Մհեր Արշակյան | Հովհաննես Թումանյան. Ցեղասպանության «զոհը»

Մեզ հայտնի է, թե ինչ տեղի ունեցավ Կոմիտասի հետ 1915-ին։ Նա չխելագարվեց։ Նա լռեց։ Մարդը բախվեց մի անպատմելի անիմաստությանը։ Հովհաննես Թումանյանի հետ տեղի ունեցավ նույնը։ 1915 թվականից հետո նա դադարեց լինել ազգային գրող։ Նա դարձավ Ցեղասպանության «զոհ»։ Նա լռեց ազգայինի մեջ։
Թումանյանը շարունակեց ստեղծագործել, լեզուն որեւէ կերպ չդավաճանեց նրան, բայց նա գնաց ոլորտներ, որտեղ միայն հայը չէ, որ պետք է ճանաչեր իրեն։ Կյանքի վերջում Թումանյանի գրականությունն ինքնամփոփ գիր է, նա այլեւս պատասխանատու չէ նրանց համար, որոնք կարդալու են իր տեքստը: Նա դառնում է «Փոքր Մհեր» տեքստի մեջ: 1915 թվականին նա գրում է «Հայրենիքիս հետ» «ուտոպիան»՝ ու պիտի գա հանուր խոսքի արշալույսը վառ հագած: Նա տեսնում է այդ Հայրենիքը: Բայց դա իր հայացքի «տեսողության» սահմանը չէ: Նա այստեղ դեռ հռչակում է լավագույն Հայաստանը, որն, այնուամենայնիվ, ընդհանուր չէ իր «հայացքի» հնարավորությունների հետ՝ վաղուց թեեւ իմ հայացքը անհայտին ու հեռվում, ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում: Սա նրա հրաժեշտն է «ազգային թեմային»: Գուցե հետո էլի մի երկու տեքստ գրում է, բայց մեծ հաշվով ազգայինը դուրս է մղվում: «Անհայտն ու հեռուն» կանչում են: Մոտավորապես նույն զգացումներով նա գրում է «Բարձրից» ստիխը՝ մի քիչ ավելի հասցեական առ դահիճը: Բայց ցեղասպանության տարում գրված այդ գործում արդեն Հայաստանը չկա: Նա արդեն հրաժեշտն էր տվել ազգին, բայց ոչ լեզվին:
Հետո նա գրելու է «Սիրիուսի հրաժեշտը»: Ընդհանրապես, աստղերը, «երկինքը» դառնալու են նրա թեման: Սա արդեն «Փոքր Մհերի» գիր է, այստեղ դուք ազգ չփնտրեք, ճիշտ այնպես, ինչպես Քառյակներում պետք չէ անել դա: Հովհաննես Թումանյանը հրաժեշտ է տալիս Հային: Նա հեռանում է «հայոց լեռներից, դժար լեռներից»: Ահա այս հրաժեշտի վրա էլ պետք է կանգ առնել: Ի՞նչ է տեղի ունենում: Այս ճանապարհն, ի դեպ, անցնում է նաեւ Եղիշե Չարենցը: Նաեւ՝ Կոմիտասը, բայց որպես Լռություն: Մեծ լոռեցին միայն լեզու է: Նա ուժասպառ է որպես Հայ: Այս մասին որեւէ «մատնություն» նրա բովանդակություններում չկա: Այդ «մատնությունն» այն լռության մեջ է, որը մենք այլեւս չենք անվանում «ազգային թեմա», եւ որը մեծ հաշվով սկսվում է 1915-ից: Սա նրա «խաչելության» տարին է: Ահա այս Խաչի վրա է ստեղծվում հետագա ամբողջ գրականությունը: Այս Խաչի վրա է Չարենցը կառուցում իր պոեզիան Կապուտաչյա Հայրենիքից մինչեւ «Նավզիկե»: Այս Խաչի վրա է «ծնվում» Հրանտ Մաթեւոսյանը: Թումանյանը հեռանում է կամավոր։
Ու՞ր է հեռանում լոռեցի պոետը։ Նախ հետաքրքիր է, որ մեր պոեզիայում այդպիսի «մեկուսացումներ» քիչ չենք ունեցել նույնիսկ Թումանյանից առաջ՝ Նարեկացին եւ Մեծարենցը։ Սայաթ Նովան արդեն բառացիորեն բանթող էր եղել այս աշխարհից: Նրանք՝ Նարեկացին ու Մեծարենցը, ի սկզբանե ազգայինից մեկուսացած պոետներ էին։ Ու խնդիրը ոչ թե ազգային թեմաների իսպառ բացակայությունն է նրանց գործերում, այլ թեմատիկ խաղադրույքը, որը տեքստում դառնում է բովանդակություն։ Երբ Չարենցը գրում է՝ «կա Մեծարենց, կա Տերյան, եւ բազում ուրիշ պոետներ կան», արդեն տիրապետում է մի Թումանյանի, որը «հարյավ ի մեռելոց ազգային»։ Ազգայինն այլեւս Թումանյանի հագով չէր, նեղ էր, անիմաստ էր։ Ամենայն Հայոց բանաստեղծը վերջակետվեց 1915-ին, մնաց Հովհաննես Թումանյանը` տիեզերական դպիրը: «Հայրենիքիս հետ» բանաստեղծության երկու տողը՝ ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով: Ինքն ավարտեց իր երգը: Ինքն այլեւս խոսք չունի ասելու: 1915 թվականին: Այս տողը տեսիլքն է այն պոետների, որոնց տեքստի մեկնակետը,-չցինիկանա՞նք մի քիչ,-«հայ-թուրքական բարեկամությունն» է: Այս պոետներն իրենից են սկսվում:
Իսկ հիմա Թումանյանին պատկերացրեք թքած ունենալիս: Իսկ նա իսկապես թքել է մեկ ազգության, երկու ազգության, բոլոր ազգությունների վրա: Նա հային կոտորող թուրքի ողբն է` բերանն արնոտ մարդակերը էն անբան: Թուրքն այստեղ հենց ազգությամբ պետք չէ հասկանալ, այլ մարդ, որն իրեն ազգություն է վերագրել: Թումանյանը հրաժարվում է իրեն ազգություն վերագրել, իսկ լեզուն, հայերենը ազգություն չէ. եթե նույնիսկ այն հայից հետո է ստեղծվել, հայից առաջ կար: Ինչու՞ ինքն, այնուամենայնիվ, Նարեկացի չէ: Որովհետև նա Աստծո հետ խոսելու թեմա չունի: Չասենք ինչու: Ուղղակի չունի: Նա սկսում է մենախոսել Անհայտի հետ առանց Աստծո: Նա այդ Անհայտին դեմքով գիտի ու գիտի, որ դա Աստված չէ: «Բարձրից» բանաստեղծությամբ նա արդեն արձանագրել է, թե ինչպիսին են լինում «աստվածները» եւ Աստված: Ներկացին Աստծուն իր տեսադաշտից չէր թողնում, նա գրեթե նույնացված էր, Թումանյանն այդպիսին չէր, նա Աստծուց դենն էր գնացել: Նա առաջինն էր հայ բանաստեղծներից, որն Աստծուց դենը ճանաչեց դեմքով: Ահա ինչու նա այդպես էլ չի հասկանում, թե ինչ տեղի ունեցավ 1915-ին, ի վերջո նա տեսել էր նաեւ Նարեկացու «պարտությունը»: Նա ոչ թե բացատրություն չունի Աստծո, այլ Աստված արդեն քիչ է բացատրության համար: Աստծով հնարավոր է բացատրել այս աշխարհը: Բայց դա քիչ է հասկանալու համար մարդուն, որն իր դիմացինին սպանում է առաջին վայրենու բնազդով:
Թումանյանը ոչ մեկին չի մեղադրում: Որովհետեւ նա արդեն մեզ է շպրտել իր Անհայտը տեսած աշխարհը: Էդ աշխարհում մեղադրանք չկա: Նա գիտի, որ հնարավոր չէ առանց ազգության,- լեզուն թույլ չի տա դա մոռանալ,- բայց իր տեսադաշտում անեծք չկա: Հովհաննես Թումանյանն ուզում է լինել թուրքի մեջ: Ուրիշ ոչ մի պատգամ նա չունի՝ Աստված պահի քո բալին, ո՞նց էր համը իմ ձագի: Երկու շշմելի բան կա այս երկու տողում՝ հեգնանք եւ որդուն, երեխային համի պատմության, համն իմանալու միջոցով գրկելու, կարոտն առնելու մղում: Մենք Թումանյանին դեռ պետք է ստեղծենք: Այսօր նա բանաստեղծ չէ, այլ՝ կլիշե: Բայց նա երկնքի բանաստեղծ է ի սկզբանե: Իսկ երկինքը հասցե չունի: Մենք գիտենք 1915-ից հետո որբախնամ Թումանյանին, բայց մենք չգիտենք այն բանաստեղծին, որը դադարեց լինել հայ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *