովորական երևույթներ: Եվ այդ ամենը` միաժամանակ, առանց ընդմիջումների և հերթափոխի:
Զուռնաչյանի մտքով անցավ սև նոթատետրում նոր հոդված ավելացնել` «Սովետական տիպային հիմնարկի` միջին տարիքի կանանցով հագեցած «պասպորտ-սեղան» տիպի սենյակի աղմուկ», բայց հասկացավ, որ պատմաբաններն ու մարդաբանները դեռ այս երևույթին գիտական բացատրություն չեն տվել:
Երբ դուրս էր գալիս` կողքի սենյակի բաց դռան արանքով արժանացավ Ռուզիկի կրքոտ հայացքին: Բանի տեղ չդրեց, միայն մտքում ցավով արձանագրեց, որ ժամանակին նրան այդպես նայում էին գոնե երեսունը չբոլորած ու կյանքից չհոգնած աղջիկներ, իսկ հիմա` հիսնամյակին սպառնալից մոտ կանգնած` հիմնարկում առավոտից երեկո կոֆեի բաժակ նայող այրիները: Զուռնաչյանը նյարդայնացած շարժումով ձեռքն անցկացրեց մազերի միջով ու ևս մեկ անգամ զգաց, որ դրանց քանակը վերջերս զգալի պակասել է (իսկ տեղում եղածներից շատերը սպիտակել էին):
Հարվածներ
Դպրոցի մոտ մարդաշատ էր: Ինչպես նաև` մեքենաշատ և աղմկաշատ: Զուռնաչյանը զզվանքով հետևում էր բարձր-բարձր իրար հետո խոսելով շենքից դուրս եկող պատանիներին, քսան մետրից իրենց որդյակներին ու դստրյակներին աղաղակելով կանչող ծնողներին և ծառերի վրա ծլվլացող ճնճղուկներին:
Հետո քայլում էր յոթերորդ դասարանցի տղայի հետ:
– Մաման ո՞նց ա, – Զուռնաչյանը դեռ առավոտյան որոշել էր այդ հարցը չտալ, բայց տվեց` հազիվ երեք րոպե էր անցել դպրոցից դուրս գալուց:
– Լավ, – կարճ պատասխանեց տղան, հետո մտածեց, որ հորը երևի ավելի հաճելի կլիներ լսել, որ ոչ այնքան լավ, բայց մայրը իսկապես շատ ավելի լավ էր հիմա, քան այն ժամանակ: Որոշեց թեման փոխել, – պապ, խումբ ենք ուզում հավաքել երեխեքով:
– Հա՞, շատ լավ ա: Բայց նվագել գիտե՞ք:
– Չէ դե, հիմա պիտի որոշենք ով ինչ ա նվագելու: Ես հարվածային եմ ուզում լինեմ, կառնե՞ս ուստանովկան` քո մոտ պարապեմ: Մաման հաստատ չի թողնի:
«Աստված իմ, ինչու՞ ոչ նկարչական խմբակ, ինչու՞ հենց ռոք խումբ», – մտքում ասաց Զուռնաչյանը՝ սարսափելով իր բնակարանում հարվածայինների ուսուցողական դխկոցներից:
– Հմմ, բայց հաստա՞տ ես որոշել, որ հենց էդ ես ուզում: Ինձ որ լսես…
Տղան կանգնեց տեղում, թշնամաբար նայեց և ինչ-որ բան փնթփնթալով քթի տակ գլուխը կախ քայլեց առաջ: Զուռնաչյանը հուսահատ ճոճեց գլուխը` կոմունիկացիան վերջին ամիսներին գնալով ավելի ու ավելի խնդրահարույց էր դառնում:
Մնայուն արժեքներ
Երբ երեկոն որդու հետ ավարտվեց, զանգեց հեռախոսը: Ավելի ճիշտ, չզանգեց, այլ գռմռաց` որևէ ձայնային ազդանշան այդ հեռախոսը վաղուց չէր արձակում: Կինն էր: Տղայի մայրը, ավելի ճիշտ: Տղան դպրոցում ինչ-որ խնդրներ ունի, իսկ հայրը` այսինքն Զուռնաչյանը, ընդհանրապես չի հետաքրքրվում: Ախ, ծանոթ մեղադրանքներ ու ծանոթ աղմուկներ: Ուղեղն ինքնաբերաբար հիշեցրեց ծորացող զուգարանակոնքի և պաշգամբի այրված լամպի մասին, որոնց պատճառով ժամանակին բազմաթիվ աղմուկներ են բարձրացվել: Թվում էր թե, շփման այս ձևաչափն արդեն անցյալում է, բայց արի ու տես` կան մնայուն արժեքներ:
Զուռնաչյանը լսեց, հնարավորինս հակիրճ խոսքերով համաձայնեց, որ նա սխալ է, խոստացավ սրանից հետո ավելի ուշադիր լինել: Ուզում էր հարցնել` ինչպես է, բայց հիշեց, որ արդեն ճշտել է տղայից:
Երբ աղմկահարույց զրույցն ավարտվեց, Զուռնաչյանը մտքի պոչով արձանագրեց, որ կարոտել է այս աղմուկները:
Պայթյուններ երկնքում
Բանվորները հեռացել էին շինհրապարակից, նրանց փոխարինման էին եկել երեխաները: Երեխաների թիվը, դատելով նրանց գեներացրած աղմուկից, պետք է որ անցներ յոթ հարյուրը: Այդ քանակով ու եռանդով հեշտորեն կարելի էր երկրում հեղաշրջում անել: Բայց ավաղ, այդ մանկահասակ ամբոխը ամեն երեկո հավաքվում էր շենքի ստորոտում տեղակայված խաղահրապարակում և վազում, գոռում, կռվում, լացում, ուրախանում, բարիշում, ճչում, գոլ խփում, գոլ բաց թողում, հեծանիվ ջարդում, ինքնագլդոր ինքնագլդորում, ճոճանակ ճռռացնում: Զուռնաչյանը գիտեր, որ մինչև XIX դարակեսերը աշխարհում ոչ ոքի մտքով չէր անցնում երեխաների համար հատուկ հրապարկներ կազմակերպել: Միայն 1849 թվին ինչ-որ տարօրինակ մարդիկ Մանչեսթեր քաղաքում որոշեցին ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ բալիկները կանցկացնեն իրենց ազատ ժամանակը` այդպես ծնվեց առաջին խաղահրապարակը: Հետո այդ անեծքը տարածվեց ամբողջ աշխարհով ու եկավ հասավ նաև Ավան:
Երբ լուսինը արդեն կախվել էր քաղաքի վրա բավական բարձրներում, երեխաները սկսեցին աստիճանաբար ցրվել տներով` անավարտ տնային աշխատանք անելու և վատ սերիալներ դիտելու: Զուռնաչյանը մաքրեց ակվարիումն ու բարձրացավ ընկերոջ տուն` պատշգամբում վայելելու կարճատև անդորրը: Բացի նրանից, որ ժամն էր հարմար, 14-րդ հարկում նաև գրեթե չէր հասնում փողոցային երթևեկության աղմուկը: Ու նույնիսկ ընկերոջ երեք դեռահաս երեխաները արդեն, կարծես, դուրս էին եկել անդադար շուխուռչիության տարիքից և ոչ էլ դեռ հասել էին այն փուլին, երբ հարվածային գործիքներ են պահում տան մեջ:
– Գժվում եմ, – գինու գավաթից կում անելով հայտնեց Զուռնաչյանը, – ամեն թեթև շուխուռից գլուխս պայթում ա:
– Բնությունը ինչ-որ բան ա ուզում հուշի, երևի, – ենթադրեց ընկերը, – բայց պիտի ուշադիր լսես, որ ճիշտ վերծանես:
– Որ շուխուռը մի քիչ քիչ լինի, կարող ա լսեմ էդ անտերը ինչ ա ուզում ասած լինի:
Այդ պահին էր, որ մի քանի փողոց այն կողմ, ռեստորանում ավարտվեց ինչ-որ մեկի քյարթու ծննդյան քեֆը և որպես եզրափակիչ ակորդ երևանյան երկինքը սկսեց ցնցվել պայթյուններից` անտեր չինացիների` հազար երեք հարյուր տարի առաջ հորինած հրավառությունն էր` գմփում էր, դղրդում, ճտճտում, սուլում ու նորից գմփում` արթնացնելով նաև մոտակա մի քանի թաղերի ավտոմեքենաների անվտանգության համակարգերը: Զուռնաչյանի ձեռագիր «Աղմուկի հանրագիտարանում» «Հրավառությունն» առաջին հոդվածներից մեկն էր: Այնտեղ նաև հատուկ անեծքներ կային ուղղված այն իտալացի վաճառականի հասցեին, որն այս տեխնոլագիան 13-րդ դարում Չինաստանից բերել էր Եվրոպա: Գրացիե, քո մերը:
Աղբ
Զուռնաչյանը վեր թռավ տեղից` սառը քրտինքը երեսին: Մութ էր, նա դեռ չէր արթնացել և չէր հասկանում ինչ է կատարվում, միայն ահասարսուռ ապոկալիպտիկ դրխկոցներ էին լսվում, կարծես դժոխային ինչ-որ հսկա ռոբոտներ իրենց էքսկավատոր-թաթերով փորում են ասֆալտը և մտադրված են հասնել երկրագնդի միջուկին:
Իջավ մահճակալից, դժվարությամբ շոշափեց գտավ բջջայինը, որ նայի ժամին` երեքն էր: Բացեց լուսամուտը` աղբահավաք մեքենան դատարկում էր շենքի դիմաց շարված աղբամանները: Իսկ ո՞վ է հավաքելու աղմկաղբը, մտածեց Զուռնաչյանն ու նորից պառկեց` առավոտ շուտ խանութից պիտի առաքեին հարվածային կայանքը:
Երևան, սպտ. 2016