Վորսան Շայրը բրիտանացի բանաստեղծուհի է, խմբագիր, ուսուցչուհի. նա ծնվել է 1988 թվականի օգոստոսի 1-ին Քենիայում՝ սոմալացի ծնողների ընտանիքում: 2013 թվականին արժանացել է Բրունեյի համալսարանի աֆրիկյան բանաստեղծությունների մրցանակին։ Նրա ծնողները արտագաղթել են Միացյալ Թագավորություն, երբ նա ընդամենը 1 տարեկան էր։ 2015 թվականից ապրում է Լոս Անջելեսում։ Տպագրել է «Սովորեցնելով իմ մորը ինչպես ծննդաբերել», «Նրա կապույտ մարմինը», «Մեր տղամարդիկ մեզ չեն պատկանում» գրքերը, Բեյոնսեի «Լեմոնադ» ալբոմոմում զետեղվել են մի շարք բանաստեղծություններ։ Ընտրվել է «Լոնդոնի առաջին երիտասարդ պոետ» անվանակարգում։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։
Տուն
Ոչ ոք չի լքում տունը,
քանի այն չի նմանվում շնաձկան երախի,
դու վազում ես դեպի սահման,
միայն երբ տեսնում ես, որ ամբողջ քաղաքն է
վազում այնտեղ։
Քո հարևանները քեզնից արագ են վազում,
շունչը արյունոտ նրանց կոկորդում,
տղան, ում հետ դպրոց ես գնացել,
ով համբուրել է քեզ
հին ու լքված գործարանի դիմաց,
ձեռքում ունի բռնած մի զենք,
որն ավելի մեծ է,
քան մարմինն իր,
դու լքում ես տունը միայն,
երբ նա այլևս
չի թողնում քեզ մնալ իր հետ։
Ոչ ոք չի լքում տունը,
քանի նա՝ ինքը, չի հետապնդում քեզ,
կրակը ոտքերիդ տակ,
տաք արյունը ստամոքսիդ մեջ,
դա մի այնպսի բան չէր,
որն անելու մասին մտածել էիր երբևէ,
քանի շեղբը այրված չի սպառնում
կոկորդ կտրել,
և անգամ երբ դու պահում ես
օրհներգը շնչիդ մեջ,
միայն ճղելով անձնագիրդ
օդանավակայանի զուգարանում,
փղձկալով լացից թղթի ամեն կտորից՝
դարձնելով հստակ,
որ վերադարձ չի լինի այլևս։
Դու պետք է հասկանաս,
որ ոչ ոք չի տեղավորի
նավակում իր երեխաներին,
քանի ջուրն ավելի ապահով չէ,
քան ցամաքը,
ոչ ոք չի այրի իրենց արմավները
գնացքների տակ,
ճամպրուկների տակ,
ոչ ոք չի ծախսի օրեր ու գիշերներ
բեռնատարի ստամոքսում՝
ուտելով լրագրի վրա,
քանի մղոններով ճանապարհը.
թվում է շատ ավելին քան ճամփորդությունը,
ոչ ոք չի սողում ցանկապատերի տակ,
ոչ ոք չի ուզում լինել խղճալի ծեծված։
Ոչ ոք չի ընտրում գաղթականի ճամբարները
կամ զննությունը մարմնի, որտեղ մարմինդ
թողնում են բանտում ցավի մեջ,
որովհետև բանտը անվտանգ է ավելի,
քան քաղաքը կրակի մեջ,
և մեկ բանտի անձնակազմը գիշերում
ավելի լավ է,
քան բեռնատարում գտնվող մարդիկ,
որ հիշեցնում են հորդ,
ոչ ոք չի կարող ընդունել դա,
ոչ ոք չի կարող մարսել,
ոչ ոքի կաշին չի կարող
պինդ լինել այդքան։
Տուն գնացեք, սևեր,
փախստականները,
կեղտոտ ներգաղթյալները,
ապաստան հայցողները,
փչացնում են երկիրը մեր,
սևամորթները իրենց բաժանումներում,
բուրում են տարօրինակ, վայրի,
խառնելով երկիրն իրենց՝
հիմա ուզում են
խառնաշփոթ դարձնել մերը,
ինչպես են արտասանում բառերը,
կեղտոտ տեսքը,
մի թող անհանգստացնեն քեզ,
գուցե հիասթափությունն ավելի անվնաս է,
քան կարող էր լինել բռնությունը
քո հանդեպ։
Կամ բառերը ավելի բարի են
քան 14 տղամարդիկ
ոտքերիդ արանքում,
կամ վիրավորանքները ավել հեշտ են
կուլ տալ
քան մնացորդները,
քան ոսկորը,
քան երեխայիդ մարմինը
մասերի բաժանված,
ոս ուզում եմ տուն գնալ,
բայց տունը շնաձկան երախ է,
տունը տակառ է բարութի։
Եվ ոչ ոք չի լքում տունը,
քանի տունը չի հետապնդում քեզ՝
դեպի ծովի ափը,
քանի ծովը չի ասում քեզ,
արագացնելու քայլերդ
թողնելու շորերդ,
վազելու անապատով,
մ կերպ անցնելու օվկիանոսով,
սուզվել,
փրկվել,
սոված լինել,
խնդրել,
մոռանալ պատիվը,
քո փրկությունն ավելի կարևոր է։
Ոչ ոք չի լքում տունը,
քանի տունը ականջիդ մեջ քաղցր ձայն է, որ
որ ասում է՝ գնա,
հեռացիր ինձնից հիմա,
սս չգիտեմ՝ ինչ եմ դարձել հիմա,
բայց ես գիտեմ,
որ ամենուր ավելի անվտանգ է
քան այստեղ։
Ինչ մենք ունենք
Մեր տղամարդիկ չեն պատկանում մեզ։ Անգամ սեփական հայրս, որ լքեց մի կեսօր, իմը չէ։
Եղբայրս, որ բանտում է, իմը չէ։ Իմ հորեղբայրները, որ տուն գնալիս գնդակահարվում են, իմը չեն։
Իմ զարմիկները, որ դանակահարվում են՝ փողոցում լինելու համար կամ ոչ այնքան, նույնպես իմը չեն։
Հետո, տղամարդկանց, որ փորձում ենք սիրել, ասում են մեզ՝ մենք կրում ենք չափից շատ կորուստներ, հագնում ենք առավել շատ սև, մենք շատ ծանր ենք մեր կողքին գտնվելու համար, մենք շատ տխուր ենք մեզ սիրելու համար։ Հետո նրանք գնում են, և մենք սգում ենք նույնպես։
Սա է այն ամենը, որի համար մենք այստեղ ենք։ Նստել խոհանոցի սեղանների մոտ, մատներին հաշվել նրանց, որ մահացան, նրանց որ լքեցին, նրանց որ բռնվեցին ոստիկանների կողմից, կամ մեզնից տարան թմրամիջոցները, հիվանությունը կամ այլ կանայք։ Դա ոչինչ չի փոխում։ Նայիր մեր մաշկին, նրա բերանին, այս շուրթերին, այս աչքերին, աստված իմ, լսիր այդ ծիծաղը։ Միակ խավարը, որ պիտի թույլ տանք մտնի մեր կյանք, գիշերն է, և անգամ այդ ժամանակ մենք լուսինը ունենք։
Հիշողություն
Կարծում եմ՝
պատերազմը ես ինձ հետ բերեցի
մաշկիս վրա,
սավան
գանգդ ծածկող,
եղունգներիդ մեջ գտնվող մի բան։
նա նստում է ոտքերիս,
երբ հեռուստացույց եմ նայում,
ես լսում են նրա խոնավ շունչը
ամեն հեռախոսազանգին,
ես զգում եմ նրան քնած մեր միջև,
նա փրփուր է քսում մեջքիս՝
ցնցուղի տակ,
նա սեղմում է ինձ
լվացարանի մեջ,
գիշերը նա տալիս է ինձ հաբերը,
նա բռնում է իմ ձեռքը,
ես երբեք չեմ հանդիպում
հայացքին նրա։
Տգեղ
Քո դուստրը տգեղ է,
նա գիտի կորուստը ինտիմ ցանկության,
պահում է ամբողջ քաղաքներ
իր որովայնում,
որպես երեխա հարազատները
չէին պահի նրան,
նա ճեղքել էր փայտը
եվ ջուրը ծովի,
նրանք ասացին՝
պատերազմն է հիշեցնում իրենց։
Նրա 15-երորդ տարեդարձին
դու սովորեցրիր նրան
ինչպես կապել մազերը
պարանի նման
եվ ծխահարել այրվող խունկի վրա։
դու ստիպեցիր նրան
ողողել կոկորդը վարդաջրով
եվ երբ նա հազաց,
ասացիր,
որ քաղցրիկ աղջիկները քեզ նման
չպիտի բուրեն միայնությամբ
կամ լինեն դատարկ։
Դու նրա մայրն ես,
ինչու նրան չես զգուշացրել
պահել իրեն
ինչպես փտող նավակը,
եվ ասել նրան,
որ տղամարդիկ չեն սիրի իրեն,
եթե նա պարուրված է
մայրցամաքներով,
եթե նրա ատամները
փոքր գաղթօջաղներ են,
եթե նրա ստամոքսը
փոքր կղզի է,
եթե նրա ազդրերը
սահմաններ են,
ո՞ր տղամարդիկ կցանկանան պառկել
եվ դիտել՝
ինչպես է այվում աշխարհը
իրենց ննջարանում։
Քո դստեր դեմքը
փոքրիկ խռովություն է,
նրա ձեռքերը քաղաքացիական
պատերազմ են,
ներգաղթյալի ճամբար
ամեն ականջի հետևում,
մարմին աղտոտված տգեղ իրերով,
բայց աստված,
արդյոք չի կրում նա
աշխարհն այնքան լավ։
Կեսգիշերին օտար սննդի բաժնում*
Սիրելի հորեղբայր,
արդյոք այն ինչ սիրում ես, օտար է,
թե օտար ես այն ամենին,
ինչ սիրում ես։
մենք բոլորս կենդանիներ ենք,
եվ մարմինը ուզում է այն,
ինչ ուզում է։
ես գիտեմ։
շիկահերն ասում է՝
ներս արի,
հանիր վերարկուդ,
եվ ի՞նչ ես ցանկանում խմել։
սերը հարամ չէ,
բայց տարիներ շարունակ
քնելով կանանց հետ,
որ չեն կարող արտասանել անունդ,
դու գտնում ես քեզ
օտար սննդի բաժնում
քրքումի ու զաֆրանի կողքին՝
հառելով դեմքդ գետնին,
աղոթելով մի լեզվով,
որ չես օգտագործել
տարիներ։
*Foreign Food Aisle – սուպերմարկետի սննդի բաժինների միջև ընկած միջացնքներն են, որոնք բառացի թարգմանած անըմբռնելի են։
Թարգմանությունը անգլերենից՝ Արման Թովմասյանի