Արթուր Մեսրոպյան | Այնտեղ ես՝ Ադամ

Լուսանկարը՝ Վարդան Գալստյանի

Օրհնյալ լինես Ադամ, երջանիկը ստեղծածներիս մեջ, քանզի ունես Հայր, որ ես եմ, և ուստի, երբ սիրտդ նեղ լինի, կարող ես ձեռքդ պարզել ներսդ՝ դեպի ինձ ,ու ես կբռնեմ այն։

Միակը, այն անկրկնելին, ով մեզ կյանքում հասկացնել է տալիս, ով կյանքում բացում է մեր աչքերը, ով նոր իմաստ ու լույս է բացահայտում մեզ, երբեմն դա անում է ոչ այնքան վեհ մի նպատակի համար, ու դա անկասելի է ինչպես արևածագը։ Պարզապես իր պատճառներն ունի` դրա համար է անում։ Ու որքան էլ անսովոր լինի սրա հետ համակերպվելը, դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Իսկ ամենքի պատճառներից ո՞վ գլուխ կհանի։ Իսկ ամեն մարդու սենյակ հո չե՞ս մտնի, ինչ է թե քոնը չունես։ Ամենքի պատճառներից գլուխ չես հանի անգամ եթե հարազատ հայրդ է ու նրա սենյակ էլ չես մտնի, ինչ է թե քոնը չունես։
—Վերցրու ինձ Ադ։ Տուր ինձ մարմնիդ տաքը, տուր ինձ ձեռքերիդ ուժը, բազուկներիդ եռքն եմ ուզում, ախխ, սրտիդ միջի ջրերն եմ ուզում։
Ադամի հևոցները գոլորշու պես քուլաքուլա սողում են Լիլիթի սպիտակ ու մի քիչ քրտնած մաշկն ի վերուվար՝ տեղ-տեղ անցնելով Լիլիթի սև բլուզի կտորների վրայով, տեղ տեղ գլոր տալով Լիլիթի պտուկների վրա ու կտրուկ դադարում, երբ Ադամը կծում է դրանք անխնա ու շուրթերը հետ տարած։
—Ա՜խխ Ադ։
—Օ՜հհ Լիլ։
Ադամի ձեռքը անշեղորեն մատ-մատ խորանում է Լիլիթի շրջազգեստի տակ։ Լիլիթի կոշիկից ազատված ոտքը բարձրացնում է ու սև պեդիկյուրով թաթը հենում մեքենայի կողքի ապակուն։Դրսից նայում ես ու անշարժ ձորի կողքը կանգնած մեքենայի հետևի ապակուն ոտնաթաթի տակ է երևում։
Մեքենան կանգնած է կամուրջի տակ, այգիների մեջ ընկած ձորի կողքը։ Մի ժամանակ ձորով գետ էր հոսում, բայց վերջերս շոգերը համը էնպես հանեցին, որ գետից մի քրջոտ առու մնաց։ Ձորի վերևը կամուրջն է քաղաքի մի ծայրը կապում մյուսին։ Գիշերվա մեջ քաղաքը լույսերի կետաշար է, սևի մեջ դեղնավուն պուտեր, համարյա խառնված վերևի թունդ մանուշակագույն երկնքին՝ դեղին կետերով ծակծկված, ու երկուսի արանքը երկար ու ողորկ կամուրջն է ամուր, ցեմենտբետոնից ու երթևեկելի։ Քաղաքի մի կողմից մյուսն ես անցնում։ Մի ծայրից մյուսը։ Իսկ արանքում ցեմենտբետոնե կամուրջն է օդի մեջ ձգված։
—Խի՞ իրար չենք կարա սիրենք։
—Գիտես, Լի՛լ։
—Մեկ ա, չեմ կարում հականամ։
Մի մուխ էլ է քաշում մեքենայի հետևի նստարանի կիսապառկած։ Ոտքերը բոբիկ են ու մի թաթը հենած է վարորդի կողքի նստատեղի գլխին, իսկ մյուսը Ադամի գրկում է։
—Հա բայց երկուսս էլ դա ուզում ենք։ Ի՞նչն ա խանգարում։
—Օրենքները, Լիլ, ոնց որ ինքն ա ասում՝ բոլոր մարդկային օրենքները․․․․
—Լա՜վ էլի, օրե՜նք, ի՜նչ մարդկային օրենք, խնդալս եկավ, էդ սաղ պապան ա հորինել, բայց ինքն էլ չգիտի ինչի համար, ուղղակի չի ուզում խոստովանի․ թող փոխի էդ օրենքները ուրեմն։
—Թող։
Հավես չկար մի տեսակ էդ թեման շարունակելու, մեկ է ոչ մի նոր բան չէր բերելու։ Բոլորը կմնային այնտեղ, որտեղից դուրս կգային։ Ադամը կմնար իր տեղում կանգնած, Լիլիթն իրան էս կողմ էն կողմ կտար ու կգցեր, վերջում պապան գալու էր ու ասեր։
—Էլ ձեն չլսեմ, ասեցի՝ ՉԷ, ու էլ չենք քննարկում։ Հեռու կմնաք իրարից։ Վերջ։
—Քեզնից ի՜նչ տղամարդ, ասաց Լիլիթն ու աջ ոտքը, որ Ադամի գրկում էր, ծալեց։ Սև կարճ ու բարակ կտորից շրջազգեսը թեթև փռփռաց ու Ադամը մի պահ էլ նայեց նրա ազդրին։
—Պապան ա տեղդ որոշում։ Մի բան ինքնուրույն չես կարողանում որոշես։ Ինքն ա քո տեղը որոշում՝ ում հետ լինես ում սիրես ում հետ քնես։ Թույլ ես` մեկ ա։
—Ամեն ինչ քո ուզածով ես չէ՞ բացատրում։ Ու իհարկե ես կլինեմ մեղավորը միշտ, որովհետև մեղավոր լինելու համար ես մի տեսակ շատ հարմար եմ։
—Չէ, որովհետև դու մեղավոր ես, այ դրա համար էլ դու ես մեղավոր։ Դու թույլիկի մեկն ես Ադ, ու պետք չի ձևացնես որ տենց չի։ Քո տեղը պապան ա որոշում իմ հետ քնես թե չէ, քո տեղը ինքն ա որոշում, որ ինձ հետ չլինես ու նայի՝ հիմա որտեղ ենք։
Նայի հիմա որտեղ ենք, ու ձեռքով ցույց ա տալիս կողքերը։
Նայի հիմա որտեղ ենք, ու նայում ա մեքենայի սալոնին։
Ձորի վերևի մայրուղու տաս մետրը մեկ կանգնած լամպերի լույսը թափվում էր ներքև ու արտացոլվում Լիլիթի կանաչ աչքերի մեջ էլեկտրական սառնությամբ ու կտրող խորություն բերում հայացքին։ Ադամը երկարեց ձախ ձեռքն ու շոյեց նրա փորի սպիտակ փափկությունը՝ բացված վերև ելած սև բլուզի տակից։
—Ինչի՞ ա քեզ թվում, որ դու ամեն ինչ հասկանում ես, իսկ ես՝ չէ։ Ինչի՞ ա քեզ թվում, որ…
—Իսկ ի՞նչն ա թվում ինձ, որ տենց չի։
—Ստեղ ես չեմ կարում, ես չեմ կարում ստեղ իրան հակառակ գնամ, ստեղ իրա տունն ա, իրա օրենքներն են։
—Իսկ դու ձայնազուրկ ե՞ս, հա՞։ Ես ձայնազուրկ եմ, երևի հա՞։ Ես իրա աղջիկն եմ ի դեպ, իսկ դու տղան, ու ինքը կարծեմ մեր հայրն ա, իսկ էդ քո ասած ու իրա հորինած մարդկային օրենքներով կարծեմ հոր ունեցվածքը մնում ա երեխեքին, ուրեմն սա մեր տունն էլ ա։
—Հոր մահից հետո մնում ա, բայց ոնց տեսնում ես ինքը կա։ Ի՜նչ ենք խոսում արդեն, ինչե՜ր ենք խոսում։
—Դու ես խոսում, դու ասեցիր, ու հենց դա էլ ա քո թուլությունը ապացուցում, մինչև պապան չմահանա, տղամարդ չես դառնա չէ՞։ Ի՞նչ անենք բա, փաստորեն շանս չունես ախպերիկս։
Ու ոտքի մատներով շոյեց Ադամի դեմքն ու շուրթերը։
—Լսի հերիք ա։
Ոտքի բութը մտցրեց Ադամի բերանը ու հպեց ատամներին։
—Մի բան արա,- դանդաղ ու ծոր տալով շարունակում է,- արա մի բան ուրեմն։ Գնա՛, խոսա՛ հետը, ասա՛, թող կամ փոխի իրա էդ օրենքը կամ էլ թքած ունենք էդ օրենքի վրա, ուզում ես, ես էլ հետդ կգամ։
—Իմաստ չեմ տեսնում։
Լիլիթը հոգնած հետ փլվեց մեքենայի հետևի նստատեղին։
Ադամը թիկնեց։ Լիլիթի աջ ոտքը կրկին ընկավ նրա գիրկը։ Ձորի վերևի մայրուղու տաս մետրը մեկ կանգնած լամպերի լույսը թափվում էր ներքև ու արտացոլվում Լիլիթի կանաչ աչքերի մեջ էլեկտրական սառնությամբ ու կտրող խորություն բերում հայացքին, իսկ Ադամի կողմը մնացել էր ստվերում։ Մի քիչ էլ նստեցին։ Ադամը մեքենայի հետևի նստատեղից նայում էր դիմապակուց։ Լիլիթը խոտը երկու մատով ձգեց Ադամի կողմը, Ադամը առանց Լիլիթին նայելու երկարացրեց ձեռքն, ու էդ պահին դաստակից ներքևի հատվածը մի քանի ակնթարթ հայտնվեց վերևից թափվող լույսի մեջ։ Ձեռքի երակները դուրս էին ցցվել ու մի քանի տասնյակ առողջ օձերի պես սահուն իջնում էին դաստակն ի վար՝ գալով ուսից, իջնելով բազուկն ի վար ու բարակելով օձի բազմափեղկ լեզվի պես՝ տարածվում էին ափի մեջ՝ միացնելով ձիգ ու երկար մատները, գալով ու երկարելով, օձի պես սկիզբ առնելով ուսի վերևից՝ մարմնի միջից պինդ, որտեղով անցնում էին խլրտալով հարյուր հազարներով շատ ու ծուռումուռ։ Ադամը վերցրեց խոտը ու մի քանի մուխ արեց դիմացը նայելով։
—Ես առանց քեզ չկամ Ադ։ Առանց քեզ տունը դատարկ է։
— Գիտեմ։
—Չեմ ուզում դրամա սարքեմ, բայց սենց չի կարա էլ շարունակվի։
—Հա։
—Կուզե՞ս վաղը ես գնամ ու պապայի հետ խոսեմ։ Սաղ կբացատրեմ, դուք իրար հետ կռիվ եք անում, ամեն անգամ ինքը քո վրա ա գոռում, դու իրա, իրար զիջել չունեք, ինքը համառ ա, իսկ դու իրա օրինակով պակաս հաստակողը չես։ Համոզելուց զրո ես։
—Ըհը, թույլ տեղս ա։ Լրիվ թույլ տեղեր եմ։ Տեղով մեկ եմ թույլ տեղ։
—Դե լա՜վ, էլ մի, մի նեղացի։ Լիլիթը պռոշ արեց։ Հեչ էլ թույլ չես։
—Լիլ, ախր դու էլ գիտես․․․
Ադամը առաջ եկավ ու կռացավ արմուկները հենելով ծնկներին ու, գլուխն առնելով երկու ափերի մեջ, մատները գիծ գիծ խրեց բիզ-բիզ կտրած սև մազերի մեջ, որոնք գլխի կողքի հատվածում գրեթե սափրած էին։
Կատվի պես ոտքերը իջեցրեց Լիլիթը ու ընկավ Ադամի վրա՝ գրկելով նրա մեջքն ու դեմքը մոտեցնելով եղբոր վզին։
—Ինչի՞ հենց մենք։
—Բոլորն էլ էդ նույն հարցն են երևի տալիս նման պահերին։
—Չէ, իրոք, ինչո՞ւ հենց դու, ու ինչո՞ւ հենց ես, խի՞ ախր այ գի՛ժ, այ աննորմա՛լ այ կատարյա՛լ։
—Կատարյալ ու թույլ։
—Թույլ ու իմը, իմ աննման ու միակ։
—Սիրում ես ինձ։
—Սիրում ես ինձ։
—Արի մոտս։
Ադամը կտրուկ թեքվեց, ու Լիլիթը սպասում էր դրան, ու երբ դեմքը հպվեց պարանոցին, Լիլիթն ավելի ձգեց այն, որպեսզի Ադամի լեզուն ավելի լավ տարածվի մաշկի ծավալով ու կանաչ աչքերը փակ քաշեց Ադամին իր վրա, որ ծածկվի, մնա տակը։ Ախխ, ձեռքը ձեռքի մեջ, ախխ ոտքերը լայն, ախխ պտուկը բերանի մեջ, ախխ դեմքը կրակի գունդ կրծքագդալից դեպի ցած։ Մատները սրունքներին, ափերը ազդրերին, հետույքին, չռթ, ներքնաշորը պատռվեց, չռթ, շրջազգեստից մի կար գնաց վերև, գոտու արագ բացվող ճարմանդի չխկչխկոց, կայծաճարմանդի վժժոց ու ամբողջ ողնաշարով մեկ ձգվող հոսանք։
Արագ-արագ, հեռու կգնաս էդպես, արագ արագ կհասնես հիմա, դու կարող ես իմը լինել, ցույց տուր ինձ ոսկորներդ, շարժիր ինձ, կարող ես լրիվ վերցնել, իրական դարձրու, թև առ, կարող ես մենակ լինել, կարող ես բարձրանալ, ընկիր, ընկիր, կուլս գնա, կուլս գնա, շարժվիր, դե ժամանակ մի կորցրու, զգա անձրևը, զգա արևը ու ավազը, զգա մեծ, բաց թող, թույլ արա, թույլ արա, բռնիր, չթողնես, բռնիր չթողնես, աշխատի, երկպագի, մեռի վրաս, մեռի վրաս, հող արա, արևս վերցրու, մի թող, մի թող, մի թող, բարձրացի, խորը, լույսը, անջատիր լույսը։
Լույսը քար դարձած ընկնում է գլխին ու սառույցի պես ճմռթում ներսը։ Լույսը գալիս է անկասելի ու անամոթ։ Մեկը մեքենայի պատուհանը թխկթխկացնում է ձեռքի լապտերով ու ինչ որ բան ասում ապակուց այն կողմ։ Ձայնը խլանում է ու բան չի հասկացվում։

Ադամը գլուխը բարձրացնում է Լիլիթի մարմնից ու նայում ուղիղ Լիլիթի կանաչ աչքերի մեջ։ Վախ չկա։ Նյարդայնություն չկա։ Միայն սպասում ու հոգնածություն։ Միայն քարացած սպասում, հոգնածություն ու ներկայություն։ Միայն կանաչ աչքերի ներկայություն։ Ադամը Լիլիթի վրա կռացած գլուխը բարձրացնում է դեպի պատուհանի մյուս կողմից թափանցող լույսի աղբյուրը ու փորձում տեսնել լապտերը պահող ձեռքը։ Ձեռքի մատնեմատն է տեսնում վրան ամուսնական մատանի։ Ձեռից քիչ հետ է նայում ու տեսնում ոստիկանական արտահագուստը։
—Դուրս եկեք մեքենայից։
Հենց հիմա բացեք դուռն ու դուրս եկեք մեքենայից։
—Ի՞նչ պրոբլեմ ա եղել պարոն ոստիկան, ի՞նչ ա եղել։
—Քաղաքացի՛, բացե՛ք դուռն ու դուրս եկեք մեքենայից։
—Օկ, նորից։
Լիլիթի աչքերում էլ նույնն է։ Նորից։
—Ադամ բաց արա է դուռը, թքած։
—Հաստա՞տ, Լիլ։
—Հա՛, հաստատ։ Զզվեցի արդեն։
— Քաղաքացի՛, բացե՛ք դուռն ու դուրս եկեք մեքենայից։
—Համարյա տկլոր ես։
—Թքած, թող տեսնի ծիծիկներս, բացի։
Ադամը խորը հոգոց հանեց։
—Լավ, բայց սա արդեն վերջն ա, վերջն ա։
—Վերջը վաղուց էր եկել, դու ես նոր տեսնում։
Ադամը բացում է դուռը, ոստիկանը մի քայլ հետ է դնում ու առանց զարմանալու, նայում ուղիղ Լիլիթի կրծքերին։
Ադամը նայում է ոստիկանի դեմքին, Լիլիթը մեջքի վրա պառկած նայում է Ադամին, իսկ ոստիկանը մի պահ Ադամի վրա ուշադրություն չդարձնելով՝ նայում է Լիլիթի կրծքերին։
—Ի՞նչ ես նայում։
Դուրս եկեք մեքենայից։
—Դուրս եկեք մեքենայից, տիկին, Դուք էլ, հանրային վայրում ոչ պատշաճ գործողությունների դեպք, որն արգելվում է օրենքով ու համարվում է հասարակական կարգի խախտում։ Դուրս եկեք մեքենայից ու հետևեք ինձ։
—Մի րոպե, մի րոպե, ինչ խախտում, մենք հանրային վայրում չե՞նք կարող լինել, մենք հանրության մի մասն ենք բայց, չէ՞, ուրեմն կարանք լինենք, իսկ մենք մեր մեքենայով ենք, հեսա թղթերս ցույց տամ, մենք մեր մեքենայի մեջ ինչով ենք զբաղվում՝ արդեն մեր գործն է։
—Չէ՛, ձեր գործը չեք կարող անել հանրային վայրում։
—Բայց չէ՞ որ մենք էլ ենք հանրության մասը։
—Հա՛, բայց չեք կարող հանրային վայրում անել այն, ինչ ձեզ է հարմար։
—Հա, բայց չենք երևում, ոչ ոքի չենք խանգարում։
—Հանրային վայրում կարևոր չի՝ երևում ես թե ոչ, խանգարում ես, թե ոչ, հարգելի՛ս, չի կարելի ու վերջ, իսկ եթե չես երևում, դա միայն լույսի հարց է, հերիք ա ուժեղ լույս գցել ու արդեն երևում ես։
Էս խոսքին ոստիկանը վեր է բարձրացնում ձեռքի լապտերը։
Ոստիկանը լապտերը վեր է պահում՝ ասես մի ամենակարող աչք, ամեն տեղ թափանցող ու հասնող աչք։
—Տիկի՛ն, դուրս եկեք մեքենայից։
Լիլիթը շուռ է գալիս փորի վրա ու դանդաղ հենվելով ծնկներին՝ ծուլորեն ոտքերը հավաքում տակը ու մի թեթև ուղղելով ճղճղված բլուզն ու շրջազգեստը՝ ոտաբոբիկ դուրս գալիս մեքենայից ու կանգնում բաց դռան առջև հողին։
—Մի վայրկյան, մի վայրկյան, մի վայրկյան հլը․․․
Լիլիթը նայում է ոստիկանը դեմքին։
—Մի վայրկյան, հլը, մի վայրկյան։
Ադամը նայում է ոստիկանի դեմքին։
Ծանոթնե՜ր։ Ինչպիսի հանդիպում։
—Օ Աստվա՜ծ իմ։ Փաստորեն ճիշտ ա հա՞, փաստորեն ճիշտ են ասում, հա՞։ Նստե՛ք իմ մեքենան, նստեք մեքենան երկուսիդ էլ շտապ հրամայում եմ նստել մեքենան։ Բաժին ենք գնում։
Լիլիթը տեղից չի շարժվում։
Ադամը մնում է տեղում կանգնած։
Ադամը վառում է խոտի հանգած գլանակն ու ասում։
—Էս անգամ առանց մեզ կգնաս, պարոն հարգելի ոստիկան։
—Պապային էլ կբարևես, կասես, մի քիչ վռազ էինք, ուշ կգանք։
—Կամ էլ չենք գա։
Ադամը թեքվում է ու բացում վարորդի դուռն ու ներս ցատկելով փակում թափով։ Լիլիթը նորից հետ է թռնում հետևի նստարանին ու դուռը փակում թափով։ Ոստիկանը գոռում է․
—Կանգնե՛ք, Ադամ, չքշե՛ս, գիտես՝ ավելի է կատաղելու, մի՛ արա։
Ադամը մեքենայի շարժիչը միացնում է ու կտրուկ հետ տալով՝ ղեկը ձախ թեքում՝ ավտոյի քիթը ուղղելով դեպի ձորի կողքով գիշերվա մեջ խորացող ու ամեն տաս մետրը մեկ էլեկտրական լամպերի լույսով կետ-կետ դեղնող մայրուղին։
Բացում է մեքենայի դռան ապակին․
—Ասա, թող ինքը իմ կատաղությունից վախենա, որովհետև իմ մեջ չկա իր բարությունը, ու դա էլ երևի հենց իմ առավելությունն ա։ Լավ մնա։
Ոստիկանը սլանում է երկուհարյուր կիլոմետր արագությամբ օձի փորի պես սողացող ցեմենտե մայրուղու վրա։
Ադամը քշում է ոտքով գազի ոտնակը մինչև վերջ կոխրճած, Լիլիթը քրքջում է ու հետևի նստարանից ձգվում է դեպի մեքենայի մագնիտոֆոնն ու միացնում ու շարունակում քրքջալ․

My plug in baby
Crucifies my enemies
When I’m tired of giving
My plug in baby
In unbroken virgin realities
Is tired of living

Լիլիթի շրջազգեստը հետ է քշտվում ու Ադամը երկուհարյուր կիլոմետր արագությամբ սլանալով՝ թեքվում է նրա կողմն ու համբուրում Լիլիթի կիսաբաց ազդրը։
Մենք մեր մեքենայի մեջ ենք։
Մենք նույն հոր զավակներն ենք։
Ճանապարհը մեր տակ է։
Օ՜ մութ։ Մութը լղոզվում է մեքենայի թափքին ու ակներին ու չի թափանցում մեքենայի փակ ապակիներից ներս։
Մագնիտոֆոնը երգում է․
My plug in baby
Crucifies my enemies
When I’m tired of giving

Լիլիթը ձեռքերը գցում է Ադամի վզով։
—Աաաա, վերջ, վեեե՜րջ, Ադաա՜մ, պը՜րծ։
—Հետևներիցս ա գալիս։ Շատ տղեն չի ուզում մեզ հանգիստ թողնի։ Հաստատ Ինքն ա ուղարկել, նոր պատժի ձև ա մտածլ պապան, իբր թե ինքը կապ չունի։
Մենք մեր ճանապարհի վրա ենք Ադամ։
Մենք երկուսով իրար հետ կապրենք Ադամ։
Մենք երջանիկ կլինենք Ադամ։
Դու ինձ երջանիկ կդարձնես Ադամ։
Ես քեզ կսիրեմ Ադամ, շատ ու շատ ու շատ։
Օ՜, մութը քսմսվում է մեքենայի գխին ու տակից անցնում է քամու երակներով հոսելով ոլոր-մոլոր։
Մագնիտոֆոնը երգում է․

My plug in baby
In unbroken virgin realities
Is tired of living

Մենք մեր տունը կունենանք, Լիլիթ։
Ես մեր տունը կսարքեմ մեր համար, Լիլիթ։
Մեր տան մեջ մեր երեխաները կունենանք, Լիլիթ։
Մեր տանը շատ սենյակներ կսարքենք, Լիլիթ, մեր երեխաների համար, Լիլիթ։
Մեր տանը մենակ մենք կապրենք ,Լիլիթ։
—Արի մոտս, ծիտս։
—Աաա։
—Հետևներիցս ա գալիս։ Շատ տղեն չի ուզում մեզ հանգիստ թողնի։ Չէ պապ, էս անգամ էլ վե՛րջ, վե՛րջ, վե՛րջ, մենք մեր տունը կգնանք, երջանիկ եղի, մեկ մեկ կզանգենք, տեսակցության էլ կգանք, թե ուզես։
—Թոռներին էլ կբերենք։
—Ըհը, երեխաներ շատ է սիրում, ինձ թվում է կսիրի թոռներին, վստահ եմ կսիրի։
Ադամը համբուրեց Լիլիթը ձեռքը, որ հետևի նստատեղից ձգվել-փաթաթվել էր իր վզով։
—Առաջ արի, ծիտս, կողքս նստի, արի իմ կողքը նստի, ուզում եմ կողքս նստես, արևս։
—Եկա, սպասի, օօօօ՜։
—Կտրուկ շրջադարձ էր ներող, Լիլս, դե՛, արի ճուտի՛կ, թռի՛ կողքս։
Լիլիթը փորձեց հետևի նստարանից անցնել դիմաց։ Չորեքթաթ մի քիչ առաջ եկավ, ոտքերով հենվեց հետևի նստատեղին ու առաջ իրեն բրդեց, ոստիկանի մեքենան մոտեցավ Ադամին, հետևի ոտնաթաթերը հենեց հետևի ապակուն Լիլիթը ու ձգվեց առաջ, ոստիկանը մոտեցավ Ադամին, Լիլիթը ափերով իրեն քաշեց դեպի Ադամի կողքի նստարանը, որպեսզի նստի ու մի քիչ էլ առաջ եկավ, Ադամը նայեց Լիլիթի՝ փողոցի տաս մետրը մեկ կանգնած լամպերի լույսի տակ մեկ լուսավորվող մեկ մթնող դեմքի եզրագծին ու մտածեց. «Ամեն դեպքում օրհնված լինես պապ, որ էս գեղեցկությունը ստեղծեցիր, մի օր կհասկանաս ինձ, իսկ հիմա, լավ մնա»։
Լիլիթը վերջին ձգումն էր անում, որպեսզի երկուհարյուր կիլոմետր արագությամբ մեքնայի հետևի նստարանից անցնի վարորդի կողքի նստարանին, երբ ոստիկանի մեքենան հասավ Ադամին ու խփեց երկու հարյուր կիլոմետր արագությամբ ընթացող մեքենայի թափով։
Մենք անհասանելի ենք, Լիլիթ։
Մենք անձեռնամխելի ենք, Ադամ։
Մենք անբռնելի ենք։
Մենք անվերջ ենք։
Հարվածից մի բան ուժեղ թափով դուրս է շպրտվում դիմահար ապակու միջով ու փշուր փշուր Ադամի դեմքին ցրիվ եկող ապակու միջից չի երևում՝ ինչպես է թռչում դեպի ցեմեմտն, ու ապակին ցփնվում է հազար-միլիոն-հազար-միլիոն թռչունների նման չորս կողմն ու, Ադամը կտրուկ թեքում է՝ ղեկը շեղելով մայրուղուց, ու ամեն տաս մետրը մեկ կաթացող դեղին լույսերը ընդհատող մթի կտորից դեպի ձորը գնում՝ օդի մեջ դեռ պտտվող անվադողերով մեքենայով։
Ցավ գլխին, ցավ գլխի մեջ, ճռթող ու ծակող ինչ որ տեղ մեջդ, մի տեղ, մի բան, որի գոյության մասին տեղյակ էլ չես եղել մինչև այս պահը, հանկարծ ոռնում է ներս թափանցած սուր ու շիկացած ցավի կարծրությունից։ Տաք թացությունը լցվում է տակդ ու վրադ։ Ներսդ դուրս է տալիս։ Բան չես կարում անես։ Շունչդ բերանիդ վրա չի կպնում։

Վթարից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կենսական օրգանների ֆունկցիայի դադար: Իրավիճակն անհույս է, հնարավոր չէ որևէ բան անել, փորձ է արվում միացնելու արհեստական շնչառության, արյուն շատ է կորցրել, ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են։ Մահը գրանցել։
Վթարից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, անհրաժեշտ է փորձել միացնել արհեստական շնչառության, հաջողվեց, զարկերակը թույլ է բայց շոշափելի է, կողոսկրը մտել է թոքի մեջ, շտապ պետք է վիրահատել, աջ կողոսկրն է, կոտրվել է ու թափանցել է թոքը, կողոսկրը պահել անհնար է, առաջարկվում է հեռացում, անհրաժեշտ է կողոսկրը օրգանիզմի անխափան կենսագործունեությամ համար, հեռացնել ու փակել թոքի պատռվածքը, սկսում ենք կողոսկրի հեռացումը․․․
Օրհնյալ լինես, Ադամ, երջանիկը ստեղծածներիս մեջ, քանզի ունես Հայր, որ ես եմ, և ուստի, երբ սիրտս նեղ լինի, կարող ես ձեռքդ պարզել ներսս՝ դեպի ինձ ,ու ես կբռնեմ այն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *