ԱՇԽԱՐՀԸ
Երբ ծեր պարոն Ցերլեդերը մի երեկո սովորականից ուշ տուն վերադաձավ, նրա կապը կտրած պարոնորդին նրան իր ծնկովն առավ ու մի լավ քոթակեց: «Ապագայում, – որդին ասաց հորը, – տան բանալիները դու ինձնից ընդհանրապես չես ստանա, հասկացա՞ր»: – Մենք չգիտենք, արդյոք հայրը անմիջապես հասկացա՞վ դա, թե՞ ոչ: Հաջորդ օրը մայրն արժանացավ իր դստեր հնչեղ ապտակին (շառաչուն՝ ավելի ճիշտ կլիներ ասել), այն բանի համար, որ չափազանց երկար էր տնկվել հայելու առաջ: «Սնափառ կոկետությունը, – ասաց վրդովված դուստրը, – ուղղակի ամոթալի է պատկառելի տարիքի տեր մարդկանց համար, ինչպիսին դու ես», – և թշվառականին բոթբոթելով հրեց դեպի խոհանոցը: Փողոցում և աշխարհում տեղի էին ունենում հետևյալ աննախադեպ իրադարձությունները. հետնաբակերում աղջիկները կրնկակոխ դարպասում էին ջահել տղաներին և զզվեցնում էին նրանց իրենց հետապնդումներով: Այդ կերպ հալածական դարձած պատանիներից ոմանք շառագունում էին զազրելիորեն կպչող տիկնանց հանդուգն հետամտումներից: Նման կանանցից մեկը օրը ցերեկով անթաքույց հարձակում գործեց բացարձակապես անաղարտ և անբիծ համբավի տեր քաղքենիական դասի մի տղայի վրա, ով վայնասունը կապած փախուստի դիմեց: Մինչդեռ ես, շատ ավելի անսեթևեթս և նվազ առաքինիս, մի երիտասարդ աղջկա ճանկն ընկա: Ես որոշ ժամանակ փորձեցի նրան դիմադրել, բայց լոկ նախապես սերտած կոկետություններ բանեցնելով, և դրանով միայն ավելի բորբոքեցի տաքարյուն աղջկան: Բարեբախտաբար, նա ինձ հանգիստ թողեց, ինչն էլ միանգամայն իմ սրտով էր, քանի որ ես հակված եմ դեպի ավելի բարձրահարգ տիկնայք: Դասասենյակներում ուսուցիչները յոթերորդ կամ ութերորդ փորձից չեն կարողանում անգիր անել տալ դասանյութը, ուստի և նրանց կալանքի տակ են պահում: Նրանք լացուկոծ էին դրել, քանի որ շա՜տ էին ուզում երեկոն անցկացնել գարեջրախմությամբ, մականախաղին և այլևայլ կոշտուկոպիտ զվարճանքներին անձնատուր: Նրբանցքներում անցորդները անամոթաբար միզում էին պատերին: Շները, որ պատահականորեն կողքով անցնելիս էին լինում, արդարամտորեն իրենց գարշանքն էին արտահայտում այդօրինակ վարքի հանդեպ: Մի ազնվական տիկին իր փխրուն ուսի վրա տանում էր ճարմանդազարդ մույկերով սպասավորին, կարմրամաշկ աղախինը պտույտի էր ելել բաց կառքում բազմած` տվյալ հողատարածքի կուսակալի հետ: Նա վեհաշուք ժպտաց՝ ի ցույց դնելով երեք ծռմռտիկ ատամները: Կառասայլին լծված էին ուսանողները: Նրանց վայրկյանը մեկ դաղում էին ճկուն մտրակով: Փողոցային գողերը վազում էին դատական կատարածուների հետևից, ովքեր ձերբակալել էին նրանց պանդոկում կամ անառականոցում: Տեսարանը գրավեց շների մի բազմության ուշադրությունը, որոնց սրունքամսերը կալանավորները հրճվանքով խածնում էին: Դա այդպես էլ լինում է, երբ դատական կատարածուներն անփույթ են ու դանդաղկոտ: Եվ անհեթեթ իրավիճակների ու մեղսավորությունների այս աշխարհի վրա այսօր հետկեսօրին փուլ եկավ երկինքը. ընդսմին՝ առանց աղմուկի, օ՜ ոչ, ավելի շուտ որպես թե փափուկ, խոնավ մի կտավ, և ամեն ինչ ծածկվեց փոշու ամպով: Սպիտակազգեաց հրեշտակները բոկոտն թափառում էին քաղաքով մեկ, նրա կամուրջներով, և թեև սնամեծար, բայց հրաշափառորեն արտացոլվում էին շողշողուն ջրերում: Բիզ-բիզ ու սևամազ դիվուկևերը դեսուդեն էին վազվզում վայրենի աղաղակ արձակելով, եղանները օդում թափահարելով, ահաբեկելով անցուդարձ անող մարդկանց: Եվ ընդհանրապես, նրանք իրենց չափազանց անհամեստ էին պահում: Ուրիշ էլ ի՞նչ կարող եմ ավելացնել: Երկինքն ու դժոխքը թրև էին գալիս ծառուղիների լայնք ու երկայնքով, կրպակներում առևտուր էին անում օրհնյալները անիծյալների հետ: Ամեն ինչ խառնվել է քաոսի, աղմուկ-աղաղակի, հարայհրոցի, վազքի, խառնաշփոթի և գարշահոտության մեջ: Ի վերջո, Տերը խղճահարվեց այս արգահատելի աշխարհի հանդեպ: Նա ձեռքն առավ Երկիրը, որը նա ժամանակին, առավոտյան կողմ պատրաստել էր, և առանց տանել-բերելու այն խոթեց մի պարկի մեջ: Առաջին պահը (փառք Աստծո, մի պահ միայն, ոչ ավելի) պարզապես սարսափելի էր: Օդը միանգամից դարձավ պինդ, անգամ քարից էլ շատ ավելի ամրապինդ: Նա ավերեց քաղաքի բոլոր տները, և նրանք ճզմվեցին իրար սեղմվելով, ինչպես հարբեցողները: Լեռները բարձրացնում և իջեցնում էին իրենց լայնահուն կռնակները, ծառերը թռչում էին տարածության մեջ` հրեշավոր թռչունների հանգույն, և տարածությունն ինքն էլ ի վերջո հոսել սկսեց` մի ինչ-որ անորոշ, դեղնավուն սառը զանգվածի վերածվելով, որը չուներ ոչ սկիզբը, ոչ վերջ, ոչ էլ չափ կամ որևէ այլ բան, դառնալով պարզապես Ոչինչ: Իսկ Ոչնչի մասին գրելը մեզ անհնարին է պատկերանում: Նույնիսկ Տեր Աստվածն ինքն էլ, կսկծահույզ ու մորմոքուն, ի վերջո տարրալուծվեց-ցնդեց սեփական ոչնչացման մոլուցքին անձանտուր, այնպես որ այդ Ոչնչին նույնիսկ դույզն-ինչ սահմանելի, այն որոշարկող կամ երանգավորող բնութագիր չմնաց:
ՀԱՆՃԱՐԸ
Մի անգամ, ցրտաշունչ գիշերով, Վենցելը` հանճարը, կանգնած էր փողոցում` բարակ, բարալիկ, թրթռիկ հագուստով և ողորմություն էր մուրում անցորդներից: Տիկնայք և պարոնայք մտածում էին, Տեր Աստված, բայց չէ՞ որ նա հանճար է, նա կարող է իրեն նման բան թույլ տալ: Հանճարին այնքան էլ հեշտությամբ չի բռնում հարբուխը, ինչպես սովորական մահկանացուներին: Վենցելը գիշերն անցկացրեց թագավորական պալատի դարպասի մատույցներում, և ահավասիկ, նա կարծես չմրսեց: Հանճարները միանգամից չեն մրսում, նույնիսկ եթե շատ ցուրտ է: Առավոտյան նա դիմում ներկայացրեց պատկան մարմիններին` իր այցի մասին զեկուցելու երիտասարդ և գեղեցկուհի արքայադստերը, ընդսմին՝ այն նույն հանդերձանքով, որ նա կրում էր նախկինի պես: Այդ հագուստի մեջ նա ողորմելի տեսք ուներ, սակայն ծառաները, բոթբոթելով հերթ չէին տալիս միմյանց` շշնջալով իրար ականջի. հանճարը, տղաներ, հանճա՛ր է, և ապա Վենցելի մասին զեկուցեցին տիրուհուն, և ուրախ-զվարթ նրան թույլ տվեցին մուտք գործել ազնվազարմ տիրուհու հարկաբաժինը: Վենցելը նույնիսկ չխոնարհվեց էլ արքայադստերը, քանի որ, դատեցեք ինքներդ, նման վարվեցողությունը բնավ հարիր չէ հանճարին: Մինչդեռ արքայադուստրը, սեփական ոգու վեհությամբ տոգորված, խոնարհվեց հանճարի առաջ, ես նկատի ունեմ պատանի Վենցելի, և նրան մեկնեց ձյունաճերմակ ձեռքը անուշահամ համբույրի համար, և ապա հարցուփորձ արեց նրա գալստյան նպատակի վերաբերյալ: «Կուզեի մի բան ուտել», – պատասխանեց կոպիտ-անտաշը, և այնուամենայնիվ նրա պատասխանը արձագանքի արժանացավ, քանի որ անմիջապես էլ, ազնվազարմ տիրուհու ձեռքի մի շարժումով, հրաշափառ նախաճաշ և գինի մատուցվեց, ընդսմին` այդ ամենը արծաթե պնակներում և բյուրեղապակյա սրվակներում` ոսկե սկուտեղի վրա: Հանճարը լայն ժպտաց՝ աչք շոյող ուտեստների բերումով, և ահա, պարզվում է, որ հանճարները կարող են նաև լայն ժպտալ: Թագուհին միանգամայն բարեհաճ էր տրամադրված, կերակուրն էր ճաշակում Վենցելի հետ միասին, որը իր հանճարեղ էությանն համապատասխանող նույնիսկ դույզն-ինչ բարեպատշաճ փողկապ չուներ կապած, հարցուփորձ արեց նրա արարմունքների մասին և նույնիսկ խմեց նրա առողջության համար. այդ ամենը բարեհոգի ու անմեղ նրբավարությամբ, իրեն հույժ հատկական: Հանճարն իր ողջ ճղճիմ ու ճղճղված կյանքում առաջին անգամ իրեն լիովին երջանիկ զգաց, և ահա, պարզվում է, որ նույնիսկ հանճարներին խորթ չէ երջանիկ լինելու այդ հույժ մարդկային հատկությունը: Հերթական բաժակաճառն արտաբերելիս, ի թիվս այլոց, Վենցելը հայտարարեց, որ ինքը վճռականորեն է տրամադրված վաղը կամ մյուս օրը կործանելու աշխարհը: Արքայադուստրը, որին հասկանալի պատճառներով այդ ընթացքում սարսափը համակեց, իրեն գլխապատառ դուրս գցեց սրահից, վախվորած և բարեհունչ ճչալով` լեղաճաք եղած սոխակի պես, հանճարին միայնակ թողնելով իր հանճարեղության հետ, և այդ ամենի մասին պատմեց իր հորը, երկրի տիրակալ արքայազն-կուսակալին: Վերջինս այնուհետև հորդորեց Վենցելին հնարավորինս շուտափույթ և անհապաղ գրողի ծոցը կորչել, ինչն էլ կատարվեց անմիջապես: Եվ հիմա մեր հանճարը վերստին փողոցում է, ուտելու ոչինչ չունի, ինչի համար, սակայն, բոլորը ներողամտորեն են վերաբերվում նրան, քանի որ նա մեծազոր հանճար է. սակայն նա չգիտի, թե ուր գլուխը կորցնի հոգսերից: Այս վիճակում հապշտապ նրան օգնության է գալիս հանճարեղ մի միտք (բոլոր խելացի մտքերը խիստ ճոճ են ու ճապուկ): Նա կարգադրում ու կազմակերպում է ձյունառատ տեղումներ, ընդսմին` այնքան երկարատև և ուժգին, որ շատ կարճ ժամանակում ամբողջ աշխարհը թաղվում է ձյան հաստաբեստ շերտի տակ: Նա, հանճարը, ընկողմանած է սառցանիստ երկրակեղևի ամենաբարձր գագաթին, և ծամծմում է այն ոչ հոռի զգացողությունը, որ ամբողջ աշխարհը թաղված է իր ոտքերի տակ: Նա ինքն իրեն ասում է, որ սա ծանրաբեռ հիշողությունների աշխարհ է: Նա կրկնում է դա այնքան ժամանակ, մինչև որ հանկարծ նկատում է, որ նորից քաղցած է՝ ինչպես բարեբանյալ երկրային սնունդի (զորօրինակ Կոնտինենտալ հյուրանոցում մատուցվող), այնպես էլ մարդկային դաժան վերաբերմունքի առումներով: Արևն այնտեղ` վերևներում, շատ էլ հաճելի չէ, քանի որ այդպես՝ կատարյալ միայնության մեջ արևի տակ նստելուց – ավա՜ղ – նրան սառը դող է պաշարում: Կարճ ասած՝ այդ ամբողջ ձյունը նա վերստին հալչել է տալիս: Այս ընթացքում աշխարհում ինչ-որ բան, թեկուզ քիչ, բայց հասցրել է փոխվել. ձևավորվել է նոր, թարմ լվացված մարդկանց մի սերունդ, որ մեծագույն պատկառանքով է լցված ամենայն գերմարդկայինի հանդեպ: Դա սփոփում է Վենցելին այնքան ժամանակ, քանի դեռ դրա դեմ նա դեռ չի ըմբոստացել: Նա տառապում է և հեծկլտոցները, որ իր հոգու խորքերից են բխում, համընդհանուր ճանաչման են արժանանում: Նրան ուզում են օգնել, նրան համոզում են, որ ինքը մարդկության այսպես կոչված հանճարն է կամ նրա մարմնավորումն ու անձնավորումը: Բայց այդ ամենն այլևս ապարդյուն է, քանի որ հանճարին օգնել բնավ հնարավոր չէ:
Թարգմանությունը գերմաներենից՝ Աշոտ Ալեքսանյանի