Ստորև ներկայացնում ենք Հաննա Արենդթի «Ամբողջատիրության ակունքները» գրքի առաջին հրատարակության (1951թ.) նախաբանի թարգմանությունը։ 2021 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի հրատարակչությունը «Գալուստ Կիւլպէնկեան» թարգմանական մատենաշարով լույս կընծայի գրքի հայերեն տարբերակը։ Նախաբանը անգլերենից թարգմանեց Լիլիթ Վերդյանը, բնագրի հետ համեմատեց և խմբագրեց՝ Շուշան Ավագյանը։
Մեկ սերնդի կյանքի ընթացքում ծավալված երկու համաշխարհային պատերազմները, որոնք միմյանցից բաժանված էին տեղային պատերազմների ու հեղափոխությունների անվերջ շղթայով, և որոնց չհաջորդեց ո՛չ խաղաղության պայմանագիր հաղթվածների համար, և ո՛չ էլ դադար հաղթողների համար, ավարտվեցին կանգուն մնացած երկու գերտերությունների միջև երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման սպասումով: Սպասման այս պահը նման է այն հանդարտությանը, որը տիրում է, երբ մարում են բոլոր հույսերը: Մենք այլևս հույսեր չենք փայփայում, որ ի վերջո կվերականգնվի հին աշխարհի կարգն իր ավանդույթներով, կամ որ պատերազմների ու հեղափոխությունների և դեռևս պահպանված ամեն ինչի աստիճանական քայքայման արդյունքում ստեղծված քաոսի մեջ հայտնված հինգ մայրցամաքների մարդկային զանգվածները կվերաինտեգրվեն: Մենք տեսնում ենք ամենատարբեր պայմաններում և անկապակից հանգամանքներում միևնույն երևույթների զարգացումը՝ աննախադեպ մասշտաբների անտնություն, աննախադեպ խորության անարմատություն:
Երբևիցե մեր ապագան չի եղել ավելի անկանխատեսելի, երբևիցե այսչափ կախված չենք եղել քաղաքական ուժերից, որոնց չի կարելի վստահել ողջամտության և անձնական շահի կանոններին հետևելը. ուժեր, որոնք անցած դարերի չափանիշներով գնահատվելու դեպքում կթվան սոսկ խելագարական: Մարդկությունն, ասես, բաժանվել է երկու խմբի՝ մի մասը հավատում է մարդու ամենազորությանը (որ ամեն բան հնարավոր է, միայն թե իմանաս ինչպես կառավարել զանգվածները նպատակին հասնելու համար), մինչդեռ մարդկանց մյուս մասի համար անզորությունը դարձել է իրենց կյանքի մեծագույն փորձառությունը:
Պատմական ըմբռնման և քաղաքական մտքի մակարդակում տիրում է անհստակ, ընդհանուր մի համաձայնություն այն բանի շուրջ, որ բոլոր քաղաքակրթությունների առանցքային կառուցվածքը փլուզման եզրին է: Անգամ եթե այդ կառուցվածքն աշխարհի որոշ մասերում ավելի լավ պահպանված թվա, քան մյուսներում, այն ի զորու չէ առաջնորդել դեպի դարի ընձեռած հնարավորությունները կամ՝ օգնել պատշաճորեն արձագանքել դրա արհավիրքներին: Նման իրադարձություններին հաճախ ավելի շատ ընկերակցում են հուսահատ հույսն ու հուսահատ վախը, քան հավասարակշռված դատողությունն ու կշռադատված խորաթափանցությունը: Մեր ժամանակի կենտրոնական իրադարձություններն արդյունավետ կերպով մոռացության են մատնվել ոչ միայն անխուսափելի դատապարտվածությանը հավատացողների, այլև իրենց անխոհեմ լավատեսությանը հանձնած մարդկանց կողմից:
Այս գիրքը գրվել է թե՛ անխոհեմ լավատեսության, և թե՛ անխոհեմ հուսահատության ֆոնին: Այստեղ ես պնդում եմ, որ Առաջընթացը և Դատապարտվածությունը միևնույն շքադրամի երկու երեսներն են. երկուսն էլ ոչ թե հավատքի, այլ սնահավատության արգասիք են: Գրքի հիմքում այն համոզմունքն է, որ պետք է որ հնարավոր լինի բացահայտել այն թաքնված մեխանիկան, որի միջոցով մեր քաղաքական ու հոգևոր աշխարհի ավանդական տարրերը լուծվեցին մի խառնակույտում, որտեղ ամեն ինչ, ասես, կորցրել է իր մասնահատուկ արժեքը և դարձել մարդկային ընկալմանն անճանաչելի, մարդկային նպատակների համար անօգտագործելի: Անդիմադրելիորեն գայթակղիչ է դարձել կազմաքանդման այս գործընթացին տեղի տալը, ոչ միայն որովհետև այն ստացել է «պատմական անհրաժեշտության» շինծու փառահեղությունը, այլ նաև որովհետև դրանից անդին ամեն ինչ սկսել է թվալ անկենդան, անարյուն, անիմաստ և անիրական:
Համոզմունքը, որ երկրի վրա կատարվող ամեն բան պետք է լինի ըմբռնելի մարդու համար, կարող է հանգեցնել պատմությունը սովորականությունների միջոցով մեկնելուն: Ըմբռնել չի նշանակում մերժել անարգելին, փնտրել նախադեպը չունեցող երևույթին նախադեպեր կամ երևույթները բացատրել այնպիսի համաբանություններով և ընդհանրություններով, որ իրականության ազդեցությունն ու փորձառության ցնցումն այլևս չզգացվեն: Ըմբռնել՝ նշանակում է ուսումնասիրել և գիտակից կերպով տանել դարի կողմից մեր ուսերին դրված բեռը՝ առանց դրա գոյությունը ժխտելու և առանց դրա ծանրության տակ հնազանդորեն կորանալու: Պարզ ասած՝ ըմբռնումն իրականության (ինչպիսին էլ այն լինի) անկանխամտածված, ուշադիր առերեսումն ու դրան դիմադրումն է:
Այս առումով, պետք է որ հնարավոր լինի առերեսել և հասկանալ այն անարգելի փաստը, թե ինչպես այնպիսի մի փոքր (իսկ համաշխարհային քաղաքականության մեջ՝ անկարևոր) երևույթ, ինչպիսին էր հրեական հարցն ու հակասեմականությունը, կարողացավ խթան հանդիսանալ նախ՝ նացիստական շարժման, ապա՝ համաշխարհային պատերազմի բռնկման, և ի վերջո՝ մահվան գործարանների ստեղծման համար: Կամ՝ պատճառի և հետևանքի գրոտեսկային անհամապատասխանությունը, որը ներմուծեց կայսերականության դարաշրջանը, երբ տնտեսական դժվարությունները մի քանի տասնամյակի ընթացքում ամբողջ աշխարհում հանգեցրին քաղաքական պայմանների խորը փոխակերպման: Կամ՝ ամբողջատիրական շարժումների որդեգրած ցինիկական «իրապաշտության» և իրականության ողջ շերտայնության նկատմամբ դրանց ակնբախ արհամարհանքի միջև արտառոց հակասությունը: Կամ էլ` արդի մարդու իրական զորության (որը շատ ավելի մեծ է, քան երբևէ. այնքան մեծ, որ նա կարող է մարտահրավեր նետել իր իսկ տիեզերքի գոյությանը) և արդի մարդկանց՝ իրենց իսկ ուժերով ստեղծած աշխարհում ապրելու և դրա իմաստը հասկանալու անկարողության զայրացնող անհամատեղելիությունը:
Բոլոր փակուղիներից դուրս գալու կործանարար ճանապարհը եղել է համաշխարհային նվաճման ու ամբողջական գերիշխանության հասնելու ամբողջատիրական փորձը: Դրա հաղթանակը կարող է համընկնել մարդկության կործանման հետ. որտեղ այն տիրել է, այն սկսել է կործանել մարդու էությունը: Եվ սակայն դարի կործանարար ուժերին մեջք դարձնելու մեջ օգուտ չկա:
Խնդիրն այն է, որ մեր ժամանակաշրջանն այնքան տարօրինակաբար է միահյուսել լավն ու վատը, որ առանց կայսերականների «ընդարձակում հանուն ընդարձակման» գաղափարի աշխարհը գուցե երբեք չդառնար մեկ ամբողջություն, առանց բուրժուականության «իշխանություն հանուն իշխանության» քաղաքական հնարանքի մարդկային ուժի չափը գուցե երբեք չբացահայտվեր, առանց ամբողջատիրական շարժումների հորինված աշխարհի, որտեղ անզուգական հստակությամբ բացատրվել են մեր ժամանակների առանցքային անորոշությունները, մենք գուցե շարժվեինք դեպի մեր վախճանն առանց երբևէ անգամ գիտակցելու, թե ինչ է կատարվում մեր շուրջը:
Եվ եթե իրոք ճիշտ է այն, որ ամբողջատիրության վերջին փուլերում ի հայտ է գալիս բացարձակ չարիքը (բացարձակ, քանի որ այն այլևս չի բխում մարդկայնորեն հասկանալի շարժառիթներից), ապա ճիշտ է նաև այն, որ առանց դրա մենք գուցե երբեք չիմանայինք Չարիքի հիրավի արմատական բնույթը:
Հակասեմականությունը (և ոչ պարզապես հրեաների հանդեպ ատելությունը), կայսերականությունը (և ոչ պարզապես նվաճումը), ամբողջատիրությունը (և ոչ պարզապես բռնապետությունը)` իրար հաջորդելով, մեկը մյուսից ավելի վայրագ, ցույց տվեցին, որ մարդկային արժանապատվությունը նոր երաշխիքի կարիք ունի. երաշխիք, որը կարող ենք գտնել միայն քաղաքական նոր սկզբունքում, երկրագնդի վրա նոր օրենքում, որի վավերականությունն այս անգամ պետք է բովանդակի մարդկության ամբողջությունը, մինչդեռ դրա ուժը պետք է լինի խիստ սահմանափակ՝ արմատավորված նոր սահմանված տարածքային միավորներում և դրանց կողմից վերահսկված:
Մենք այլևս չենք կարող առանձնացնել այն, ինչ անցյալում լավն էր և պարզապես անվանել այն մեր ժառանգությունը, չենք կարող դեն նետել վատը և այն պարզապես համարել ավելորդ մի բեռ, որը ժամանակի հետ ինքնաբերաբար մոռացության կմատնվի: Արևմուտքի պատմության ստորգետնյա հոսանքը վերջապես դուրս է եկել մակերևույթ և բռնատիրել մեր ավանդույթի արժանապատվությունը: Սա է իրականությունը, որում մենք ապրում ենք: Եվ սա է պատճառը, թե ինչու են զուր փախուստի բոլոր փորձերը ներկայիս մռայլությունից դեպի անեղծ անցյալի հանդեպ կարոտաբաղձություն կամ դեպի ավելի պայծառ ապագայի ակնկալելի մոռացություն:
Ամառ 1950թ.
Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Վերդյանի
Խմբագիր՝ Շուշան Ավագյան