Ամալյա Կարապետյան | Կար-անդին

***
Տան պատերի ծուռումուռ եզրագծերը հիշեցնում են
Բոլոր ծուռումուռ մատների մասին,
Որ մի ժամանակ անշտապ չափել են դեմքիս անթիվ անհարթությունները:
Ես տանուլ եմ տվել գարունը,
Ու Զաքյանի կանաչած ծառերը դադարել են զարմանալ,
Թե ինչու չեմ հաշվում իրենց միաձև, երկարավուն տերևները:
Քամյուն ու Մարկեսը մարդկանց ուղեղների մեջ բեմադրում են
Ժանտախտի մասին իրենց պատմությունները,
Իսկ ես անհամբեր սպասում եմ, թե արտակարգ օրերից հետո
Ինչ են գրելու այս գարնան մասին
Մհերն ու Պաչյանը,
Եվ քանի անգամ եմ կարդալու դրանք
Ֆեյսբուքյան պատիս դնելուց հետո:
Ծաղկավաճառը երեք անգամ էժանացրել է դաշտային ծաղիկների գները,
Ինձ թվում է նրանց հետ օրերն էլ են էժանացել,
Չհարդարված մազերի ու եղունգների, չխնամված հոնքերի
Խնայված գումարով գնված ծաղիկները պատուհանից դուրս են նայում,
Ես ամեն առավոտ փոխում եմ ծաղկամանի ջուրը պարապությունից
Եվ ուրախանում, երբ թերթերը թառամում են:
Այս օրերի իմ միակ նոր հատկությունը
Ժամանակը ծաղկի կյանքով չափելն է:

 

***
Հագնում եմ դիմակն ու ձեռնոցներն ու ինձ թվում է,
Որ ադամանդե զարդերի խանութ թալանելու եմ դուրս եկել:
Ու անփորձ գողի պես առանց մարդկանց նայելու,
Օտարներին հպվելու վախով արագ քայլում եմ քաղաքի
Շնչավորներին ատող փողոցներով:
Շների մուտքն արգելող այգիներում անտուն շները
Թարս են նայում հատուկենտ մարդկանց,
Ես դեռ անցած գարնանը նրանց անուններ էի փնտրում,
Իսկ հիմա անգամ չեմ հասցնում ինքս ինձ նոր անուն գտնել:
Կյանքը մեր անվան նոր արտասանությունների փնտրտուքն է:
Անհայացք քաղաքը սառել է ոտնաթաթերիս,
Մեր քմծիծաղով մեռնող օրերը նրան հարություն են տալիս:
Ուզում եմ օտարանալ ամեն քայլափոխիս հետ,
Որ երբ նորից կյանքը տաղտկանա,
Սիրահարվեմ անշուք փողոցներին այնպես,
Կարծես նրանց ես եմ գծել հոգեբուժարանի համարներից մեկում:

 

***
Ամեն անգամ տեղաշարժման թերթիկը լրացնելիս
Ստեղծագործ լինելու անկասելի ցանկություն եմ ունենում,
Ամեն այցիս նպատակն աշխարհը փրկելու մի հեքիաթ է:
Հոգեկան ու ֆիզիկական մեկուսացման մեջ
Ինտրովերտները դառնում են ներդաշնակության կիսաստվածներ:
Մայրիկի գրադարանը նոր մի բան գտնելու վերջին հույսն է,
Սովետական գրքերը նրանց տպագրման ժամանակը ներելու միակ տարբերակն են,
Ու չգիտեմ ինչու, բայց այս օրերին կարդալն էլ է կամք պահանջում:
Կարանտինը խլել է մեր վերջին փոքրիկ ուրախությունները,
Ուրբաթներն էլ ուիքենդ չեն երազում,
Բացօթյա սրճարանների արևը մնացել է փակ ցուցափեղկերի տակ,
Աշնանը զեղչով գնված դեղին շորիկները մեղմում են միայն
Զգեստապահարանի մամշահոտը,
Ու նոր սերերն էկրանից այն կողմ ձանձրույթը կոտրելու վերջին հույսն են:
…Տանը երջանիկ լինելը երևի թե ամենադժվար փորձությունն է:

 

***
Մեկ ամսից ավելի տան բոլոր սենյակները
Հայելի են դարձել
Ու ստիպում են, որ անթարթ նայեմ:
Ես անձրևոտ տկարություն եմ տեսնում
Ու ուզում եմ հիստերիկ լացել
Հայելու մեջ նայող աղջկա
Անտարբեր աչքերի համար:
Ես ուզում եմ ինքս ինձ համար
Գոնե մեկ անգամ անկեղծ լաց լինել:
Ձախ կողմի պրոֆիլով
Ինձ ավելի սիրուն եմ զգում,
Քիթս ուղղելու կարիք չկա,
Եվ ունքս էլ ավելի համաչափ է:
Ես նման եմ Մատիսի նկարած կանանց
Որ իրենց չքնաղության մեջ
Երբեք էլ գեղեցիկ չեն համարվում:
Standing Nude-ում կարծես ինձ է պատկերել
Կանաչի ամենատխուր երանգով
Գլուխը ուսին թեքած
Ոչ ուրախ, ոչ թախծոտ
Կիսաստվերի մեջ երևի
Նա թաղել է իր բոլոր ցավերը:

 

***
Պարապությունից սկսել եմ թերթել բոլոր օրագրերս,
Դրանք մինի աղբարկղերի են նման,
Որոնցում անցյալս ֆիզիկական շոշափելիության մակարդակի վրա է դեռ,
Ու հոտերը չեն ցնդել
Ու չեն մաշվել ձեռնոցների պիտակները:
Երբեմն պետք է ուղղակի
Ինչ-որ թանկ բան վառելու կրակից
Հաճույք ստանալ
Ու հիանալ կրակի երանգներով,
Մոխրի փափկությամբ,
Փոշեհատիկներով,
Հետո նայել դատարկված տեղին
Ու հավատալ, որ այդ դատարկությունն
Իդեալական է:
Օրագրերումս ոչ մի ազատ տեղ չկա ինքնապարպման համար:
Ու ես չգիտեմ՝
Ոնց հրդեհեմ իմ սիրուն աղբը,
Որ անտառներս անվնաս մնան:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *