Որքան ավելի էի տարիք առնում և իմ կյանքում գտած փոքր բավականությունները ինձ սկսում էին անհամ թվալ, այնքան ավելի պարզ էր դառնում, թե որտեղ պետք է փնտրեմ երջանկության ու կյանքի աղբյուրը։ Ես իմացա, որ սիրված լինելը ոչինչ է, սիրելը, սակայն, ամեն ինչ։ Եվ ես ավելի ու ավելի էի հակված տեսնելուն, որ այն, ինչը մեր լինելիությունը արժեքավոր ու ուրախալի է դարձնում, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր զգացմունքները և հույզերը։ Որտեղ էլ երբևէ Երկրի վրա ինչ-որ բան եմ տեսել, որը կարելի էր «Երջանկություն» անվանել, ապա այն կազմված է եղել հույզերից։ Փողը ոչինչ էր, ուժը ոչինչ էր. շատերին ենք տեսել, ովքեր ունեցել են մեկն էլ, մյուսն էլ, բայց և այնպես թշվառ են եղել։ Գեղեցկությունը ոչինչ էր. տեսել ենք գեղեցիկ տղամարդկանց ու կանանց, ովքեր իրենց ողջ գեղեցկությամբ հանդերձ դժբախտ են եղել։ Անգամ առողջությունը ծանր չէր կշռվում։ Յուրաքանչյուրն առողջ էր այնքան, որքան ինքն էր իրեն զգում. որոշ հիվանդներ մինչև վերջ ծաղկում էին կյանքի ծարավից, որոշ առողջներ էլ սարսափահար թոշնում էին տառապանքների վախի մեջ։ Երջանկությունը, սակայն, մշտապես այնտեղ էր, որտեղ մարդը թունդ զգացմունքներ ուներ և ապրում էր դրանցով, չէր վանում այն իրենից և չէր կառավարում, այլ հոգ էր տանում դրա մասին ու վայելում։ Գեղեցկությունը չէր երջանկացնում նրան, ում պատկանում էր, այլ նրան, ով այն սիրել ու երկրպագել գիտեր։
Ըստ երևույթին, զանազան զգացմունքներ կային, բայց հիմնականում դրանք մեկն էր։ Կարելի է բոլոր զգացմունքները կամք անվանել, կամ ինչպես միշտ։ Ես այն սեր եմ կոչում։ Երջանկությունը սերն է, ուրիշ ոչինչ։ Ով կարողանում է սիրել, երջանիկ է։ Մեր հոգու ամեն մի շարժում, որում հոգին զգում է իրեն և իր կյանքը, սերն է։ Այսպիսով երջանիկ է նա, ով ի վիճակի է շատ սիրել։ Բայց սիրելը և տարփանքը բոլորովին էլ նույն բանը չեն։ Սերը իմաստնացած կիրք է։ Սերը չի ուզում ունենալ, այն միայն սիրել է ցանկանում։ Դրա համար էլ երջանիկ էր այն փիլիսոփան, ով աշխարհին տածած իր սերը կշռադատում էր մտքերի սարդոստայնով, որը կրկին ու կրկին փաթաթում էր աշխարհը իր սիրո թելերով։ Բայց ես փիլիսոփա չէի։ Բարոյականության ու առաքինության ուղիներին ինձ համար նույնպես երջանկություն չկար։ Այդժամ ես իմացա, որ երջանկացնել կարող է միայն այն առաքինությունը, որը ես ինքս եմ իմ մեջ զգում, հայտնագործում ու փայփայում։ Ինչպե՞ս կարող էի ինչ-որ օտար առաքինությունը յուրացնել ցանկանալ։ Բայց ահա, թե ինչ տեսա՝ սիրո պատվիրանը։ Տարբերություն չկա Հիսուսն է սովորեցրել այն, թե Գյոթեն։ Այդ պատվիրանը լիովին սխալ է հասկացվել աշխարհի կողմից։ Դա բոլորովին էլ պատվիրան չէր։ Պատվիրաններ չկան ընդհանրապես։ Պատվիրանները Ճշմարտություններ են, որոնցով իմացողը կիսվում է չիմացողի հետ, և չիմացողը ընկալում ու զգում է դրանք։ Պատվիրանները սխալ կերպով ընկալված Ճշմարտություններ են։ Բոլոր իմաստությունների հիմքը այն է, որ երջանկությունը գալիս է միայն սիրո միջոցով։ Այժմ ես ասում եմ. «Սիրի՛ր մերձավորիդ». սա արդեն իսկ կեղծված ուսմունք է։ Հավանաբար, ավելի ճիշտ կլիներ ասել. «Սիրի՛ր քեզ այնպես, ինչպես քո մերձավորներին»։ Եվ, հավանաբար, դա է նախասխալը, որ միշտ պետք է ամեն բան սկսել մերձավորներից…
Ամեն դեպքում, ամենախորքայինը մեր մեջ երջանկություն է տենչում, տենչում է բարերար ներդաշնակություն այն ամենի հետ, ինչը մեզնից դուրս է։ Այս ներդաշնակությունը կխախտվի, հենց որ որևէ բանի հետ ունեցած մեր հարաբերությունները տարբերվեն սիրուց։ Չկա սիրելու պարտականություն, կա միայն երջանիկ լինելու պարտավորություն։ Մենք այս աշխարհում ենք միայն դրա համար։ Եվ ողջ պարտավորություններով, ողջ բարոյականությամբ ու ողջ պատվիրանները պահելով շատ հազվադեպ ենք միմյանց երջանիկ դարձնում, որովհետև հենց մե՛նք դրանով չենք երջանկանում։
Մարդը կարող է «լավը» լինել միայն այն ժամանակ, երբ երջանիկ է, երբ իր ներսում հարմոնիա կա։ Այսինքն՝ երբ նա սիրում է։
Իսկ աշխարհում դժբախտությունը և իմ անձնական դժբախտությունը բխում է միայն նրանից, որ սերը խաթարվել է։ Այստեղից էլ Նոր կտակարանի այս խոսքերն հանկարծ ինձ համար դարձան ճշմարիտ ու խորը. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես…» կամ «Երկնքի արքայությունը ձեր մեջ է»։
Դա էր ուսմունքը՝ միակ ուսմունքը աշխարհում։ Այդ ասել է Հիսուսը, այդ ասել է Բուդդան, ասել է Հեգելը, յուրաքանչյուր ոք՝ իր աստվածաբանության մեջ։
Յուրաքանչյուրի համար աշխարհում միակ կարևոր բանը սեփական ներաշխարհն է, սեփական հոգին, սիրելու սեփական կարողությունը։ Եթե այն կարգին է, մարդը հաճույքով կորեկաձավար կամ թխվածք կուտի, ցնցոտիներ կամ զարդեր կկրի։ Այդ ժամանակ աշխարհը կհամահնչի հոգու հետ՝ մաքուր ու ներդաշնակորեն, որովհետև ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է։
…Մարդը ոչինչ չի կարող սիրել այնպես, ինչպես ինքն իրեն։ Մարդը ոչնչից այնքան չի սարսափի, որքան ինքն իրենից։ Այսպես միաժամանակ առաջացել են պարզունակ մարդու այլ դիցաբանությունները, պատվիրաններն ու կրոնները, նաև այն տարօրինակ վերածնվել-պայծառակերպվելու համակարգը, որով հանդարտվում է կյանքը և ըստ որի՝ մարդու մասնավոր սերն իր հանդեպ համարվում էր արգելված ու թաքցվում էր, պետք է գաղտնի պահվեր ու քողարկված մնար։
Մեկ ուրիշին սիրելը համարվում էր ավելի լավ, ավելի բարոյական, ավելի ազնիվ, քան ինքդ քեզ սիրելն էր։ Եվ քանի որ ինքնասիրությունը մի ժամանակ բնածին պահանջ էր և մերձավորի հանդեպ սերը նրա կողքին երբեք չէր կարող պատշաճ կերպով բարգավաճել, հնարվեց մի քողարկված, բարձրագոչ, ոճավորված ինքնասիրություն՝ մերձավորների հանդեպ սիրո փոխադարձության տեսքով։ Այսպիսով ընտանիքը, ցեղը, գյուղը, կրոնական համայնքը, ազգը և ժողովուրդը սրբացվեցին…
Այն մարդը, ով հանուն իր հանդեպ ունեցած սիրո չէր կարող ոչ մի չնչին բարոյական պատվիրան խախտել, համայնքի, ժողովրդի և հայրենիքի համար իրավունք ուներ ամեն ինչ անել, նույնիսկ ամենասարսափելին։ Ցանկացած դատապարտելի մղում այստեղ դառնում էր պարտականություն ու հերոսություն։
Այսքան հեռուն է գնացել մարդը մինչ օրս։
Գուցե ժողովուրդների կուռքերը ժամանակի ընթացքում կտապալվեն և նորովի կբացահայտվի սերը ողջ մարդկության հանդեպ, և գուցե հին նախաուսմունքը կրկին դուրս կհորդա։
Այսպիսի իմացությունները գալիս են դանդաղ։ Նրանք պտտվում են պարույրաձև։
Եվ եթե դրանք կան, ապա դրանց հասել են մի ցատկով, մի ակնթարթում։ Բայց իմացությունը դեռևս կյանքը չէ։ Դա դեպի կյանքը տանող ճանապարհն է, իսկ ոմանք հավերժ ճանապարհին են մնում։
Թարգմանությունը գերմաներենից՝ Մարիամ Տոնոյանի