Ուզում եմ մեռնել քեզանից առաջ…
Ինձ չհետևե՛ս:
Մի՞թե կարծում ես՝ հանգուցյալ կյանքում գտնում են իրար…
Ես չեմ հավատում։
Թերևս ավելի լավ է՝մարմինս դարձնես մոխիր,
Մոխրովս լի տարան դնես սենյակումդ՝
Վառարանի գլխին։
Ու որպեսզի տեսնեն աչքերդ ինձ
Տարան այդ թող ապակե լինի,
Ապակին լինի ճերմակ
Ու թափանցիկ լինի։
Մի՞թե կարիք կա զոհողությունս քեզ բացատրելու…
Ես
Դեմ եմ գնացել հող դառնալու կարգին,
Ու մերժել եմ նույնիսկ վերածվել ծաղիկի
Լոկ նրա համար,
Որ մնամ կողքիդ։
Մոխրացած,
Փոշիացած,
Կապրեմ կողքիդ այնքան,
Մինչև դու էլ մեռնես,
Ու ապակե տարան
Երկուսիս համար
Դառնա բնակարան։
Իրարով,
Իրարում
Կապրենք միասին այնքան,
Մինչև մի անփույթ հարս,
Կամ մի թոռ անբարեխիղճ,
Տարան վայր կգցի
Վաղուց դրված տեղից։
Բայց մինչ այդ
Մոխիրդ մոխրիս խառնված կլինի այնքան,
Որ աղբանոցում, ուր մեզ կնետեն,
Մեր մասնիկները կողք կողքի կնկնեն։
Ու թե մի օր,
Մի վայրի ծաղիկ
Այդ խոնավ հողում
Ծիլերն իր ձգի,
Նրա ցողունին
Ոչ թե մեկ ծաղիկ, այլ միանգամից զույգը կբացվի:
Մեկը լինեմ ես,
Մյուսն էլ դու եղիր։
Ո՛չ
Կյանքից հեռանալ
Դեռ չեմ պատրաստվում։
Եվս մի զավակ պիտի ունենամ,
Ես լի եմ կյանքով…
Ապրելու եմ երկա՜ր-երկա՜ր,
Քեզ հետ,
Քո կողքին,
Մահից չեմ վախենում,
Պարզապես անասելի տհաճ է ինձ համար
Մեր թաղման կարգը։
Դու ի՞նչ ես կարծում,
Մեր օրերում կա՞
Բանտից դուրս գալու որևէ հնար…
Իմ ներքին ձայնը
Ասում է՝
ԱՅՈ։
Թարգմանությունը թուրքերենից՝ Անահիտ Կարապետյանի