Վահե Արսեն | Կանաչ Աստվածների Վերադարձը

Սրճարանային մտորումներ…

և ոչ միայն

Բացօթյա սրճարանը լավագույն փրկիչն է,
հատկապես, երբ
օրը կորցնում է տարեթիվ և խորհուրդ…

շարժվում տիեզերական ներքին-օրենքներով,
ուր մարդը լոկ հետևանք է…

եվ ինձ թվում է, թե անտեսանելի եմ
մարդկային այս օվկիանում,
և իրականություն-ծերություն որսացանցը միշտ
կողքովս է անցնելու,
ամենաշատը` ոտնաթաթիս քսվելով…

Այո, տանից դուրս գալը, երբեմն օգնում է բոլորից թաքնվել…

միշտ չէ, որ սուզումը անկում է,
մոտոցիկլետ-պոռթկումը` մահ և հաշմանդամի սայլակ…

սրճարանը մի նոր իրականություն է,
մատուցողուհին` մի ամբողջ տիեզերք,
և մոռացություն…

Եվ մինչ ես սպասում էի նրա աշխատանքային օրվա ավարտին,
Եղանակը կրկին փոխվում էր…

Անհոգության ժամերը մոտենում են,
նույնիսկ կարելի է ուրախանալ,
ժպտալ կողքի սեղանի ջահելներին (թեկուզ եվրոպացու չտպավորվող ժպիտով),
հրճվել,
որ ծաղիկը կարող է բետոն խարանել,
որ քաղցկեղը նույնպես բթանում է և քուն մտնում,
որ ես ու հարևաններս ամենակարևորն ու
անփոխարինելին ենք տիեզերքում,
և առանց ինձ էլ ոչ մի պտույտ և բազմացում…
ոչ մի պարտություն…
հա…, հա…
պարտություն…

Դե ինչ,
չխոսենք էպիլյացիայի վերջին տիեզարական-ձեռքբերումներից
և մեքենաների վակումային փակվող կափարիչներից,
կայարանը ինքը մեզ կգտնի,
և այս շուրջպարը, թվում է, մեր էությունն է անվարան,
ամեն քայլափոխի ընդհատվող:

Ժամը շատ ուշ է,
առօրյա գործերի համար սնանկ,
արդեն կարող եմ մտովի զբոսնել,
ճաշել, սեռահարաբերվել և վերհիշել-մասնակցել
«Կանաչ կենտրոն» ինքնամաքրմանը:

Վերցրու ուրիշի դեն նետածը և դարձրու այն քո մի մասնիկը,
թափոնը վերածիր խաչի և բարության,
փրկիր ինքնասպանությանը հակվածներին,
նրանց ասելով, որ…

սրա նման ռոմանտիկ-քրիստոնեական բաներ,
իսկ դպրոցականների մի խումբ ինձ էր նայում այդ օրը
առավոտյան,
սվիֆթյան ծիծաղով-քմծիծաղով,
նորատունկ ծառերը դարձնում անիմաստ…
կանխատեսելի…
օտար…

Հերթով հանգչող լույսերը ինձ հաճախորդից վերածում են
օտար մարմնի,
ստիպում արագացնել խզբզոցս մթությանը ընդառաջ,

և այս կաֆեն էլ շուտով կմնա անտեր-
-պահակին ընկեր,
իսկ մատուցողուհին ինձ աչքով է անում…
լուռ հուշում,
որ Ձիահը ահն է միայն ձիերի,
ինձ համար հեռու անիրական…

Առավոտյան-
-օտար-խոնավ անկողին,
մեկժամյա քնից անդին շոշափեցի իրականությունը և մրմրթացի-
-Ազատ էղա, կզանգեմ…

14.06.2005թ.

Հեռացող Հայելի

Ձյունը մեղմ ծածկեց ինքնություն-քաղաքս,
և դատապարտված`
ես բարձրացա փաթիլն ի վեր,
դեպ ձնաղացները նախնական:
Ոչ շատ հեռու`
լոգարանիս խոսող հայելում,
օդը կախարդական գորգ է դառնում
և գանգատվում բրդյա բախտից:

Փողոցից`  նրբանցք,
նրբանցքից` փողոց,
սուլելով քամու սիրերգ ոռնոցը`
ես սահեցի
դեպի շենքերը ապակեպատ,
որ փարոս են,
թե ապակին կոտրես մերկ ձեռքով
և վարագույրը թևեր սարքես քամուն:

Փարոս էր ամեն մի կայծ,
լուսատիտիկ,
թե` քարակերտ նախնական կրակ ու
կրակայրիչով տաքացվող գդալ:
Հենց այստեղ է աղբյուրն արարման`
աղոթքը ծածկագիր է,
աղոթատեղին` նստարան,
և կիսարթուն մի ժամապահ համրում է
հեռացող քայլ-արձագանքնե՜ րը, նե՜ րը, նե՜ րը, նե՜ րը, նե՜ րը…

Ամենը կրակ էր`
ջրահարս, թե տատասկ-փշալար,
և թե լռությունը անտառի:
Եվ Արևն Աստված էր,
փոքրիկ մի արև գրպանումս պահված:

Այլաբանություն

Ես կարող եմ
գրել սիրո մասին,
այսօր,
երբ ձյունը մատնում է
անտեսանելի էակներին,
երբ մետրոն մի պահ
արևին աչքով է անում և կրկին
մայր մտնում,
երբ զարդատուփի պարուհին դանդաղեցնում է
երազ-պտույտները,
և իրերն է արցունքով զննում,
ես կարող եմ գրել սիրո մասին:

Հիմա զբոսնում եմ, գիշերն էլ ինձ հետ,
սեփականացնում մայթի բոլոր լապտերները,
իսկ Արևը դաժան էր,
լապտերները` սառույց,
կներես,
այդ ես եմ`
Վահե Արսենը,
թիկունքովս թիակներիդ հենված,
կչքվեմ, թե շրջվես,
վրահաս փողոցի անկյունում,
«Պալերմո»-ից զեղչ-գնված կոշիկներով
տրոհվող բետոնին ամուր կանգնած,
կտրված ծառերի հարևանությամբ
ես կարող եմ գրել սիրո մասին:

Քամին իր ուրվական երգն է երգում,
ընդհատվում ռադիոընդունիչի խզզոց-հազով,
և ամեն շշուկ համերգ է,
այլաբանություն,
անձրև,
հարյուր տարի անընդմեջ,
մաշկս մրսում է,
ուրվագծվում,
սրբիր ճակատիս քրտինքն ու
վերցրու քեզ հետ,
ես կարող եմ գրել սիրո մասին:

02.01.05թ.

Քաղաքը երբեմն զարթնում է…

կամ Ժամանակի ժանգոտ քաղաքը

Քաղաքը երբեմն զարթնում է…
Զարթնում է առավոտվա արխիվում,
զարթնում է և երկաթյա մեղուներ ծնում:
Էքսպրես լուսանկարվում պատառոտված ֆոտոթղթի վրա:

Քաղաքը կանխորոշված է ափիս մեջ…

Մենք կանխորոշված ենք մեր Քաղաքում…

Եվ քաղաքն արդեն լրացնում է մեկ օրեկան փոշով ծածկված օրագիրը`
թաքուն պոկելով նախորդ օրվա էջը թափանցիկ-ընտրական
և դառնում է գրականություն
սեփական ցավը վավերագրողների համար:

Ճիչ ու ոռնոց,
հեգնանք ու լաց և
աղբաման բերանը բաց…

քաղաքի սիրտը, կարծես, մեռնում է ականջիս մեջ,
լսում եմ լռության մարող թշշոցը և սկսում փնտրել,
փնտրել Աստծուն,
փնտրել մանրադիտակով,
Յուպիտերից մարդկային մեկ կյանք դեպի Արև`
սև անցքով կեգել-բան խաղալիս,
կամ ժամանակի փամփշտաթմբուկը պտտելիս`
ռուսական ռուլետկայի ոճով,
որ երբեմն…
պատկերացրեք…
սպանում է…

Եվ ինչ-որ մի անկյուն-մոլորակում միշտ պատերազմ է և
թերթերում ֆոտոլուր դարձած մանկություն,
Իրականություն և ռումբի պայթյուն, պայթյուն, պայթյուն…
Անշեփոր պատերազմի դաշտով հիմա հարսնացուների շքերթն է անցնելու,
Իսկ ընթրիքից հետո մերժվածները կապստամբեն,
և մարդն ու ափը բռունցք կդառնան:

Ռազմի դաշտում միշտ գիշեր է…

Կարո՞ղ է գիշերը փոխել մեր մեջ ինչ-որ բան,
թեկուզ աննշան,
կարո՞ղ է ներշնչել բռնակ-հոգուս, որ արևը մեռել է
նախորդ օրը`
նախորդ օրվա հետ միասին,
և օրերը երազներ կդառնան,
տեղանքը`
փոշի և խուզարկու շուն:

Կա´նգ առ, ժամանակի մեքենա,
մերձավորի գազը թանկանում է,
թշնամու նավթը` նույնպես,
իսկ նավը Կիլիկիո նույն ռուսական «Ուրալն» է քարշ տալիս
լեռնանցքն ի վար
դեպի…
ծովից ծով Հայաստան:

Ժամանակի մեքենա, վերափոխվի´ր առանց կախարդական փայտիկի,
(մոռացել-թողել եմ այն գիտակցական-ենթագիտակցական կանգառում
կամ երբևէ չեմ էլ ունեցել…)

Վերափոխվիր և դարձիր ինձ համար
էժանագին-հնամաշ դեղին մի տաքսի,
և պտտիր ինձ իմ Երևանում,
այսօր,
առաց կյանք-հաշվիչի,
ինձ համար իրական կամ
թվացյալ իրական ժամանակներում:

զգուշացեք…
դռները փակվում են…
հաջորդ կանգառը` «Անհայտություն»…

Ես հրաժեշտ կտամ գրպանային-սեփական տիեզերքիս,
և խաղալիք-լուսնագնացս կդառնա անհրաժեշտ
պահեստամաս քեզ համար:

09.01.2006թ

SAMSUNG` ԹԱՔՆՎԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

(Հանրաքվեից առաջ…)

Մաս 1-ին

Անցյալս Արև էր,
Ներկաս` լուսին և աստղեր,
ապագաս` second hand:

Թաքնվելն անհնար է
Samsung-ի հրավառ գովազդից,
հատկապես` երբ ձյունն է իջնում,
իսկ դու մենակ ես,
ներսում,
պատուհանին անգույն գոլորշի ես նկարում,
թաքնվելն անհնար է,
փաթիլը կգտնի քեզ
ամեն մարդ-վայրում:

Թաքնվելն անհնար է
քաղաքական տիղմ-քամիներից,
երգող, պարող այոյիկ-ոչիկներից,
և թե «ճիշտ» ընտրես,
ձմեռը անհապաղ թոշակի կանցնի,
իսկ դոլարը շպագատ կիջնի Չարենցի արձանի դեմ-դիմաց,
37 թվանշանից
թաքնվելն անհնար է
նաև դար 21-ում ,
ազատություն սիրողի համար`
ճաղարանքի 10 սանտիմետր,
խոնավ, մեզով ներծծված
տափակ մի պատ:

Թաքնվելն անհնար է Բուզանդի
համարակալված պատերի հետևում,
համարներ` գրված անգույն գրիչով`
մշուշ-ապագայում
մարդուն դեռ անհայտ
նյութերով վերծանելու համար:
Թաքնվելն անհնար է
նույնիսկ հետադեմ
Death Metall -ի վայրագ-ժամանակի աղմուկից,
այրիր էլեկտրակիթառդ,
սնիր հոգիս,
կրակը ուժ է կենարար
ռաբիս-այլընտրանքը մոխրացնելու համար:

Երկաթի,
երկաթյա,
երկաթակոփ օրեր,
թաքնվելն անհնար է երկաթյա մահակի
ուսադիր-հարվածից,
նախարարի որդու երկաթյա բամպերից,
ասեղի երկաթյա ծակոցից,
առաստաղից կախված ճոճանակ-հոսանքալարից,

թաքնվելն անհնար է:

Առանց հոսանքի կյանքն անհնար է…

Թաքնվելն անհնար է
լուսամփոփի պես աղջնակից,
մենք թեյում էինք հենց նրա` ընտրություններից կոփված
աշխատասենյակում,
թեյախմություն,
որ վերածվում էր ներկայիս հետ առերեսման,
կամ թե` ինչպիսին կլիներ ներկան,
թե գտնեի անցյալիս ոսկե բանալին
դռնակից այն կողմ,
կյանքդ վերածիր կոմպյուտերային
լաբիրինթոս-խաղի,
սկսիր նորից. թե տանուլ տաս,
տաքացրու երեկվա սառած սուրճդ,
կոտրված սիրտդ կարող ես սոսնձել
ժամանակի կպչուն ժելեով,
կարող ես հրաժեշտ տալ ուղեղիդ գերագույն հերոսին`
Թրիսթրամ Շենդիին,
կրկին փորձել զավակաշինությանդ գործն ազնիվ,
մինչև…
մինչև որ կծնվի թագաժառանգ
և թագ արարելու ժամանակը:

Իսկ վաղն առավոտից ես դիտորդ եմ
սահմանադրական բարեփոխված բարեփոխումների թափանցիկ կուսաթաղանթի
տեղամասում
(այս մասին, իհարկե, հաջորդ դասին),
ճանապարհին անցնելու եմ հենց Samsung-ի խանութի մոտով,
կարճ ասած`
Թաքնվելն անհնար է…

25.11.05թ. ժամը 00:33

© Վահե Արսեն

Share Button

3 Կարծիք

  • ծաղիկը կարող է բետոն խարանել…
    դոլարը շպագատ կիջնի Չարենցի արձանի դեմ-դիմաց…
    քաղաքի սիրտը կմեռնի ականջիս մեջ…
    կարճ ասած`
    Չարձագանքելն անհնար էր…

  • ***** says:

    Մեկ է. ճանապարհին պետք է կոտրվեին անիվները…
    Անցավ ժամանակը…

  • knerek angleren tareri hanar kanzi hamakargchin lav chem tirapetum.kecces Vahe shat xorn es grum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *