Մաս 1
Մորս և հորս հիշատակին
Կարլ Ռեյ Պրոպերի հիշատակին
…Սիրտս բաբախում է, մինչդեռ պատառոտվեր պիտի:
Չեսլավ Միլոշ
«Էլեգիա Ն.Ն.-ին»
1
Իրենց անփոփոխ ձախողումներով անցյալը վերականգնելու բոլոր փորձերը նման են գոյության իմաստը հասկանալու նկրտումներին: Երկու դեպքում էլ քեզ զգում ես բասկետբոլի գնդակը բարձրացնել փորձող մանկիկի պես. գնդակն անընդհատ դուրս է սայթաքում ափերիցդ:
Կյանքիցս շատ բան չեմ հիշում, իսկ այն, ինչ հիշում եմ, առանձնապես էական չէ: Հիշողությանս մեջ մնացած մտքերի մեծամասնության նշանակալիությունը մնացել է այն ժամանակներում: Եթե դրանցից մեկի դեպքում այդպես չէ, ապա այդ միտքը, անկասկած, մեկ ուրիշը շատ ավելի լավ է ձևակերպել: Գրողի կենսագրությունը իր լեզվի գալարումներն են: Հիշում եմ, օրինակ, երբ տասը-տասնմեկ տարեկան էի, մտածում էի, թե Մարքսի պնդումը` «կեցությունն է որոշում գիտակցությունը», ճշմարիտ է մինչև այն պահը, երբ գիտակցությունը յուրացնում է օտարման արվեստը. դրանից հետո գիտակցությունն ինքնուրույն է և կարող է ինչպես պայմանավորել, այնպես էլ անտեսել կեցությունը: Այդ տարիքում դա, անշուշտ, հայտնագործություն էր, թեև` հազիվ թե արձանագրման արժանի, և, անկասկած, կային այլոց` շատ ավելի ճշգրիտ ձևակերպումները: Եվ արդյոք այդքան կարևո՞ր է, թե ով է առաջինն ընթերցել որևէ սեպագիր միտք, որի կատարյալ օրինակը «կեցությունն է որոշում գիտակցությունն» է:
Ուստի սա գրում եմ ոչ թե ապրածս տարիների արձանագրությունը կազմելու համար (այդպիսին գոյություն չունի, եթե անգամ ունի` էական ու հետևաբար դեռ աղճատված չէ), այլ հիմնականում նրա համար, ինչի համար առհասարակ գրում է որևէ գրող` իր լեզուն բացելու կամ լեզվից (տվյալ դեպքում` օտար) խթան ստանալու համար: Առանց այդ էլ քիչ հիշածս ավելի է սեղմվում, երբ վերհիշում եմ անգլերենով:
Նախևառաջ պիտի վստահեմ ծննդականիս, որը փաստում է, թե ծնվել եմ 1940 թվականի մայիսի 24-ին Ռուսաստանում` Լենինգրադում, որքան էլ խորշում եմ, երբ այդպես են կոչում այն քաղաքը, որը սովորական մարդիկ վաղուց ի վեր անվանում են պարզապես Պիտեր` Պետերբուրգի փաղաքշական ձևով: Այսպիսի հին երկտող ոտանավոր կա.
Ծերունի Պիտերը
Լվացել է պատերը:
Ազգային գիտակցության մեջ քաղաքը, անշուշտ, Լենինգրադ է, և իր բովանդակությանը օրեցօր հավելվող գռեհկությամբ ավելի ու ավելի է Լենինգրադ դառնում: Բացի այդ, ռուսների համար «Լենինգրադ» բառն այսօր նույնքան չեզոք է հնչում, որքան, ասենք, «շինարարություն» կամ «երշիկ» բառերը: Ես, այդուհանդերձ, այն կանվանեմ Պիտեր, քանզի հիշում եմ այն ժամանակը, երբ քաղաքը Լենինգրադի տեսք չուներ` պատերազմից անմիջապես հետո: Գորշ, բաց կանաչավուն պատեր` արկերի ու փամփուշտների հետքերով, անվերջանալի, դատարկ փողոցներ` հատուկենտ անցորդներով ու ավելի քիչ ավտոմեքենաներով, սովահար, ուստիև ավելի հստակ ու, եթե կուզեք` ազնվական դիմագծերով: Հյուծված, կոպիտ դեմք, և գետի վերացական փայլը` արտացոլված մարած աչքեր հիշեցնող խավար պատուհանախոռոչներում: Մազապուրծ վերապրածին չի կարելի Լենինի անունով կոչել:
Իրենց վեհությունը պահպանած ծաղկատար դիմապատերի հետևում` հին դաշնամուրների, հնամաշ գորգերի, բրոնզագույն շրջանակներով փոշեծածկ նկարների, թուջի վառարաններից մազապուրծ կահույքի մնացորդների (առաջին հերթին այրվում էին աթոռները) մեջ, առկայծում էին կյանքի երկչոտ նշույլներ: Եվ հիշում եմ, որ դպրոցի ճանապարհին ամբողջովին կլանված էի երևակայական պատկերներով, թե ինչ է կատարվում այդ պատառոտված պաստառներով սենյակներում: Պետք է ասեմ, որ այդ դիմապատերից ու սյունազարդ նախամուտքերից` դասական, մոդեռն, էկլեկտիկ` իրենց սյուներով, որմնասյուներով, առասպելական կենդանիների կամ մարդկանց ծեփաքանդակներով, դրանց զարդանախշերից ու պատշգամբները պահող արձանասյուներից, շքամուտքերի որմնախորշերի կիսանդրիներից ավելին եմ սովորել այս աշխարհի պատմության մասին, քան հետագայում որևէ գրքից: Հունաստանը, Հռոմը, Եգիպտոսը` բոլորն այնտեղ էին և բոլորը կրում էին հրետակոծության հետքերը: Իսկ դեպի Բալթիկ ծովը հոսող գետի գորշ հայելու վրա հոսանքի դեմ պայքարող փոքրիկ շոգենավից ավելին եմ սովորել հավերժության ու ստոիցիզմի մասին, քան մաթեմատիկայից ու Զենոնից:
Այդ ամենը շատ քիչ կապ ուներ Լենինի հետ, որին չսիրեցի, կարծում եմ, առաջին դասարանից` ոչ այնքան իր քաղաքական փիլիսոփայության ու գործունեության համար (դրանց մասին յոթ տարեկանում շատ չգիտեի), որքան համատարած դիմանկարների համար, որոնք զավթել էին գրեթե բոլոր դասագրքերը, պատերը, նամականիշները, թղթադրամներն ու մետաղադրամները, էլի հազար ու մի բան` պատկերելով նրան տարբեր տարիքներում ու կյանքի տարբեր փուլերում: Կար մանուկ Լենինը` ոսկեգանգուր, քերոբվեի դեմքով: Հետո քսան-երեսնամյա Լենինը` արդեն ճաղատացող, լարված դիմագծերով, դեմքի այն անիմաստ արտահայտությամբ, որին հարիր է ցանկացած բնորոշում, գերադասելի է` նպատակասլացություն: Այս դեմքը հետապնդում է յուրաքանչյուր ռուս մարդուն` սահմանելով մարդկային արտաքինի որոշակի չափանիշ, որովհետև իսպառ զուրկ է անհատականությունից: (Թերևս հենց առանձնահատկությունների բացակայությունն է, որ տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս:) Հետո գալիս է ավելի տարեց Լենինը` ավելի ճաղատ, սեպաձև մորուքով, մուգ եռյակ-կոստյումով, երբեմն ժպտացող, ավելի հաճախ զրահամեքենայից կամ կուսակցական որևէ համագումարի ամբիոնից «մասսաներին» դիմող` ձեռքն առաջ մեկնած:
Կային նաև այլ տարբերակներ. Լենինը բանվորական կեպիով ու կոճկառին ամրացված մեխակով, աշխատասենյակում ժիլետով` կարդալիս կամ գրելիս, կոճղի վրա նստած` «բնության գրկում» իր «Ապրիլյան թեզիսները» կամ որևէ այլ հիմարություն շարադրելիս: Վերջապես` Լենինը կիսազինվորական հագուստով այգու նստարանին, Ստալինի կողքին` միակ մարդը, որ գերազանցել էր նրան տպագիր դիմանկարների քանակով: Բայց Ստալինն այն ժամանակ ողջ էր, իսկ Լենինը` մեռած, ու միայն դրա շնորհիվ «լավը», որովհետև պատկանում էր անցյալին, ասել է թե` նրան հովանավորում էին պատմությունն ու բնությունը: Մինչդեռ Ստալինին հովանավորում էր միայն բնությունը. կամ` հակառակը:
Ինձ թվում է, որ այդ նկարները չնկատելն «անջատվելու» ունակության առաջին դասս էր, ինքնօտարվելու առաջին փորձս: Դրան հետևելու էին նորերը. իրականում հետագա ամբողջ կյանքս կարելի է դիտարկել որպես չդադարող խուսափում դրա ամենակպչուն դրսևորումներից: Պիտի ասեմ, որ այդ ուղղությամբ շատ հեռու եմ գնացել, գուցեև` չափազանց հեռու: Այն ամենը, ինչ ենթադրում էր կրկնություն, վարկաբեկվում էր ու ենթակա էր հեռացման: Դա վերաբերում էր բառակապակցություններին, ծառերին, մարդկանց որոշակի տեսակներին, երբեմն` անգամ ֆիզիկական ցավին, և անդրադարձավ շատերի հետ փոխհարաբերություններիս վրա: Որոշ առումով` երախտապարտ եմ Լենինին: Մեծ քանակների ցանկացած դրսևորում անմիջապես ընկալում էի որպես քարոզչություն: Այս հատկանիշը, կարծում եմ, սրընթացության հասցրեց իրադարձությունների խտությունը հատելուս արագությունը` ուղեկցված անխուսափելի մակերեսայնությամբ:
Վայրկյան իսկ չեմ կարծել, թե մարդու բնավորություն բոլոր բանալիները հարկավոր է փնտրել նրա մանկության մեջ: Ռուսների երեք սերունդ ապրել է կոմունալ բնակարանների փոքր սենյակներում, ու մենք քնած էինք ձևանում, երբ մեր ծնողներն անկողնում սիրում էին իրար: Հետո պատերազմ էր. բացակա կամ հաշմված հայրեր, կոպտացած մայրեր, պաշտոնական ստեր դպրոցում ու ոչ պաշտոնական` տանը: Դաժան ձմեռներ, տգեղ հագուստ, գիշերը թրջած սավանների ցուցադրական չորացում պարանների վրա և այդ ու նման խնդիրների բարձրաձայնում ուրիշների ներկայությամբ: Հետո ճամբարի վրա ծածանվում էր կարմիր դրոշը: Եվ ի՞նչ: Մանկության այդ ռազմականացումը, այդ ահաբեկող տխմարությունը, սեռական անբավարարվածությունը (տասը տարեկանում տենչում էինք մեր ուսուցչուհիներին) այնքան էլ չեն ազդել մեր էթիկայի, մեր էսթետիկայի, սիրելու ու տառապելու մեր ունակության վրա: Այս ամենը վերհիշում եմ ոչ այն պատճառով, թե կարծում եմ, որ այդտեղ է մեր ենթագիտակցության բանալին, և, անշուշտ` ոչ մանկությանս կարոտով: Վերհիշում եմ, որովհետև նախկինում դա երբեք չեմ արել, որովհետև ուզում եմ, որ այդ հուշերիս որոշ մասը պահպանվի` առնվազն թղթի վրա: Եվ որովհետև հետ նայելն ավելի շնորհակալ գործ է, քան հայացքն ապագային ուղղելը: Պարզ ասած` ապրելիք օրը պակաս հրապուրիչ է, քան ապրածը: Ինչ-ինչ պատճառներով անցյալն այդպիսի միօրինակություն չի տարածում իր շուրջը, ինչպես ապագան: Իր բազմաքանակության բերումով ապագան քարոզչություն է: Խոտի պես:
Մեր գիտակցության ճշմարիտ պատմությունն սկսվում է առաջին ստից: Իմը ես հիշում եմ: Դա դպրոցի գրադարանում էր, երբ լրացնում էի ընթերցողի քարտը: Հինգերորդ կետը, բնականաբար, «ազգությունն» էր: Արդեն յոթ տարեկան էի ու հստակ գիտեի, որ հրեա եմ, բայց գրադարանավարուհուն ասացի, թե չգիտեմ: Կասկածելիորեն աշխուժացած կինն ասաց, որ գնամ տուն ու հարցնեմ ծնողներիս: Այդ գրադարան այդպես էլ չվերադարձա, թեև դարձա բազմաթիվ այլ գրադարանների ընթերցող, որտեղ նույնպիսի քարտ լրացնելը պարտադիր էր: Հրեա լինելուցս չէի ամաչում, ոչ էլ վախենում էի դա ընդունելուց: Դասամատյանում ամենայն մանրամասներով արձանագրված էին մեր անունները, մեր ծնողների անունները, հասցեներն ու ազգությունը, և ժամանակ առ ժամանակ ուսուցիչներից մեկը դասամիջոցներին այդ դասամատյանը «մոռանում»-թողնում էր սեղանին: Իսկ մենք գիշակերների պես հավաքվում էինք այդ էջերի գլխինս . դասարանում բոլորը գիտեին, որ հրեա եմ: Յոթնամյա տղաները, սակայն, այնքան էլ լավ հրեատյացներ չեն: Բացի այդ, ես բավական ուժեղ էի, իսկ բռունցքներն այդ տարիքում ամենամեծ նշանակություն են ունենում: Ես ամաչում էի բուն «հրեա» բառից (ռուսերեն`«եվրեյ»)` անկախ դրան տրվող նշանակության երանգներից:
Բառի ճակատագիրը պայմանավորված է դրա կոնտեքստների բազմազանությամբ, գործածության հաճախականությամբ: Տպագիր ռուսերենում «եվրեյ»-ը նույնքան հազվադեպ է, որքան «գոյափոխություն»-ը կամ «հագարատյացություն»-ը ամերիկյան անգլերենում: Կարգավիճակով այն փաստորեն նաև հայհոյանք է կամ, ասենք, վեներական հիվանդության անվանում: Յոթնամյա տղան բավարար բառապաշար ունի այս խոսքի հազվադեպությունը գիտակցելու համար, և իրեն դրան նույնացնելը խիստ տհաճ է: Այն անհասկանալիորեն հակասում է վանկարտաբերման համակարգին: Հիշում եմ, որ շատ ավելի թեթև էի տանում «ջհուդ» բառի ռուսերեն տարբերակը` «ժիդ», որը բացահայտորեն վիրավորական էր և հետևաբար` իմաստազուրկ, երանգներով չծանրաբեռնված: Միավանկ բառերը ռուսերենում մեծ նշանակություն չունեն: Բայց երբ գալիս են վերջնածանցները, վերջավորությունները, նախածանցները` բմբուլները քամու բերանն են ընկնում: Սա ասում եմ ոչ որովհետև այդ նուրբ տարիքում տառապել եմ հրեա լինելուս պատճառով, պարզապես ուզում եմ ասել, որ առաջին սուտս վերաբերել է ինքնությանս:
Վատ սկիզբ չէ: Ինչ վերաբերում է հրեատյացությանը, այն ինքնին ինձ քիչ էր մտահոգում, քանի որ գալիս էր հիմնականում ուսուցիչներից և ընկալվում որպես մեր կյանքում նրանց ունեցած բացասական դերի անքակտելի մաս, ուստի արժանի էր նույն վերաբերմունքին, ինչ ցածր գնահատականները: Եթե կաթոլիկ քրիստոնյա լինեի, կաղոթեի, որ նրանց մեծամասնությունը հայտնվեր Դժոխքում: Որոշ ուսուցիչներ, ճիշտ է, մյուսներից լավն էին, սակայն քանի որ անխտիր բոլորն էին տնօրինում մեր ամենօրյա կյանքը, նրանց տարբերակելու նեղություն մեզ չէինք տալիս: Իրենք էլ տարբերություն չէին դնում իրենց մանկահասակ ստրուկների միջև, և անգամ ամենամոլի հակահրեական արտահայտություններում գերակշռում էր անդեմ իներցիան: Չգիտեմ ինչու, բայց երբեք չեմ կարողացել լրջորեն ընկալել վիրավորական խոսքը, հատկապես, երբ վիրավորողը միանգամայն այլ տարիքային խմբից է: Ինձ, հավանաբար, կոփել էին ծնողներիս դիաթրիբները[1]: Բացի այդ, ուսուցիչների մեջ կային նաև հրեաներ, որոնցից պակաս չէի սարսափում, քան զտարյուն ռուսներից:
Սա անհատականությունը ճնշելու, չեզոքացնելու օրինակներից մեկն է միայն, որը (հարկ է սրան գումարել նաև բուն լեզուն, որում բայերն ու գոյականներն իրենց տեղերը փոխում են այնքան հաճախ, որքան համարձակվում ես փոխել) մեզանում դաստիարակում էր երկվության մի այնպիսի զգացում, որ տասնամյակն ավարտում էինք ջրիմուռի կամային հատկանիշները չգերազանցող կամքի ուժով: Զինվորական պարտադիր ծառայության չորս տարիները (տղամարդկանց զորակոչում էին տասնինը տարեկանում) ամբողջացնում էին պետությանն անձնատուր լինելու գործընթացը: Հնազանդությունը դառնում էր մարդու բնավորության և՛ առաջին, և՛ երկրորդ բնորոշիչը:
Մտածող մարդը, իհարկե, տարատեսակ հնարքներով, վերադասի հետ ստվերային գործարքների մեջ մտնելով, կեղծիքը կեղծիքով քողարկելով, ազգակցական-խնամիական կապերն օգտագործելով` համակարգը խորամանկելու փորձեր էր ձեռնարկում: Սա վերածվում էր կյանքի նպատակի: Մարդը, այդուհանդերձ, քաջ գիտակցում էր, որ իր հյուսածը ստի սարդոստայն է ու, անկախ ձեռքբերումներից ու հումորի զգացումից, ինքնաքամահրանքի զգացումով էր ապրում: Դա համակարգի գերագույն ու վերջնական հաղթանակն է` քեզ հավասարապես մեղավոր ես զգում և՛ դրան խորամանկել-հաղթելու, և՛ դրա մասը լինելու դեպքում: Պետական հավատամքը համահունչ է ժողովրդական ասացվածքին` չկա չարիք առանց բարիքի, և, հավանաբար, հակառակն էլ արդարացի է:
Երկվությունը, կարծում եմ, իմ երկրի մարդկանց գլխավոր հատկանիշն է: Ցանկացած ռուս դահիճ մի օր զոհ դառնալու վախով է ապրում, և ցանկացած` անգամ իր մեղքը լիովին ընդունած զոհը գոնե ինքն իրեն խոստովանում է, որ բարոյապես ունակ է դահճի վերածվել: Մերօրյա պատմությունն ապացուցել է ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը: Ինչ-որ իմաստնություն այստեղ կա: Կարելի է անգամ մտածել, որ հենց այդ երկվությունն է իմաստնությունը, որ կյանքն ինքնին լավը կամ վատը չէ` քմահաճ է: Գուցե մեր գրականությունը հենց այն պատճառով է շեշտադրում բարին, որ դրան նետված մարտահրավերն է այդքան զորեղ: Եթե այդ շեշտադրումը պարզ երկակի մտածողություն լիներ, միանգամայն ընդունելի ու անգամ ողջունելի կլիներ, բայց այն տհաճորեն գրգռում է բնազդները: Այդօրինակ երկվությունն է, իմ կարծիքով, այն «ավետիսը», որ Արևելքը, չունենալով այլ առաջարկելիք, փորձում է փաթաթել մնացած աշխարհի վզին: Եվ աշխարհը կարծես հասունացել է դրա համար:
Իսկ եթե մի կողմ թողնենք աշխարհն ու դրա ճակատագիրը, ապա պատանու համար իրեն անխուսափելիորեն վիճակվածից խուսափելու միակ ուղին գնացքից թռչելն է: Դա անելը դժվար էր` ծնողներիդ պատճառով, անհայտի հանդեպ սեփական երկյուղիդ պատճառով: Իսկ ամենակարևոր պատճառն այն էր, որ դրանով տարբերվելու էիր մեծամասնությունից, իսկ մեծամասնությունը, դա մայրական կաթի հետ ես ներծծել` միշտ ճիշտ է: Դրա համար որոշակի անհոգություն է պահանջվում, իսկ անհոգության պակաս ես չունեի: Երբ տասնհինգ տարեկանում թողեցի դպրոցը, դա ոչ այնքան գիտակցված քայլ էր, որքան ներքին բնազդով թելադրված արարք: Պարզապես այլևս չէի կարող հանդուրժել դասընկերներիցս ոմանց, իսկ գլխավորը` ուսուցիչների դեմքերը: Եվ ահա ձմռան մի առավոտ առանց որևէ տեսանելի պատճառի, դասի ժամանակ մելոդրամատիկորեն դուրս եկա դպրոցի դռնից` հստակ իմանալով, որ այլևս չեմ վերադառնալու: Այդ պահի զգացողություններիցս հիշում եմ միայն խորշանքը սեփական անձիս նկատմամբ` չափազանց երիտասարդ ու շրջապատին այդքան ենթակա լինելուս համար: Կար նաև փախուստի, արևի լույսով ողողված անվերջանալի փողոցի աղոտ, բայց երջանիկ զգացողությունը:
Հիմնականը, կարծում եմ, արտաքին միջավայրի փոփոխությունն էր: Կենտրոնացված պետությունում բոլոր սենյակները նման են իրար. Դպրոցիս տնօրենի առանձնասենյակը ճշգրիտ նմանակն էր հարցաքննությունների սենյակների, որոնցում հաճախ էի լինում մոտ հինգ տարի անց: Նույն փայտադրվագ պատերը, նույն գրասեղանները, աթոռները` հյուսնի դրախտ: Հիմնադիրների նույն դիմանկարները` Լենինի, Ստալինի, քաղբյուրոյի անդամների և Մաքսիմ Գորկու (խորհրդային գրականության հիմնադիրը)` եթե խոսքը դպրոցի մասին է, կամ Ֆելիքս Ձերժինսկու (խորհրդային գաղտնի ոստիկանության հիմնադիրը)` արդեն քննիչների սենյակներում:
Հաճախ, սակայն, Ձերժինսկին` «Երկաթե Ֆելիքսը» կամ «Հեղափոխության ասպետը», ինչպես քարոզչությունն էր կնքել նրան, կարող էր զարդարել նաև դպրոցի տնօրենի առանձնասենյակի պատը, քանի որ այդ մարդը ԿԳԲ-ի բարձունքներից սավառնել-իջել էր նաև կրթության համակարգ: Եվ դասասենյակների սվաղած պատերը` հատակից մոտ մեկուկես մետր բարձրութան վրա հորիզոնական կապույտ շերտագծով, որ անփոփոխ ձգվում էր երկրով մեկ` որպես կոտորակի անվերջանալի գիծ, բոլոր դահլիճներում, հիվանդանոցներում, ֆաբրիկաներում, բանտերում, կոմունալ բնակարանների միջանցքներում: Միակ տեղը, ուր այն չեմ տեսել, գյուղական փայտաշեն տներն էին:
Այդ շերտագիծն ամենուր ներկա էր ու ամենուր խելագարեցնում էր իր ներկայությամբ, քանի~ անգամ եմ հանկարծ զգացել, որ անմիտ հայացքս գամված է այդ կապույտ նեղ ճապավենին` ընկալելով մերթ որպես հորիզոնի գիծ, մերթ որպես ոչնչի մարմնավորում: Այն չափազանց վերացական էր որևէ նշանակություն ունենալու համար: Հատակից մինչև այդ կապույտ շերտագիծը պատը ներկված էր լինում մկնագույն կամ կանաչավուն յուղաներկով, իսկ դրանից վերև` կրաներկ կուսական ճերմակություն էր: Որևէ մեկը երբեք չի հարցրել, թե ինչու: Որևէ մեկը չէր էլ կարող պատասխանել: Այն պարզապես կար` այդ բաժանարար գիծը գորշի ու սպիտակի, ներքևի ու վերևի միջև: Դրանք անգամ գույներ չէին, այլ գույների ակնարկներ` ընդմիջված դռների շագանակագույն կարկատաններով: Փակ, կիսաբաց: Ու կիսաբաց դռնից տեսնում էիր կապույտ շերտագծով բաժանված գորշ ու ճերմակ պատերով ևս մեկ սենյակ: Գումարած Լենինի դիմանկարն ու աշխարհի քարտեզը:
Այդ կաֆկայական տիեզերքը լքելը իսկապես հաճելի էր, թեև արդեն այն ժամանակ գիտեի, կամ կարծում էի, թե գիտեմ, որ էշն ավանակի հետ եմ փոխում: Գիտեի, որ նույն տեսքն են ունենալու բոլոր մյուս շենքերը, ուր պիտի մտնեի, քանի որ կյանքներիս մեծ մասը վիճակված է անցկացնել շենքերում: Այդուհանդերձ զգում էի, որ պետք է հեռանամ: Մեր ընտանիքը ֆինանսական խղճուկ վիճակում էր. գոյատևում էինք հիմնականում մորս աշխատավարձով, քանի որ հայրս անդրերկրային ինչ-որ որոշմամբ` որ հրեաները չպետք է զբաղեցնեն քիչ թե շատ նշանակալի զինվորական պաշտոններ, զորացրվել էր ռազմական նավատորմից և տանջալիորեն աշխատանք էր որոնում: Ծնողներս, իհարկե, առանց իմ ներդրման էլ ծայրը ծայրին կհասցնեին` գերադասելով, որ ավարտեմ դպրոցը: Դա նույնպես գիտեի, բայց ինքս ինձ համոզեցի, թե պարտավոր եմ օգնել ընտանիքիս: Դա համարյա սուտ էր, բայց դա ավելի գեղեցիկ էր ընկալվում, և այն ժամանակ արդեն սովորել էի սուտը սիրել ճշմարտության ուրվագիծը հստակեցնող այդ «համարյա»-ի համար. ճշմարտությունը, ի վերջո, ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է սուտը: Ահա այսպիսի դաս առավ դպրոցից պատանին, և այն ավելի օգտակար եղավ, քան հանրահաշիվը:
[1] Անտիկ գրականության մեջ սուր քննադատական ժանրի ստեղծագործություններ (ծ. թ.):
Թարգմանությունը անգլերենից՝ Լեոնիդ Զիլֆուղարյանի