Իվո Անդրիչ | Նամակ՝ թվագրված 1920 թվականով

Մարտ, 1920 թվական։ Սլավոնական Բրոդ կայարան։ Կեսգիշերն անց։ Հայտնի չէ, թե որտեղից է փչում քամին, բայց քնատ ու հոգնած ուղևորներին այն ավելի սառը և ուժեղ է թվում, քան իրականում կա։ Բարձունքում՝ ծվատված ամպերի մեջ, լողալով անցնում են աստղերը։ Հեռվում՝ անտեսանելի ռելսերի վրայով մե՛րթ ավելի արագ, մե՛րթ ավելի դանդաղ շարժվում են դեղին և կարմիր լույսերը, որոնց ուղեկցում են զիլ սուլոցները կամ շոգեքարշի ծորուն շչակները, որոնց տանջահար ճանապարհորդները վերագրում են իրենց մելամաղձոտությունը և անվերջանալի, տանջալի սպասման ձանձրույթը։
Մենք նստած ենք ճամպրուկների վրա՝ կայարանի շենքի առաջ՝ առաջին ուղեգծի մոտ, և սպասում ենք գնացքին՝ չիմանալով ո՛չ դրա ժամանման, ո՛չ էլ մեկնման ժամանակացույցը․ հայտնի է միայն, որ գալու է՝ մարդկանցով և ուղեբեռով խիտ լցված։
Կողքիս նստած է իմ վաղեմի ծանոթը և ընկերը, որին վերջին հինգ-վեց տարիների ընթացքում չէի տեսել։ Անունը Մաքս Լևենֆելդ է, նա բժիշկ է և բժշկի որդի։ Ծնվել և մեծացել է Սարաևոյում։ Երիտասարդ ժամանակ հայրը հեռացել էր Վիեննայից և բնակություն հաստատել Սարաևոյում, որտեղ մասնագիտական մեծ փորձ էր ձեռք բերել։ Ծագումով հրեաներից էր, որոնք վաղուց քրիստոնեություն էին ընդունել։ Բարեկամիս մայրը ծնունդով Տրիեստից էր։ Նա իտալացի բարոնուհու և ավստրիական նավատորմի սպայի՝ ֆրանսիացի վտարանդիների հետնորդի դուստրն էր։ Սարաևոյի բնակիչների երկու սերունդ մինչև հիմա հիշում է նրա պահելաձևը, քայվածքը, հագուստ կրելու կարողությունը։ Այն տեսակ կանանցից էր, որոնց գեղեցկությունը ակամա հարգանք էր ներշնչում նույնիսկ ամենահասարակ և ամենաանփափկանկատ մարդկանց։
Միասին սովորել էինք սարաևյան գիմնազիայում, միայն թե նա երեք դասարան բարձր էր, ինչը դպրոցական տարիներին մեծ նշանակություն ուներ։
Աղոտ կերպով մտաբերում էի, թե ինչպես էի անիջապես նկատել նրան, երբ գիմնազիա էի եկել։ Այդ ժամանակ նա չորրորդ դասարանում էր սովորում, բայց դեռ երեխայի նման էին հագցնում նրան։ Նավաստու՝ կարճ տաբատով և լայն օձիքի անկյուններում ասեղնագործ խարիսխներով մուգ կապույտ կոստյում հագած, պնդակազմ, առողջ, փոքրիկ գերմանացի էր։ Ոտքերին նոր սև կոշիկներ և կարճ սպիտակ գուլպաներ էին։ Միշտ վարդագույն, մերկ սրնքամսերն արդեն բաց գույնի աղվամազիկներով էին ծածկված։
Այն ժամանակ ոչ մի մտերմություն չկար մեր միջև, և չէր էլ կարող լինել։ Ամեն ինչ բաժանում էր մեզ միմյանցից՝ տարիքը, արտաքին տեսքը, սովորությունները, ծնողների գույքային և հասարակական դիրքը։
Ավելի լավ եմ հիշում այն ժամանակը, երբ ես հինգերորդ դասարանում էի, իսկ նա՝ ութերորդ։ Այդ ժամանակ նա սաստիկ թափով հասակ առած պատանի էր՝ երկնագույն աչքերով, որոնք արտակարգ ընկալունակություն և մտքի աշխուժություն էին արտացոլում, լավ, բայց անփութորեն հագնված, գզգզված բաց գույնի մազերով, որոնց ուղիղ, թավ փնջերը մե՛րթ մեկ, մե՛րթ մյուս այտին էին ընկնում։ Մենք հանդիպել և ընկերացել էինք բանավեճերից մեկի ժամանակ, որը բարձր դասարանների մեր ընկերներն էին կազմակերպել այգում։
Գիմնազիական մեր բանավեճերը ո՛չ սահման, ո՛չ հեղինակություն էին ճանաչում, բոլոր սկզբունքների նկատմամբ ոտնձգություններ էինք թույլ տալիս մեզ և բառային պայթուցիկով մինչև հիմք ցնցում էինք բոլոր փիլիսոփայական համակարգերը։ Ամեն բան, իհարկե, իր տեղում էր մնում, բայց մեր սեփական կրքոտ ճառերը վճռորոշ էին թվում մեզ և մեր ապագայի համար, դրանք կանխագուշակում էին մեր մեծ սխրագործություններն ու գալիք դեգերումները։
Աշխույժ բանավեճերից մեկից հետո ես, հուզմունքից դողալով և սեփական հաղթանակում վստահ (ընդ որում՝ ճիշտ նույն կերպ, ինչ իմ ընդդիմախոսը), ուղևորվեցի տուն։ Մաքսը միացավ ինձ։ Առաջին անգամ էինք երկուսով մնացել։ Դա շոյում էր ինձ, իմ իսկ աչքերում բարձրացնում էր ինձ և օժանդակում իմ՝ հաղթանակով հափշտակվածությանը։ Նա հարցուփորձ էր անում գրքերի մասին, որ կարդում էի, և ուշադիր նայում էր, ասես կյանքում առաջին անգամ էր տեսնում ինձ։ Խիստ հուզված էի պատասխանում նրան։ Հանկարծ նա կանգ առավ, ուղիղ աչքերիս մեջ նայեց և միանգամայն հանգիստ ասաց․
-Գիտե՞ս, ուզում էի քեզ նկատել տալ, որ այդքան էլ ճշգրիտ չէիր ցիտում Էռնստ Հեկկելին ։
Զգացի, որ կարմրում էի։ Հողը դանդաղ գնում էր ոտքերիս տակից, հետո իր տեղը վերադարձավ։ Իհարկե, այդքան էլ ճշգրիտ չէի ցիտել, երևի ինչ-որ էժանագին բրոշյուրից էի մտապահել մեջբերումը՝ այն էլ հավանաբար վատ թարգմանությամբ։ Ողջ հաղթանակս ամոթի զգացման և խղճի խայթի վերածվեց։ Մաքսի բաց երկնագույն աչքերն ինձ էին նայում՝ առանց խղճահարության, ինչպես նաև առանց չնչին չարախնդության կամ գերազանցության զգացման։ Մաքսը չարաբաստիկ մեջբերումը դրա բնագրային տարբերակով կրկնեց։ Եվ երբ հասանք նրա ծնողների՝ Միլյացկայի ափին գտնվող գեղեցիկ տանը, ամուր սեղմեց ձեռքս և ինձ հաջորդ օրը՝ ճաշից հետո, իր տուն հրավիրեց՝ գրքեր նայելու։
Հաջորդ օրվա երեկոն իրադարձություն դարձավ ինձ համար։ Կյանքում առաջին անգամ իսկական գրադարան տեսա, և ապագա ճակատագիրս բացվեց իմ առաջ։ Մաքսը շատ գրքեր ուներ գերմաներեն ու մի քանի ֆրանսերեն և իտալերեն գրքեր, որոնք նրա մորն էին պատկանում։ Շատ հանգիստ էր ցույց տալիս դրանք, և նրա զսպվածությունն ավելի մեծ նախանձ էր արթնացնում իմ մեջ, քան ինքնին գրքերը։ Դա նույնիսկ ոչ թե նախանձ էր, այլ անսահման ուրախություն և գեղեցիկ մի օր նույնպիսի ազատությամբ գրքերի աշխարհում շրջելու ցանկություն, որոնք, ինչպես ինձ թվաց, տաքություն ու լույս էին առկայծում։ Մաքսը և՛ խոսում ու հստակ կարդում էր, և՛ վստահ էր զգում իրեն այդ հռչակավոր անունների և մեծագույն գաղափարների աշխարհում, իսկ ես դողում էի հուզմունքից, սեփական ոչնչության զգացումից այդպիսի վիթխարի մարդկանց առաջ, ում աշխարհ էի մտնում՝ շեմքից այն կողմ թողնված կյանքին անխուսափելիորեն վերադառնալու վախով։
Երեկոյան այցելությունները ավագ ընկերոջս ավելի ու ավելի հաճախակի էին դառնում։ Արագ կատարելագործվում էի գերմաներենում, սկսել էի նաև իտալերեն կարդալ։ Գեղեցիկ կազմերով այդ գրքերը սկսեցի նաև տուն՝ իմ աղքատիկ բնակարան, բերել։ Դպրոցն աչքաթող էի արել։ Այն, ինչ կարդում էի, սրբազան ճշմարտություն էր թվում ինձ, որը որպես բարձրագույն երդում էի ընդունում, որն առանց սեփական անձիդ նկատմամբ հարգանքն ու հավատը կորցնելու անհնար էր դրժել։ Մի բան գիտեի․ պետք էր կարդալ այդ ամենը և ինքնուրույն նման բաներ գրել։ Ոչ մի այլ կենսական նպատակի մասին չէի մտածում։
Հատկապես մի օրն եմ լավ հիշում։ Մայիսին էր։ Մաքսը ավարտական քննություններին էր պատրաստվում՝ առանց որևէ անհանգստության և գոնե մի քիչ նկատելի լարվածության։ Նա տարավ ինձ առանձին դրված փոքրիկ պահարանի մոտ, որի վրա ոսկեգույնով գրված էր «Helios Klassiker-Ausgaben» ։ Հիշում եմ՝ ասաց, որ պահարանը գրքերի հետ էր գնված։ Նույնիսկ պահարանն ինձ սրբավայր թվաց, դրա փայտն ասես լույս էր ճառագում։ Մաքսը հանեց Գյոթեի հատորն ու սկսեց կարդալ «Պրոմեթևսը»։
Ինչ-որ նոր, ինձ անծանոթ թվացող ձայնով էր կարդում բանաստեղծությունները, և երևում էր, որ արդեն բազմիցս կարդացել էր դրանք։
«Զև՛ս, փակի՛ր երկինքդ
Ամպերի զույգերով,
Երեխայությո՛ւն արա՝
Ուղտափշերի պես
Կաղնիներ ու լեռների կատարներ տապալելով։
Օ՜, միայն թե կանգուն մնան
Իմ հողը
Եվ իմ հյուղը,
Որը դու չես կառուցել,
Եվ իմ օջախը,
Որ վառել եմ՝
Նախանձդ շարժելով» ։
Յուրաքանչյուր տողի վերջում հավասարաչափ, բայց ուժեղ, հարված էր հասցնում այն բազկաթոռի արմնկակալին, որին նստած էր․ մազերը շառագունված դեմքի երկու կողմերով էին թափված։
«Այստեղ մարդկանց՝
Ինձ նմանների ցեղ եմ ստեղծում
Իմ պատկերով,
Թող չարչարվեն, թող լացեն,
Թող ճանաչեն բերկրանքն ու հաճույքը,
Եվ քեզ ատեն,
Ինչպես որ ես»։
Առաջին անգամ էի նրան այդպիսին տեսնում։ Զարմանքով և որոշակի վախով էի լսում նրան։ Հետո փողոց դուրս եկանք և այնտեղ՝ տաք կիսախավարում, շարունակեցինք կարդացված բանաստեղծության քննարկումը։ Մաքսը ճանապարհեց ինձ մինչև իմ՝ դեպի սար բարձրացող նեղլիկ փողոցները, իսկ հետո ես նրան ճանապարհեցի մինչև գետը, հետո նորից ինքը՝ ինձ, այնուհետև ես՝ նրան։ Մթնեց։ Ավելի քիչ անցորդներ էին հանդիպում ճանապարհին, և մենք գնում-գալիս էինք նույն ճանապարհով՝ կյանքի իմաստի, մարդկանց և աստվածների ծագման մասին դատողություններ անելով։ Մի ակնթարթն եմ հատկապես լավ հիշում։ Երբ առաջին անգամ իմ անշուք ճանապարհին հասանք և ինչ-որ մոխրագույն, ծռված ցանկապատի մոտ կանգ առանք, Մաքսը տարօրինակ կերպով պարզեց ձախ ձեռքը և մի տեսակ ջերմությամբ ու մտերմությամբ ասաց․
-Գիտե՞ս, ես աթեիստ եմ։
Փուլ եկած ցանկապատի վերևում ծաղկում էր փարթամորեն աճած թանթրվենին ՝ ուժեղ, ծանր բուրմունք տարածելով, որն ասես ինքնին կյանքի հոտը լիներ։ Հանդիսավոր լռություն էր տիրում, և աստղերով սփռված երկնակամարը բոլորովին ուրիշ էր թվում, քան առաջ։ Հուզմունքից ոչ մի բառ չէի կարողանում արտաբերել։ Միայն զգում էի, որ իմ և ավագ ընկերոջս միջև ինչ-որ շատ կարևոր բան էր կատարվել, և որ չէինք կարող հենց այնպես տներով գնալ։ Այդպես էլ թափառեցինք մինչև ուշ գիշեր։
Մաքսը հանձնեց ավարտական քննությունները, և մենք բաժանվեցինք։ Մեկնեց Վիեննա՝ բժշկություն սովորելու։ Որոշ ժամանակ գրում էինք միմյանց, հետո նամակագրությունն ընդհատվեց։ Արձակուրդներին հանդիպում էինք, բայց նախկին մտերմությունն այլևս չկար։ Հետո սկսվեց պատերազմը, որը վերջնականապես բաժանեց մեզ։
Եվ ահա մի քանի տարի անց հանդիպեցինք այս տխուր, կեղտոտ կայարանում։ Պարզվում է, միասին էինք ժամանել Սարաևոյից՝ ինքներս այդ մասին չիմանալով, իսկ այժմ Բելգրադի գնացքին ենք սպասում։
Մի քանի բառով պատմեցինք միմյանց, թե ինչպես էինք անցկացրել պատերազմական տարիները։ Պատերազմի առաջին տարում Մաքսն ավարտել էր համալսարանը, իսկ հետո որպես ռազմական բժիշկ շրջել էր գրեթե բոլոր ավստրիական ճակատներում, և մշտապես գտնվել այն զորագնդերում, որտեղ ծառայում էին բոսնիացի զինվորները։ Պատերազմի ընթացքում նրա հայրը մահացել էր բծավոր տիֆից, իսկ մայրը դրանից շատ չանցած մեկնել էր Սարաևո և բնակություն հաստատել Տրիեստում՝ իր բարեկամների մոտ։ Վերջին մի քանի ամիսները Մաքսն անցկացրել էր Սարաևոյում՝ իր գործերը կարգի բերելով։ Մոր թույլտվությամբ՝ վաճառել էր հոր՝ Միլյացկայի ափին գտնվող տունը և կահավորանքի մեծ մասը։ Այժմ ուղևորվում է մոր մոտ՝ Տրիեստ, իսկ այնտեղից պատրասվում է մեկնել Արգենտինա կամ հնարավոր է Բոլիվիա։ Վերջնական որոշում չի կայացրել, բայց մի բան պարզ է․ հավերժ լքում է Եվրոպան։
Ռազմաճակատային կյանքից Մաքսը կոպտացել է և գիրացել, ու որքանով, որ կարողացա տեսնել, պատկառելի, գործնական մարդու պես է հագնված։ Տեսողությունս լարելով՝ մթության մեջ ճանաչում եմ նրա՝ բաց գույնի, խիտ մազերով ծածկված մեծ գլուխը, ուշադիր լսում եմ նրա ձայնը, որը տարիների ընթացքում ավելի ցածր և առնական է դարձել, նրա տիպիկ սարաևյան առոգանությունը, որը փափկացնում է բոլոր բաղաձայնները, իսկ ձայնավորները երկարացնում և ոչ հստակ էր արտաբերում։ Բայց նրա խոսքում որոշակի անվստահություն է զգացվում։
Առաջվա պես ճիշտ էր խոսում և կարդում՝ բազմաթիվ անսովոր, գրքային, գիտական արտահայտություններ գործածելով։ Բայց դա, ըստ երևույթին, միակ բանն էր, որ մնացել էր նախկին Մաքսից։ Ոչ մի անգամ չհիշատակեց ո՛չ պոեզիայի, ո՛չ գրականության մասին («Պրոմեթևսի» մասին անգամ խոսք չկար)։ Սկզբում առհասարակ պատերազմից խոսեց, ընդ որում՝ մեծ կսկիծով՝ ավելի շատ ձայներանգում, քան խոսքում, այլևս ըմբռնում չփնտրող մարդու կսկիծով (Այս պատերազմում նրա համար, այսպես ասած, հակառակ կողմեր չկային, դրանք խառնվել էին, միահյուսվել և ամբողջությամբ կորել էին մեկը մյուսի մեջ։ Առհասարակ տառապանքները խլել էին նրա՝ մնացյալ ամեն բան տեսնելու և հասկանալու ունակությունը)։ Հիշում եմ, թե ինչպես ապշեցրեց ինձ՝ հայտարարելով, որ ուրախ էր հաղթողների համար, բայց միևնույն ժամանակ խղճում էր նրանց, քանզի հաղթվածներն ավելի պարզ են տեսնում, թե ինչի են եկել և ինչ պետք է անեն, իսկ հաղթողները ենթադրություն անգամ չունեն, թե ինչ է սպասում իրենց առաջիկայում։ Այն մարդու դառը և հուսահատ ձայնով էր խոսում, որը շատ բան էր կորցրել և այժմ ինչ ուզի, կարող է խոսել՝ քաջ գիտակցելով, որ ոչ ոք ոչինչ չի անի նրան դրա համար, և որ ինքը թեթևություն չի զգա։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մտավորականների շրջանում խիստ «զայրացած» մարդիկ էին հանդիպում՝ յուրահատուկ ձևով զայրացած առհասարակ կյանքի վրա։ Այդ մարդիկ ո՛չ ընտելանալու և հաշտվելու ունակություն, ո՛չ էլ որոշում կայացնելու և հոսանքին հակառակ գնալու ուժ էին գտնում իրենց մեջ։ Ինձ թվաց, թե Մաքսը նրանցից մեկն է։
Մեր զրույցը շատ չանցած ընդհատվեց, որովհետև ոչ մեկս չէր ուզում վեճի բռնվել՝ հանդիպելով այսքան անսովոր տեղում և այն էլ այսքան տարի անջատ լինելուց հետո։ Դրա համար էլ ուրիշ բանի մասին սկսեցինք խոսել։ Ըստ էության, նա էր խոսում։ Կրկին նրբաճաշակ արտահայտություններ էր օգտագործում և հանգամանորեն կառուցում խոսքը մի մարդու նման, որն ավելի շատ գրքերի, քան մարդկանց հետ էր սովոր շփվելու․ խոսում էր գիտակցված և սառը՝ առանց երանգավորումների և ավելորդաբանությունների, ասես բժշկական դասագիրք էր բացել և իր հիվանդության ախտանիշներն էր կարդում։
Ծխախոտ առաջարկեցի նրան, բայց պատասխանեց, որ չի ծխում, ընդ որում՝ պատասխանեց մի տեսակ շինծու անհոգությամբ էր խոսում, ասես ուրիշ, ավելի ծանր մտքերն էր փախցնում․
-Այժմ ես ու դու լայն ճանապարհ ենք դուրս եկել և մեծ աշխարհ տանող դռան բռնակն ենք բռնել։ Լքում ենք Բոսնիան։ Ես երբեք չեմ վերադառնա, իսկ դու կվերադառնաս։
-Ի՞նչ իմանաս,- մտածկոտ պատասխանեցի ես՝ երիտասարդությանը բնորոշ սնափառության ազդեցության տակ, որը ճակատագիրդ հեռավոր երկրներում և անսովոր ճանապարհներին տեսնելու է մղում։
-Ո՛չ, ո՛չ, դու անկասկած վերադառնալու ես,- ասում էր ճամփորդակիցս՝ իսկն ախտորոշում տալով,- իսկ ես այդպես էլ ամբողջ կյանքում ներսումս պահելու եմ Բոսնիայի մասին հիշատակը՝ իբրև յուրատեսակ բոսնիական հիվանդություն, որի պատճառը կա՛մ այն է, որ ծնվել ու մեծացել եմ Բոսնիայում, կա՛մ այն, որ այլևս չեմ վերադառնալու այնտեղ։ Ասենք, ինձ համար միևնույն է։
Անսովոր վայրում, անսովոր ժամանակ խոսակցությունն անսովոր բնույթ է ձեռք բերում, ասես երազում լինենք։ Նայում եմ վաղեմի ընկերոջս՝ ծանրաշարժ դարձած, ցրտից կուչ եկած կազմվածքին և մտածում այն մասին, թե այժմ ինչքան քիչ է նման այն պատանուն, որը թափահարում էր ձեռքերն ու բարբառում․ «Զև՛ս, փակի՛ր երկինքդ․․․»։ Մտածում եմ այն մասին, թե ինչ կլինի մեզ հետ, եթե կյանքը շարունակի այսպես հիմնովին և արագ փոխել մեզ, և փոփոխությունները, որոնք զգում եմ, այնուամենայնիվ, դեպի լավն են տանում։ Եվ հանկարծ նկատում եմ, որ բարեկամս նորից է խոսում։ Ընդհատում եմ մտորումներս և ականջ եմ դնում։ Այնպիսի ուշադրությամբ եմ լսում, որ թվում է, թե շուրջս գտնվող կայարանային ողջ իրարանցումը հանդարտվել է, և փոթորկոտ գիշերվա մեջ միայն նրա ձայնն է որոտում․
-Այո՛, ես ինքս երկար ժամանակ կարծում էի, թե ողջ կյանքս Սարաևոյում եմ անցկացնելու, հորս նման երեխաներին եմ բուժելու, և ոսկորներս սարաևյան գերեզմանատանն են հանգչելու։ Բայց այն, ինչ պատերազմի ժամանակ տեսել և ապրել եմ բոսնիական զորագնդերում, խախտել է վճռականությունս։ Իսկ երբ անցյալ ամառ՝ զորացրումից հետո, ընդամենը երեք ամիս անցկացրի Սարաևոյում, վերջնականապես հասկացա, որ չեմ կարող ողջ կյանքս այնտեղ մնալ։ Իսկ Վիեննայում, Տիեստում կամ ցանկացած այլ ավստրիական քաղաքում բնակություն հաստատելու միտքը սրտխառնոց է առաջացնում։ Դրա համար էլ Հարավային Ամերիկայի մասին սկսեցի մտածել։
-Դե՜, լա՛վ, իսկ կարելի՞ է հարցնել, թե հատկապես ինչն է քեզ վանում Բոսնիայից,- հարցրի ես՝ խիստ անզգուշությամբ, ինչն այն ժամանակ բնորոշ էր իմ տարիքի մարդկանց։
-Օ՜, անշուշտ, կարելի է, միայն թե դա այսպես՝ ոտքի վրա՝ երկու բառով, չես պատմի։ Իսկ եթե փորձեմ մեկ բառով արտահայտել այն ամենը, ինչ վանում է ինձ Բոսնիայից, ապա կասեմ՝ ատելություն։
Մաքսն արագ վեր կացավ տեղից, ասես խոսքում հանկարծակի ինչ-որ անտեսանելի պատի էր դեմ առել։ Հանկարծ ես նույնպես գիտակցեցի Սլավոնական Բրոդ կայարանի սառնաշունչ գիշերվա ողջ ռեալությունը։ Քամին գնալով ավելի ուժեղ և ավելի սառն էր փչում, հեռվում լույսեր էին առկայծում և շողշողում, շվշվացնում էին մանյովրային շոգեքարշները։ Տեսադաշտից չքացել էր նաև մեզ երևացող երկնքի փոքրիկ կտորը, արդեն միայն ծուխն ու մառախուղն էին ծածկում սլավոնական հարթավայրը, որտեղ դժվար չէ մինչև ականջները խրվել թանձր սևահողի մեջ։
Ներսումս ծնվել և շեշտակիորեն մեծանում էր նրա խոսքերը հերքելու ցասումնալից և անհաղթելի ցանկությունը, չնայած որ այդքան էլ չէի հասկանում դրանք։ Երկուսս էլ շփոթված լռում էինք։ Հեշտ չէր տրվում այդ լռությունը, այն գիշերով քարի պես ընկել մնացել էր մեր միջև, և դժվար էր կանխագուշակել, թե ով առաջինը կսկսեր խոսել։
Այդ պահին հեռվում լսվեց ճեպընթաց գնացքի դղրդյունը, հետո դրա շչակը՝ խուլ, ասես բետոնե կամարի տակից էր գալիս։ Կայարանը հանկարծակի վերակենդանացավ։ Մթության մեջ վեր կացան մինչև այդ անտեսանելի հարյուրավոր մարմիններ, որոնք դեպի գնացքը նետվեցին։ Մենք էլ վեր թռանք, բայց սկսված հրմշտոցը մեզ ավելի ու ավելի էր հեռվացնում միմյանցից։ Միայն հասցրի բելգրադյան հասցես բղավել։
Մոտավորապես քսան օր հետո Բելգրադում ստացա մի հաստ ծրար՝ մակագրված խոշոր ձեռագրով, որը չէի կարող չճանաչել։ Մաքսն էր գրում Տրիեստից։ Նամակը գերմաներեն էր գրված։
«Իմ սիրելի՛ վաղեմի ընկեր, մեր խոսակցությունը Սլավոնական Բրոդում պատահական հանդիպման ժամանակ անկապ և տհաճ ստացվեց։ Նույնիսկ եթե և՛ ավելի շատ ժամանակ ունենայինք, և՛ ավելի բարենպաստ պայմաններ, չեմ կարծում, թե կկարողանայինք հասկանալ միմյանց և մինչև վերջ բացատրվել։ Մեր հանդիպման անսպասելիությունն ու շուտափույթ բաժանումը վերջնականապես անհնարին դարձրին դա։ Պատրասվում եմ մեկնել Տրիեստից, որտեղ այժմ բնակվում է մայրս։ Մեկնում եմ Փարիզ, այնտեղ մորս կողմից մի քանի բարեկամներ կան, և եթե թույլ տան իմ մասնագիտությամբ աշխատել, կմնամ Փարիզում, իսկ եթե ոչ, իրոք Հարավային Ամերիկա կմեկնեմ։
Չեմ կարծում, թե իմ կողմից շտապ գրված մի քանի անկապակից պարբերությունները կկարողանան քեզ որևէ բան բացատրել և աչքերումդ արդարացնել «փախուստս» Բոսնիայից։ Բայց այնուամենայնիվ՝ ուղարկում եմ դրանք, քանզի ինձ չի լքում այն զգացումը, որ պետք է բացատրեմ քեզ այն, ինչպես նաև այն պատճառով, որ պահում եմ մեր գիմնազիական ընկերության հիշատակը և չեմ ուզում, որպեսզի հասարակ «նեմչուռա» և դաշտագլոր տեսնես իմ մեջ, մարդու, ով թեթև սրտով թողնում է երկիրը, որտեղ ծնվել է, այնպիսի պահի, երբ այն նոր, ազատ կյանք է սկսում, և երբ աշխատող բոլոր ձեռքերը հաշվարկված են։
Բայց բուն թեմային անցնեմ։ Բոսնիան հրաշալի, հետաքրքիր երկիր է՝ միանգամայն արտասովոր թե՛ իր բնությունով, թե՛ այնտեղ ապրող մարդկանցով։ Եվ ինչպես Բոսնիայի ընդերքում են հանքային հարստություններ թաքնված, այնպես էլ այստեղի մարդիկ, անկասկած, բազմաթիվ բարոյական արժանիքներ ունեն, ինչը Հարավսլավիայի մյուս շրջաններում այնքան էլ հաճախ չի պատահում։ Բայց գիտե՞ս ինչ, դրա հետ մեկտեղ կա մի բան, որ բոսնիական ծագում ունեցողները, համենայն դեպս, քեզ նման մարդիկ, պետք է հասկանան և երբեք չմոռանան․ Բոսնիան ատելության և վախի երկիր է։ Մի կողմ դնենք վախը, որ միշտ զուգակցվում է ատելությանը՝ լինելով, այսպես ասած, դրա բնական հետևանքը, և խոսենք ատելության մասին։ Այո՛, այո՛, ատելության։ Դու ակամա ցնցվեցիր և միանգամից վրդովվեցիր՝ այն գիշեր կայարանում ինձնից այդ բառը լսելով, և դուք բոլորդ ցանկություն չունեք ո՛չ լսելու, ո՛չ տեսնելու, ո՛չ էլ հասկանալու այդ բառը։ Իսկ բանը հենց նրանում է, որպեսզի գտնես, պարզես և վերլուծես։ Դժբախտությունն էլ հենց այն է, որ ոչ ոք չի ուզում և չի կարող անել դա։ Եվ այդ ատելության ճակատագրական հատկանիշը հենց այն է, որ բոսնիացին չի գիտակցում իր մեջ ապրող ավերիչ ուժը, թափով մի կողմ է նետվում, երբ նրան առաջարկում են վերլուծել այն, և զայրույթով է լցվում յուրաքանյուրի հանդեպ, ով փորձում է զբաղվել դրանով։ Այնուամենայնիվ՝ փաստը մնում է փաստ․ անգիտակից ատելության նոպայում ցանկացած պատճառով ու ցանկացած առիթով սպանելու կամ սպանվելու պատրաստ մարդիկ Բոսնիա և Հերցեգովինայում ավելի շատ են, քան տարածքով և բնակչությամբ ավելի նշանակալի ուրիշ երկրներում՝ ինչպես սլավոնական, այնպես էլ ոչ սլավոնական։
Գիտեմ, որ ատելությունը, ինչպես և ցասումը, որոշակի գործառույթ է կատարում հասարակական զարգազման գործում, քանի որ ատելությունն ուժ է տալիս, իսկ ցասումը գործողության է դրդում։ Քիչ չեն հին, արմատացած անարդարություններն ու չարարկությունները, որոնք միայն ատելությամբ և ցասումով կարելի է ոչնչացնել։ Հետ հորդելով՝ ատելության և ցասման հոսանքները տեղ են բացում ազատության և լավագույն կյանքի կառուցման համար։ Ժամանակակիցներն առաջին հերթին տեսնում են իրենց տառապանքներ պատճառող ատելությունն ու ցասումը, փոխարենը հետնորդները տեսնում են առաջընթացի արդյունքները։ Ես դա լավ գիտեմ։ Բայց Բոսնիայում բոլորովին այլ բան եմ տեսել։ Այնտեղի ատելությունը չի կարելի հասարակական զարգացման գործընթացի անխուսափելի մաս և անցողիկ պահ անվանել։ Դա ատելություն է, որն ինքնուրույն ուժով է հանդես գալիս, ինքն իր մեջ է նպատակ գտնում։ Այդ ատելությունը մարդուն մարդու դեմ է հանում և աղքատության ու տառապանքների է հանգեցնում կամ երկու թշնամիներին էլ գերեզման է դնում․ ատելությունը քաղցկեղի ուռուցքի նման իր շուրջն ամեն բան ախտահարում է, որպեսզի վերջում ինքն էլ զոհվի, քանզի այդ տեսակ ատելությունը կրակի նման է, ո՛չ հաստատուն ձև, ո՛չ անձնական կյանք ունի։ Այն ընդամենը ոչնչացման և ինքնաոչնչացման բնազդի գործիք է, ընդ որում՝ որպես այդպիսին գոյություն է ունենում այնքան ժամանակ, մինչև որ չի հասնում իր՝ բացարձակ ոչնչացման նպատակին։
Այո՛, Բոսնիան ատելության երկիր է։ Ահա թե ինչ է Բոսնիան։ Բայց ա՛յ քեզ տարօրինակ հակադրություն (ըստ էության, ոչ մի տարօրինակ բան չկա, և հնարավոր է ուշադիր վերլուծությունը թույլ տար բացատրել դա)․ նույն կերպ կարելի է ասել, որ քիչ երկրներ կան, որտեղ մարդիկ այդքան աննկուն հավատ, բնավորության վեհ տոկունություն, այդքան քնքշություն և սիրելու ունակություն ունեն, որտեղ ապրումների այդպիսի խորություն, մտերմական կապեր և անդրդվելի հավատարմություն և արդարության այդպիսի տենչանք կա։ Բայց այս ամենի տակ՝ խորքում մի տեղ, ատելության հրաբուխներ, դրա կուտակված պաշարների՝ իրենց ժամին սպասող ամբողջական հեղեղներ են թաքնված։ Ձեր սիրո և ձեր ատելության միջև հարաբերակցությունը ճիշտ այնպիսին է, ինչ ձեր բարձր լեռների և հազար անգամ դրանց գերազանցող անտեսանելի աշխարագրական նստվածքաշերտերի միջև, որոնց վրա ամուր հենված են այդ լեռները։ Այդպես էլ դուք բոլորդ դատապարտված եք ապրելու՝ հենվելով այն պայթուցիկ նյութերի հաստ շերտերի վրա, որոնք ժամանակ առ ժամանակ բռնկվում են ձեր բուռն, անզուսպ կրքերի և ձեր սիրո կայծերից։ Ու երևի ձեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ գլխի չեք ընկնում, թե որքան ատելություն է ներաճել ձեր սիրո, մտերմական կապերի, սովորույթների և կրոնական հավատքների մեջ։ Եվ ինչպես հողը, որի վրայով քայլում ենք, ջերմության և մթնոլորտային խոնավության ներգործության տակ մեր մարմինների վրա է ազդեցություն գործում՝ սահմանելով մեր արտաքին տեսքն ու մաշկի գույնը, ճիշտ նույն կերպ ուժգին, անտեսանելի, ստորերկրյա ատելությունը, որով տոգորված է բոսնիացու ողջ կյանքը, աննկատ, զարտուղի ճանապարհներով թափանցում է նրա բոլոր արարքների մեջ՝ նույնիսկ լավագույնների։ Աշխարհում ամենուրեք արատն ատելություն է ծնում, քանզի արատը վատնում է՝ առանց փոխհատուցելու, և ավիրում է՝ առանց ստեղծելու, բայց Բոսնիայի նման երկրներում հաճախ նույնիսկ արժանիքներն են արատի լեզվով խոսում, դրա ձեռքերով են գործում: Ձեր ճգնավորները, հիմնվելով իրենց ճգնավորության վրա, ոչ թե սիրուն են հանգում, այլ ատելությանն ու հեշտասիրությանը․ ժուժկալները ատելություն են տածում հարբեցողների հանդեպ, իսկ նրանց մեջ, ովքեր խմում են, ատելություն է ծագում ողջ աշխարհի հանդեպ։ Սիրողներն ու հավատացյալները մահու չափ ատում են անհավատներին կամ նրանց, ովքեր այլ կերպ են հավատում կամ ուրիշ ձև են սիրում։ Եվ, ցավոք սրտի, այդ ատելության վրա են վատնում իրենց սիրո և հավատի ողջ պաշարը (Ոչ մի տեղ այդչափ չարացած, մռայլ դեմքեր չես տեսնի, որքան ուխտագնացության ժամանակ, սրբազան տեղերի մոտ և վանքերում)։ Աղքատներին շահագործողներն ու կեղեքողներն այդ շահագործման մեջ ատելություն էլ են ներդնում, և դա այն հարյուր անգամ ավելի ծանր և վրդովեցուցիչ է դարձնում, իսկ նրանք, ովքեր հանդուրժում են անարդարությունը, երազում են արդարության և վրեժի մասին՝ իբրև այնպիսի ուժգնության պայթյունի, որը զազրելի կեղեքիչների հետ միասին կեղեքվողներին էլ է կործանելու։ Ձեզնից շատերը սովորություն ունեն՝ ատելությունը պահելու նրա համար, ինչն ավելի մոտ է։ Ձեր պաշտելի սրբավայրերը, որպես կանոն, յոթ սարի հետևում են գտնվում, իսկ ձեր զզվանքի և ատելության առարկան՝ ձեր կողքին, նույն քաղաքում, ձեր բակի պատից այն կողմ։ Ձեր սերը գործողություն չի պահանջում, մինչդեռ ատելության դեպքում բավականին արագ գործի եք անցնում։ Ձեր հայրենի հողը բուռն սիրով եք սիրում, միայն թե երեք-չորս տարբեր եղանակներով՝ իրար բացառող, մահացու թշնամության մեջ գտնվող և միմյանց հետ անվերջ բախվող։
Մոպասանի պատմվածքներից մեկում գարնան դիոնիսյան նկարագրությունն ավարտվում է բառերով, որ նմանատիպ օրերին հայտարարությունների անկյուններում պետք է հետևյալ խոսքերը փակցնել․ «Ֆրանսիայի քաղաքացի՛, գարուն է գալիս, զգուշացի՛ր սիրուց»։ Միգուցե Բոսնիայում հարկավոր է զգուշացնել մարդկանց, որպեսզի նրանք ամեն քայլափոխի, իրենց յուրաքանչյուր մտքում և ցանկացած, նույնիսկ ամենավեհ զգացմունքներում զգուշանան ատելությունից, այդ բնածին, անգիտակից, տեղաճարակային ատելությունից։ Դրա համար էլ այս հետամնաց և աղքատ երկրին, որտեղ խռնվելով չորս տարբեր կրոն է ապրում, չորս անգամ ավելի շատ սեր, փոխըմբռնում և համբերություն է պետք, քան ուրիշներին։ Բոսնիայում հակառակն է, անըմբռնելիությունը, որը ժամանակ առ ժամանակ բացահայտ թշնամության է վերաճում, գրեթե բոլոր բնակիչների հատկանիշն է։ Տարբեր կրոնների միջև անդունդն այնքան խորն է, որ երբեմն միայն ատելությանն է հաջողվում հաղթահարել այն։ Գիտեմ, որ ասվածին ի պատասխան՝ ինձ կասեն՝ ոչ առանց հիմքերի, թե այնուամենայնիվ այս տեսակետից՝ որոշակի առանջնթաց է նկատվում, թե տասնիններորդ դարի գաղափարներն այստեղ էլ են արել իրենց գործը, և այժմ՝ երկրի ազատագրումից և միավորումից հետո, գործն ավելի արագ և ավելի լավ ընթացք կստանա։ Վախենամ, թե այնքան էլ այդպես չէ։ (Վերջին ամիսների ընթացքում Սարաևոյում բավականաչափ հետևել եմ տարբեր կրոնների և ազգությունների մարդկանց փոխհարաբերություններին։) Այժմ ամեն քայլափոխի և ցանկացած առիթով գրելու և ասելու են․ «Եղբայրը մնում է եղբայր, ինչ հավատի էլ որ լինի», «Կարևոր է ոչ թե այն, թե ով ինչ խաչով է խաչակնքվում, այլ այն, թե ում արյունն է բաբախում սրտում», «Օտարինը հարգի՛ր, քոնով պարծեցի՛ր», «Ազգային միասնությունը ո՛չ կրոնական, ո՛չ ցեղային տարբերություն չի ճանաչում»։ Բայց չէ՞ որ բոսնիական «վերևներում» հնուց ի վեր կեղծ քաղաքավարությամբ, բարձրահունչ բառերով և ճոխ ծիսակատարություններով իրենց և ուրիշներին խաբելու սովորության պակաս չի եղել։ Վախենում եմ, որ ժամանակակից նշանաբաններով քողարկվելով՝ այդ շրջաններում նիրհում են նախկին բնազդներն ու կայենական դիտավորությունները, և այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որ Բոսնիայում հիմնովին չփոխվեն նյութական և հոգևոր կյանքի սկզբունքները։ Իսկ ե՞րբ կգա այդ ժամանակը, ո՞վ այդքան ուժ կունենա։ Մի օր դա էլ կլինի, ես հավատում եմ, բայց այն, ինչ տեսել եմ Բոսնիայում, չի ասում այն մասին, որ Բոսնիան արդեն իսկ գնում է հիշատակված ճանապարհով։ Հակառակը։
Շատ եմ մտորել այդ մասին՝ հատկապես վերջին ամիսներին՝ փորձելով հաղթահարել Բոսնիան ընդմիշտ լքելու որոշումը։ Բնական է, որ նման մտքերով ալեկոծվող մարդը վատ է քնում։ Անկարող աչք փակելու՝ պառկած էի բաց պատուհանի մոտ՝ սենյակում, որտեղ ծնվել էի, դրսում աղմկում էր գետը, քամին խշխշացնում էր դեռևս առատ սաղարթը։
Նա, ով Սարաևոյում անքուն գիշեր է անցկացնում, կարող է լսել բոլոր գիշերային ձայները։ Դանդաղ, վստահ զարկում է կաթոլիկ մայր տաճարի աշտարակի ժամացույցը․ գիշերվա ժամը երկուսն է։ Մեկ րոպեից մի փոքր ավել է անցնում (հաշվել էի, ուղիղ յոթանասունհինգ վայրկյան), և այդ ժամանակ մի քիչ ավելի նուրբ, բայց զիլ, զարկում է ուղղափառ եկեղեցու ժամացույցը՝ հայտարարելով գիշերվա իր ժամը երկուսը։ Դրանից հետո խուլ, ասես հեռվից, զարկում է մզկիթի ժամացույցը, ընդ որում՝ խփելով ժամը տասնմեկը, տեսիլային թուրքական ժամը տասնմեկը՝ ըստ հեռավոր, օտար երկրի ժամանակի տարօրինակ հաշվարկման։ Հրեաները զարկող ժամացույցներ չունեն, և միայն անողորմ Աստծուն է հայտնի, թե ժամը քանիսն է նրանց մոտ, և որ սկզբունքով են հաշվարկում ժամանակը․ աշկենազների՞ , թե՞ սեֆարդների ։ Նույնիսկ գիշերը, երբ ամեն ւնչ քնած է, երբ անցնում են գիշերային խուլ ժամերը, արթուն է մնում անմիաբանությունը՝ ըստ թշնամի չորս օրացույցների՝ բաժանելով քնած մարդկանց, որոնք արթնանալով ուրախանում և տխրում են, ծոմ են պահում և ապաշխարում, և չորս տարբեր լեզուներով աղոթքներ են ուղարկում երկինք։ Եվ այդ անմիաբանությունը մե՛րթ բացեիբաց և ակնհայտ, մե՛րթ ծածուկ և աննկատ նույնացվում և միահյուսվում է ատելությանը։
Բոսնիական այդ յուրահատուկ ատելությունը՝ իբրև վտանգավոր և խոր արմատացած հիվանդություն, պետք է ուսումնասիրել և արմատախիլ անել։ Եվ ես հավատում եմ, որ եթե ատելությունը ճանաչված և դասակարգված հիվանդություն լիներ, ինչպես, օրինակ, բորոտությունը, օտարերկրյա մասնագետները հենց Բոսնիա կժամանեին՝ այն ուսումնասիրելու։
Ես էլ էի մտածում դրանով զբաղվել և վերլուծելով ատելությունն ու համընդհանուր դիտարկման հանելով այն՝ նպաստել դրա բնաջնջմանը։ Միգուցե դա նույնիսկ իմ պարտքն է, քանի որ, թեև ծագումով օտարերկրացի եմ, ծնվել եմ այդ երկրում։ Բայց առաջին փորձերից և երկար մտորումներից հետո համոզվեցի, որ դրա համար չունեմ ո՛չ ունակություններ, ո՛չ էլ ուժեր։ Ինձնից, ինչպես և մնացած բոլորից, պահանջում էին որոշակի կողմ բռնել, ատել և ատված լինել։ Չուզեցի և չկարողացա անել դա։ Միգուցե, եթե այդ է ճակատագիրս, համաձայնեի զոհ գնալ ատելությանը, բայց ատելությամբ շրջապատված ապրելը, այն էլ մասնակից լինելը դրան, ուժերիցս վեր է։ Իսկ այժմյան Բոսնիայի պես երկրում նա, ով չի կարողանում, կամ ավելի վատ, նա, ով չի ուզում ատել, օտար և այլասերված է, իսկ ավելի հաճախ՝ նահատակ։ Դա վերաբերում է նաև ձեզ՝ բնիկ բոսնիացիներիդ, իսկ ի՞նչ ասեն ուրիշ ծագում ունեցող մարդիկ։
Այսպես աշնանային մի անդորր գիշերով սարաևյան բազմաձայն ժամացույցների աշտարակների զարմանալի փոխականչը լսելով՝ եկա այն եզրակացության, որ չեմ կարող մնալ երկրորդ հայրենիքումս՝ Բոսնիայում, և չպետք է մնամ։ Այնքան միամիտ չեմ, որպեսզի ամբողջ աշխարհով փնտրեմ երկիր, որտեղ չկա ատելություն։ Ընդամենը տեղ է պետք, որտեղ կկարողանամ ապրել և աշխատել։ Այդտեղ դա անհնար է։
Իհարկե, դու քմծիծաղով և նույնիսկ արհամարհանքով կկրկնես իմ՝ Բոսնիայից փախուստի մասին խոսքերդ։ Դժվար թե այս նամակը բացատրի արարքս կամ արդարացնի այն քո աչքերում, բայց, ըստ երևույթին, աշխարհում կան իրավիճակներ, երբ անհրաժեշտ է դիմել լատինական հնագույն ասացվածքի․ «Non est salus nisi in fuga» ։ Խնդրում եմ միայն մի հարցում հավատալ ինձ․ մարդկության առաջ ունեցած պարտքիցս չեմ փախչում, այլ նրա համար, որպեսզի հնարավորություն ունենամ լիովին և առանց խոչընդոտների կատարելու այն։
Քեզ, ինչպես և մեր ամբողջ Բոսնիային, երջանկություն եմ ցանկանում ազգային և պետական նոր կյանքում։
Քո Մ․ Լ․»։
Անցավ տասը տարի։ Հազվադեպ էի հիշում մանկության ընկերոջս և հավանաբար ընդմիշտ կմոռանայի նրան, եթե նրա նամակում արտահայտված մտքերը ժամանակ առ ժամանակ չհիշեցնեին նրա մասին։ Կարծեմ 1930 թվականն էր, երբ պատահաբար իմացա, որ բժիշկ Մաքս Լևենֆելդը մնացել էր Փարիզում, Նյոյիի արվարձանում էր աշխատում և հարավսլավական գաղութներում ու հարավսլավցի նեգաղթյալ աշխատավորների շրջանում հայտնի էր որպես «մեր բժիշկ», որն անվճար բուժում էր աշխատավորներին և ուսանողներին, և երբ հարկ էր լինում, ինքն էր նրանց համար դեղեր գնում։
Անցավ ևս յոթ կամ ութ տարի, և մի անգամ՝ նորից պատահական, իմացա բարեկամիս հետագա ճակատագրի մասին։ Երբ Իսպանիայում քաղաքացիական պատերազմ էր սկսվել, ամեն ինչ թողել և կամավորագրվել էր հանրապետական բանակ։ Վիրակապման կայաններ և հոսպիտալներ էր կազմակերպել ու հայտնի էր դարձել իր գիտելիքներով և անձնվեր աշխատանքով։ 1938 թվականի սկզբին նա արագոնական փոքր քաղաքում էր, որի անունը մեզնից ոչ ոք այդպես էլ չկարողացավ ճիշտ արտաբերել։ Օրը ցերեկով նրա հոսպիտալի վրա օդային հարձակում էր կատարվել, Մաքսը զոհվել էր, իսկ նրա հետ՝ նաև նրա գրեթե բոլոր վիրավորները։
Այսպես խավարեց մարդու կյանքը, ով փախչում էր ատելությունից։

Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանին

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *