Սերգեյ Դովլաթով | Մենք ապրում էինք սարերում

Սերգեյ Դովլաթովն իր կենդանության օրոք գրողի իսկական փառքն այդպես էլ չվայելեց: Չնայած երեք փորձ կատարել է` Lենինգրադում, Տալինում և Նյու Յորքում: Կենդանության օրոք հետապնդվելով և մահվանից հետո փառավորվելով, նա միշտ գրել է իր և իր ողբերգազավեշտական կյանքի մասին:

Նա ծնվել է 1941թ. սեպտեմբերի 3-ին, Ուֆայում` էվակուացիայի մեջ, թատերական ռեժիսոր Դոնաթ Մեչիկի և սրբագրիչ Նորա Դովլաթովայի ընտանիքում: Ապրել է Լենինգրադում: Մահացել է ուղիղ 20 տարի առաջ` 1990 թ. օգոստոսի 24-ին` տարագրության մեջ: Թաղված է նյույորքյան Քվինս թաղամասի Մաունթ Հեբրոն հրեական գերեզմանոցի հայկական մասում: Տարագրության 12 տարիների ընթացքում Սերգեյ Դովլաթովը ԱՄՆ-ում և Եվրոպայում հրատարակել է տասներկու գիրք, եղել է գաղթականների «Նոր ամերիկացի» թերթի գլխավոր խմբագիրը: 1980- ականների կեսերին նա մեծ հաջողություն ունեցավ ընթերցասերների շրջանում, նրան սկսեցին տպագրել «Պարտիզան Ռեվյու» և «The New Yorker» հեղինակավոր ամսագրերում, սակայն նա չհարստացավ:

Նրա ծոցատետրերում կա մի հետաքրքիր գրություն. «Բոլորին հետաքրքիր է, թե ինչ է լինելու մահվանից հետո: Մահվանից հետո սկսվում է պատմությունը»: Նա չսխալվեց, համենայնդեպս` իր հարցում:

Մենք` հայերս, կարող ենք հպարտանալ մեր երկրով:

Սերգեյ Դովլաթովի «Ժամանակին մենք ապրում էինք սարերում» պատմվածքը, որի գլխավոր հերոսները հայեր են, առաջին անգամ տպագրվեց 1968 թ.«Կրոկոդիլ» ամսագրում: Համարի տպագրումից մի քանի շաբաթ անց հեղինակին շտապ կանչեցին ամսագրի խմբագրություն և առաջարկեցին ծանոթանալ իր ստեղծագործության վերաբերյալ ընթերցողների նամակ-արձագանքներին: Հայաստանից բոլորը արձագանքները վրդովվալից էին: «Կոկորդիլոսի» 1968 թ. 33-րդ համարում (1899) տպագրվեց Սերգեյ Դովլաթովի պատասխանն իր հայրենակիցներին.

«Սիրելի հայրենակիցներ, «Կրոկոդիլ» ամսագրի 26-րդ համարում տպագրվել էր իմ «Ժամանակին մենք ապրում էինք սարերում» պատմվածքը: Պատվածքի վերաբերյալ եղան բազմաթիվ արձագանքներ Հայաստանից, բայց ցավոք, ամենևին ոչ խրախուսական: Նամակների հեղինակներն ինձ մեղադրում են հարազատ ժողովրդիս սովորույթների չիմացության և իրականությունն աղավաղելու մեջ:

Ուրեմն այսպես, նախ ուզում եմ ընդգծելել, որ իմ պատմվածքում ես փորձել եմ հեգնանքով պատկերել այն հայերին, ովքեր վաղուց ապրում են Հայաստանից հեռու, օրինակ Լենինգրադում, կորցրել են կապը հայկական ավանդույթների հետ` պահպանելով զուտ ձևական, տարաշխարհիկ և ի վերջո նաև կեղծ պատկերացումներ` իրենց ժողովրդի սովորությունների մասին: Դժվար չէ նկատել, որ պատմվածքը սերտորեն առնչվում է նաև տարաբախտ հեղինակին: Այդպիսով ինձ ուղղված ձեր հանդիմանությունների մեծ մասը ինքս հասցեագրել եմ պատմվածքի հերոսներին:

Մենք` հայերս, կարող ենք հպարտանալ մեր երկրով. 2750 տարի է անցել այն ժամանակներից, երբ անառիկ բլուրի վրա կառուցվեց Էրեբունի ամրոցը: Դարերով ստեղծվել է հայկական հզոր մշակույթը, ձևավորվել են ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները, ծանր փորձությունների ընթացքում ձևավորվել է նրա ազգային դիմագիծը: Ամբողջ աշխարհին հայտնի են հայերի անուններ, ովքեր փառավորել են իրենց հայրենիքը: Մարտիրոս Սարյանի կտավները, Արամ խաչատրյանի երաժշտությունը, Մարիետա Շահինյանի գրքերը դարձել են համաշխարհային մշակույթի արժեքներ: Խորհրդային գիտության հպարտությունն է Վիկտոր Համբարձումյանը: Միամտություն կլիներ կարծել, որ ինչ-որ մեկն ի զորու է սևացնել հայկական մշակույթը, ստվեր գցել հայ ժողովրդի վրա:

Ցավոք, պատմվածքում կենցաղի նկարագրություններում, անախորժ անճշտություններ կան, և ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ տեղեկացրին այդ մասին:

Չնայած առանձին դեպքերում կարելի է նաև չհամաձայնել ամսագրի ընթերցողների հետ: Էկոնոմիկայի և գյուղտնտեսության կազմակերպման հայկական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները հավաստիացնում են, որ հայերը երբեք փափախ չեն կրել, իսկ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակչության խմբագիրները վստահորեն հաստատում են այդ փաստը: Հարգելի ընկերներ, ուզում եմ հիշեցնել ձեզ հայկական ասացվածքը.«Եթե ուզում ես կնոջդ ծեծել, փափախդ հանիր, ծեծիր ու նորից հագիրե: Եվ մի՞թե ԽՍՀՄ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցները, ովքեր գրում են`«Փլավը հայերի համար այնքան է ազգային ճաշատեսակ, որքան չինացիների համար` աղապուրըե, չեն լսել տասնյակ հայկական ասացվածքներ և արտահայտություններ, որոնցում հիշատակված է այդ ավանդական կերակրատեսակը, օրինակ`«Փլավ կա` ախորժակ չկա, ախորժակ կա` փլավ չկաե և այլն:

Իսկ նոր շրջանի միատեսակ թաղամասերի դրվագում, որը վրդովեցրել է որոշ թղթակիցների, խոսքն ամենևին էլ Երևանի շրջակայքի մասին չէ, որը հայտնի է վարդագույն տուֆի տարբեր երանգներով կառուցված հիասքանչ տներով: Հենց միայն դրվագի նկարագրությունից ընթերցողները կարող էին հասկանալ, որ ներկայացնելով հումորային իրավիճակ, հեղինակն ամենևին էլ նկատի չուներ Հայաստանը, որտեղ ժամանակին ապրել են նրա պապերն ու նախապապերը: Ինձ վշտացնում է, որ ընթերցողներից շատերն ինձ չեն հասկացել:

Իսկ իմ համեստ ստեղծագործության նկատմամբ ուշադրության և ընկերական քննադատության համար շնորհակալ եմ:

Սերգեյ Դովլաթով, ք. Լենինգրադ

Դովլաթովի` հայերին ուղղված նամակին կցված էր «Կրոկոդիլ» ամսագրի խմբագրության կողմից մի հավելում. «Տպագրելով Ս. Դովլաթովի`«Ժամանակին մենք ապրում էինք սարերում» պատմվածքի հեղինակի նամակը` ամսագրի խմբագրությունը չի կարող լռել նաև մեղքի իր բաժնի մասին: Ընթերցողներից ստացված քննադատական արձագանքները վկայում են այն մասին, որ խմբագրության աշխատակիցները, ովքեր այս պատմվածքը պատրաստել են տպագրության, մակերեսային են վերաբերվել ստեղծագործության գնահատականին: Նրանք չեն օգնել երիտասարդ հեղինակին պատմվածքից վերացնել այն հատվածները, որոնք թեթևամտորեն և սխալ են մեկնաբանում ազգային սովորություններն ու ավանդույթները, ինչն էլ հենց արդարացի քննադատություն է առաջ բերել ընթերցողների շրջանում: Տվյալ հրատարակությամբ խմբագրությունը ուղղում է իր սխալը»:

Հատված Սերգեյ Դովլաթովի«Ժամանակին մենք ապրում էինք սարերում» պատմվածքից

Քեռի Խորենը շրջվեց դեպի ինձ և ասաց.

— Օղին քիչ է: Դու ես ամենաջահելը: Գնա գաստրոնոմ:

— Իսկ հեռո՞ւ է,— հարցնում եմ:

— Այն կողմն է, երկու թաղամաս պիտի գնաս ու մի էդքան էլ հետ գաս:

Ես դուրս եկա փողոց, հետևում թողնելով խմբերգի թնդյունը ու պարի դղրդյունը: Այնպիսի տպավորություն էր, ասես երկու հարյուր մարդ միանգամից կրնկակոշիկ էր փորձում…

Տասնհինգ րոպեից ես վերադարձա: Մորեղբորս տան մոտ հրշեջ մեքենաներ էին կանգնած: Պատշգամբներից նայում էին հետաքրքրասեր հարևանները: Չորրորդ հարկի պատուհաններից ծուխ էր դուրս գալիս և ցրվում երկնքի մեջ:

Բացվեց շքամուտքի դուռը: Ոստիկանները ձեռքերից բռնած դուրս բերեցին Արմենակ մորեղբորս:

Ինձ տեսնելով` քեռիս աշխուժացավ.

— Վաղուց արդեն ժամանակն է, որ հայերը համախմբվեն,— բացականչեց քեռիս

և քայլեց դեպի ինձ:

Բայց ոստիկանները նրան ամուր բռնել էին: Նրանք քեռուս տանում էին դեպի ճաղապատ պատուհաններով ավտոմեքենան: Դուռը փակվեց: Մեքենան անհետացավ ոլորանի հետևում:

Մորաքույր Սիրանույշը պատմեց ինձ, թե ինչ է կատարվել: Պարզվում է` քեռիս առաջարկել էր խարույկ վառել և խորոված անել:

— Դու մանրահատակը կփչացնես,— դիմադրել էր Սիրանույշը:

— Պայուսակումս մի քիչ կտուրի երկաթ ունեմ,— ասել էր քեռի Խորենը:

— Բեր այստեղ,— հրամայել էր մորեղբայրս` զննելով ֆիննական գարնիտուրը…

Ժամանակին մենք ապրում էինք սարերում: Նրանք երամակներով դեգերում էին Ռուսաստանի հարավային սահմանների երկայնքով: Մենք նրանց վարժեցրինք անազատությանը, լծին: Մենք նրանց մինչև հիմա սիրում ենք: Բայց այդ սերը միայն երգերում է մնացել:

Ժամանակին մենք ավելի թուխ էինք: Օրերով փռված էինք Սևանի ափին: Իսկ գեղեցիկ աղջիկ տեսնելիս` տաշեղով փորներիս վրա սիրո խոսքեր էինք գրում:

Ժամանակին մենք ձի էինք քշում: Իսկ հիմա երթևեկում ենք տրոլեյբուսներում և նիրհում ոտքի վրա:

Ժամանակին մենք մառան էինք իջնում: Իսկ հիմա վազում ենք գաստրոնոմ:

Մենք նորակառույցների ուղղաբերձ թեքությունները գերադասեցինք սարերից:

Մենք վիրավորում ենք մեր կանանց և խարույկ ենք վառում մանրահատակի վրա:

ԲԱՅՑ ԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՍԱՐԵՐՈՒՄ ԷԻՆՔ ԱՊՐՈՒՄ

…Ծննդականում ազգությունս հայ է նշված

1990 թ.«Օգոնյոկե ամսագրում տպագրվեց Սերգեյ Դովլաթովի վերջին հարցազրույցներից մեկը, որը նա տվել էր գրող Վիկտոր Երոֆեևին: Ահա մի հատված.

Ս. Դովլաթով… Մայրս հայուհի է, հայրս` հրեա: Երբ ծնվեցի, նրանք որոշեցին, որ կյանքս ավելի հանգիստ կլինի, եթե ես հայ համարվեմ և ծննդականում հայ գրանցեցին: Իսկ հետո երբ եկավ մեկնելու ժամանակը, պարզվեց, որ դրա համար պետք է հրեա լինել: 1978 թ. օգոստոսին դառնալով հրեա` ես ստացա մեկնելու օրինական իրավունք:

— Իսկ հիմա, Հայաստանում կատարվող իրադարձությունների կապակցությամբ ձեր հայկական արյունը զգացնել տալի՞ս է:

— Գիտեմ, որ գուցե դա ինչ-որ մեկին սարսափելի և ամոթալի թվա, բայց ես երբեք չեմ ունեցել զգացողություն, որ այս կամ այն ազգությանն եմ պատկանում: Ես հայերեն չեմ խոսում: Մյուս կողմից էլ` եբրայերեն էլ չեմ խոսում, հրեաների միջավայրում ինձ յուրային չեմ զգում: Եվ մինչև վերջերս հայերի դժբախտություններին վերաբերվում էի` ինչպես ցանկացած այլ ազգի` հնդիկների, չինացիների դժբախտություններին: Բայց վերջերս մի գրական համաժողովի ժամանակ ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ինձ ընդհանրապես նման չէ. նա իսկական հայ է, խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում: Նա այնքան երկչոտ, անկեղծ, բարի, հրեշտականման մարդ է, որ մտերմանալով նրա հետ` ես ասես սկսեցի նրա աչքերով նայել: Երբ կարդում եմ հայկական իրադարձությունների մասին, փորձում եմ պատկերացնել, թե ինչ է զգում այդ պահին Մաթևոսյանը: Ահա այսպես, նրա նկատմամբ տածած սիրո միջոցով ես ձեռք բերեցի որոշ հայկական զգացմունքներ:

— Այսինքն դուք ձեզ զգում եք այսպես ասած` վերացական ռուս:

— Ես երկար ժամանակ մտածում էի, թե ինչպես կարելի է ձևակերպել իմ ազգային պատկանելությունը և որոշեցի, որ ես ռուս եմ իմ մասնագիտությամբ:

— Իսկ ի՞նչ է նշանակում` մասնագիտությամբ ռուս:

— Դե, ես գրում եմ ռուսերեն: Իմ մասնագիտությունն է լինել ռուս հեղինակ:

© Սերգեյ Դովլաթով

 

Տեղեկագիր

Սերգեյ Դոնաթի Դովլաթովի մոր` Նորա Սերգեևնայի աղջկական ազգանունը Դովլաթյան էր: Նորա Սերգեևնան երիտասարդ տարիներին հայտնի էր իր գեղեցկությամբ: Սկսել է նա որպես թատրոնի դերասանուհի, թատերական կրթություն է ստացել: Չերկասովը և Մերկուրևը նրա համակուրսեցիներն էին: Բայց շուտով նա հիասթափվեց իր ընտրած մասնագիտությունից և դարձավ ռադիոյի հաղորդավար, իսկ հետո զբաղվեց գրական սրբագրիչի աշխատանքով: Բոլորը նշում էին, որ գերազանց տիրապետում էր ռուսերենին` թե խոսակցականին, թե գրականին: Այդ խստապահանջ կինը անմիջապես գտնում և ուղղում էր սխալը: Գիտելիքները և պահանջկոտությունը լեզվի նկատմամբ Նորա Սերգեևնան կարողացավ որդուն փոխանցել: Նորա Սերգեևնային հաջողվեց ողջ կյանքի ընթացքում պահպանել մոր և որդու միջև գոյություն ունեցող բնական կապը: Նրանք իսկական ընկերներ էին, ովքեր մեկը մյուսին էին վստահում իրենց ամենանվիրական գաղտնիքները: Մինչև կյանքի վերջին օրը Նորա Սերգևնան ապրեց Նյու Յորքում` որդու ընտանիքի հետ: Նա որդուց 9 տարով երկար է ապրել և թաղված է նրա կողքին` Մաունթ Հեբրոն գերեզմանատանը:

Գրողի հայրը` Դոնաթ Իսահակովիչ Մեչիկը (նա և Նորա Սերգեևնան ամուսնալուծված էին) 1980 թ. որդու հետևից գաղթեց ԱՄՆ (Դովլաթովի մեկնելուց հետո` 1978 թ., Մեչիկին ստիպել էին թոշակի գնալ): Դոնաթ Մեչիկը մահացավ1995 թ. հոկտեմբերի 22-ին, Նյու Յորքում, թոքերի քաղցկեղից:

Ինչպե՞ս է մահացել Սերգեյը

Ալևտինա ԴՐՈԲԻՇԻ հիշողություններից

1984 թ. Նյու Յորքում ես ծանոթացա Սերգեյ Դովլաթովի հետ: Եվ այդ անմոռանալի ծանոթությունը շարունակվեց մինչև նրա կյանքի վերջին օրը: Ես երկար տարիներ չէի ուզում դառնալ նրանցից մեկը, ով Սերգեյի կյանքի մասին հիշողություններ է գրում: Սերգեյի մահվանից հետո այդպիսիները հայտնվեցին անթիվ-անհամար քանակությամբ: Հարկ չեմ համարում հագուրդ տալ այն պարապ մարդկանց դատարկ հետաքրքրամոլությանը, որոնք հայտնի մարդկանց անձնական կյանքերի մանրամասների սիրահար են:

Բայց ժամանակի ընթացքում ես սկսեցի ավելի հստակ տարբերել ամբոխի անիմաստ և ստոր հետաքրքրամոլությունը այն հետաքրքրասիրությունից, որի հիմքում սերն է դեպի գրող Սերգեյ Դովլաթովը: Մեր սերնդի մարդիկ կամաց-կամաց հեռանում են, և հիմա ես համարում եմ, որ իմ պարտքն է պատմել, թե ինչ է եղել իրականում:

Եվ այսպես…

Մեծ գաղտնիք չեմ բացի, եթե հայտնեմ, որ Սերգեյը իսկական հարբեցող էր, որը պարբերաբար տառապում էր թունդ գինեմոլությամբ: Այնպես էր ստացվել, որ այդ օրերին Սերգեյն իմ տանն էր թաքնվում: Այդպես էր նաև վերջին անգամ:

Հարբեցողության ժամանակահատվածն արդեն կարելի է ասել` ավարտվել էր, այսինքն Սերգեյը սկսել էր դուրս գալ այդ վիճակից: Հավանաբար օրգանիզմն արդեն հագեցել էր ալկոհոլով: Խմիչքի մասին միտքն անգամ զզվելի էր թվում: Չնայած եթե խմելու ցանկություն լիներ` խմիչք ճարելու խնդիր չէր լինի:

Իր սեփական սցենարով նա առավոտից սկսեց պայքարել խմելու դեմ, կամ եթե կուզեք` արարողակարգով. բազմիցս փորձարկված և ստուգված ձև էր: Ամբողջ օրը կաթ կամ թույլ թեյ էր խմում: Օրգանիզմը հեղուկի կարիք ուներ, անընդհատ խմել էր ուզում: Երեկոյան առանց որևէ տեսանելի պատճառի փորացավ սկսվեց` ստամոքսի շրջանում:

Դովլաթովը միշտ ուժեղ մարդ է եղել` պինդ կազմվածքով և շատ բարձրահասակ, դրա համար էլ մի ինչ-որ փորացավ ու մանավանդ, որ դա առաջին դեպքն էր, նրան ընդհանրապես չանհանգստացրեց: Նա իրեն հանգիստ էր պահում, հավատում էր, որ կանցնի: Եվ իրոք, ցավը պարբերաբար հանգստանում էր: Երեկոյան, ավելի ճիշտ արդեն գիշերը, նրա վիճակը վատացավ: Ես զանգեցի ծանոթիս, պայմանավորվեցի, որ գնամ ու նրանից բուժական երիցուկ վերցնեմ թեյի համար:

Դուրս եկա տնից: Ուժեղ անձրև էր: Մեքենայիս դուռը բաց էր: Երբ ուշադիր նայեցի, հասկացա, որ գիշերը ինչ-որ մեկը մտել է մեքենաս: Երևի ուզեցել են գիշերել մեքենայում` մտածեցի: Մեր կողմերում դա սովորական երևույթ է:

Բայց երբ հայտնաբերեցի, որ կորել է մեքենայիս թալիսմանը` մի փոքրիկ սրբապատկեր, ես իսկապես վախեցա: Մինչև հիմա հիշում եմ այդ` ասես անպատճառ սարսափը, որով հանկարծակի համակվեցի: Ես դժվարությամբ հաղթահարեցի իմ մեջ արթնացած ոչ բարի կանխազգացումները և շարժվեցի:

Երիցուկի թեյը մի քիչ թեթևացրեց ցավը և Սերգեյը քնեց մինչև առավոտվա յոթը: Առավոտյան նա արդեն չէր դիմանում ցավին: Ես զանգեցի իմ ծանոթ բժշկին, որը հոսպիտալում էր աշխատում: Բայց նա տեղում չէր: Դեռ վաղ էր: Մինչ ես զանգում էի, Սերգեյը գնաց ցնցուղ ընդունելու:

Ես մտա նրա մոտ, որ պատմեմ բժշկի մասին` տեսա հսկա Սերգեյի մեռելային կանաչ դեմքը. նա փորձում էր չընկնել բաղնիքի սալահատակին և բռնվել էր պլաստիկե վարագույրից: Ես բղավեցի: Եվ այնպես բարձր, որ նա մի պահ ուշքի եկավ և օգնեց, որ ես նստեցնեմ իրեն լոգարանի հատակին: Ես վազեցի դեպի հեռախոսը, որ շտապ օգնություն կանչեմ:

Ինչպես միշտ ժամանեցին մեծ քանակությամբ ոչ անհրաժեշտ մարդիկ. ոստիկաններ, հրշեջներ և էլի աստված գիտի` ովքեր: Բժիշկները իրենց հետ ոչինչ չէին բերել` առաջին օգնություն ցույց տալու համար: Նրանցից մեկը ռուս էր: Ես ուրախացա և սկսեցի նրան ինչ-որ բան բացատրել: Բայց…

Նրանք գործնական-անտարբեր հագցրեցին Սերգեյին, նստեցրին նրան սայլակ-բազկաթոռին և տարան դեպի վերելակ: Ես արագ հագնվեցի, և քանի որ վերելակում բոլորով չէինք տեղավորվի` սկսեցի ոտքով արագ իջնել:

Բայց Սերգեյին ինձ հաջողվեց տեսնել արդեն սանիտարական մեքենայի ներսում, պատգարակի վրա պառկած: Ինձ չթողեցին, որ մտնեմ մեքենա: Ինձ տարավ ոստիկանական մեքենան, մենք նրանց հետևից գնացինք Կոնի Այլենդի հիվանդանոց:

Երբ հասանք, Սերգեյին միանգամից վերակենդանացման բաժին տարան: Փորձում էին փրկել: Ասում են` էլեկտրոշոկի միջոցով մի քանի անգամ փորձել են աշխատեցնել կանգնած սիրտը: Այդ ամենը կես ժամից ավելի չտևեց: Դուրս եկավ բժիշկը և հայտնեց, որ ոչինչ չհաջողվեց անել:

Եթե ինձ այն ժամանակ, կամ թեկուզ հիմա ասեին, որ Սերգեյին փրկելու համար պետք է իմ սիրտը տամ, ես առանց վայրկյան անգամ տատանվելու կտայի:

Ամերիկայում ապրելու տարիներին Սերգեյ Դովլաթովը գրել է.«Հավանաբար ես միջակ գրող կդառնամ: Դրանից վախենալ պետք չէ: Չէ՞ որ միայն գռեհիկներն են վախենում միջակությունիցե: Դովլաթովը կյանքից հեռացավ` չենթադրելով, թե ինչ մասշտաբների կհասնի իր համբավը: Չէ՞ որ կենդանության օրոք նա այդպես էլ չհասավ գլխավորին` ճանաչմանը իր հայրենիքում, չնայած ինչպես ցանկացած իսկական գրող, որքան էլ ինքնախարազանող դատողություններ աներ ինքն իր մասին` միևնույն է` չէր կարող չձգտել դրան:

Նյութը պատրաստեց` Միքայել ԲԱՐՍԵՂՅԱՆ

Share Button

3 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *