Մաքսիմիլիան Վոլոշինի «Լունարիա» շքեղ բանաստեղծական շարքի մեջ մի այսպիսի տող կա «Լուսնաքարե մի թռչուն՝ քղամիդով փաթաթված»։ Սրա նման մի տող ունի իրենից երկու դար առաջ ապրած Սայաթ-Նովան․ «Հնդու ղալամքարի վրա քաշիլ իս մարմաշ, նազանի»։ Ղալամքարը երևի գրչատուփի պես մի բան պիտի լիներ, պատրաստված՝ եթե «հնդու» է՝ թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարից և վրան մարմաշ՝ շղարշ քաշած։ Եվ եթե այս ամենը «նազանիին» է վերաբերվում ՝ կնոջ գեղեցկության խորհուրդը նկատի ունի։ Պարուհիները հարեմում պարել են կիսամերկ, բայց՝ շղարշների տակ։ Ոչ ոք սուլթանից, շահից կամ երեք հարյուրից ավելի կին ունեցող Սողոմոն իմաստունից ավելի լավ չի գիտեցել, թե․․․ ինչ կա այդ շղարշի տակ։ Նրանք գիտեցել են, բայց գերադասել են կնոջը նայել շղարշի տակից։ Հիջաբի գաղափարն է՛լ նույն հիմքն ունի։
Արևելքը (արաբները) գտան հանրահաշիվը՝ մաթեմատիկայի հիմքը, բայց ձեռք քաշեցին դրա հետագայից, բարձրագույն մաթեմատիկայի ապագան թողնելով Եվրոպային։ Մուհամեդն էլ է կցկտուր խոսում։ Առաջ մարդիկ աստվածների հետ խառն էին ապրում և գրում էին իրենց ու աստվածների «համատեղ» կյանքից՝ իբրև առասպելապատում։ Հետո աստվածները գնացին երկինք, հետո մարդը ինքը փորձեց աստվածանալ։ Ի՞նչ ստացվեց։ Կայծակն, ասում էին, շանթարձակ Զևսի ձեռքի գործն է – դա առասպել էր։ Գիտությունը եկավ և ասաց՝ ոչ, դա ընդամենը էլեկտրականություն է։ Բայց դրանից վերացա՞վ խորհուրդը։ Մենք գիտե՞նք՝ ինչ է առհասարակ էներգիան։ Էյնշտեյնի հայտնի բանաձևը տալիս է զանգվածի և էներգիայի կապը, բայց հասկանալի՞ է դարձնում տիեզերքը։
Հիսուս Քրիստոս մարդկանց հետ խոսեց, քարոզեց, Իր ուսմունքը տվեց առակների տեսքով։ Ինչո՞ւ։ Որովհետև հասարակ ամբոխը, որ հետևում էր Նրան, այլ կերպ չէր հասկանալու: Դա է՛լ կա։ Բայց Եթե առակներով չխոսեր՝ ուսմունք էր գրելու, իսկ սա արդեն գիտություն է։ Այն, ինչ սահմանվում է, այսինքն՝ սահմանների մեջ է դրվում, ձևի է բերվում ՝ արդեն որոշ իմաստով մեռած է։ Հետագայում Պողոս առաքյալը պիտի ասեր․ «Գիրը սպանում է»։ Սահմանելով հնարավոր չէ ոչ մի բանի էությունը լրիվ ընդգրկել, սահմանելով՝ կոնցեպտի բերելով, էությունից շատ բան դուրս է թողնվում, ձևակերպված գաղափարի տակ անվնաս ոչինչ չի լինում – մի բան անպայման հաշմված է մնում։ Պատկերացրեք, Հիսուս ի՞նչ պիտի ասեր «Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին» արտահայտության փոխարեն, որ մատչելի լիներ։ Պիտի բացատրե՞ր, թե ովքեր են մեռելները և ինչու՛ են «մեռել»՝ կենդանի մարդ լինելով հանդերձ։ Պիտի բացատրե՞ր ամբոխի էությունը՝ ժամանակակից սոցիոլոգների նման։ Իհարկե՝ ոչ։ Հիսուս գիտնական չէր, Նա ․․․ բանաստեղծ էր։ Այո, Նրա հիշատակված, գրի առնված բոլոր խոսքերը պոեզիա են։ Մարդաբանությամբ զբաղված ամենամեծ գիտնականը Նիցշեն է, բայց սա է՛լ է բանաստեղծ։ Որովհետև բանաստեղծը, որպեսզի չսպանի, չի մեկնաբանում, այլ ակնարկում է, կայծակի պես մի պահ լուսավորում է միայն – մնացածը ընթերցողի ընդունակությունների խնդիրն է ․․․
Հիմա տեսնենք, թե մեր օրերում ինչպես է մեռնում պոեզիան։ Վիլյամ Բաթլեր Յեյթսի հայտնի եռատողը՝ «Երեք դարաշրջան» վերնագրով, որ ասվածի ախտորոշումն է, մեջ չբերենք – գիտեցողը գիտի; Հիմա ի՞նչ են անում «Զևսի կայծակ մեկնողները»՝ նորօրյա բանաստղծների մեծ մասը։ Այս մեծ մասը քամահրում է պոեզիայի մետաֆիզիկական կողմը, պոեզիան մոտեցնում է կոնկրետիկային, իրերին (իրերի մակերևույթի՛ն և ոչ թե խորքին՝ գաղտնիքին՝ ինչպես ասենք, Ռիլկեյի դեպքում է) այնքան, որ դառնա ․․․ գետնաքարշ։ Կոնկրետ շարժումները՝ կոնկրետ բառերով, ոչ մի խորհուրդ չկա, ամեն ինչ հասկանալի է ․․․ լվացքի մեքենան աշխատեցնելու հրահանգի պես, այսինքն՝ կենցաղագրություն է։ Հիմնական հույսը դրված է բանաստեղծական տեխնիկայի վրա։ Հոմերոսը և ժամանակակից մի պոետ նույն բանն են ասում, բայց՝ տարբեր կերպ։ Համեմատենք երկու թեթև ատլետների՝ «Հոմերոսի ժամանակվա» և արդի։ Երկուսն էլ նույն բանն են անում– ցատկում են «Ա»-ից «Բ», բայց ատլետներից մեկը դա անում է շեղակի, ներդաշնակ, պատճառաբանված պտույտներով, մյուսը՝ ոնց պատահի, «գլուխկոնծի»։ Այլ կերպ ասած, բանաստեղծությունը խորհրդավոր են դարձնում (այո, դարձնու՛մ, և ոչ թե որևէ խորհուրդ ակնարկում /տրյուկներով/ սա ռուսերենն էր) կամ ճարպիկ հնարքներով – շատ ընթերցողների գրավում է հենց միայն այս յուրատեսակ «քյանդրբազությունը», զոր հայերենով կոչվի լարախաղացություն; Իսկ երբ սա է՛լ չի հերիքում, փոխում են բառապաշարը, գրում են «քուչի լեզվով»։
Բայց թող մեռելնե՛րը թաղեն իրենց մեռելներին՝ ինչպես ասել է հին աշխարհի մեծ պոետներից Մեկը։
Պարզեցի, որ Սայաթ-Նովայի տեքստում առկա <> բառը իրականում բոլորովին այլ իմաստ ունի, նշանակում է՝ հատուկ եղանակով զարդադրվագված կտորեղեն։ Բայց հոդվածիս շարադրանքի մեջ փոփոխություն չմտցրեցի, որպեսզի հոդվածս <>․․․
Հայցում եմ ընթերցողի ներողամտությունը։