1988 թվականի երկրաշարժի զոհ
մանուկների հիշատակին
Հայրս պահել էր նրա ձեռքերն ու սպասում էր: Նա էլ էր սպասումով նայում ինձ՝ մի հայացքով, որի իմաստն ինձ ուշ հասկանալի դարձավ:
-Դե խփի՛ր,- կրկնեց հայրս,- մի վախեցիր:
Ես բռունցնքներս սեղմել ու վարանում էի: Հետո նայեցի հորս աչքերին ու բացասաբար շարժեցի գլուխս: Հայրս մտահոգ տեսք ընդունեց. ինձ թվաց, թե վերջապես որոշեց ձեռք քաշել ինձնից, որովհետև ասաց.
-Լա՛վ,- հետո անսպասելի տղային հրեց իմ կողմ,- դե որ դու չես խփում, ինքը թող քեզ խփի: Խփի,- բղավեց նա տղայի վրա,- ես եմ ասում: Խփի, աչքս տեսնի:
Իսկ նա կանգնել էր իմ ու հորս մեջտեղում՝ գլխահակ, ու առաջ չէր գալիս:
-Խփի: Ուժեղ: Այ էդպես: Լավ է: Ձախով, ձախով: Լավ է: Լավ հարված ունի տղան, լավ սպորտսմեն կդառնա,- ասաց մարզիչը հորս՝ ձեռքը հանելով «թաթից»,- ձախը կարգին ուժեղ է, ձախլիկ է հա՞…
-Հա,- ասաց հայրս,- աջով մենակ գրել է կարողանում:
Ինձ տանջում էին, որ աջով սովորեմ գրել: Մերոնք՝ պապս, տատս ու հորեղբայրս, ասում էին՝ մեղք է, իսկ մայրս ստիպում էր, որ տետրերով տառեր արտագրեմ, ու աջով գեղեցիկ գրելու ջանքերի արդյունքում վայելչագրությունից կարևոր մի բան՝ ամեն ինչ կատարելության հասցնելու համար կրկնելու համառություն յուրացրի…
-Բա ինչի՞ ես ուզում բռնցքամարտիկ դառնալ,- մարզիչը՝ ձեռքը դրել էր ուսիս:
Ես թոթվեցի ուսերս, իսկապես չգիտեի՝ ինչու են ինձ բռնցքամարտի բերել:
-Ուրեմն ինքը չի, հա՞, ընտրել բոքսը:
Հայրս ասաց, որ բակում ինձ ծեծում են ու ես ամոթից կախեցի գլուխս…
-Ոչինչ,- գլուխս շոյեց մարզիչը,- կպարապես, դու բոլորին կծեծես,- ու ես ուշադրի լսեցի, թե նա առանձին ինչ ասաց հորս. ասաց, որ բակում իմ խնդիրները կլուծեմ, բանը նույնիսկ բռնցքամարտին չի հասնի, բայց խնդիրները լուծելուց հետո բռնցքամարտը հաստատ կթողնեմ, որովհետև ինքն է ինձ բերել, ոչ թե ես իրեն…
Բակում ինձ անընդհատ ծեծում էին, ծեծում էին բոլորը, չէին թողնում, որ մի քիչ երկար տրվեմ իմ ինքնամփոփ ու ինքնամոռաց խաղերին: Թողնում էին, որ խաղամ իրենց հետ, հետո ծեծում էին: Ամենից շատ ես վախենում էի նրանից՝ Ժանից՝ էն տղայից, որին հայրս ինձ բռնցքամարտի բերելու նախորդ օրը բռնել էր, որ իր որդին խփի, իսկ հետո տեսնելով, որ անպետք որդին չի խփում, նրան էր ստիպում, որ խփի որդուն, ու որդին փախավ, որ տանը լաց լինի: «Լացկան, ղզիկի մեկը»: Ուրեմն հայրը կարող էր լքել իրեն, վիրավորել նույն խոսքերով, որոնցով բակում էին վիրավորում իրեն: Կարող էր հավանություն տալ, որ իր աչքի առաջ ծեծեն իր որդուն: Իսկ ինձ ծեծում էին բակում, դպրոցում, սկսեցին ծեծել մարզադպրոցում… Բռնցքամարտի գնալուս հենց առաջին օրը… Իմ հասակի մի տղա հանդերձարանում կողքովս անցնելիս՝ ուսով հրեց ինձ.
-Խփի՛ դրան, այ տղա, – ասացին մեծերը:
Ես նայում էի նրա ցցված ականջներին, տափակ քթին, հայացքի չար մարտահրավերին ու չէի կողմնորոշվում ինչ անել:
-Ասում են՝ ուժեղ ձախ ունես, հա՞, չփորձենք ձախիդ ուժը, հլը խփի ինձ,- ասաց նա ու երկու ձեռքով հրեց, հատակին գցեց ինձ:
Ես ոտքի կանգնեցի ու հազիվ էի զսպում լացս…
-Չիբուռ,- ասաց մեծերից մեկը,- վերջ տուր, երեխա է, նոր է եկել…
-Ի՞նչ ես կանգնել, խփի, ա՛յ տղա- խրախուսեցին մյուսներն ու ես այդ պահին հավատացի, հավատացի, որ նրանք բոլորն իմ կողմից են: Նրանց ձայնը հանկարծ վստահություն ներշնչեց ինձ ու ես ձախս տարա: Իսկ նա խույս տվեց…
-Մի անգամ էլ,- ասաց:
Ու էլի չհասա: Երրորդ հարվածս չհասցրած՝ չհասկացա, թե ոնց հարվածեց, որ հարվածից առաջ արդեն շշմած ընկած էի հանդերձարանի հատակին ու դեռ հիշում եմ հանդերձարանի քրտինքի հոտն ու նրա խոսքերը.
-Սրանից բաքսյոր դուրս չի գա: Ինչի՞ են քեզ բոքսի բերել, արա՛, բալետի տային… Քեզնից մենակ ռինգի թոզ լպստող դուրս կգա:
Ու բոլորի հռհռոցը…
-Խփի,- ասում էր մարզիչս,- խփի ամբողջ ուժով: Անցում:
Խփիր ասում էր հայրս:
Խփիր ասում էին բոլորը… Բոլորն ինձնից դա էին ուզում միայն: Ու ես հարվածում ու հարվածում էի: Ավազե ծանր տանձիկները տեղից չէին էլ շարժվում: Ապարդյուն պայքար, ապարդյուն հարվածներ, ապարդյուն մարզումներ: Ու ես բնազդաբար զգում էի, որ մեծերի կողմից ինձնից պահանջվող և ինձ ապարդյուն թվացող բաները կրկնելու համար ճիշտ կլինի չտրտնջալ: Հարվածում էի այնքան, մինչև շունչս կտրվում ու քրտնած ընկնում էի հատակին: «Դե խփիր»,- բղավում էին չորս կողմից: Ես ճարպկորեն խույս էի տալիս մրցակցիս հարվածներից, հայտնվում անակնկալ ու ձեռնտու դիրքերում ու հանկարծ ինձ խրախուսող ժխորից ականջիս հասավ նրա ձայնը: Առաջին անգամ էր իմ անունը տալիս… Բղավում էր: Հիմա նա էլ էր սրտանց ուզում, որ խփեմ՝ Չիբուռը: Ու հենց այդ պահին ձախ ձեռքիս հարվածն իջավ մրցակցիս դեմքին: Հասկացա՞վ արդյոք որևէ մեկն այդ խառնաշփոթի մեջ՝ ինչու էր հարվածս այդքան ուժեղ: Փոքրիկն իջել էր ծնկի ու ձեռնոցների մեջ էր առել դեմքը, ու ես տեսա հարթակի վրա կաթկթկացող արյունը: Արարքիս հետևանքի անսպասելիությունից անշարժացել էի, մինչ այդ ամեն ինչ ինձ խաղ էր թվացել… Աղմուկի ու իրարանցման մեջ՝ հարթակի ուղիղ մեջտեղում կանգած, սպասում էի, որ տղան ոտքի կանգնի, որ զայրանա ու հարձակվի ինձ վրա: Բայց երբ նրան ոտքի կանգնեցրին, մի ձեռքով նա քթի տակ թրջոց էր պահել, մյուսը մրցավարն էր բռնել: Ու երբ մրցավարը բարձրացրեց ձախս, ես զգացի, որ ուզում եմ դուրս պրծնել նրա ձեռքի աքցանից, իսկ քրտինքի մեջ կորած ձեռնոցներս հանելուց հետո զգացի, որ դա խորթ ձեռք է: «Ոչինչ,- ասաց մարզիչս՝ քմծիծաղ տալով,- էլ ի՞նչ բաքսյոր, որ քիթը ջարդած չլինի, ինչ-որ մեկի ձեռքով կոտրվելու էր, քո ձեռքով եղավ»: Այդ օրը տնային գրելիս ես արտակարգ մի բերկրանք էի զգում աջ ձեռքիս շարժումներից: Զգում էի, որ ձախս իմը չէ, իմը լիներ՝ ոչ թե մրցավարը, այլ ես կբարձրացնեի, ինքս ցույց կտայի, որ հաղթողը ես եմ, այն էլ ում՝ մի պահ անպաշտպան երեխայի, որին, չգիտես ինչու, ծնողները բռնցքամարտի են տարել, գուցե ինքն է կյանքում քեզ հետ մի անգամ հանդիպելու համար բռնցքամարտ ընտրել, ու այլևս գուցե չհանդիպես նրան, որ խիղճիդ վրայի ծանրությունը թոթափելու հնարավորություն տաս, չի լինում, որքան էլ փորձես ինքդ քեզ խաբել, թե հարվածողը դու չէիր, այլ նա, ով առաջին անգամ տալիս էր անունդ, նա էլ էր անցել նրանց շարքերը, ովքեր ուզում են, որ խփես…
Երեկոյան մորս խոստովանեցի, որ շատ եմ ուզում նորից հանդիպել իմ մրցակցին: Ինչո՞ւ, հարցրեց մայրս: Որ թողնեմ ինքն էլ ինձ հարվածի, ասացի ես: Բնազդաբար զգում էի, որ հայրս նման բաներ չէր կարող հասկանալ: Մայրս ինձ տարավ իմ ննջասենյակ, լույսը չվառեց, միասին մենք ծնկի իջանք, ու նա շշուկով ասաց՝ կրկնիր, Հայր մեր, որ երկնքում ես… Ես մտքիս մեջ շշուկով կրկնում էի, հետո մայրս փոքր-ինչ բարձրացրեց ձայնը՝ Ներիր մեզ մեր պարտքերը: Ես էլ փոքր-ինչ բարձաձայն կրկնեցի. «Ներիր մեզ մեր պարտքերը»: «Դա պարտք է,- ասաց մայրս աղոթքը վերջացնելուց հետո,- դու ինչ-որ մեկին պարտք էիր մնացել: Հիմա պարտքդ ներված է»:
Առաջին անգամ մարդու դեմքին հարվածելու տհաճության հետ ես զգում էի նաև հաղթանակի բերկրանքը: Հայրս փոխել էր իմ հանդեպ վերաբերմունքը, հանկարծ ու հպարտացել էր ինձնով, բոլորի մոտ պատմում էր, պատմում էր չափազանցնելով, ու առաջին մրցամարտս նոր, ինձ անհայտ մանրամասներով էի տեսնում: Ինչ-որ բան փլվեց իմ ներսում. առաջին անգամ հասկացա, որ մարդկանց վերաբերմունքը հիասթափեցնելու չափ փոփոխական է՝ մի ակնթարթում արհամարհանքը լրիվ հակառակ վերաբերմունքի՝ ակնածանքի կարող է փոխվել. մարզադպրոցում բոլորն ինձ արդեն սկսել էին հարգել ու ես վերագտել էի ուրիշների հայացքների տակ մարզվելու վստահությունը:
Բակում դեռ չգիտեին, որ խոստումնալից բռնցքամարտիկ եմ: Ձմռան առաջին օրերն էին, այլևս բակ չէինք իջնում, ու ես անհամբեր սպասում էի գարնանը: Մի քանի օր ձմեռվա համար անսովոր տաք, նույնիսկ շոգ օրեր եղան: Ինձ թույլատրեցին բակ իջնել: Մեր շենքը Քիմիական գործարանի երկաթգծի վերևում էր՝ ընձախոտի մեջ կորած մի երկաթուղի, որով բեռնատար գնացքներ էին դուրս գալիս ու մտնում գործարանի դարպասներից ներս:
Այդ օրը ես Ժանին տեսա լոկոմոտիվի վրա բարձրացած: Հիացմունքով ու նախանձով նայում էի նրան, մենք ինչ ասես կտայինք նրա փոխարեն լոկոմոտիվի վրա լինելու համար: Նա մեզնից ամենահամարձակն էր: Գրպանի դանակ ուներ, ինքնաշեն ատրճանակ էր պատրաստել, մեծերի պես վստահ հայհոյել գիտեր, սուլել, անպարկեշտ բառեր նետել հասակով իրենից մեծ աղջիկների ետևից, ծխում էր… Պստիկները նրա ետևից բացականչում էին՝ Ժան-խուժան, ու թաքնվում, մեծերը հովանավորում էին, հասակակիցներն ակնածում, իսկ ես վախենում էի ու նա անընդհատ գտնում էր, որ զարմացնի ինձ, ասես դեռ այն ժամանակ էր կռահում, որ իր մասին պատմվածք եմ գրելու. ինձ վրա ամենից մեծ տպավորություն թողած իրերը, որոնցից շատերն ունենալու ցանկությունից և այդ ցանկությունները ծնողներիս հայտնելու անկարողությունից ինձ մնում էր միայն երազել դրանց մասին, նրա ձեռքին եմ տեսել՝ գրիչ, որի վրա կիսամերկ կին էր. շրջում էիր, մերկանում էր, շատ փոքրիկ, բռնցքամարտի պստիկ ձեռնոցներ, ես զարմանում էի, որ կա այդպիսի ձեռնոց, որ ձեռքդ մտցնելու փոխարեն կարող ես ձեռքիդ մեջ պահել: Էլ ի՞նչ նշանակություն կարող է տալ նա բռնցքամարտիկ լինելուդ, երբ ինքը բռնցքամարտի այդպիսի խաղալիք ձեռնոցներ ունի: Պստիկ դագաղ, որի կափարիչը բացվելուն պես ներսում պառկած կմախքի անդամն իսկույն ցցվում է: Գրպանի դագաղ: Ուրեմն էլ ինչ նշանակություն կարող է նա տալ…
Վերջին անգամ նրան տեսնում ես լոկոմոտիվի վրա ու լոկոմոտիվի վրայից նա բարձրաձայն հայհոյում է… Դու էլի վազում ես տուն ու լաց ես լինում, ևս մի փլուզում՝ հորդ են հայհոյել, դու բախվել ես հորդ՝ քեզ անծանոթ մի ընկալման հետ… Հայհոյել էր, որովհետև հայրդ բռնել էր նրա ձեռքներն ու նվաստացրել քեզ նման տկար մեկի առաջ: «The Beatles» խմբի սկավառակը ձեռքիդ իջել էիր բակ, նա քեզ իր մոտ կանչեց, սկավառակը հանեց ստվարաթղթե տուփից: Չարաճճի ժպտում էր, ցույց էր տալիս, որ ուզում է նետել ու եթե այդքան չխնդրեիր՝ հաստատ չէր նետի… Դու վազում էիր սկավառակիդ ետևից, վազում էիր, որ մի փոքր ավելի շուտ տեսնես, որ սկավառակդ խոտերի մեջ փշուր-փշուր ընկած է… Հայրդ հարցրեց. «Էլի էն լակոտն է նեղացրել»: Ու դու գլխով արիր: «Ծեծե՞լ է»: Դու գլխով արիր: Իսկ նա այդ օրը մատով չէր կպել քեզ: Նույնիսկ խոստացել էր, որ փշրված սկավառակիդ դիմաց նորը կտա քեզ:
Հայրդ զայրացած բակ իջավ, քաշեց նրա ականջը, հետո բռնեց ձեռքերն ու պահանջեց, որ հարվածես… Իսկ նա կանգնել էր հանգիստ՝ իր անզորության հետ հաշտ, կարմրած ականջով, քամահրական մի ժպիտ դեմքին ու սպասում էր հարվածիդ… Հարվածը հասցնելու որոշումն ավելի ուշ՝ հորդ հայհոյելուց հետո կայացրիր, երբ արդեն պատրաստ էիր այդ հարվածին, արդեն բռնցքամարտիկ էիր: Լավ պատկերացնում էիր հարվածը, այնքան էիր պատկերացրել, որ արդեն հիշում էիր: Հիշում էիր հորդ հասցրած հայհոյանքը, որ ուղեղիդ մեջ խազ ընկած սկավառակի պես հա կրկնվում էր: Քեզ վճռականություն ներշնչելու համար փորձում էիր անընդհատ վերհիշել այդ հայհոյանքն ու նորից պատկերացնել հարվածը:
Այդ օրը՝ քո մանկության ամենադատարկ ու տխուր օրերից մեկը, անսովոր տաք ու արևոտ օր էր՝ բնության ընթացքի խախտում, ձմեռվա մեջ սպրդած գարնանային մի օր՝ տագնապներով լեցուն, բակում ոչ մի երեխա չկար՝ դու և քո ստվերը թրև էիք գալիս, որ հանդիպեք նրան, դու, որ սիրում էի խաղեր հորինել, ստվերդ խաղալ նույնը, ոչ մի խաղ չէիր գտնում, ինքդ քեզ չէիր գտնում, բարձրացել էիր ավտոտնակների տանիք, նստել ու քարեր էիր շպրտում ներքև… Իսկ նա չէր երևում ու նրան հանդիպելու քո վճռականությունը կամաց-կամաց լքում էր, և այդ վճռականության դատարկն զբաղեցնում էր տարտամ անհանգստությունը: Օրվա վերջում դու քեզ թեթև էիր զգում, բայց դա թեթևություն էր դատարկության մեջ, մի անհատակ թախիծ, աղետի կանխազգացում… Հետո շրջվում ես, որ բարձրանաս տուն, բայց շքամուտքի մոտ թիկունքից լսում ես ինչ-որ մեկի աղաչական ձայնը. «Հրաչ»: Շրջվում ես ու տեսնում՝ Ժանն է. ծնկի եկած, դեմքն ափերի մեջ առած, արյունը կաթկթում է գետնին… Ու զարմանում ես, որ չես հարվածել ու արյուն է գալիս, ու վախենում ես, որ կյանքը կաթիլ առ կաթիլ լքելու է նրան: Արթնանում ես քրտնած, ու երազդ իրականության հետ համադրելու համար անպայման, անպայման այդ օրը ուզում ես հանդիպել նրան… Ու դեռ չես հասկանում, թե ոնց կարող է իրականությունը, որի մեջ ապրում են բոլորը, հակասել այն թաքուն իրականությանը, որ միայն գիշերներն ու կարծես մենակ քեզ հետ է պատահում: Ամեն ինչ խաղաղ է, տաք, արևոտ օր է, տագնապ՝ նախազզացում, մղձավանջն է սահում, սողոսկում իրականություն, և դա այն օրերից է, երբ գիշերվա մղձավանջն այնպես է բախվում իրականության հետ, որ ցնցում է իրականության հիմքերը… Բակի պատուհանից երևում է՝ ինչպես է դիմացի շենքը վերածվում փոշու վիթխարի ամպի: Ինչպես են մարդիկ կոծում ավերակների վրա: Ինչպես են փնտրում իրար: Մի կին մազերն է ձգում, գլուխը հարվածում քարերին: Մայրդ բռնել է ձեռքդ, վազում եք դպրոց՝ քրոջդ ետևից: Դու շրջվում, մի պահ նայում ես ձեր կիսավեր շենքին՝ շենքի պատը չկա, քո ննջարանը բաց է, մահճակալդ երևում է, սենյակիդ հատակը թեքվել-իջել է ներքև… Ու մտածում ես՝ քնեմ, մահճակալով սահելու եմ փողոց: Ինչ-որ շենք ես փնտրում, չկա: Մորդ փլատակներ ես ցույց տալիս ու ասում՝ Ժանն այդտեղ էր ապրում: Նա լուռ է, փնտրում է՝ երեխաների մեջ, ու միայն քրոջդ՝ դպրոցի բակի իրարանցման մեջ գտնելուց հետո, ասում. «Ժանն էլ դպրոցում եղած կլինի»: Եվ դու մտածում ես, որ Ժանն էլ երևի քեզ պես հիվանդ ու այդ օրը տանը մնացած կարող էր լինել… Կարող էր: Նրան հանդիպում ես միայն տարիներ անց, պատահաբար, երբ դասընկներներիցդ արդեն իմացել էիր ամեն ինչ: «Ժա՞ն»: Իսկ նա ժպտում է՝ Ժա՛ն Տոնոյան:
Դու ցնցված ես, դու արդեն պատանի ես, իսկ նա դեռ երեխա է մնացել:
1978-1988:
Տաս տարեկան:
Ժպտում է՝ մի՞թե հիշում է քեզ: «Հիշո՞ւմ ես՝ հայրդ բռնել էր ձեռքերս ու սպասում էր, որ հարվածես ինձ»:
Հիշում է:
«Դու չէիր էլ փորձում ընդվզել, առարկել, կանգնել էիր լուռ, անզորությանդ հետ հաշտ ու համերաշխ, հայացքով խրախուսում էիր, որ հարվածեմ քեզ, դու էլ էիր բոլորի նման ասում՝ խփիր, դու հասկանում էիր, որ մեծերն են այդպես ուզում, հայրս է այդպես ուզում ու հայացքով խոստանում էիր ներել ինձ ու հետո վրեժ չլուծել ինձնից: Ներիր: Նա քո դեմ չէր չարացած: Նրա զայրույթն ինձ էր ուղղված, բռունցքս սեղմելու ու չարանալու իմ անկարողությանը: Հաջորդ օրը նա ինձ բռնցքամարտի տարավ, որ հարվածեմ քեզ, բայց երբ իմացավ, որ դու այլևս չկաս, անկեղծորեն տխրեց, իսկ երբ մարդը տխրում է, նախկինից ավելի խորը տխրությամբ է տխրում: Նա շատ տխրեց, երբ իմացավ, որ դու… Ինձ թվում է նա հասկացավ բռնցքամարտը թողնելու իմ որոշումը: Հասկացավ, թե ինչ մեծ դժբախտություն է ռինգում մենակ լինելը: Նա չէր համակերպվում այն մտքի հետ, թե երեխան պիտի հասկանա, որ մահանում են ոչ միայն մեծերը, այլև իր տարեկիցները: Եվ նա հաստատ չէր ուզի, որ ինձ բռնցքամարտի տանելու՝ իր արարքի ամբողջ անհեթեթությունը գիտակցելու գինը երեխայի մահ լիներ:
Նա ձեռքս բռնած բռնցքամարտի էր տանում ընդամենը մի հարված հասցնելու համար, իսկ Հայրս՝ մյուսը, որ Երկնքում է, չէր թողնելու, որ հարվածը հասնի քեզ, այնպես էր անելու, որ ես մեկընդմիշտ թողնեմ ձախ ձեռքը, որ պիտի հարվածեր քեզ, և ընտրեմ աջը, որ քո մասին պատմվածք է գրում:
Պատմվածքն արտատպված է «Անդին» ամսագիր, 2017 թ, թիվ 7-ից