Պոլ Էլյուար | Անհողդողդ*

Բանաստեղծությունների «Անհողդողդ» (A toute épreuve) շարքն առանձին գրքով լույս է տեսել 1930 թվականին, բայց 1932 թվականին զետեղվելով «Կյանքն անմիջական» ընդհանուր վերնագրով բանաստեղծությունների ժողովածուի մեջ՝ «Անհողդողդ» շարքն արդեն միավորում էր երկու առանձին շարքեր՝ «Աշխարհ-մենություն» և «Պատրաստություններ», որոնք նաև լրացվել էին:

1958 թվականին Պոլ Էլյուարը բանաստեղծությունների «Անհողդողդ» շարքը հրատարակեց Խոան Միրոյի նկարազարդումներով, որի հետ շուրջ տասը տարի աշխատել էր՝ եզակի գիրք ստեղծելու համար, նրանց խոսքով՝ «Պլաստիկ ներդաշնության» գլուխգործոց։ Միրոյին բնորոշ անկերպարան (amorphous) ձևերը՝ տպագրված մաքուր, շլացնող գույներով, դիտողին մղում է տեղափոխվել տեքստից պատկեր և պատկերից տեքստ՝ նոր կյանք ու իմաստ հաղորդելով թե՛ Էլյուարի պեոզիային, թե՛ Միրոյի նկարներին։

 

Պատրաստություններ

Confections

 

I

Պարզություն անգամ գրելու համար
Այսօրվա համար ձեռքն այստեղ է։

II

Չափազանց հուզիչ է
Բացատրվել չկարողանալը
Հույժ ակնհայտ է պատասխանատու լինելը
Անծանոթի սխալների համար
Որ խոսում է օտար լեզվով
Լինել օրվա լույսի մեջ և փակ աչքերում
Ուրիշի որ հավատում է միայն իր գոյությանը։

Խավարի հրաշքները ձեռք բերելու համար
Լինել անտեսանելի բայց ազատագրող
Ամբողջությամբ յուրաքանչյուր գլխում
Միայնությունից խենթացած
Անկումն ուժերի և մարդկային ձևի
Եվ այդ ամենը գլխի մեջ
Թե՛ ուժը մահացու թե՛ ձևը մարդկային
Եվ ամենը որ բաժանում է մարդուն ինքն իրենից
Բոլոր գոյությունների միայնությունը։

 

III

Հարկ է ավելի մոտիկից տեսնել
Հետաքրքրասերներին
Երբ ձանձրանում ես։

IV

Ծովային քամիների խելահեղությունը
Նավեր հին դեմքերի
Մշտական կացարան
Եվ զենքեր պաշտպանվելու համար
Լողափ պակաս մարդաշատ
Միայն մեկ կրակոց
Հոր ապշանքը
Վաղուց մահացած։

V

Դրանով շատ չհպարտանալով խուսափելով իմ աչքերից
Հրաժարումն այդ չբացահայտելով մոռացված գանգատը
Խուսափելով իմ աչքերից նա իջեցնում է
Ակնոցը ներա աչքերին
Իր որսն է լքում կենդանին
Նրա գլուխն օրորվում է հանց ոտքը
Նե առաջանում է նե հետ է քաշվում
Նե հաստատում է սահմանները ծիծաղի
Քանդեք ծաղկանոցները ծաղրի
Նման են բոլոր իրերը։

VI

Գլխարկների վրայով
Ծովարծիվների մի գունդ արշավելով
Կոշկագործների գունդ է
Հուսախաբ ֆետիշիստների բոլոր հավաքածուները
Գրողի ծոցը։

VII

Ազնվորեն ձեռք բերված ոսկե աղետներ
Եվ անազնվորեն ձեռք բերված արծաթ։

VIII

Բոլոր այս մարդիկ ուտում են
Նրանք որկրամոլ են, գոհունակ
Եվ երբ ծիծաղում են ավելի շատ են ուտում։

IX

Դատապարտում եմ փաստաբանին ես նրան ամբաստանյալ կծառայեմ
Ես թագավորում եմ թունելում հավիտյանս

X

Արդ
Բնական ջուր
Մահանում է առանձնատների մոտ

Տանտերը կարող է խոսել իր որդու հետ, որը լռում է
Նա ամեն օր չէ որ խոսում է

Ամենը որ պիտանի է քսան րոպե
Եվ չորս մարդու համար
Խլում է ձեզանից ծիծաղելու ցանկությունը

Որդին հարբեցող է ձևացնում։

XI

Թռչուններն անտառ են բուրում
Ժայռերը՝ նրանց գիշերային մեծ լճերը։

XII

Հաղթել կիսադեմի խաղը
Թող թռչունն իր թևերի մեջ մնա։

XIII

Փոթորիկներից պատսպարված շոգիանում է ալիքը երեկոյի։

XIV

Շիկացած երկաթի ձուլակտորը մինչ սպիտակելը բորբոքում է ալոճենուն։

XV

Իրենց խելքով և հմտությամբ
Սովորական մի գոյություն

Ռիսկի իրենց տարօրինակ ճաշակով
Խորհրդավոր մի ուղի

Վտանգավոր այս խաղում
Մեռնում է նրանց ոտքերի տակ դառը մորմոքը։

XVI

Ինչու են նրանց վազեցնում
Նրանք վազելու համար չեն
Վաղաժամ գալուստ
Ուշացած մեկնում

Հետդարձի ինչ ճամփա
Երբ դանդաղկոտություն է դրան խառնվում

Հակառակ ապացույցներ
Եվ անպետքություն։

XVII

Ոսկե խարտուք գանձարան ջրափոս
Լուսնոսկին գարշելի հովտի խորքում
Բնակիչները որի ձեռքեր չունեն այլևս
Սովորեցնում է խաղացողներին դուրս գալ իրենցից։

XVIII

Անշարժ
Ապրում եմ այս ծորենու մեջ և իմ ճանկն է իջնում
Սքանչելի կրծքին թշվառության և ոճրագործության։

XIX

Սրահը սև լեզվով լպստում է իր տիրոջը
Նա զմռսում է նրան նա հավերժության տեղն է բռնում։

XX

Բերեզինան անցնելը մեծ կրծքերով շիկակարմիր մի կնոջ։

XXI

Նա իր ձեռքերի մեջ է առնում
Պսպղուն շողեր հանդիպումների պահին
Թիակներին ուսերին կրծքերին
Այնուհետև ամպով թաքնված։

Նե տանում է ձեռքն իր սրտին
Նե գունատվում է նե դողում է
Արդ ո՞վ ճչաց։

Բայց մյուսը եթե կենդանի է նա դեռ
Կվերագտնենք նրան
Անծանոթ քաղաքում։

XXII

Հոսող արյուն սալաքարերին
Սանդալներ է ինձ համար պատրաստում
Փողոցի մեջտեղում աթոռի վրա
Կրեոլյան փոքրիկ աղջիկներին եմ հետևում
Որ դուրս են գալիս դպրոցից ծխամորճ ծխելով։

XXIII

Նահանջելիս սուտ ջերմեռանդությունը պետք է վառվի։

XXIV

Չպետք է իրականությունը տեսնել այնպիսին, ինչպիսին ինքս եմ։

XXV

Իբրև բացառություն քաղկեդոնաքարը թույլ է տալիս որսալ
Շների երախի թովչական աշխարհում։

XXVI

Ամբողջ կյանքս հոսել է կնճիռներիս մեջ
Հանց ձևավորման ագաթ
Ամենագեղեցիկը մահադիմակներից։

XXVII

Վաղը կփախչի գայլը դեպի սարսափի մութ հյուսվածքը
Եվ անմիջապես ագռավը կվերածնվի ավելի կարմիր քան երբևէ
Զարդարելու համար գավազանը ցեղապետի։

XXVIII

Ծառերը սպիտակ ծառերը սև
Ավելի ջահել են քան բնությունը
Ծննդյան այդ դիպվածը վերագտնելու համար հարկ է
Տարիքն առնել։

XXIX

Ճակատագրական արև ապրողների շարքից
Չեն պահպանի քո սիրտը։

XXX

Կարող է հանգստանալ նա, ով քնած է
Նա չի տեսնում գիշերը նա չի տեսնում անտեսանելին
Նա մեծ ծածկոցներ ունի
Եվ արյան բարձեր ցեխի բարձերի վրա

Նրա գլուխը տանիքների տակ է, իսկ ձեռքերը փակ են
Հոգնածության գործիքների վրա
Նա քնում է իր ուժերը փորձելու համար
Ամոթ է լինել կույր այդպիսի մեծ լռության մեջ։

Ափերի մոտ որոնք ծովն է մերժում
Նա չի տեսնում լուռ կեցվածքները
Քամու որ մտցնում է մարդուն իր արձանների մեջ
Մինչ հանդարտվում է ինքը։

Քնի բարի կամքը
Մի ծայրից մյուս ծայրը մահվան։

© Թարգմանությունը ֆրանսերենից՝ Թոնդրակի։

* Թարգմանությունն արված է Պոլ Էլյուարի «ԿՅԱՆՔՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ» (La Vie immédiate) բանաստեղծությունների ժողովածուից (1932)։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *