Քարերը հաշվում եմ,
Ինչպես առաջին անգամ
հաշվեցի ինձ ուղղված
բառերդ…
Դարպասը այնպես եմ փակում,
Որ անգամ ստվերդ
ներս չմտնի,
որովհետև ես խամրում եմ
քո ստվերի կողքին։
Կոշիկներս համեստորեն դնում եմ
պահարանում ու
կամա՜ց հետ եմ քաշվում —
չնկատես ու չմոտենաս.
չնայած դարպասն արդեն փակ է։
Ես նորից քեզ կփնտրեմ,
Ու եռաշերտ քո երևակայության մեջ
կհայտնվեմ…
Գուցե այն ժամանակ հասկանաս,
որ պատմած երազս գունավոր էր,
անգույնը մենք էինք։
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
1
Եվ այս պահը
ինձ գրկում է,
արցունքներս սրբում ու
ձեռքերը դնում է
հոգնած ուսերիս։
Ոտքերս կարծես
դողում են այս
սառնությունից,
և ոչ ոք իմ կողքին չէ —
լուսինն է միայն անդավաճան։
2
Նուռը ճզմում եմ
ու հատիկները
կամաց-կամաց գլորվում են,
ոտքերիս տակով անցնում են
ու էլի
իմ տրամադրությունը
չի փոխվում։
Ես անզգա՞ եմ …
—պարզապես կասեք,
որ անուշադիր եմ,
Այնքա՜ն կասեք,
որ ձեզ չեմ լսի,
ձեզ էլ կատեմ…
ԴԻՄԱԿ` ԱԿՆՈՑԻ ՓՈԽԱՐԵՆ
Ակնոցն
այսօր իր լիազորությունները
վստահել է դիմակին։
Ակնոցով աշխարհն
այլ էր … հիմա միայն
խոսելս չի գալիս —
աչքերս են տեսնում,
զգում , հաճախ էլ`
թքում։
Ես սիրում եմ
ակնոցիս գույնը—
կապույտ է, իմ ամենասիրելի երանգը։
Երևի խաղաղության
պատկերացումներիս հետ է ձուլված։
Դիմակն այսօր
մեկով ավելացել է .
եղել են շատ դիմակներ
մարդկանց դեմքերին ,
այսօր մեկն էլ ավելացավ`
տեսնես նու՞յնն է, թե ավելի թունդ։
Տեսնես աշխատող
մարմինը
ո՞նց է շնչում
հղփացած կեցվածքով .
ես հաստատ չեմ պատկերացնում,
շունչս կկտրվի …կարծում եմ։
Դիմակը ինչպե՞ս են
կրում…
-ինչպես միշտ ` առանց ամոթի…
Ակնոցը թափանցիկ է ,
իսկ դիմակը ծածկում է
ակնոցի
իրական կերպարը ,
որովհետև այդպես է միշտ եղել,
այդպես է ձեռնտու։
***
Մոխիրը խառնվում է
արևին.
Գիշե՞ր, ցերե՞կ…
երկուսն էլ
տարօրինակ են։
Աչքերը նորից
սահմանապահներ են —
Զինվորս դողալ չգիտի,
հողի ու երկնքի հետ է շնչում։
Օրը նորից է սպասում,
Օրը նորից է տանում,
Օրը հաճախ է դատարկ։
Պայթյունի ձայնի տակ օդն է պարում,
Այդ օդը նորից մենք ենք շնչում
Ու նորից դառնում ենք նա( զինվոր),
Ու նորից դառնում ենք ՄԵՆՔ։
Ձեռքդ տուր,
նկարդ մի սևացրու, երկինք,
Դեռ խաղաղություն պիտի նվիրեն զինվորները քեզ,
մեզ ու բոլորին։