«Կես ժամանակ» ժողովածուն, որ լույս է տեսել 2002-ին, Հովհաննես Գրիգորյանի գեղարվեստական համակարգը, ստեղծագործական և գեղագիտական սկզբունքները, բնագրաստեղծ գերակայությունները հավաքականացնող-ընդհանրացնող դերակատարություն ունի, և, ըստ իս, որոշակի առումով ավարտուն է դարձնում բանաստեղծի գրական դիմանկարը:
Այս նկատառումից ելնելով, կարծում եմ, որ խնդրո առարկա ժողովածուն քննադատությանը, առհասարակ տեսաբանությանը զգալի քննական նյութ է ընձեռում ինչպես նրա գրական ժառանգության մեկնաբանության, այնպես էլ տակավին անցյալ դարի վաթսունական թվականներից հայաստանյան բանաստեղծության համապատկերում երևան եկած այն անունների ստեղծագործության Ուսումնասիրության համար, որոնք թե՛ գեղագիտական-ստեղծագործական, թե՛ կառուցաբանական-պոետիկական տիրույթներում պոեզիայի նոր կերպ ու արտահայտություն ամրագրեցին մեզանում:
Մեկնելով «Կես ժամանակ» ժողովածուի բանաստեղծի գեղարվեստական համակարգում այցեքարտային գործառության հանգամանքից և չհավակնելով խնդրո առարկայի ամբողջական արժևորման-մեկնաբանության, կփորձեմ հպանցիկ-կարճառոտ նկատումներով անդրադարձել գրքի մի քանի հանգուցային իրողություններ:
Թե՛ ընթերցողական, թե՛ գրական-քննադատական դաշտերում Հովհաննես Գրիգորյանը իրավամբ ընկալվում և գնահատվում է իբրև վերջին երեսնամյակի հայաստանյան գրականության տաղանդավոր դեմքերից մեկը: Նրա բանաստեղծությունն արդի պոեզիայի համապատկերում ներկայանալի երևույթ է: Ներկայանալի և հանգրվանային` նորագույն բանաստեղծության կառուցաբանական, ստեղծագործական-գեղագիտական շրջարկում: Գրիգորյանի ստեղծագործությունների հղացական-պոետիկական համագիրն ըստ իս նորարարական-նշանակալի է այսպես կոչված` անտիպոեզիայի ժամանակակից հարացույցում: Նրա այսպես կոչված անտիպոեզիայի կառուցման ռազմավարությունը հատկանշող հեգնանքը, երբեմն գրոտեսկը, բնագիր կենցաղագրական տարրերի ինչ-որ առումով ծրագրային ներթափանցումը, առանց չափազանցության գերսաստկացման հասցրած կատակերգականի և ողբերգականի (հասկացությունները տվյալ պարագային կիրառում եմ գոյաբանական-ստեղծաբանական առումով) համադրությունը մի կողմից, մյուս կողմից բանաստեղծելու աֆորիզմի հանգույն եղանակը, պատմողական կերպն արդյունքում ապահովում են ուրույն, կարծում եմ կրկին չափազանցություն չէ` անկրկնելի գրականություն: Հենց այդ անկրկնելիությունն է, որ Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունը պահում է ընթերցման կիզակետում:
Հատկապես արգասավոր է նրա ստեղծագործական ուղին ետանկախացման շրջանում: Գրիգորյանը հայաստանյան գեղարվեստական ընթացում այն եզակի արվեստագետներից է, որ մեր բարդ ու դարձդարձումներով առլեցուն ժամանակաշրջանի համապարփակ և ընդհանրական բանաստեղծական վկայագրությունը ապահովագրեց: Ըստ այդմ գրական դաշտում բանաստեղծության արդիական կերպն ու բնույթը, լեզուն և ստեղծաբանական գերակայություններն ամրագրելը դարձնելով անընդհատական ընթացք:
XX դարավերջի և XXI դարասկզբի անհատ-քաղաքացու սկզբունքային կեցվածքը, առհասարակ քաղաքացիական դիրքորոշման համապարուրվածությունը, ինտելեկտուալ շերտի հարակայությունը, արդի գոյութենության և գոյակերպի հրամայականների և մարտահրավերների առկայությունը, դրանց հիմնականում պարոդիկ կերպընկալումը, ինչը հաճախ ընդելուզվում է անթաքույց էլեգիականությամբ, նրա բանաստեղծությունների արժեքայնության, գրական պահանջվածության և արդիականության պերճախոս վկայություններն են: Եվ եթե «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992) և «Երկու ջրհեղեղից արանքում» (1996) ժողովածուներում մատնանշված իրողությունները ստեղծաբանական-գեղագիտական առումով տակավին ելքի, կուտակումների տիրույթներում էին, ապա «Կես ժամանակ» ժողովածուում դրանք ըստ ամենայնի բյուրեղացել են, գրողական վարպետության առումով դարձել այցեքարտային: Գրիգորյանի այս ժողովածուն ժամանակակից արվեստի և արվեստագետի վկայություն է: Նրա բանաստեղծական անդրադարձումները ժամանակների և ժամանակի միջակայքում (օրինակ` «Ժամանակներ, ժամանակ և կես ժամանակ») ընդնշմարում են նոր հազարամյակ մուտք գործած մարդուն հաճախ ուղեկցող կիսկատարությունը, ժամանակների և ժամանակի միջակայքում հայտնված ժամանակակցի համար գոյության սոսկական կրկնություն լինելու ընդգծված ահազանգը (օրինակ՝ «Միլենիում»): Միաժամանակ նրա ստեղծագործական անդրադարձումները դրանք պատնեշելն է, «գերեզմանացված» կենսոլորտը, կիսկատարությունը զանցելու բանաստեղծումն է: Այդ զանցման տիրույթներում է Գրիգորյանը ժամանակագրում ժամանակի և ժամանակների, պատմության և արդի շրջանի մնայունն ու ամբողջականը, լիակատարն ու ավարտունը, վերստեղծում արժեքների այն հանրագումարը, ինչն ապրելը և բանաստեղծություն գրելը ազատագրում է ինքնանպատակ կրկնվող (անգամ ամենադրական իմաստով) տեղապտույտից, ավելին տեղապտույտն իր բանաստեղծություններով դարձնում է շրջապտույտ: Այսպես է վկայագրվում ժամանակակից արվեստագետը, անհատը, մտավորականը, քաղաքացին:
Հիրավի, «Կես ժամանակ» ժողովածուն ներփակող 45 ստեղծագործությունները մի կողմից շարունակում են ժամանակակից Հայաստանի հասարակական-քաղաքական, հոգևոր կյանքի բանաստեղծական աննախադեպ քրոնիկոնը, մյուս կողմից համադրում են արդի աշխարհի քաղաքական, բարոյական-մտավորական, գոյաբանական տագնապներն ու մարտահրավերները, սրանք էլ ներդաշնակորեն ագուցում մեր պատմության և ներկայի կենսոլորտին: Ինքնակենսագրական հոսքի զուգահեռ բանաստեղծական պատումով, Գյումրվա նախաերկրաշարժյան և ետերկրաշարժյան պատկերագրումներով, այսպես կոչված անտիպոեզիայի հղացական-պատկերային սկզբունքներով գրված «նոր սիրերգությամբ» կամ «հակասիրերգությամբ» և քնարական բանաստեղծության արդիակերտումներով («Գեղարվեստական միջոցառում կանանց գաղութում», «Մի քիչ»), նրա գեղարվեստական համակարգի համար վստահաբար գեղագիտական-փիլիսոփայական-ստեղծաբանական կոդի գործառություն ունեցող աշնան հարացույցի ընդլայնումով, վարպետ ռեցեպցիաներով (միթոսներ, Աստվածաշունչ, Ջոյս և Գինզբերգ, միզերաբիլիստական և «վախճանաբանական» պոստմոդեռնիստական վարդապետություններ), մտածական բանաստեղծության ձևերով ստեղծում իր տեսակի մեջ նշանակալի պոետական համանվագայնություն: Իր բնույթով արդի բանաստեղծության մեջ այս խիստ ինքնատիպ համանվագայնության բնագրաստեղծ գերակայությունն է թե՛ հայրենիքի և հայոց պատմության, մեր ժամանակի («Այսպես է եղել»), թե՛ քաղաքացիական («Եղանակի տեսություն», «Հայտարարություններ», «Սահմանադրություն», «Աշուն», «Նվագախումբ»), թե՛ մտածական («Եղիշե Չարենց», «Ադամ», «Պատմություն պատմության մասին») ստեղծագործությունների հղացական-բովանդակային, կազմաբանական առանցքը:
Ժողովածուում զետեղված «Հայ ժողովրդի պատմության համառոտ ձեռնարկ նրանց համար, ովքեր հաստափոր գրքեր կարդալու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տրամադրություն», «Նեռ», «Արտահերթ ջրհեղեղ», «Սափրվեցի և գրեցի մի քանի տող», «Վերջին դուբլը», «Վաղուց» բանաստեղծությունները վստահաբար XXI դարի հայոց բանաստեղծության ընթացքը ուղենշող արտահայտություններից են:
Ժողովածուն հետաքրքրական է նաև այսպես կոչված «գրի և գծի» ստեղծագործական իրացման առումով: Նկատի ունեմ գրքի մեջ օգտագործված նկարիչ Վարուժան Վարդանյանի ստեղծագործությունները: Սա սովորական (պարագայական) ձևավորում չէ, գիրը (բանաստեղծությունը) և գիծը (նկարները) ժողովածուում փոխլրացնում են միմյանց, որոշարկված համագիր են ապահովում:
Կարծում եմ, որ այս ժողովածուն իբրև արդի գրականության հանգուցային դրսևորումներից անպայմանորեն դեռ երկար ժամանակ մնալու է ընթերցման և քննադատության կիզակետում, ինչը նույնպես բանաստեղծի ստեղծագործական նվաճման, իսկ ժամանակակից գրական ընթացի համար շահեկան ձեռքբերման պերճախոս վկայություններից մեկն է: