Որպես նախաբան
Աղասի՛, մի՛ գնա…
Սա Եղիշե Չարենցի խնդրանքն էր, հորդորն ու պահանջը՝ ուղղված Աղասի Խանջյանին:
1936 թվականի հուլիսի 8-ին՝ Թբիլիսի մեկնելուց առաջ, Խանջյանը մեծ բանաստեղծի տանն էր:
Կիմ Աղաբեկյանի «Աղասի Խանջյանը Չարենցի կյանքում»[1] հոդվածում կարդում ենք. «…այդ տարաբախտ մարդը իր եղերական վախճանից առաջ, Չարենցի այրու՝ Իզաբելայի վկայությամբ եղել է մեծ բանաստեղծի մոտ: Երկար զրուցել են, մտորել: Կողքի սենյակից անընդհատ լսվում էր Չարենցի ձայնը… Բայց Աղասին չգնալ չէր կարող»:
Հուլիսի 9-ին Խանջյանն ու Բերիան վերջինիս աշխատասենյակում էին…
Իսկ մինչ այդ….
1931 թվականի հոկտեմբերի 31-ին Աղասի Խանջյանն ու մի քանի քաղաքական այլ գործիչներ դեմ են եղել Լավրենտի Բերիայի նշանակմանը Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնին: Այդ մասին մանրամասն ներկայացված է Ռուբեն Գյուլմիսարյանի «Մի սպանության պատմություն»[2] հոդվածում: Ահա թե ինչ ենք կադում այնտեղ. «Առաջնային պատճառներից մեկը, թե ինչու Աղասի Խանջյանը հայտնվեց անհուսալի մարդկանց ցուցակում, նրա պահվածքն էր 1931 թվականի Մոսակվայի Կենտկոմի պլենումում: Այդ օրը Ստալինը առաջարկեց Լավրենտի Քարտվելիշվիլիին ընտրել որպես Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ԱԽՖՍՀ) առաջին քարտուղար, իսկ Բերիային`երկրորդ քարտուղար: Քարթիշվիլին վրդովված էր և ասաց, որ «ինքը չի պատրաստվում աշխատել այդ շառլատան հետ»: Եվ ԱԽՖՍՀ – ի Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Օրախելաշվիլին նորից հարցրեց. «Կոբա, այն, ինչ դու ասացիր, ճիշտ է, արդյո՞ք ես ճիշտ լսեցի»: Եվ անգամ ամենալուռ անդամներից մեկը՝ Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը վճռականորեն ասաց, որ անհնար է հանրապետական կոմունիստական կուսակցություններին դնել «նման հանկարծակի որոշման» առջև: Ո՛չ Բունիաթզադեն, ո՛չ Դեդարիանը, ո՛չ Մուսաբեկովը, ո՛չ էլ Խանջյանը չեն աջակցել Ստալինին: Առաջնորդը ստիպված էր կամային որոշում կայացնել միայնակ»:
Սա, իհարկե, չէր մոռանալու Լավրետնի Բերիան, և 1936-ին երբ Խանջյանը կմեկներ Թբիլիսի, կնոջը պիտի տեղեկացներ, որ դնելու է իր հրաժարականի հարցը Բերիայի կողմից ճնշումների պատճառով:
Չարաբաստիկ օր էր 36-ի հուլիսի ինը:
Անդրկովկասի մարզկոմի գումարած նիստին ելույթ են ունենում շատերը, բայց ո՛չ Աղասի Խանջյանը:
Ելույթներում հնչել են Հայաստանում ձևավորված տրոցկիստական խմբերի հայտնաբերման և հատկապես Հայաստանի կրթության հարցերով կոմիսար Ներսիկ Ստեփանյանի ձերբակալության մասին: Իսկ վերջինս Խանջյանի մտերիմներից էր:
Ելույթները քննադատական էին, մեղադրող և անբարո:
Հնչում են կոշտ ցուցումներ Բերիայի կողմից, իսկ երեկոյան նա հրավիրում է Խանջյանին իր աշխատասենյակ….
Պաշտոնական վարկածում կասվի, որ Խանջյանը ինքնասպանություն է գործել՝ սեփական քաղաքական սխալներից ճնշված: Իսկ Չարենցը ոչ պաշտոնական գրառում կանի. «Խանջյանը մեր վերջին հերոսն էր, որին սպանեց Բերիան»: [3]
Մահվան ամսաթիվը հուլիսի 9-ն էր:
Վերնագրերն այդ անբառ, անանուն…
Ե.Չ
Այդ օրվանից Չարենցի բանաստեղծությունները այլ շունչ կստանան.
վերնագրերի փոխարեն՝ «չոր թվականներ»:
…Իմ գրած ամեն մի ոտանավոր…
Մի չոր թվական սկսեց կրել…[4]
Տառապալից ապրումներով ծնվում էին «Դոֆին նաիրական» շարքի սոնետները:
Դոֆինը, որին տեսնում ենք դագաղում պառկած, ո՞վ էր կամ ի՞նչն էր:
Այդպիսի պատկերով էլ բացվում է շարքը՝ ՍՈՆԵՏ ԱՌԱՋԻՆ «Դոֆին նաիրական» բանաստեղծությամբ՝ թվագրված 11.VII.1936 [5]:
Նա պառկած էր նախկին սեղանատան միգում,
Հին սեղանի վրա երկայնքն իր վար դրած
Իր դագաղում փայտյա…
Դագաղը, մանավանդ հարազատ մարդու դագաղը, զարհուրելի բան է…. Զարմանալի ու հետաքրքրական մի բան է նկատվում Չարենցի գործերում: Դագաղն իր այդ զարհուրանքով ուղեկցել է Չարենցին ստեղծագործելու տարբեր ժամանակներում: «Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ… և գլխի վրա դրած՝ տանում էր-երևակայո՞ւմ եք- դեղնավուն մի դագաղ»: [6] Հատվածը «Երկիր Նաիրի» վեպից է:
Ու եթե այստեղ 24-ամյա Չարենցը պատկերել է երևակայական, դատարկ մի դագաղ, որ մարդը մեն-մենակ, լարված ուժերով, գերագույն տառապանքով տանում էր, որպեսզի հողին հանձներ մահացած մորը կամ կնոջը կամ հարազատ որդուն, 15 տարի անց՝ կյանքի և ստեղծագործության մայրամուտին, 40-ամյա Չարենցի տողերում վերստին դագաղ կա, բայց արդեն իրական դագաղ՝ հարազատ մեռելով:
Աղասի Խանջյանն է, որին մի օր նա անվանել էր «Նաիրական դոֆին»:[7]
…Ի՞նչ պատասխան ես տամ իմ հանցապարտ ոգուն,
Որ անմոռաց մի օր՝ կարոտով հին՝
Քեզ անվանեց, հիշո՞ւմ ես- «Նաիրական դոֆին»…
Երկուսում էլ նույն տառապալից ապրումներն են. «Երկիր Նաիրիում» նա ինքն իրեն հարց է տալիս. «Ո՞ւր եմ գնում, ինչո՞ւ եմ հպել-բայց ոչ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը և ուզում եմ տեղ հասցնեմ»:[8]
«Դոֆին նաիրականում», թեկուզ և կամքին հակառակ, տեղ է հասցրել «նվիրական, սիրելի մեռելը»՝ Երկիր Նաիրին՝ Խանջյանի դեմքով:
Սարսափելի ապրումներ են. սա հայրենիքի՛ կորուստ է՝ հարազատ մարդու դեմքով ու անունով:
Որպես ջրհորն ընկած աստեղային մի ջահ՝
Ընկավ, սուզվեց հանկարծ եղերական միգում
Թե դոֆինյան քո դեմքը, թե անունըդ՝ «Խանջյան»…[9]
Սոնետներից երրորդը վերնագրված է «Մայրը»:
Զավակին կորցրած մոր ճանկռտող ողբն է նկարագրված սոնետում, բայց վերջին տողերում վերափոխվում են նրանք. զավակը՝ արդեն որպես քարե մի հուշարձան, որին ուխտի է գալիս մայրը՝ որպես մի գաղթական կին.
Այսպես ողբում էր մայրն իր զավակին,
Որը թվում էր արդեն մի հուշարձան քարե,
Որին ո՜ւխտ էր եկել մի գաղթական կին…[10]
Այս պահից սկսած՝ Աղասի Խանջյան մարդու մեռած մարմնից զատվում է հոգևոր մասնիկը՝ որպես իր «սև խաչափայտը տանող մի տառապյալ հոգի»: [11]
Ու այդ հոգին դուրս է գալիս պայքարի…. «որպես հնում՝ Արան»: [12]
Սա Նաիրին է, Հայաստանն է, հայրենիքը՝ նաիվ հավատով… Տառապագին հարցեր է հղում բանաստեղծը հավատացողին.
Ա՜խ, ի՞նչ անտառ, Հոգի՛ս, -ի՞նչ զբոսանք հիմա, –
Ո՞վ էր տենչում արդյոք քո տուղտերին բերած…
Չկա՞ր արդյոք ուրիշ հրապուրիչ երազ.-
Եվ ի՜նչ նայիվ հավատ՝ դեպի անտառն հիմա…[13]
Բայց և սա այն հայրենիքն է՝ գանգրահեր Արան, իր սերը Նաիրուհուն ընդմիշտ ուխտած Արան:
Հրապուրանքն այլևս դեր չունի. Արան անգիր գիտի «մշտունայն լեգենդը». նրա «ահռելի սերը կընտրի մահու ճամփան»[14]
Նա կմեռնի, իսկ մենք «խե՜ղճ, գողունի երթով կթաղենք եղերական իր դին», [15] կթաղենք մե՜ծ, դարերի մեր այն անխախտ հավատով, որ նա հառնելու է իր հզոր պարտությամբ…
Դարերի մեր անխախտ հավատ, դարերի մեր սո՛ւտ, փո՛ւչ հավատ՝ առ հզոր պարտություն, առ «մշտունայն լեգենդ»:
ՍՈՆԵՏ ՎԵՑԵՐՈՐԴ
«Մահ լեգենդին»
Հրամանի պես հնչող վերնագրով այս սոնետում Չարենցի Նաիրյան ոգին է՝ աղերսողից մինչև հեգնող, քամահրող, սպառնացող ու հաղթող:
Եվ նայելով անկիրք շրթունքներին նրա`
Իմ նայիրյան ոգին աղերսակոծ ոռնա՜ց, –
«Քանիերորդ անգամն է, որ պարտությամբ հառնած՝
Գերեզմա՜ն ես իջնում, մանո՛ւկ Արա.[16]
Նա տառապում է, նա չի՛ ընդունում, նա հեգնում է.
Քանի՞երորդ անգամ, օ՜, Շամիրամ,
Զոհվի արքան մանուկ, որ դո՜ւ զրույց դառնաս…[16-1]
Հանուն զրույցի՝ զոհվե՞լ…Հազար անգամ ո՛չ.նա իսպառ բացառում է «զրույցը», նա քամահրում է «մահո՛վ հաղթելը»:
Նա հրամայում է.
Լավ է նաշից քո էլ չբարձրանա՛ս…[16-2]
Եվ նա հաղթելու ճանապարհն է ցույց տալիս, որն այնքա՜ն չարենցյան է…
Եվ պայքարի ելնեն առաջնորդներ պարթև,
Որ մեռնելով պարտվե՛ն, կամ ապրելով հաղթե՛ն…[16-3]
Սա իրատեսական ու իրական հաղթանակն է, չարենցյան ևս մեկ «պատգամը»:
Եզրահանգում առկախ
Խանջյանի մահից ամիսներ անց, իսկ ավելի ստույգ՝ թաղումից ուղիղ չորս ամիս անց՝ նոյեմբերի 11-ին, նա կգրի «Իմաստություն» վերնագրով մի բանաստեղծություն` ոչ մեկ տարբերակով*: Ու այս երկու տարբերակներում «մահով հաղթելն» ու «ապրելով հաղթելը» դեռ երկար կվիճեն Չարենց հանճարի հոգում. սրանցից ո՞րը կընտրի «քառուղիներ հարթող վաղվա հաջորդը…որ պիտի գա»[17]…..
Այսպիսին է Չարենցի անմեկնելի հանճարը՝առկախ, չվերջացող, միշտ փնտող ու փնտրվող:
Հ.Գ.
Վերևում նշված «Մայրը» սոնետում , որտեղ կորսված հայրենիքին ուխտի էր եկել գաղթական կինը, ներկա էր նաև երրորդ մեկը՝ որպես հավերժական ունկնդիր.
Եվ, բիբերում պահած անհաշվելի դարեր,
Քարե Չարենցն էր լուռ լսում նրան՝
Խոսքի վերջի՜ն Դոֆի՛նը նայիրյան։[18]
14.06.2020թ.
Օգտագործված գրականություն՝
[1] Կիմ Աղաբեկյան-»Հոդվածներ»Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016 («Աղասի Խանջյանը Չարենցի կյանքում» էջ 35)
Նաև հետևյալ հղումով:
[2]Рубен Гюльмисарян, История одного убийства,Журнал «Ереван» N10.2010 նաև այս հղումով:
[3]Կիմ Աղաբեկյան, «Հոդվածներ»Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016 («Աղասի Խանջյանը Չարենցի կյանքում» էջ 38)
[4]Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 407 «9.VII.1936»:
[5] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 408:
[6] Ե.Չարենց, «Երկիր Նաիրի», «Սովետական գրող հրտրկչ. Երևան 1977»էջ 49:
[7] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 409:
[8] Ե.Չարենց-»Երկիր Նաիրի», «Սովետական գրող հրտրկչ. Երևան 1977»էջ 50:
[9] Եղիշե Չարենց.Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 409
[10] Եղիշե Չարենց | Դոֆինը նաիրական ՍՈՆԵՏ ԵՐՐՈՐԴ, «Մայրը»:
[11] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 411, Բ.-ՍՈՆԵՏ ԱՆԿՇՌԵԼԻ:
[12] ՍՈՆԵՏ ՉՈՐՐՈՐԴ-«Շրթունքները»:
[13] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 410, Ա-ՍՈՆԵՏ ՔՍՏՄՆԵԼԻ:
[14] ՍՈՆԵՏ ՉՈՐՐՈՐԴ-«Շրթունքները»
[15] ՍՈՆԵՏ ՀԻՆԳԵՐՈՐԴ-«Լեգենդը»
[16] ՍՈՆԵՏ ՎԵՑԵՐՈՐԴ, «Մահ լեգենդին»
[16-1] նույն տեղում
[16-2]նույն տեղում
[16-3] նույն տեղում
*-Տարբերակներից մեկը կարդա՝ Եղիշե Չարենց,Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 412 «Իմաստություն», մյուսը՝ ՍՈՆԵՏ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆ «Իմաստություն»
[17] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 412 «Իմաստություն»
[18] ՍՈՆԵՏ ԵՐՐՈՐԴ «Մայրը»
Էէ Չարենց, Չարենց, իմ հրաշք բանաստեղծ։ Է է իմ Աղասի Աղասի, սիրտս ուզում է, որ լեզուս բան ասի, բայց չի կարողանում։
Շատ լավ է գրված, ամեն ինչ տեղը տեղին։ Դաժան ժամանակներ։ Լեզուս ծուլորեն անգործ է դարձել, սիրտս ու գիտակցությունս ուտում են իրար։