ՌԱԶՄԻԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ | Ժամանակակից իրանական բանաստեղծություն

Իրանական պոեզիա
ԱՀՄԱԴ ՇԱՄԼՈՒ

———————–

ՁՈՒԿԸ

ես մտածում եմ
սիրտս երբեք չի եղել
այսպես
կարմիր ու տաք

զգում եմ
այս մահածին գիշերվա
ամենամութ պահերին
արևի հազարավոր աղբյուրներ են բխում
սրտումս
անկասկած

զգում եմ վհատության այս աղուտի
ամեն մի անկյունում
հազարավոր զվարթ անտառներ են
ծլում հողից
հանկարծ

ով դու կորած վստահություն
ով խուսափող ձուկ
Իրար մեջ արտացոլված հայելիների ճահճում
ես պարզ մի լճակ եմ Հիմա սիրո կախարդանքից
հայելիների ճահճուտներից մի ելք գտիր դեպ ինձ

ես մտածում եմ
երբեք չի եղել իմ ձեռքը
այսպես մեծ ու ուրախ

զգում եմ աչքերիս մեջ
մի երգի անխավար արևն է խոր շնչում
կարմրագույն արցունքի ջրվեժի փոխարեն

զգում եմ
իմ ամեն մի երակում
սրտիս զարկերի հանգույն
հիմա
մի-մի քարավանի արթնության
զանգակներ են զնգում

դռնից ներս մտավ
մի մերկ գիշեր
նման ջրի ոգուն
կրծքում երկու ձուկ
ձեռքին հայելի
թաց վարսերը մամռաբույր
մամուռի պես խռիվ

ես վհատության շեմից գոռացի
ով գտած վստահություն
ես քեզ ձեռքիցս բաց չեմ թողնելու…

***
Մեր կողմերում գիշեր չկա
ձայնը չի հաշտվում լռության հետ
բառերն են սպասումի մեջ

ես քեզ հետ մենակ չեմ
ոչ-ոք ոչ-ոքի հետ մենակ չէ
գիշերը աստղերից ավելի մենակ է…

մեր կողմերում գիշեր չկա
պատրույգների կողքին լուցկիներն են անհամբեր

փողոցի ցասումը բռունցքիդ մեջ է
շուրթերիդ վառ երգն է հղկվում
Ես սիրում եմ քեզ
և գիշերը սարսափում է իր խավարից

Համընդհանուր սեր

արցունքը գաղտնիք է
ժպիտը գաղտնիք է
սերը գաղտնիք է

այն գիշերվա արցունքը ժպիտն էր սիրուս

Հեքիաթ չեմ որ պատմես
մեղեդի որ երգես
շշուկ որ լսես
մի բան որ տեսնես
իմանաս

ես միասնական ցավն եմ
ճչա ինձ

ծառն անտառի հետ է խոսում
խոտը դաշտի
աստղը տիեզերքի
և ես քեզ հետ եմ խոսում

անունդ ինձ ասա
ձեռքդ ինձ տուր
խոսքդ ինձ ասա
սիրտդ ինձ տուր

ես ըմբռնել եմ քո արմատները
քո շուրթերով զրուցել եմ բոլոր շուրթերի հետ
ու ձեռքերդ ճանաչում են իմ ձեռքերը

լուսավոր մենության մեջ արտասվել եմ քեզ հետ
ողջերիի համար
և խավար գերեզմանատնում քեզ հետ երգել եմ
ամենագեղեցիկ երգերը
որովհետև այս տարվա մեռելները
ամենասիրահարված ողջերն են եղել

ձեռքդ ինձ տուր
ձեռքերդ ճանաչում են ինձ
քեզ հետ եմ խոսում ում ուշ եմ գտել
ինչպես ամպը փոթորկի
ինչպես խոտը դաշտի
ինչպես անձրևը ծովի
ինչպես թռչունը գարնան
ինչպես ծառն է խոսում անտառի հետ

որովհետև ես
ըմբռնել եմ քո արմատները
որովհետև իմ ձայնը
ծանոթ է քո ձայնին

ՍՈՀՐԱԲ ՍԵՓԵՀՐԻ
————————–
Ծաղկաստանում

դաշտերն ի՜նչ լայնարձակ,
սարերն ի՜նչ բարձր…

ծաղկաստանում ի՜նչ խոտի բույր էր բռնկվել.
ես այս շեն ավանում ինչ որ բան էի փնտրում
ինչ որ երազ երևի,
լո՜ւյս, խճաքար, կամ… մի ժպիտ գուցե…

բարդիներից այն կողմ,
մոռացության մաքրությունն էր կանչում ինձ.

եղեգնուտի մոտ մնացի,
քամի էր.
ականջ դրեցի,
այս ո՞վ է ինձ հետ խոսում.

մի մողես սողաց.
ճամբա ելա.
առվույտի ցանքսեր ճամբի վրա,
հետո վարունգի ծաղկագույն թփերը.
և հողի մոռացությունը…

ջրի ափին,
չարուխներս հանած,
նստեցի.
ոտներս ջրի մեջ.

ի՜նչ կանաչ եմ ես այսօր.
և ի՜նչ արթուն է մարմինս.
չլինի թէ մի թախիծ հայտնվի
սարի ետևից.

ո՞վ կա ծառերի հետևում.
հե՜չ, մի կով է պտտվում արտում
ամռան կեսօր է.
ստվերները գիտեն թէ ի՜նչ ամառ է…
պայծառ ու մաքուր մի անկյուն.

զգացումի մանուկներ, խաղալու տեղն՝ այստեղ է…

կյանքը ունայն չէ,
բարությունը կա, խնձորը կա, հավատքը կա.
հա…
քանի դեռ կակաչը կա
պիտի ապրել.

լույսի բացատի նման,
վաղորդյան քնի պես,
իմ սրտում մի բան կա…

ու ես այնքան անհամբեր եմ,
որ սիրտս ուզում է
վազել մինչև դաշտի ծայրը…
ու բարձրանալ մինչև լեռան գագաթ …

հեռուներում մի ձայն կա,
որ ինձ է կանչում…

***
մեկը չկա
արի գողանանք կյանքը
ու բաժանենք երկու հանդիպման մեջ
արի քարի վիճակից մի բան հասկանանք
ու բաները ավելի շուտ տեսնենք
արի բառի պես հալվիր իմ լռության տողի մեջ
և հալեցրու ափիս մեջ
սիրո լուսավոր մարմինը

ԼՈՅՍԸ, ԵՍ, ԾԱՂԻԿԸ, ՋՈՒՐԸ

ամպ չկա
քամի չկա
նստում եմ ավազանի պռնկին.
ձկների պտույտը, լույսը, ես, ծաղիկը, ջուրը,
կենաց ճյուղի մաքրությունը

մայրս ռեհան է քաղում
հաց ու ռեհան ու պանիր, անամպ երկինք, թաց բաղեղներ
փրկությունը՝ մոտ, բակի ծաղիկների արանքում

պղնձյա թասի մեջ ինչ շոյանք է շաղում լույսը,
բարձր պատի գլխից ելարանը առավոտն է իջեցնում հողին,
ամեն բան թագնված է ժպիտի տակ.

ժամանակի պատը մի անցք ունի
որից իմ դեմքն է երևում

կան բաներ որ ես չգիտեմ
բայց իմանում եմ եթէ մի խոտ քանդեմ՝ կմեռնեմ

բարձրանում եմ վեր, մինչ գագաթը, ես թևի ու փետուրի թռիչքն եմ
խավարի մեջ ճանապարհն եմ տեսնում, ես ճրագի թռիչքն եմ
ես լույսի թռիչքն եմ ու ավազի
ու լեցուն եմ ծառ ու թփով

ես լցված եմ ճանապարհով, կամուրջով, գետով, ալիքով
ու լցված եմ տերևի ստվերով տարածված ջրի վրա.
ինչ մենակ է ներսս

ՖՈՐՈՒՂ ՖԱՌՌՈԽԶԱԴ
——————————–
***
կարող ես մնալ տեղում
վարագույրի մոտ
բայց կույր
բայց խուլ
կարող ես ճչալ
խիստ կեղծ
խիստ օտար ձայնով
«ես սիրում եմ…»

կարող ես տղամարդու տիրակալ բազուկներում
առողջ ու սիրուն էգ լինել
կաշվե սփռոցի նման մարմնով
երկու խոշոր պինդ ծծերով
կարող ես մի հարբածի
մի ցնդածի մի թափառաշրջիկի անկողնում
պղծել մի սիրո անմեղությունը
կարող ես լարովի տիկնիկների նման
ապակյա աչքերով նայել քո աշխարհին
կարող ես թավշապատ տուփի մեջ
դարմանով լցված մարմնով
տարիներ ննջել քողերի ու փայլերի մեջ
և ամեն պիղծ ձեռքի հպումով
գոռալ՝
Ա՜հ…« ես ինչ երջանիկ եմ…»

***
ոչ մի որսորդ մարգարիտ չի որսա
փոսի մեջ թափվող խղճուկ առվակի մեջ

ես մի փոքրիկ տխուր փերի եմ ճանաչում
որ բնակվում ա մի ովկիանոսում
ու իր սիրտն ա հանդարտ հանգիստ նվագում
փայտե սրինգով

մի փոքրիկ տխուր փերի
որ գիշերով մի համբույրից մեռնում ա
և մի համբույրից կծնվի լուսաբացին

***
Քեզ կանչեցի…
Իմ ամբողջ էությունը
մի գավաթ կաթի նման
ափիս մեջ էր

լուսնի կապույտ հայացքը
զարկվում էր ապակուն
մի թախծոտ երգ
ծխի պես բարձրանում էր
ծղրիդների քաղաքից
ծխի պես սահում էր
պատուհանների վրա…

ամբողջ գիշերն այնտեղ
իմ կրծքի մեջ
մեկը հուսահատությունից
շնչակտուր հե…
հևում էր…

մեկը տեղից ելնում էր
մեկը քեզ ուզում էր
երկու սառը ձեռք կրկին
նրան վանում էր…

ամբողջ գիշերն այնտեղ
գորշ ճյուղերից
թախիծը ծորում էր…
մեկը քէզ կանչում էր:

Պարսկերենից թարգմանությունը` Ռազմիկ Ամիրխանյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *