Հայնրիխ Բյոլ | Դիտարկումներ իռլանդական անձրեւի մասին

Այստեղ անձրեւն առատ է, հոյակապ եւ սարսափեցնող: Այդ անձրեւը պղտոր ջուր անվանելը նույնքան անհարիր է, որքան այրող արեւի ճառագայթները հաճելի եղանակին վերագրելը: Այն պարզապես եղանակ է, իսկ եղանակը փոթորկոտ է լինում: Եվ այն վստահորեն հիշեցնում է, որ իր տարերքը ջուրն է` թափվող ջուրը: Իսկ ջուրը ծանր է: Պատերազմի ժամանակ ես մի անգամ ականատես եղա, թե ինչպես է այրվող ինքնաթիռն իջնում Ատլանտյան օվկիանոսի ափին. օդաչուն այն մոտեցրեց ծովափին եւ փախավ պայթուցիկ մեքենայի մոտից: Ավելի ուշ ես հետաքրքրվեցի, թե ինչու այրվող ինքնաթիռը ջուրը չմտցրեց, եւ նա ինձ պատասխանեց. «Որովհետեւ ջուրն ավելի ծանր է, քան ավազը»:
Ես երբեք չեմ հավատացել նրան, բայց այդ պահին հասկացա, որ ջուրը ծանր է: Եվ որքան ջուր է հորդում չորս հազար կիլոմետր օվկիանոսից, որը բերկրանք է պատճառում, քանի որ վերջապես հասել է մարդկանց, տներին, ամուր ներթափանցել հողի մեջ: Ի վերջո, կարո՞ղ է անձրեւը տարերային դառնալ միայն ջրի մեջ թափվելով: Հետո, երբ էլեկտրական լույսը մարում է, երբ ջրափոսից բարձրացող առաջին շիթը ողողում է դռան շեմը եւ փայլփլում բուխարու լույսի ներքո, երբ երեխաները թողնում են խաղալիքները եւ սկսում զբաղվել խցաններով ու փայտի կտորներով, երբ նրանք վախեցած իջնում են աստիճաններով, կռվում բուխարու առջեւ (ավելի շատ զարմացած, քան` վախեցած, քանի որ նրանք նույնպես քամուց եւ անձրեւից կաթող ուրախությունը զգում են այնպես, ասես ոռնում են ուրախությունից), նշանակում է, որ մարդն այնքան արժանի չէր լինի տապանին, որքան Նոյն էր արժանի դրան:
Ծով ելք չունեցող երկիրը պետք է բացի դուռը`տեսնելու, թե ինչ է կատարվում դրսում: Ամեն ինչ հոսում է. նույնիսկ թավաներն ու տանիքի ծածկերը, պատշարությունը վստահելի չեն (քանի որ այստեղ ժամանակավոր կառուցում ես, բայց հետո եթե չես արտագաղթում, մեզ նման մշտապես ապրում ես ժամանակավոր պայմանավորվածություններով, միշտ կառուցում ես հավերժության համար եւ չգիտես, թե հաջորդ սերունդն ինչ կշահի այդքան ամրությունից):
Ցանկալի է տանը մշտապես ունենալ մոմեր, Աստվածաշունչ, մի քիչ վիսկի, ինչպես նավաստիները, որոնք պատրաստ են փոթորկի, գումարած թղթախաղ, սիգարետ, ասեղներ եւ բուրդ կանանց համար, քանի որ փոթորիկն անկանխատեսելի է, անձրեւը`վարար, իսկ գիշերը`երկար: Երբ անձրեւի երկրորդ հեղեղն է հորդում պատուհանից ներս եւ միավորվում առաջինի հետ, երբ խաղալիքը դանդաղ լողում է պատուհանի մոտ գտնվող հեղեղի միջով, ապա ցանկալի է փնտրել Աստվածաշունչը` տեսնելու, թե ջրհեղեղի ուղարկած խոստումն իսկապե՞ս կատարվել է: Վճռված է. կարելի է վառել հաջորդ մոմը, հաջորդ սիգարետը, նորից խառնել քարտերը, լցնել նոր վիսկի, հանձնվել անձրեւի թնկթնկոցին, քամու ոռնոցին, շյուղերի խշխշոցին: Խոստումը տրված է:
Մենք ուշ լսեցինք դռան թակոցը: Նախ մտածեցինք, որ դա արձակված պտուտակի հարվածն է, հետո` փոթորկի ձայնը: Ավելի ուշ հասկացանք, որ դրանք մարդկային ձեռքեր են, եւ թե որքան հիմար մտածելակերպ ունեն մայրցամաքում ապրողները: Եվ դա երեւում է այն բանից, որ ինձ առաջարկել են լինել իրենց էլեկտրիկը: Այդ առաջարկությունը նույնպիսի անմտություն է, որքան բաց ծովում դատական կարգադրիչին սպասելը:
Դուռն արագ բացվեց, ներս մտավ մի թրջված ընկեր, փակեց դուռը եւ մնաց կանգնած: Թրջված ստվարաթղթե ճամպրուկից ջուրը հոսում էր նրա թեւերի, կոշիկների, գլխարկի վրայով, թվում էր, թե նրա աչքերից էլ է ջուր հոսում: Միայն տեսնել է պետք, թե ինչ տեսք ունեն լողորդները, որոնք հագուստով մասնակցել են փրկարարների մրցույթին: Այդ մեկը, սակայն, խորթ էր նրա փառասիրությանը: Նա` Դուբլինի փաստաբանական գրասենյակի աշխատակիցը, եկել էր ավտոբուսի կանգառից, հիսուն քայլ անցնելով անձրեւի միջով, եւ մեր տունը շփոթել էր հյուրանոցի հետ:
«Ավտոբուսը մեկնո՞ւմ է այս եղանակին »,- հետաքրքրվեցի:
«Այո՛, այն մեկնում է, բայց մի քիչ ուշացումով »,- ասաց նա:
«Բայց դա ավելի շատ նման էր լողալու, քան` մեքենա վարելու: Սա արդյոք հյուրանոց չէ՞ »:
«Ոչ, բայց… »:
Նրան Դերմոտ էին անվանում, եւ երբ նա ծերացավ, պարզվեց, որ Աստվածաշնչի լավ գիտակ է , լավ խաղամոլ, լավ հեքիաթասաց, լավ վիսկի խմող: Նա նաեւ մեզ ցույց տվեց, թե ինչպես կարելի է արագ եռացնել թեյի ջուրը բուխարիում, եռոտանու վրա, ինչպես նույն հնագույն եռոտանու վրա կարելի է պատառաքաղներով տապակել ոչխարի կոտլետներ, որոնց նպատակն այդպես էլ չէինք պարզել: Եվ միայն վաղ առավոտյան նա խոստովանեց, որ կարող է նաեւ մի քիչ գերմաներեն խոսել: Նա գերության մեջ է եղել Գերմանիայում եւ մեր երեխաներին պատմել է այն ամենն, ինչը նրանք երբեք չեն մոռանա եւ երբեք չպետք է մոռանան: Այդ պատմությունն այն մասին էր, թե ինչպես է նա հուղարկավորել փոքրիկ գնչու երեխաներին, որոնք մահացել էին Շտուտհոֆ [1] համակենտրոնացման ճամբարի տարհանման ժամանակ: Եվ նա ցույց տվեց, թե ինչպես էր գերեզմաններ փորել սառած հողի մեջ փոքրիկ գնչուներին հուղարկավորելու համար, քանի որ նրանք շատ փոքր էին:
«Բայց ինչո՞ւ պետք է նրանք մեռնեին »,- հարցրեց երեխաներից մեկը:
«Որովհետեւ նրանք գնչուներ էին »:
«Բայց դա պատճառ չէ, որպեսզի նրանք մեռնեին »:
Մենք վեր կացանք, արդեն լույսը բացվել էր, եւ առաջին հայացքից դրսում հանգիստ էր: Քամին եւ անձրեւը նահանջել էին, հորիզոնից դուրս եկավ արեւը, մի մեծ ծիածան փռվեց ծովի վրա. այն այնքան մոտ էր, որ մենք մտածեցինք, թե կարող ենք տեսնել ըստ էության, մինչդեռ ծիածանի հետագիծը օճառի պղպջակների պես բարակ էր: Իսկ խցանի փայտերն ու փայտի կտորները դեռ շարունակվում էին թափվել ջրափոսի մեջ այն ժամանակ, երբ մենք աստիճաններով բարձրանում էինք ննջասենյակներ:

«Իռլանդական օրագիր » գրքից

[1]Նացիստական Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարը ստեղծվել է 1939 թվականին զավթված Լեհաստանի տարածքում, Դանցիգից (այժմ՝ Գդանսկ) ոչ հեռու։ Պատերազմի տարիներին այնտեղ ավելի քան 100 հազար գերի է եղել, որոնցից մոտ 65 հազարը զոհվել է։

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *