Արձակ գրելու գործի մեջ ամենադժվարը, հավանաբար, առաջին նախադասություն կամ պարբերություն գրելն է, բանաստեղծության դեպքում՝ ամենավերջին: Չէ, չէղավˋ լավ, ճշգրիտ չեմ ասում. բանաստեղծության դեպքում՝ ամեն ինչն է կարևոր. և սկիզբը, և միջնամասերը, և վեջին տողը, և ամենագլխավորը՝ Մեծն Լռությունը: Այնպես չէ, որ դրանք արձակի համար կարևոր չեն, երկրորդական են, բայց բանաստեղծության համար որ դրանք օդ ու ջրի պես խիստ անհրաժեշտ են, էլ չասեմˋ քերթողական արվեստի արհեստին վերաբերող լիքը-լիքը հնարքներ, գաղտնիքներ ու նրբություններ, սա ասում եմ որպես քիչ թե շատ փորձառություն ունեցող մի բանաստեղծ:
Ինչևէ, ես գրեցի ոչ միայն առաջին նախադասությունս, այլ նաևˋ նախադասություններս, պարբերությունս, ու արձակ գրելու իմ հանդիսավոր ժամանակաշրջանը, որսաշրջանը հայտարարում եմ բացված:
Ախր, միշտ երազել, ցանկացել եմ գրել արձակ, նաև ուրիշներն են խորհուրդ տվել, հենց արձակագիրներըˋ նկատի ունենալով, որ գրածս բանաստեղծությունները ձևով, ասելիքով ավելի մոտ են արձակին, արձակի ինչ-որ պատառիկներ են… Բայց, միշտ, ինչ-որ մի բան խանգարել է:
Կարծում եմ, որ արձակ գրելու համար գրողին և, ընդհանրապես, մյուս ստեղծագործողններին, բացի ասենք՝ բանաստեղծից, դե, ախր, ճիշտ են ասում էլի՝ բանաստեղծություն կարող ես և ոտի վրա գրել (ինձ մոտ որ բանաստեղծությունները համարյա էդ ձև են գրվել), անհրաժեշտ են որոշ, ինչինչ պայմաններ. նախ գրողը պետք է ունենա իր փակ, տան բոլոր անդամների համար չգիտեմ ինչ հնարքներով, սպառնալիքներով ելումուտը արգելող առանձնասենյակը, հիմա, ինչ գրում եմ, գրում եմ դպրոցի իմ աշխատասենյակում, տանը ո՞վ ինձ թույլ կտար. մինչև փորձեի վերջացնել այս նախադասությունը, ոչ էլ հավանաբար կվերջացնեի, պզտիկս արդեն վզիս թառած կլիներˋ յոգուրտ, բանան ու պաղպաղակ ուզելով, հիմա էլ, էս մի քանի ժամվա մեջ, որ տնից փախել ու իբր որպես պատմվածք սա եմ գրում, մի քսան անգամ տնից զանգեց, թե պապա, երբ բդի գաս, բանանն ու յոգուրտը չմոռանաս. միջնեկս պիտի գզվեր պուճուրիս հետ, մեծիս հետ, բոլորի հետ, կռիվ սարքեր ու բողոքեր, թե պարապ է, թե սոված է (մի ուտող էլ լինի, մեր տան ամենաքչակերն է), ինչո՞վ զբաղվի, ֆենը միացներ, արդուկը միացներ, մորը խանգարեր, մերը ձենը գցեր ամբողջ տնով մեկ, թե այլևս չի կարող էս գազանների հետ յոլա գնալ, կամ ալյուրն է պրծել, կամ էրեխանցը տեր էղիˋ նկատի ունենալով ինձ. մեծս էլ պիտի օրվա մեջ հազարերորդ անգամ նույն երգը ձենը մինչև վերջ քոքած լսեր ու նորից բողոքեր, անվերջ պահանջեր, թե ե՞րբ պիտի ինտերնետ քաշեմ կամ ե՞րբ պետք է նոր բոթաս առնեմ՝ հինը այլևս հագնելու չէ, ատամներին ե՞րբ պետք է բրեկետ դնել տամ և այլն, և այսպես շարունակ…
Լավ, մեր կոմս Տոլստոյը, ասենք, կալվածատեր է եղել ու, հաստատ, կունենար իր մի քանի աշխատասենյակը, լավ, մեր Թումանյանը, մի քանի պատմվածքները և հեքիաթները չհաշված, բանաստեղծություններ է գրել, թեպետ որքան գիտեմˋ նա էլ է ունեցել իր աշխատասենյակը, բա էն մեր խեղճ Բախի, ամենաբեղմնավոր Բախի, կենցաղային սրտմաշուկ հոգսերի տակ կքած Բախի համար ի՞նչ ասենք. տնաշենը երկու անգամ ամուսնացել և քսան երեխա է ունեցել, իհարկե, տասն են ողջ մնացել, էդ ինչպե՞ս է ժամանակ և հնար գտել ստեղծագործելու…
Փաստորեն էս երեք բազմավաստակ, բազմազավակ հանճարներին ոչ մի դժվարություն, հոգս, անձնական և ազգային ողբերգություններ, տնային վեճեր, դավաճանություններ, հասարակական գործունեություն, եկեղեցուց արտաքսում, պատերազմներ և եղեռն չեն խոչընդոտել ստեղծագործելուն: Բայց միայն այս երե՞քն են. հետո, որպես հետաքրքրություն, կարելի է գուգլով որոնել և պարզել, թե քանքարավոր արվեստագետներից էլ ովքե՞ր են եղել բազմանդամ ընտանիքի գլխավորներ:
Քանի Տոլստոյին հիշեցի, ասեմˋ հեչ վատ չէր լինի, եթե գրողը ունենար իր անձական քարտուղարը, թեպետ Տոլստոյը, որքան գիտեմ, բավականին առաջացած տարիքում էր քարտուղար պահում: Գրողը մտքին ինչ գալիս էˋ անկաշկանդ թելադրում է, քարտուղարն էլˋ ինքնաբերաբար գրի առնում: Երբ ինքդ ես գրումˋ շատ մտքեր, նախադասություններ, կարծես թե, անհետ կորսվում են, սա որպես սկսնակ արձակագիր եմ ասում:
Մեկ էլ կետադրության խնդիրը որ մտածում ենք ախր անկետադիր ենք մտածում և ինչ զզվելի ու ձանձրալի գործ է համ ինքդ ստեղնաշարը տկտկացնելով մտքերդ շարել-հավաքելը համ էդ ընթացքում շարվածը կետադրությամբ բզկտելը մեկը մյուսին ակնհայտորեն խանգարում է տո հենց միմիայն կետադրելն է ամբողջ գործի հերը անիծողը ժամանակ խլողը մի տեսակ բալաստ լինի ասես որ հա քաշում է ներքև ու ներքև սա որպես չկետադրվող բանաստեղծություններ գրող բանաստեղծ եմ ասում ու էս պարբերությունը ի հեճուկս բոլորի չեմ կետադրում
Ճիշտը որ ասեմ, նաև մի քիչ ծույլ եմ, ոչ թե մի քիչ, այլ լավ էլ թամբալ եմ: Թե չէ, ինչ դժվար մի բան է՝ նստել ու մտքիդ եկածները, գոհարներդ այսպես ասած, առանց ծանր ու թեթև անելու, թղթին հանձնելը, կոնկրետ էս դեպքում, իմ դեպքում՝ կոմպով հավաքելը: Սակայն համակարգչով գրելը իր հեշտ կողմերի հետ ունի նաև իր դժվարությունները: Սրբագրելը, նախադասությունների, բառերի տեղերը փոխելը, նոր նախադասություններ, բառեր ավելացնելը դյուրին մի գործ է: Ոչ թուղթ է պետք, ոչ՝ գրիչ, ոչ էլ՝ տպագրական մեքենա: Գրիր՝ ինչքան կուզես, ջնջիր՝ ինչքան կուզես, ինչքան կարող ես՝ գրիր ու ջնջիր: Բայց, այ, այդ չարաբաստիկ գրիր-ջնջիրից սկսվում են բոլոր դժվարությունները: Հանկարծ, որ գրածիդ մի հատ աչք ես ածում՝ վերջ, նոր մտքեր, մտահղացումներ, լուծումներ են ուղեղումդ ծնվում, ու, անկախ քո կամքից, կտրվում ես վերջից, վերջին նախադասությունից ու դրանք՝ մտքիդ եկած նորերն ես սկսում շարել, կարծես, ոչ թե գրում ես վերջից, վերջին նախադասությունից, այլ միաժամանակ բոլոր տեղերից, լցնում ես ու հա լցնում, ավելացնում ես ու հա ավելացնում, ջնջում ես ու հա ջնջում. անսպառ հնարավորություններ, անհատնում կոմբինացիաներ, այսինքն թե, ոչ սկիզբ կա, ոչˋ վերջ: Ու հենց հիմա այդպես էլ անում եմ…
Արձակի մեջ հաջողություններ ակնկալող գրողին ոչ միայն մի տաքուկ, հարմարավետ, փոքրիկ ամրոց հիշեցնող առանձնասենյակ է անհրաժեշտ, այլ նաև բոլոր կենցաղային հոգսերից, առօրեական անիմաստ վազվռտուքից, քաշքշուկներից ձերբազատված մի կյանք, ստեղծագործական իր դեգերումներին, որոնումներին չմիջամտող մի ընտանիք: Վերցնենք, օրինակ, Ա-ին: Էս մեր Ա-ն ոչ ընտանիք է կազմում, ոչ էլ, կարծում եմ, ի վնաս ստեղծագործական եռանդի՝ խեղճացած, կքած է հանապազօրյա հացը ամեն գնով վաստակելու մաշեցնող մտածումներից, ինչպես օրինակ ես: Ոչ երեխաներն են անընդհատ գլխին թառում, ոչ կինն է ամեն առիթով կամ անառիթ ահաբեկում:
Որքան գիտեմ՝ չի էլ աշխատում, ինքն իր գլխի տերն է և որքան ուզում՝ գրում է, ինչքան կարող էˋ ջնջում: Բջջային հեռախոսը դեն է նետել, համացանցում անիմաստ զվռնումները քչացրել: Մի խոսքով, իր գրողական գործին խանգարող, խոչընդոտող դեպքերի, հանգամանքների, միջամտությունների դեմ բարձրացրել է իր անխորտակ պատ-պարիսպները ու… ու որքան ուզում՝ գրում է, ինչքան կարող էˋ ջնջում:
Այլ բան է, թե ինչ է գրում ու ջնջում մեր Ա-ն: Մեկից ասեմ, առանց ավելորդ ձևականությունների, մի քանի պատմվածքներից բացիˋ էն, ինչ որ գրել է՝ իմ դուրը հեչ չի գալիս: Իր «աղմուկ» հանած վեպը մինչև վերջ չկարողացա կարդալ, ընդորում երկու անգամ, ձանձրանալ էր, որ ձանձրացա, զոռով գրված արձակի մի նմուշ է կարծես. կեղծ, արհեստական մի լարավածություն կա տողերում, նյարդերդ տակնուվրա անող, անպայմանորեն ինքնատիպ երևալու մի անիմաստ մարմաջ ու ձգտում: Հա, բացառված չէ նաև, որ ինքը իմ հեղինակը, գրողը չէ, և իր ու իմ ստեղծագործական որոնումները, հայացքները չեն համընկում, տարբեր են ճաշակները, ի վերջո, աշխարհայացքը և էլի լիքը հանգամանքեր ու մանրամասներ…
Կարծում եմ՝ մեր Ա-ին և ոչ միայն նրան, բավականին անիմաստորեն ուռեցրել ու փքեցրել են, դարձրել են վաճառվող մի ապրանք, գովազդային պուպուշիկ մի բրենդ… Բայց ո՛չ անիմաստ, էդ էլ ենք հասկանում, հրատարակչական գործերի համար. հրատարակիչներին պետք են վաճառվող հեղինակներ, «աղմուկ» հանած, ինքնատիպ գրողներ, իրենց արտադրությունը ապահովվող ժամանակակիցներ… Ժամանակակիցներ, որ մի քանի տարի հետո մեծ աղմուկով պայթելու են:
Հույս ունեմ, որ մեր Ա-ն իր թանկագին ժամանակը չի վատնի ու իմ այս կիսատ-պռատ զառանցանքները չի կարդա, կամ կարդալուց հետոˋ ինձնից չի նեղանա և մեր հեռավոր, անշոշափելի բարիդրացիությունը և մտերմությունը չի տուժի: Թող չկարդա նաև իմ մտերիմ Բ-ն, բանաստեղծության նորօրյա ռահվիրան, Աստվածածնչից ածանցված ու Պարույր Սևակից հեռու չգնացած պոետը: Նա ևս Նա չէ: Լավ, հերիք է գլուխներդ ցավեցնեմ, մի խոսքով, ինձ դուր չի գալիս տասը մատներից ծծված, ակնհայտորեն մոգոնված գրականությունը, ակնհայտորեն մաշված, տրորված արահետներով երթևեկող գրականությունը: Հա, էն օրն էլ մեկին կարդացի, որ, հանց գրական մի Շվարցնեգր, ցուցադրում էր իր կարդացվածության աթլետիկ կազմվածքը, մկանները: Իբր ի՛նչ, այ ախպերիկ…
Բայց, իրոք, ինչ ապուշն եմˋ անցավ գլուխս լրիվ անիմաստ տեղը դնում եմ Ավետարանի տակ, թե ասաˋ քո ինչ բանն է ուրիշներին քննադատելը, թե ինքդ քեզ հարցրուˋ խելքդ այդքան զոռու՞մ է: Բայց ոչինչ, կարծես թե ոչինչ չեմ կորցնում: Մեկ էˋ գրական դաշտից միշտ մեկուսացված եմ եղել ու իմ կարծիքը ոչ մեկին էլ չի հետաքրքել: Ոչ մի գրական խմբակի, ընկերակցության անդամ չեմ եղել ու չեմ էլ լինի, ոչ մեկից կախում չեմ ունեցել ու չեմ էլ ունենա: Մի խոսքով, ես իմ երազած գրողի տիպար-տեսլականն եմ. որ իր համար հեռու հառավոր մի վայրում, աշխարհից կտրված մի խուլ վայրում իր գրականությունն է, էս անգամ էլ թող մարգարիտներ լինեն, ստեղծում: Իբր Գյումրին աշխարհից մեկուսացված մի բնակավայր է, իբր ես էլ բնածին տաղանդի տեր մի գրող եմ: Ինչևէ…
Հա, ապուշի մասին: Աչքիս տակ մի քանիսին ունեմ ու տխուր-ուրախ մի քանի պատմություններ եմ պատմելու նրանց մասին: Դե, հեռու ման եկաˋ մոտիկ գտա: Ինձ նկատի ունեմ էլի: Բայց մի քիչ համբերություն, իմ ընթերցող, ներքևում, մի քանի տող, մի քանի պատում դենը պատկերացումներս կմանրամասնեմ, մտահղացումներս կբարձրաձայնեմ…
Թղթի մասին, համացանցի մասին էլ ասեմ ու ձեր համբերությունները չչարաշահեմ. դե գիտեք, լսել եք, որ թուղթը ամեն ինչ հանդուրժում, ամեն ինչˋ ինչքան գրական և ոչ գրական անհեթեթություն կա խոնարհաբար տանում է: Իսկ գիտե՞ք՝ թե միայն Հայաստանում, մեր փոքրիկ հանրապետությունում տոնաններով ինչքան անհեթեթություններ են գրվել և ինչքան գրական աղբ է կուտակվել և հենց հիմա, էս պահին, որ գրում եմ էս տողերը` էլի լիքը անհամ բաներ են գրվում, էլի լիքը անարժեք բաներ են տպագրվում (ինչ-որ մեկի համար գուցեև սրա’նք): Պատկերացնո՞ւմ եք՝ թե մի լղարիկ բանաստեղծական ժողովածու տպագրելու համար որքան ծառ է հատվում: Էս ինչ-որ գրում եմˋ ինտերնետից է, ինձնից ոչինչ չեմ հորինում, ինքներդ կարող եք ստուգել:
Թե կանգնած եք սա կարդում` նստեք, թե նստած եք` ձիգ բռնվեք. 100 կգ ծառից ստացվում է 25-35 կգ թուղթ, ընդ որում օգտագործում են միայն ծառի բունը, մնացածը «թափոնը» դեն են նետում, ընդորում այդքան թուղթ ստանալու համար օգտագործում են 37-52 հազար լիտր ջուր:
Մեկ այլ աղբյուրից՝ 48 էջանոց աշակերտական տետր ստանալու համար անհրաժեշտ է հատել մոտավորապես 2-3 հսկա ծառ:
Մյուսից՝ աշխարհում ամեն տարի թուղթ արտադրելու համար հատում են 125 միլիոն ծառ, իհարկե, գերակշիռ մասը Միացյալ նահանգների համար:
Կա նաև այլ վիճակագրություն, որ 2015 թվականին Լեսթերի ուսանողներն են հաշվել. որքա՞ն գրասենյակային A4 ձևաչափի թուղթ անհրաժետ կլիներ 4.5 միլիարդ վեբ-կայքերի ամբողջ թվային ինֆորմացիան մեկ անգամ պատճենելու, պահպանելու համար. 136 միլիարդ A4 ձևաչափի թուղթ կամ 16 միլիոն ծառ:
Ես արդեն մի քանի տարի էլ բանաստեղծություններս գրում եմ հեռախոսով, հա, թուղթուգրիչը ինձ համար այլևս քարե դարի գործիքներ են, հիմա ասում են՝ գործիքակազմ, միակ թերությունը, սակայն, էն է, որ հետո չեմ կարող դրանք թղթի վրա գրածի պես վառել ու դրամատիկ կեցվածք ընդունելով՝ պարծենալով տվայտել՝ գիտե՞ք՝ ինչքան բանաստեղծություններ եմ վառել, գրողը տանի: Որպեսզի ավելի սրտառուչ բաներ չասեմˋ ես իմ բաժին ծառ- ծառերն եմ փրկում:
Իսկ համացանցի թվային անսահմանափակ, ծփծփացող, քլթքլթացող տարածքնե՞րը. ջաաան: Հիմա, չգիտես ինչու, բոլորը գրող են դառել, գրող մի ազգ ենք դարձել. մի երկու բառ տկտկացնելով իրար կողք շարեցիր, նախադասություն կազմեցիր, իբր միտք, զգացմունք էլ մեջները ներարկեցիր, վերջ, ֆեյսբուքի, ինտերնետի հերթական գրական գիսաստղն ես, վերջ, արդեն բանաստեղծ, արձակագիր ու հրապարակախոս ես, վերջ, ո՞վ իրավունք ունի մի թթու բան ասի գրածիդ մասին, ասիˋ գրածիդ աչքի վերևը հոնք կաˋ միամիտի կոկորդը կկրծես, լայքողներիդ, երկրպագուներիդ հրոսակախմբով կհոշոտես…
Գրականության առումով հետևյալը փաստենք. ինտերնետի գաղջ տիրույթներում բովանդակ անիշխանություն է տիրում, և միակ սփոփանքը էն է, որ շարունակաբար արտադրվող գրական աղբի համար ծառեր չեն հատվում:
Իսկ հիմա, սիրելի ընթերցող (կարծես միջնադարի գրող լինեմ), ներկայացնեմ պատմվածքներիցս առաջինը և հուսով եմ, որ շատ խիստ չեք մոտենա:
շարունակելի…