Երբեմն առաջնախաղին այնպիսի կատարսիս է լինում, որ ներկայացումն հաջորդիվ էլ իմաստ չունի։
Արդյոք հաշվել չիմացող մա՞րդն էլ, որ գտել է քառատերև երեքնուկ, ունի երջանիկ լինելու իրավունք։
Թե մշտակա՞ն են արդյոք կարգախոսները պաստառների վրա, պարզ է դառնում լվացքի ժամանակ։
Մարդակերների մեջ բուսակերներ կա՞ն։
Երբեմն դադարում եմ հավատալ երկնքին`թվում է, թե դա տարածություն է կատարելապես պատված կապտուկներով։
Ինչքան մեծ է գարշահոտությունը այնքան մեծ է հովհարը։ Քաղաքականության մեջ նույնպես։
Որքան ցածր ես ընկնում, այնքան քիչ է ցավում։
Ի՞նչ է դառնում սատանան, երբ դադարում է հավատալ Աստծուն։
Երբեմն այնքան կեղտ է հավաքվում, որ դա դուրս նետելն ուղղակի ժամանակի զուր վատնում է։
Կիսագրագետների երկխոսությունը հավասար է քառորդ գրագետի մենախոսությանը։
Եթե մեզ մոտ երկխոսելու արվեստն ավելի բարձր լիներ, ծնելիությունն ավելի ցածր կլիներ։
Որոշ դերասանների համար հեղինակը սոսկ հուշարար է։
Ինչու՞ եմ գրում այս կարճ ֆրազները։ Որովհետև բառերը քչություն են անում։
Հատակն հատակ է, անգամ եթե գլխիվայր է շուռ եկած։
Երբեմն տանիքը գլխի վրա թույլ չի տալիս մարդկանց աճել։
Անդունդը նետվելու համար ցատկահարթակ հարկավոր չէ։
Երբ ոգեշնչվես ուրիշի գաղափարով, առնվազն ներողություն խնդրիր։
Ցուցանակները ճանապարհից լաբիրինթոս կարող են սարքել։
Երբեմն պետք է լռել, որ լսելի լինես։
Ժամանակի ոգին վախեցնում է նույնիսկ աթեիստներին։
Այն որ ժողովուրդը ձայն չունի, կերևա անգամ հիմնը երգելու ժամանակ։
Արվեստի կարգուկանոնն ազատութուն է պահանջում։
Հնագիտությունը դարեր է ստեղծում։
Երբեմն պետք է անցյալի ու ապագայի միջև ընկած ժամանակահատվածն ապրել որևէ փոխարինող քերականական ժամանակում։
Առասպելի բախումն առասպելի հետ շատ իրական բախում է։
Երբ զգացմունքն է թելադրում, անգամ ամենակրթված մարդը ստորակարգ սխալներ է անում։
Երբեմն ինձ թվում է, որ գոյությունը մարդկության համընդհանուր հալուցինացիան է։
Երբ Մովսեսը կոտրեց առաջին տախտակները, մարդիկ դրանք տարբեր կերպ հավաքեցին։ Այդպես էլ սկսվեց այս ամենը։
Փաստը միշտ մերկ է լինելու, նույնիսկ եթե հագնված է նորաձևության վերջին ճիչով։
Երբ միֆը դառնում է իրականություն, դա ու՞մ հաղթանակն է՝ մատերիալիստների՞ թե՞ իդեալիստների։
Ժամանակն իրենն է անում։ Իսկ դու՞ մարդ արարած։
Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի