Իրանական սփյուռքի արձակագիրներից ոմանք իրենց երկերում զգալի տեղ են հատկացրել իրանական բանտերում տիրող իրավիճակին, այնտեղ ապրող, ամեն օր տանջվող մարդկանց կյանքին: Մեր աշխատանքում կցանկանանք ներկայացնել հենց բանտային թեմատիկայով գրված վեպերը: Իրենց գրքերում բանտային թեմատիկային են անդրադարձել Շահրնուշ Փարսիփուրը՝ իր «Համբուրելով սուրը. բանտային հուշագրություն», Մարինա Նեմաթը՝ «Թեհրանի բանտարկյալը», Մարիամ Ռոսթամփուրը և Մարզիե Ամիրզադեհը՝ իրենց համատեղ «Գերի Իրանում» և Սահար Դելիջանին՝ «Ջակարանդայի զավակները» վեպերում:
Իրանական գրական դաշտում բանտային հուշագրությունը իր ուրույն տեղն ունի: Հիշենք միջնադարյան հաբսիեները՝ բանտային թեմատիկայով գրված բանաստեղծությունները: Իսկ վերջին ժամանակաշրջանի գրականությունն առանձնացավ արձակում բանտային հուշագրությունների առկայությամբ:
Երկերն ավելի խորությամբ ըմբռնելու համար մեզ անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչու է հեղինակը այն գրել, հատկապես, երբ խոսքը բանտային հուշագրության մասին է: Թե՛ Փարսիփուրը, թե՛ Նեմաթը նշում են, որ գրելն այդ թեմայի մասին չափազանց ծանր է, սակայն միևնույն ժամանակ՝ խիստ անհրաժեշտ: Նեմաթը նշում է, որ հույս ուներ՝ իր հուշերը բառեր դարձնելով՝ կկարողանա սրտում թեթևություն զգալ, սակայն այդպես էլ չազատվեց հոգին անվերջ կրծող բանտային հուշերից[1]:
Բանտային հուշագրությունների ժանրում մեծ է իրանական սփյուռքի ավագ սերնդի արձակագիր Շ. Փարսիփուրի ավանդը: Ինչպես նշում է գրականագետ Ֆարզանե Միլանին՝ բազում բանտային հուշագրություններ են գրվել Իրանում նախահեղափոխական և հետհեղափոխական տարիներին, սակայն Փարսիփուրի մոտեցումը մարդկային ներքին ապրումներին ավելին էր: Նա զուգահեռաբար չէր երկյուղում նկարագրել նաև իր բախտակիցների ֆիզիկական և մտավոր կտտանքները[2]:
Փարսիփուրը, իր բանտարկությունից տարիներ անց ամերիկյան ապահով միջավայրում անդադար հիշելով իր չորս բանտարկությունները, ստացած հոգեկան ծանր ապրումները, որոշում է այն թղթին հանձնել՝ գրելով. «Բանտում մահվան դատապարտված կանայք իրենց հոգիներն ուղարկում էին հետ՝ դեպի ինձ, որոնք ծանրանում էին իմ ուսերին. ես տարիներ շարունակ զգացել եմ նրանց մարմնի կշիռը: Սա առաջին անգամն է, որ իմ հուշերը գրի առնելով՝ ազատում եմ ինձ այդ ծանրությունից»[3]:
Իրանական ամենամեծ բանտերից է Թեհրանի հյուսիսում գտնվող Էվինը, որը դեռ Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք եղել է քաղաքական բանտ: Նրա անունն իսկ ահ ու սարսափ է առաջացնում իրանցիների շրջանում՝ միանգամից զուգահեռվելով մահվան, արյան ու չարչարանքների հետ: Մեր հիշատակած վեպերում ևս առկա է Էվին բանտը, որը հեղինակներից յուրաքանչյուրի կյանքում ունեցել է իր ազդեցիկ դերը: Փարսիփուրը բանտարկությունների մեծ մասն անցկացրել է հենց այստեղ, իսկ մյուս տարիները՝ Ղեզել Հեսար բանտում: Շուրջ երկու տարի այստեղ է բանտարկված եղել Մարինա Նեմաթը: Այս երկու կանայք բանտում են հայտնվել հակապետական մեղադրանքով: Մարիամ Ռոսթամփուրը և Մարզիե Ամիրզադեհը քրիստոնեություն ընդունելուց հետո ձերբակալվել և հայտնվել են Էվինում: Այս բանտն իբրև ծննդատուն կարելի է համարել երիտասարդ արձակագիր Սահար Դելիջանիի համար: Նրա քաղբանտարկյալ մայրը իր դստերը լույս աշխարհ է բերել հենց այս բանտում. երեխան շուրջ 45 օր ապրել է Էվինում:
Այս հեղինակներն իրենց բանտային հուշերում պատմում են, թե ինչպես են որևէ անհիմն մեղադրանքով իրենց ձերբակալել, առանց մի բառ ասելու տարել Էվին, և իրենց կյանքը կախված է եղել մազից:
Նրանց հուշերում կարդում ենք ինչպես իրենց տանջանքների, այնպես էլ բանտակիցների ճակատագրերի, հուսահատ օրերի պատմությունը: Ականատեսն ենք դառնում տասնյակ պատկերների, թե ինչպես էին բանտարկյալներին ծեծում, ամենաչնչին խոսքը կորզելու համար մարդկանց հասցնում մահվան շեմին: Հիշենք «Ջակարանդայի զավակները» վեպում բանտարկյալներից Ազարի դաժան հարցաքննությունը երկունքի ցավերի ժամանակ[4]: Հարկ է նշել, որ այս կնոջ կերպարում հենց հեղինակի մայրն է:
Իրենց բանտային տանջանքների մասին «Գերի Իրանում» վեպի հեղինակները գրում են. «Մենք վախենում էինք, որ դա կլինի մեր՝ այս երկրագնդի վրա անցկացրած վերջին օրը։ Մենք բռնել էինք միմյանց ձեռքերն ու աղոթում էինք Աստծուն, որ փրկի մեր հոգիները։ Մեր ամենամեծ վախն այն էր, որ կկոտրվենք և մեր կամքից անկախ կխոսենք: Աղոթում էինք, որ ուժեղ մնանք և ցանկանում, որ մեր բռնակալները տեսնեին՝ մարդ էլ ավելի խելացի է դառնում, երբ խորշտանգվում է ինչ–որ դահիճների կողմից»[5]:
Հատկապես սարսափելի են բանտարկյալների սպանությունների տեսարանները: Իրենց հուշերում հեղինակները գրում են, որ բանտային բարձրախոսը հանկարծակի տալիս էր 15-20 բանտարկյալի անուն, նրանք դուրս էին գալիս, և կարճ ժամանակ անց լսվում էր 15-20 կրակոց, և ևս մի խումբ «ապրելու իրավունք չունեցող, պիղծ» բանտարկյալներ հեռանում էին կյանքից: Հատկապես ծանր էր անունները լսելու պահը, երբ բանտարկյալը մի կողմից աղոթում է, որ չհնչի իրենը, բայց հանկարծ լսվում է իր ամենամոտ ընկերուհու անունը: Եվ սարսափելի են ողջ մնացած բանտարկյալների հետագա լուռ ապրումները, այն մեղքի ծանր զգացումը, թե ինչու է ինքն այսօր ողջ մնացել[6]:
Թե՛ Փարսիփուրի և թե՛ Նեմաթի վեպերում աչքի է ընկնում բանտային մի արատավոր երևույթի նկարագրություն, որին հարկ ենք համարում անդրադառնալ: Նրանք նշում են, որ բանտապահները մահապատժի դատապարտված երիտասարդ աղջիկներին բռնաբարում էին, քանի որ, ինչպես իսլամում է հիշատակվում, «կույս աղջիկները գնալու են դրախտ», իսկ քաղբանտարկյալը ինչպե՞ս կարող է դրախտում հայտնվել: Եվ շատ-շատերի համար սա ամենասարսափելի պատժի տարբերակն էր, նույնիսկ տեղի էին ունենում ինքնասպանության դեպքեր, միայն թե խուսափեին այս զարհուրելի երևույթից[7]:
Ինչքան ծանր է կյանքը ճաղերից ներս բանտարկյալների համար, այնքան էլ անորոշ ու տանջալից է նրանց սպասող հարազատների համար: «Գիթայի մայրն ամեն օր ժամերով կանգնում էր իրենց տան դռան առաջ, նայում անցորդներին՝ հուսալով, որ Գիթան տուն կգա: Սառայի ծնողները բազմիցս բանտ էին գնացել, խնդրել հանդիպել իրենց դստերը, սակայն մերժվել էին»[8]:
Ուշագրավ է նաև բանտում ծնված երեխաների ճակատագրերի պատկերումը: Մի կողմից այս երեխաները նոր շունչ են հաղորդել իրենց մայրերի բանտային կյանքին, ասես ինչ-որ կախարդական ռետինով ջնջել են երկաթե ճաղերը, սակայն մյուս կողմից էլ մայրերը հասկանում են, որ կործանում են իրենց իսկ երեխայի մանկությունը: Հիշենք «Թեհրանի բանտարկյալը» վեպի հերոսուհի Շեյդայի հոգեկան ծանր ապրումները. որդուն՝ Քավեին, ուղարկել իր հայրական տուն, թե՞ պահել մոտը. «Մտածում եմ Քավեին ուղարկել տուն՝ ծնողներիս մոտ: Ես նրան այստեղ կարող եմ պահել մինչև երեք տարեկան դառնալը, բայց կարծում եմ՝ իմ կողմից եսասիրություն կլինի նրան պահելը: Նա երբեք չի տեսել ծառեր, ծաղիկներ, ճոճանակ կամ մի այլ երեխա: Բարձր պատերը, փշալարերը և զինված պահակախումբն են շրջապատում նրա աշխարհը: Նա արժանի չէ այդ ամենին»[9]:
Համանման մի տանջալից պատկերի ականատեսն ենք դառնում նաև «Ջակարանդայի զավակները» վեպում, երբ Ազարի քառասուն օրական դստերը բռնի ուժով վերցնում են մոր ձեռքից և ուղարկում նրա հայրական տուն:
Հենց այսպիսի հոգեկան և ֆիզիկական ծանր ապրումներն են դարձել պատճառ, որ այս հեղինակները գրում են, թե իրենց ողջ կյանքն արդեն իսկ բանտ է, բանտ՝ բանտի մեջ: Չեն կարողանում պատկերացնել կյանքը ճաղերից ու փշալարերից այն կողմ. մի՞թե իրենք ազատության իրավունք ունեն, մի՞թե աշխարհում կա մեկը, ով հիշում ու մտածում է իրենց մասին: Նեմաթը գրում է. «Արդյոք աշխարհը գիտի՞ մեր մասին: Ինչ–որ մեկը արդյոք փորձո՞ւմ է փրկել մեզ… իմ սրտի խորքում ես գիտեմ, որ այս երկու հարցի պատասխանն էլ ՈՉ–ն է»[10]:
Ռոսթամփուրը և Ամիրզադեհը իրենց «Գերի Իրանում» գրքում ևս խոսում են այս մասին: «Մարդիկ կան բանտարկված, որոնց ձայները ոչ ոք չի կարող լսել և նրանք մեր օգնության կարիքն ունեն. մենք մեր բանտարկյալ ընկերներին խոստացել ենք լինել իրենց ձայնը։ Մենք պատասխանատու ենք այն մարդկանց համար, ովքեր տառապում են հետապնդումներից և ազատազրկումից: Մենք խոսում էինք նրանց հետ, աղոթում նրանց համար, իսկ այժմ երազում ենք տեսնել փոփոխություն նրանց կյանքում, և դա այնքան ոգեշնչող է մեզ համար…»[11]:
Եվ հենց այդ չլսված լինելը դարձավ պատճառ՝ սեփական հուշերի միջոցով Իրանի բանտերում ապրող հազարավոր մարդկանց ճակատագրերն աշխարհին հասանելի դարձնելու, որպեսզի բանտում կեղեքվող մարդիկ իմանան՝ գոնե աշխարհի հեռավոր մի անկյունում իրենց կյանքը ինչ-որ մեկի համար արժեք ունի:
Նշված բանտային հուշագրություններում կարմիր թելի նման անցնում է ազատության գաղափարը, այն լույսը, որ մարդուն ստիպում է չհանձնվել: Բանտարկյալներն իրենք են ստեղծում ազատության սեփական աշխարհը, որը, ճիշտ է, անհամատեղելի է բանտային դառը իրականությանը, սակայն սա այն երևակայական ազատ աշխարհն է, հանուն որի պայքարել են նրանք, սա այն ազատության պատրանքն է, որ մարդկանց կյանքի ծանրագույն պահին ապրելու հույս է ներշնչում:
Այս բանտարկյալները ստեղծել են մի անրջային իրականություն, որն ասես կոտրել է բոլոր ճաղերն ու փշալարերը, և իրենց ստեղծած աշխարհը լցված է միայն բարությամբ ու սրտացավությամբ: Հիշենք, թե ինչպես էր «Ջակարանդայի զավակները» վեպում Ազարը դարձել իր բանտակից ընկերների վարսահարդարը, կամ թե ինչպես էր Փարսիփուրը ֆրանսերենի խմբակ բացել բանտում:
Թերևս ծանր ու անհույս օրերն են, որ մարդկանց ստիպում են ապրել կողքինին կարեկցելու վեհ գաղափարով: Ասվածի ապացույցն այն է, թե ինչպես էին «Թեհրանի բանտարկյալը» վեպում բոլոր բանտարկյալները իրենց խցի միակ հղի կնոջը տալիս բոլոր ծածկոցները, իսկ իրենք գիշերում բանտի խոնավ հատակին:
Վեպերում հատկապես ուշադրության են արժանի այն հատվածները, երբ մի նոր «բանտարկյալ» երեխա է լույս աշխարհ գալիս՝ փոխելով ողջ բանտախցի մթնոլորտը: Բանտում ծնված երեխաների կարելի է հանդիպել Փարսիփուրի, Նեմաթի և Դելիջանիի արձակում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է հետհեղափոխական Իրանում հղի բանտարկյալների մեծ թվի մասին:
Սակայն ինչքան էլ բանտարկյալները ստեղծում են երևակայական մի աշխարհ, որտեղ կա և՛ մանկան գորով, և՛ միմյանց հանդեպ սեր, հարգանք, հոգատարություն, այնուամենայնիվ գալիս է մի պահ, երբ բանտի ծանր պատերն ու դաժան բանտապաններն իրենց հիշեցնել են տալիս, պատառոտում երևակայական ազատության կարկատանները՝ դրոշմելով, որ բանտը ազատության հականիշն է, այստեղ մարդիկ չեն կարող և չպետք է երջանիկ լինեն: Բանտը տառապանքի վայր է: «….Բանտարկյալներին արգելված էր պարել: Պետք էր աղոթել, աղոթել, ոչ թե ոտքերը գետնին խփել ու պարել երևակայական երաժշտության տակ: Որպես պատիժ` Ազարին ուղարկեցին նկուղ. նա այնտեղ մի քանի ժամ մնաց հորդ անձրևի տակ, որ անձրևը լվա երաժշտությունն իր մարմնից, իր` դեռ չծնված երեխայի մարմնից, որպեսզի նա ի վերջո հասկանա` բանտը ուրախությունների ու մանկական քաղցր հիշողությունների տեղը չէ»[12]:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ազատության և բանտի գաղափարը իրանական սփյուռքի արձակում բավական հաճախ է հանդիպում: Այս երկու երևույթները սովորաբար իրար հակադրվում են, իսկ երբեմն էլ՝ լրացնում միմյանց:
Իրանցի սփյուռքաբնակ որոշ արձակագիրներ գրեցին բանտային հուշագրություններ, որտեղ ներկայացնում են հետհեղափոխական Իրանի բանտերում տիրող իրավիճակը՝ միաժամանակ նաև պատկերելով բանտում ստեղծված ազատության երևակայական մի աշխարհ: Նրանց ստեղծագործությունները բավական արժեքավոր են՝ հետհեղափոխական Իրանի ներքին կյանքի, ինչպես նաև բանտերում տեղի ունեցող դեպքերի լուսաբանման համար:
[1] Տե՛ս Nemat M., Prisoner of Tehran, Toronto, 2006, Free Press, p. 2.
[2] Տե՛ս Սաֆրաստյան Լ., Վտարանդիության և արտագաղթի թեման իրանական սփյուռքի գրականության մեջ (1979-2015 թթ.), Եր., 2016թ., ԵՊՀ հրատարակչություն, էջ 94:
[3] Parsipur Sh., Kissing the Sword: A Prison Memoir, Translated by Sara Khalili, New York, 2013, The Feminist Press, p. 18.
[4] Տե՛ս Делиджани С., Дети жакаранды, пер. с англ. Н. Холмографой, Москва, 2018, Эксмо, стр. 19
[5] «Captive in Iran- by Maryam Rostampour & Marziyeh Amirizadeh https://www.youtube.com/watch?v=TZuVpabjisg
[6] Տե՛ս Parsipur Sh., Kissing the Sword: A Prison Memoir, Translated by Sara Khalili, New York, 2013, The Feminist Press, p. 41.
[7] Նույն տեղում, էջ 36:
[8] Nemat M., Prisoner of Tehran, Toronto, 2006, Free Press, p.7 (Թարգմ. անգլերենից՝ Ա. Բ.).
[9] Նույն տեղում, էջ 230:
[10] Նույն տեղում, էջ 127:
[11] «Captive in Iran- by Maryam Rostampour & Marziyeh Amirizadeh» https://www.youtube.com/watch?v=TZuVpabjisg
[12] Делиджани С., Дети жакаранды, пер. с англ. Н. Холмографой, Москва, 2018, Эксмо, стр. 27: (Թարգմ. ռուսերենից՝ Ա.Բ.):