Անուշ Մարգարյան | Պարոն Ցե Հաշ 4-ը

Ես ճանաչում եմ մի պարոնի, ով իր գլխին մազերի փոխարեն կենդանի կրակ էր աճեցնում՝ երկար ու գանգուր կրակ, որոնք օրեցոր երկարում էին: Ամեն երկուշաբթի նա գնում էր վարսավիրանոց, հաշվում ձախից 4-րդ աթոռը և ցեցի պես իրեն գցում աթոռին: Այդ պատճառով էլ մարդիկ նրան Ցե Հաշ 4 էին անվանում: Վարսավիրն ամենևին էլ ուշադրություն չէր դարձնում նրա գանգուր կրակներին: Սովորականի պես հագնում էր իր կաշվե ձեռնոցները և գործի անցնում: Մի օր էլ կրակի մի բոց ձեռնոցը վնասեց: Վարսավիրը հնարավորին չափ դիմադրեց ու քաղաքավարի ձևով փորձեց իրեն զսպել:
– Օգնեցե՜ք, ձեռքերս այրվում են,- ճչաց վարսավիրն ու վազեց դեպի ամենազոր սառնարանը, որ այրված ձեռքերը փրկի:
Ցե Հաշ 4-ը չափազանց վիրավորված էր, որ կզակը անավարտ է մնացել: Սկզբում բարկությունից տաքացավ ու կրակվեց պտտվող աթոռին: Հետո մի ոչնչացնող հայացք նետեց վարսավիրին ու մտքի մեջ անշշուկ նրան խորովեց, մոխրացրեց ու ինքնագոհ դուրս եկավ վարսավիրանոցից՝ հանգցրած կրակի մի ծխե շիթ արձակելով:
Շուտով կրակե գանգուրներն այնքան երկարեցին, որ վարսավիրանոցում այլևս ոչ մի ազատ աթոռ չմնաց իր համար: Պարոն Ցե Հաշ 4-ի համար չբարկանալն այժմ ավելի անհուսալի էր, քան առաջ: Ախր ոչ մի վարսավիր քաջություն չուներ նրա մազերը կտրելու, այդպես էլ օրեցոր երկարում էին ու ոչ մի առաստաղ կրակից կանգուն չէր մնում, այրվում ու փուլ էր գալիս: Խեղճն այնքան հուսահատվեց, որ շուտով մազաթափություն սկսվեց: Եվ նա վերածվեց քայլող փորձանքի: Ամենուր կրակ ու ծուխ էր: Փողոցներն ատիճանաբար դատարկվում էին, ընկերները՝ պակասում: Շուտով իր անճանաչելի կերպարանափոխության համար մարդիկ նոր անվանում հորինեցին՝ Մեթան, որովհետև էլեկտրական սթրեսից վերջերս ոչ մի պատառ բերանը չէր դնում, միայն մեղրով թան էր խմում ու քանի որ լավ չէր մարսում, թթվային տհաճ բխկոց էր արձակում: Եվ իսկապես, մարդիկ նրա կողքով անցնում էին գլուխներն օրորելով ու քթերը փակ, որովհետև Մեթանից թթվային բխկոցի, աղբ ու ծխի տհաճ հոտ էր գալիս: Իսկ օծանելիք, հակառակի պես, տանել չէր կարողանում: Եվ իսկապես, նա քայլող անքաղաքավարություն էր՝ իր կրակե մազաթափությամբ և թթվային բխկոցով: Կասկած չկար, որ շուտով ավելի մեծ աղետալի կրակի մեջ էր գցելու բոլորին: Ու դրա համար էլ բոլորը մեկ մարդու նման Մեթանին անտեսանելի ռեժիմով արգելափակեցին: Դա ամենավատ բանն էր, որ երբևէ կարող էր պատահել իր հետ՝ միս ու արյունից վերածվել թափանցիկ օդի, իսկ ավելի ճիշտ Մեթան գազի: Մեթան Ցե Հաշ 4-ը դժվարությամբ համակերպվեց իր նոր կերպարանափոխությանը: Նա այնքան թափանցիկ էր, որ մարդիկ իր մարմնի միջով իրար նայում ու բարևում էին այնպես, ինչպես խանութի ապակեպատ ցուցափեղկին կնայեին: Մեթան Ցե Հաշ 4-ն առանց վարանելու նույն րոպեին նախատինքի այնպիսի հայացք նետեց իրար բարևող մարդկանց, որ եթե անտեսանելի չլիներ, ապա հաստատ ամոթից գետինը կմտնեին… Տեսնելով, որ մարդիկ իրեն այլևս չեն նկատում, մեկը մյուսի հետևից ակսում է չարագործություններ անել: Այժմ նա անարգել մեղրով թան էր խմում և սրտի ուզածի չափ թթվային բխկոց արձակում: Հետո տեղափոխվում է ամենամեծ փուչիկի մեջ, թռչում ուղիղ մանկապարտեզ և ուժգին պայթյունով վախեցնում մեծ ու պստիկ: Ի վերջո թաքնվում է թռչող օդապարիկի մեջ ու խեղճ ուղևորներին սխալ հասցեով իջեցնում: Բոլորը դժգոհում էին անբարենպաստ եղանակից, քամուց, տապից, իսկ իրական չարագործը լսում ու խիստ անքաղաքավարի տոնով ծիծաղում էր այդ միամիտ հիմարիկների վրա: Բայց հետո, երբ տեղաց առաջին ձյունը պարոն Ցե Հաշ 4-ը տխրությունից կամաց-կամաց հանգչեց: Ի միջի այլոց, դուք էլ կտխրեիք, եթե ճերմակ ու փափուկ ձյան վրա ձեր ոտնահետքերը չգտնեիք: Տեսնելով ձյունն առանց իր ոտնահետքի՝ նա այնպես շփոթվեց, որ գլուխն անզոր կախեց ու լաց եղավ: Նա հոգնել էր իր չարագործություններից, մեղրով թանից ու փորձանքի մեջ գցող իր կրակե մազերից: Իսկ ամենաշատը՝ հոգնել էր մենակ մնալուց: Հենց այդ պահին, երբ զղջման արցունքը չըլըմփոցով ընկնում է ձյան վրա, մի փոքրիկ ձնափոս է թողնում: Իսկ մարդիկ, ովքեր անցնում էին նրա կողքով, զարմացած հայացք են գցում և ուրախ բացականչում.
– Ցե Հաշ 4-ը, Ցե Հաշ 4-ը …
Սկզբում նա ոչինչ չէր հասկանում ու չէր լսոմ: Միակ բանը, որ լսում էր՝ իր սրտի անհանգիստ շրըխկ-թրըխկոցն էր: Հետո վերջապես ինքն էլ է գլխի ընկավ, որ պատահմամբ գուշակել է անտեսանելիության գաղտնագիրը և այլևս թափանցիկ չէ օդի պես: Պարզվում է զղջման արտասուքը ազատել էր նրան:
Մարդիկ, այնուամենայնիվ, խղճացին նրան ու երկաթե տնակ կառուցեցին նրա համար՝ ջրհորի պես խորը, օջախի պես տաք, դրա համար էլ անունը մնաց՝ գազօջախ: Այնտեղ նա ոչ մեկին չէր վնասում: Իսկ մարդիկ ամեն անգամ, երբ մրսում ու կարոտում էին նրա կրակե գանգուրները, սեղմում էին գազօջախի կոճակը և սպասում: Պարոն Ցե Հաշ 4-ը անմիջապես իր գողտրիկ գազօջախե տնակից վեր էր թռչում, հաշվում ձախից 4-րդ տանիքը ու ցեցի պես իրեն գցում տանիքին՝ իր կրակով ջերմացնելու մարդկանց ցուրտ հոգիները:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *