Աշխարհահռչակ աֆղան գրող, բեսթսելլերների հեղինակ Խալեդ Հոսեյնին խոսում է իր երկրորդ վեպի՝ «Հազար չքնաղ արևներ»-ի մասին։ Վեպը հայերեն լույս է տեսել 2020 թվականին՝ Մարիա Սադոյանի թարգմանությամբ։ Հարցազրույցը հատված է bookbrowse.com կայքի և Հոսեյնիի զրույցից։
Ինչպիսի՞ արձագանք եք ակնկալում, որ ընթերցողները կունենան «Հազար չքնաղ արևներից»։
Որպես գրող՝ հուսով եմ, որ ընթերցողներն այս վեպում կբացահայտեն այն ամենը, ինչ ես եմ փնտրում գեղարվեստական գրականություն կարդալիս․ պատմություն, որ քեզ ճամփորդել է տալիս, ընդգրկուն կերպարներ, հերոսի փորձության միջոցով ինչ-որ տեղ վերափոխված լինելու լուսավոր զգացողություն։ Հույս ունեմ, որ ընթերցողները կարձագանքեն այս պատմության հույզերին, չնայած մշակութային մեծ տարբերությանը՝ իրենց կնույնացնեն Մարիամի և Լեյլայի, նրանց երազանքների, առօրեկան հույսերի և փրկվելու ամենօրյա պայքարի հետ։ Որպես աֆղան՝ ես կցանկանայի, որ ընթերցողները կարեկցանքի զգացումով մոտենային աֆղաններին և, մասնավորապես աֆղան կանանց, որոնց վրա պատերազմն և ծայրահեղականությունը կործանարար հետևանքներ են թողել: Լիահույս եմ, որ այս վեպը խորություն, նրբություն ու հույզեր կծնի փոշոտ փողոցներով բուրքայով քայլող կանանց ծանոթ տեսարանի նկատմամբ։
Որտեղի՞ց է գալիս գրքի վերնագիրը։
Այն վերցված է 17-րդ դարի պարսիկ բանաստեղծ Սաիդ-է Թաբրիզիի՝ Քաբուլի մասին բանաստեղծությունից, որ նա գրել է քաղաք կատարած իր ճամփորդությունից հետո․ Քաբուլը շատ էր տպավորել նրան։ Ես փնտրում էի Քաբուլի մասին բանաստեղծությունների անգլերեն թարգմանություն՝ օգտագործելու այն տեսարանում, երբ հերոսը ողբում է իր սիրելի քաղաքից հեռանալու համար, երբ գտա այս բացառիկ բանաստեղծությունը։ Հասկացա, որ ոչ միայն տեսարանը բնութագրող ճիշտ հատված եմ գտել, այլ նաև՝ գրավիչ վերնագիր՝ «Հազար չքնաղ արևներ» տողով, որն օգտագործվում է բանաստեղծության նախավերջին տանը։ Այն պարսկերենից թարգմանել է դոկտոր Ժոզեֆինա Դեյվիսը։
Բժշկական աստիճանը ստացել եք նախքան գեղարվեստական գրականություն գրել սկսելը։ Ինչպե՞ս եք համատեղում բժիշկ լինելը գրող լինելու հետ։
Ինձ դուր է գալիս բժշկությամբ զբաղվելը, և միշտ հաճույք եմ ստացել, երբ բուժառուներն իրենց կամ հարազատների կյանքը վստահել են ինձ։ Բայց գրելը միշտ է եղել իմ կիրքը․ դեռ մանկուց, ինչպես Ամիրի դեպքում՝ «Օդապարուկ թռցնողը» վեպում։ Ես ինձ երջանիկ ու արտոնյալ եմ զգում, որ գոնե, առայժմ, գրելն իմ ապրուստի միջոցն է։ Դա իրականացած երազանք է։
Շատ նմանություններ չեմ գտել իմ երկու մասնագիտությունների մեջ՝ բացառությամբ նրա, որ երկուսն էլ օգնում են գոնե որոշակի պատկերացում կազմել մարդու էության մասին։ Թե՛ գրողները և թե՛ բժիշկները պետք է հասկանան դրդապատճառը, թե ինչ են ասում և անում մարդիկ, ինչպես նաև նրանց վախերը, հույսերն ու ձգտումները։ Երկու մասնագիտություններում էլ պետք է նկատել, թե ինչպես են սոցիալ-տնտեսական դրությունը, ընտանիքը, մշակույթը, լեզուն, կրոնը և այլ գործոններ ազդում մարդու ձևավորման վրա (լինի քննասենյակի բուժառու թե պատմվածքի հերոս)։
Որքանո՞վ էր «Հազար չքնաղ արևները» գրելը տարբերվում «Օդապարուկ թռցնող»-ից։
Դե, երբ գրում էի «Օդապարուկ թռցնողը», որևէ մեկը չէր սպասում նրան։ Թվում է՝ երկրորդ վեպը գրելու դժվարությունն ուղիղ համեմատական է, թե որքանով է առաջին վեպը հաջողության արժանացել։ Ինձ համար, ի սկզբանե, կար ինքնավստահության և երկմտանքի, ինչպես նաև իմ գրական կարողությունները կասկածի տակ դնելու և վերագնահատելու կրկնվող միտում: Սա հատկապես այն դեպքում, երբ ես քաջատեղյակ էի, որ գրքին անհամբեր սպասողներ կան՝ գրավաճառներ, հրատարակիչս և իհարկե, ընթերցող հասարակությունը։ Դա և՛ հիանալի է (չէ՞ որ դու ուզում ես՝ գործդ սպասված լինի), և՛ հուսահատեցնող․ գործդ սպասված է։
Թեպետ ես զգացել եմ այդ մտավախությունները, ինչպես իրավամբ կվկայի կինս, սակայն աստիճանաբար սովորել եմ դրանց նայել որպես բնական երևույթ, ոչ թե որպես միայն ինձ հատուկ։ Եվ երբ սկսեցի գրել, երբ պատմությունն արգացավ, և ես ընկղմվեցի Մարիամի ու Լեյլայի աշխարհում, այդ վախերը հօդս ցնդեցին։ Զարգացող պատմությունը գրավեց ինձ՝ հնարավորություն տալով ներդաշնակ լինել ֆոնային աղմուկին և սկսել իմ ստեղծած աշխարհը բնակեցնելու գործընթացը:
Նաև կարծում եմ, որ «Հազար չքնաղ արևները» ինչ-որ առումով ավելի հավակնոտ գիրք է, քան՝ առաջին վեպս։ Այստեղ տարբեր սերունդների պատմությունն է, որը ծավալվում է մոտ քառասունհինգ տարի, իսկ ժամանակը երբեմն հետ ու առաջ է անցնում։ Կերպարներն ավելի շատ են, կան երկակի պատկերներ, իսկ պատերազմներին ու Աֆղանստանի քաղաքական վայրիվերումներին շատ ավելի մեծ տեղ է հատկացված, քան «Օդապարուկ թռնցող»-ում էր։ Սա նշանակում է, որ ես անընդհատ հավասարակշռման գործընթացի մեջ էի՝ գրելով կերպարների ներքին կյանքի և արտաքին աշխարհի վրա, որը ճնշում է գործադրում հերոսների վրա և իր հետքը թողնում նրանց ճակատագրերի վրա։
Տեսնո՞ւմ եք ընդհանուր թեմաներ երկու գրքերում։
Երկու վեպերում էլ հերոսները հայտնվում են հատվող կրակների խաչմերուկներում և ճնշվում են արտաքին ուժերի կողմից։ Արտաքին դաժան և անզիջում աշխարհը սովորաբար ազդում է նրանց անձնական կյանքի վրա, նրանց կյանքում իրենց հետքն են թողնում այնպիսի երևույթներ, որոնց իրենցից կախված չեն՝ հեղափոխություններ, պատերազմներ, ծայրահեղականություն և բռնաճնշումներ։ Սա, կարծում եմ, առավել բնորոշ է «Հազար չքնաղ արևներ»-ին։ «Օդապարուկ թռնցող»-ում Ամիրը որպես ներգաղթյալ շատ տարիներ է անցկացնում Միացյալ Նահանգներում՝ Աֆղանստանից հեռու։ Այն սարսափներն ու դժվարությունները, որ նա չի տեսել, ճաշակում են Մարիամն ու Լեյլան․ այդ առումով նրանց կյանքը շատ ավելի է պայմանավորված Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններով, քան՝ Ամիրինը։
Երկու վեպերն էլ բազմասերունդ են, ծնողի և երեխայի փոխհարաբերությունը՝ իր բոլոր բացահայտ բարդություններով և հակասություններով, աչքի զարնող թեմա է: Իմ մտադրությունը դա չէր, սակայն խորապես հետաքրքրված էի, թե ինչպես են ծնողներն ու զավակները սիրում իրար, հիասթափվում իրարից և, ի վերջո, հարգում մեկմեկու։ Մի կողմից էլ երկու վեպերը հաջորդականություն են «Օդապարուկ թռցնողը» հայր-որդի պատմությունն է, իսկ «Հազար չքնաղ արևները» կարելի է դիտարկել որպես մայր-դուստր պատմություն։
Ի վերջո, կարծում եմ՝ երկու վեպերն էլ սիրային պատմություններ են։ Կերպարները փնտրում են սեր ու մարդկային շփում և փրկվում հենց դրա միջոցով։ «Օդապարուկ թռցնող»-ում սերն առավելապես տղամարդկանց միջև է։ «Հազար չքնաղ արևներ»-ում սիրո դրսևորումներն ավելի բազմաշերտ են․ լինի ռոմանտիկ սեր կնոջ ու տղամարդու միջև, ծնողական սեր, թե սեր առ ընտանիք, տուն, հայրենիք ու Աստված։ Կարծում եմ՝ երկու վեպերում էլ, ի վերջո, սերն է, որ հերոսներին դուրս է հանում ներքին մեկուսացումից, ուժ է տալիս նրանց՝ հաղթահարելու իրենց սահմանափակումները, բացահայտելու խոցելի կողմերը և գնալու ինքնազոհությունների:
Ձեր վեպի տղամարդկանցից մեկը երազում է գալ Ամերիկա, ինչպես Ձեր ընտանիքը։ Նա Ամերիկան տեսնում է որպես ոսկու, առատության երկիր։ Արդյո՞ք դա այն է, ինչի մասին դեռ երազում են աֆղանները։
Կարծում եմ՝ աֆղանների՝ Ամերիկայի և ամերիկացիների մասին ունեցած պատկերացնումները խճճված են։ Մի կողմից Ամերիկան դիտվում է որպես հույսի բաստիոն։ Կարծում եմ, որ ամերիկյան զորքերի հավաքագրման և հարվածներ հասցնելու միտքը վախեցնում է շատ աֆղանցիների, քանի որ նրանք սարսափում են քաոսից, անարխիայից և ծայրահեղականությունից, որոնք, հավանաբար, կհետևեն այդ ամենին: Մյուս կողմից էլ կա հիասթափության ու հուսախաբության որոշակի զգացում։ Կարծում եմ՝ աֆղանները մի տեսակ դառնություն ու լքվածության են զգում Արևմուտքից և հատկապես Ամերիկայից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ երբ ԽՍՀՄ-ը հետ քաշվեց, սկսվեց մի շրջան, որը նշանավորվեց ներուժային մարտերով, որոնք ավերեցին Քաբուլի մեծ մասը։ Բացի այդ առկա է աճող մի տրամադրություն (իրավացի կամ ոչ), որ Ամերիկայի տված խոստումները չեն կատարվում։ Ըստ իս՝ միջին աֆղանցին հույս ուներ կյանքի որակի, անվտանգության պայմանների և տնտեսական կարգավիճակի կտրուկ փոփոխությունների այն բանից հետո, երբ սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացիները եկան Աֆղանստան: Շատերը զգում են, որ այդ հույսերը չեն արդարացվել։ Նրանք զգում են, որ Իրաքի պատերազմը, որը սկսվեց Աֆղանստանում հաստատվելուց անմիջապես հետո, Աֆղանստանից շեղեց ինչպես ուշադրությունը, այնպես էլ՝ զորքերն ու ռեսուրսները: Այդուհանդերձ, կարծում եմ, որ աֆղանների մեծ մասը հույսով է վերաբերում ԱՄՆ-ի հետ իրենց երկրի գործընկերությանը, և շատերն են համակարծիք «Հազար չքնաղ արևներ»-ի հերոս Բաբիի հետ՝ Միացյալ Նահանգները համարելով որպես ցանկալի վայր ապրելու համար և որպես հնարավորության և հույսի երկիր:
Ձեր պատմության մեջ կանայք թե՛ իրենց տներում, թե՛ հասարակության մեջ ենթարկվում են բռնաճնշումների՝ մեծավ մասամբ պայմանավորված իրենց սեռով։ Արդյո՞ք այս բռնաճնշումը ծանր է հատկապես մուսուլմանական աշխարհում։ Ի՞նչ է հնարավոր և ի՞նչ կարելի է անել այդ ուղղությամբ։
Դա բարդ հարց է, որ չունի հեշտ պատասխան։ Անհերքելի է, որ մուսուլմանական որոշ երկրներում, այդ թվում նաև իմում, կանանց հանդեպ վերաբերմունքն անմխիթար է: Ապացույցները պարզապես ճնշող են: Թալիբանի տիրապետության օրոք Աֆղանստանում կանայք զրկված էին կրթության, աշխատանքի, ազատ տեղաշարժվելու, բժշակական օգնություն ստանալու և այլ իրավունքներից։ Այնուամենայնիվ, ես ուզում եմ հեռու մնալ որոշ շրջանակներում տարածված այն հասկացությունից, թե Արևմուտքը կարող է և պետք է ճնշում գործադրի այդ երկրների վրա՝ կանանց հավասար իրավունքներ տալու համար: Չնայած կարծում եմ, որ սա լավ մտածված և նույնիսկ վեհ գաղափար է, բայց այն չափազանց պարզունակ և անիրագործելի եմ համարում: Այդ մոտեցումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերացնում է ընդհանուր հասարակության բարդություններն ու նրբությունները, որոնք պայմանավորված են նրա մշակույթով, ավանդույթներով, սովորություններով, քաղաքական համակարգով, սոցիալական կառուցվածքով և հավատքով: Կարծում եմ, որ փոփոխությունը պետք է բխի ներսից, այսինքն՝ իսլամական հասարակության մերանից: Ըստ իս՝ Աֆղանստանի ապագայի համար կարևոր է, որ լիազորվի կանանց իրավունքների պահպանումը։ Հակառակ դեպքում հաջողության հեռանկարը շատ մռայլ է։ Ինձ միշտ բարկացնում է, երբ Աֆղանստանի կամ որևէ այլ երկրի մուսուլման առաջնորդները հերք ում են կանանց հանդեպ բռնության առկայությունը, խուսափում են այդ խնդրից՝ ցույց տալով օրինակներ, թե ինչն են իրենք համարում կանանց հանդեպ վատ վերաբերմունքի դրսևորում Արևմուտքում, կամ, ավելի վատ, արդարացնում են կանանց հանդեպ բռնությունը՝ հիմնվելով շարիաթից բխող կանոնների վրա։ Հուսով եմ, որ քսանմեկերորդ դարի իսլամական առաջնորդները կարող են կտրվել սեռական դերերի մասին հնացած գաղափարներից և բաց լինել ավելի չափավոր և առաջադեմ մոտեցման համար: Ես գիտակցում եմ, որ դա կարող է միամտություն թվալ, հատկապես այնպիսի երկրում, ինչպիսին Աֆղանստանն է, որտեղ հաստատակամ իսլամիստները դեռ շարունակում են մնալ ղեկին և փորձում են լռեցնել բոլոր ձայները։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա միակ ճանապարհն է, որ իրական փոփոխություն կարող է առաջ բերել հենց իսլամական հասարակությունների ներսից:
«Օդապարուկ թռցնողը» կենտրոնացած էր երկու տղամարդու բարեկամության վրա, և պատմությունը պատմվում էր տղամարդու տեսանկյունից։ Ձեր նոր գրքում անդրադարձել եք երկու կնոջ միջև հարաբերությանը, և պատումը ներկայացված է նրանց այլընտրանքային դիտակետից։ Ինչո՞ւ որոշեցիք այս անգամ գրել կանանց տեսանկյունից: Ի՞նչն էր յուրահատուկ կանանց և նրանց հարաբերությունների միջև, որը գրավեց Ձեզ:
«Օդապարուկ թռցնողը» վերջացնելուց հետո քանիցս տարվել եմ Աֆղանստանի կանանց մասին պատմություն գրելու մտքով։ Առաջին վեպում տղամարդն էր դոմինանտ։ Բոլոր գլխավոր հերոսները՝ բացի Ամիրի կնոջից՝ Սորայայից, տղամարդ էին։ Աֆղանական հասարակության մի ամբողջ հատված կար, որին չէի անդրադարձել «Օդապարուկ թռցնող»-ում, մի ամբողջական բնապատկեր, որը, ըստ իս, շաղկապված է պատմական գաղափարներին։ Ի վերջո, վերջին երեսուն տարվա ընթացքում աֆղան կանանց հետ այդքան շատ բան էր պատահել, հատկապես այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը դուրս եկավ, և ներուժային մարտեր սկսվեցին: Քաղաքացիական պատերազմի բռնկմամբ Աֆղանստանում կանայք ենթարկվեցին մարդու իրավունքների՝ սեռով պայմանավորված ոտնահարումների, ինչպիսիք են բռնաբարությունը և հարկադրված ամուսնությունը: Նրանց օգտագործեցին որպես պատերազմի ավար։ Նրանց առևանգեցին և հարկադրեցին զբաղվել մարմնավաճառությամբ։ Երբ Թալիբանը եկավ, անմարդկային բռնաճնշումների ենթարկեցին կանանց՝ սահմանափակելով նրանց տեղաշարժման, արտահայտվելու ազատությունը, արգելելով նրանց աշխատել և կրթություն ստանալ, հետապնդել, նվաստացնել, ծեծել:
2003-ի գարնանը ես գնացի Քաբուլ և հիշում եմ, որ տեսա բուրքաներով կանանց, որ, չորս, հինգ, վեց երեխաները ձեռքներին, նստած փողոցների անկյուններում, գրոշներ էին մուրում։ Հիշում եմ՝ նայում էի, թե ինչպես էին նրանք զույգերով քայլում, իսկ նրանց հետևից՝ ցնցոտիավոր երեխաներ, և մտածում էի՝ ինչպես է կյանքը նրանց այս օրը գցել։ Որո՞նք էին նրանց հույսերը, երազներն ու կարոտները։ Արդյո՞ք նրանք սիրված էին։ Ովքե՞ր էին նրանց ամուսինները։ Աֆղանստանի՝ երկու տասնամյակ ձգվող պատերազմներում ո՞ւմ էին նրանք կորցրել, ի՞նչ էին կորցրել։
Քաբուլի այդ կանանցից շատերի հետ խոսեցի։ Նրանց կյանքի պատմություններն իսկապես սիրտ էին հուզում։ Օրինակ, մի կին՝ վեց երեխաների մայր, ինձ ասաց, որ իր ամուսինը ճանապարհային ոստիկան է, ամսական 40 դոլար է վաստակում և վեց ամսվա ընթացքում աշխատավարձ չի ստացել: Ինքը գոյատևելու համար պարտք էր վերցրել ընկերներից և հարազատներից, բայց քանի որ չէր կարող վերադարձնել, դադարել էին այլևս պարտքով գումար տալ: Եվ այսպես, նա ամեն օր իր երեխաներին ուղարկում էր Քաբուլի տարբեր փողոցներ՝ մուրացկանություն անելու: Ես խոսեցի մեկ այլ կնոջ հետ, որն ինձ պատմեց՝ իր այրի հարևանը, սովամահ լինելու շեմին, հացի փշրանքների վրա մկնդեղ էր լցրել և կերակրել իր երեխաներին, ապա ինքն էր կերել։ Հանդիպեցի մի աղջնակի, որի հայրը բեկորային հարվածից գոտկատեղից ներքև հաշմված էր։ Նա իր մոր հետ արևածագից մինչև արևամուտ փող էին մուրում Քաբուլի փողոցներում։
Երբ սկսեցի գրել «Հազար չքնաղ արևները», շարունակ մտածում էի այդ դիմացկուն կանանց մասին։ Թեպետ Քաբուլում հանդիպած կանանցից որևէ մեկը չէր Լեյլայի կամ Մարիամի ոգեշնչումը, բայցև նրանց ձայները, դեմքերը, գոյատևման անհավատալի պատմությունները մշտապես ինձ հետ էին, և այս վեպը գրելու ոգեշնչման հիմնական աղբյուրը սկիզբ էր առնում նրանց հավաքական ոգուց։
Այս վեպում մի քանի ուժեղ հերոսուհիներ կան։ Ինչպե՞ս եք ստեղծել նրանց։ Արդյո՞ք նրանք հիմնված են այն կանանց վրա, որոնց գիտեք Ձեր ընտանիքից ու ընկերներից, Ձեր կարդացած գրքերից, երևակայությունից։
Նրանք կապ չունեն իմ ընտանիքի անդամների կամ ճանաչածս մարդկանց հետ։ Այդ առումով, այս երկրորդ վեպն ավելի սակավ ինքնակենսագրական է, քան «Օդապարուկ թռցնողը»։ Մեծավ մասամբ, նրանք բխում են իմ երևակայությունից և 2003-ին Քաբուլում հանդիպածս կանանցից։
Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի