Առաջին հերթին անհրաժեշտ է զգալ այս թեմայի հոտը, ինչպես որսորդն է առնում որսի հոտը։ Հետո պարզելով որսի թաքնվելու հնարավոր վայրը՝ նախանշել սահմանները, որոնց շրջանակում ընթանալու է որսը․․․ և այդ հատվածը պատել դրոշակներով, որպեսզի որսը չփախչի։
Հնարավոր է, որ ո՛րսը փոխաբերությունը լինի։ Փառահեղ փոխաբերություն՝ Ջոնաթան Սվիֆթի[1] ոճով․ քնած հսկա Գուլիվերը՝ հազարավոր թելերով կապված հենահարթակին, որն անհայտ ուղղությամբ է շարժվում։ Հենց այդ թելերի մասին մտածելու և խոսելու կարիք կա։ Ի դեպ, դրանք ազգակից են այն թելերին, որոնք ոստայնանկում են դիցաբանական քույրերը՝ ծնունդներից, մահերից և ճակատագրերի ուրիշ հատումներից բանվածքներ հորինելով։
Ընդհանուր գործվածքն անծայրածիր է․ որոշ թելեր կտրվում են, մյուսները՝ ներհյուսվում, բայց դրանց շարժուն կոնտինուումի[2] մեջ յուրաքանչյուր թել անհասկանալի կերպով կապված է մյուսներին։ Այս խելահեղ գորգի կերտվածքն այնպիսին է, որ դրա յուրաքանչյուր կետ կարելի է առանձին դիտարկել, և դրա շարժումը սահմանվում է մյուս բոլոր կետերով, և յուրաքանչյուր կետ սեփական կեցության լիակատարության տերն է կամ գոնե այդպիսի պատրանք է ստեղծում ուշադիր դիտորդի համար, որն ինքն իրենից ժամանակավորապես կտրվելով՝ փորձում է, ասենք, թռչնաբարձունքից զննել պատկերը։
Այդ ի՞նչ թելեր են։ Ի՞նչ կապեր են։ Կանխապես կարելի ասել, որ հստակ, միանշանակ գոհացուցիչ պատասխան չի լինելու։ Մեզ հիանալու, զարմանալու, սարսափելու և ուրախանալու հնարավորություն է միայն տրված, երբ հաջողվում է այդ շարժուն գործվածքի գոնե ինչ-որ պատառիկներ հայտնաբերել։
Մոտեցում առաջին․ մարդը՝ որպես բնության երևույթ։ Ըստ երևույթին, միակ արարածը, որն ունակ է գիտակցելու իր պատկանելությունը բնությանը և ինքն իրեն ուսումնասիրելու տարբեր իրավիճակներում։ Ուսումնասիրության առարկան միաժամանակ նաև գործիք է, և այդ ուսումնասիրությունը սերող է․ հենց այդ է մարդու եզակիությունը հետազոտման համար հասանելի տիեզերքում։ Երկիր մոլորակի ածանցյալը լինելով՝ մարդը զանազան թելերով կապված է ոչ միայն երկրին, այլև երկնքին։ Երկրի վրա ապրողներից շատերի համար երկինքը Գերագույն ուժի կեցավայրն է, ուրիշների համար՝ աստղագիտական քարտեզ՝ կենդանակերպերով և այլ համաստեղություններով, որոնք սահմանում են մարդկանց անհատական ճակատագրերը, երրորդներին հետաքրքրում են խոնավությունը, քամու ուղղությունը և օզոնի քանակությունը սեփական գլխարկից քսան կիլոմետր բարձրության վրա, չորորդները, բարձրացնելով գլուխները, նայում են կապույտ տարածությանն ու հաճույք են որսում դրա երևակայական խաղաղությունից։
Նույնը կարելի է ասել նաև հողի համար․ այն աստվածացնում էին, մեծարում էին դրա պտղաբերության հզոր ուժը, փխրեցնում ու ջրում էին, այն ծվատում էին, սիրում, ատում, վառոդով և սեփական արյունով ողողում, գանձեր էին թաղում և հանցագործությունների հետքեր թաքցնում դրա մեջ։ Դրա վրա ծնվում էին և դրա մեջ դրվում, և այն կլանում էր փափուկ հյուսվածքներն ու ոսկորները։
Հողից են աճում բույսերը։ Ու նորից մարդու և հողի կանաչ երեխաների հարաբերությունների հսկայական հովհար է գոյանում՝ աստվածացումից մինչև ոչնչացում․․․ Եվ ինչպիսի՜ նուրբ կապեր են գոյացել այստեղ․ մարդը խնամում է ծառը, հիանում է դրանով, ուտում է դրա պտուղը, հողի մեջ է ցանում դրա սերմերը, վառում է փայտը՝ տաքացնելով իր ժամանակավոր մարմինը։ Ցիգուն[3] կիրառողը ծառի դիրք է ընդունում և ծառ է դառնում՝ անասելի գիտելիքներ կորզելով այդ վիճակից։ Անտառներ հատողը դրա թարմ գերեզմանի վրա տասներկու գոտուց բաղկացած մայրուղի է կառուցում։ Իսկ կանաչ տերևը շարունակում է անել այն, ինչ աշխարհում այլևս ոչ ոք չի կարողանում անել․ արևի էներգիան կենդանի օրգանական զանգվածի է փոխակերպում։ Հենց սա է աստվածային նախնական կավը։ Առանց բույսերի կենդանիները չէին կարողանա գոյություն ունենալ։
Մեծ պայթյո՞ւն, թե՞ արարման գործողություն։ Էվոլյո՞ւցիայի տեսություն, թե՞ աղետների։ Տնտղում է անտեսանելի հողաթափիկ ինֆուզորիան՝ ժամանակավոր բերանով ակտիվ հափշտակելով որսը, բայց դեռ չի հրաժարվել պղտոր ջրի մակերևույթից ներս թափանցող արևի թույլ ճառագայթի օգնությամբ ածխաթթվային գազից թթվածին անջատելու սովորությունից։ Սա երերուն կամրջակ է, որով մագլցում է էվոլյուցիան։ Հաջորդ փուլը կարծրացած ոսկո՞րն է, կապկամարդու ճեղքված գա՞նգը, միստիֆիկատորի կեղծի՞քը, թե՞ բնության քմծիծաղը։
Մարդ դառնալով՝ այդ արարածը չի դադարում կենդանի լինելուց։ Կապերի ինչպիսի՜ բարդ համակարգ է ծագում այստեղ․ ակնհայտ կենդանի է, մինչև օրս կենդանի է, բոլոր հատկանիշներով կատարյալ կենդանի է․ ակտիվ շարժումները, ակտիվ սնունդը, բնազդները ընդհանուր են ձկան, օձի, նապաստակի և մարդու համար։ Սնվելու, բազմանալու, զավակների մասին հոգ տանելու բնազդները։ Թեև վերջինը ոչ բոլորն ունեն։ Ամեն ձկնիկ չէ, որ հոգ է տանում իր երեխաների մասին, որոշները միայն սերմնահեղուկ են ցայտում հարմար պայմաններում։ Բայց մարդկանց մոտ էլ է լինում նման բան․․․
Ինչպիսի՜ կապեր, ինչպիսի՜ պատմություն և նախապատմություն։ Տոտեմ և տաբու։ Դու արջից ես, ես՝ մարաբուից[4]։ Իսկ սա Մարքս-Էնգելս-Լենին-Ստալինից է։ Կամ Չարլզ Դարվինից ու Զիգմունդ Ֆրոյդից է։
Պետք չէ ծիծաղել։ Մենք հավիտյանս հավիտենից և անքակտելիորեն կապված ենք կենդանիներին։ Նրանք առանց մեզ կարող են ապրել, մենք առանց նրանց՝ ոչ։ Նրանք մեր մսային սնունդն են, մեր կոտլետները, երշիկները և արգանակները, ծովախեցգետիններից աղցաններն ու ձկնային ապուրները․․․ Բայց մենք նաև սիրում ենք, երբ կատուն մլավում ու քսվում է ծնկին, իսկ շունը գլուխը դնում է մյուս ծնկին և հավատարիմ նայում աչքերի մեջ․ Չմոռանա՛ք նաև մարդագայլի մասին․․․ ինչպես նաև հնագույն Աֆրիկայի սև հովազի մասին, որին հմայախոսքերով կանչում էին շամանները։ Բացի այդ՝ չմոռանաք նրա մասին, ինչ չգիտեք, ինչին բացատրություն չեք գտնում․ թաղման ծիսակարգը փղերի մոտ, մեղապարտ մրջյունի վտարումը տարմից, կոկորդիլոսների փոխադարձ քնքշությունը, նախկին ամուսնությունից որդիների սպանությունը ամրակազմ առյուծների կողմից, եղջերուների մահացու մարտերն ու բոլորովին անուղեղ դեղձանիկի մահն անպատասխան սիրուց․․․
Ինչպիսի՜ սրտառուչ հեքիաթներ է պատմում մեզ հինդուիզմը վերածննդի ուղիների մասին։ «Ջրափոսից մի՛ խմիր, եղբա՛յր, ուլիկ կդառնաս,- ռուսական հեքիաթն էլ է ասում»։ Իսկ բժիշկ Շտայները պատմում էր աշակերտներին և սովորեցնում էր տեսնել որոճող կովի աուրայի բարեբեր հուրը․ բնության սուրբ գործողություն, արևի էներգիայի յուրացման գործընթաց, որը կուտակել են բույսերը, կենդանու մարմինը․․․ Միայն ծույլը չի ծաղրել անթրոպոսոֆիստներին[5]։ Բայց չէ՞ որ նրանք կրկին տեսել են այն, ինչի մասին մոռացել է կրթված Եվրոպան։ Նրանց հայացքները ակնածանք են կյանքի հրաշքի առաջ։
Եվ, իհարկե, չի կարելի աչքաթող անել մարդու՝ ստորագույն բնական ուժերի հետ հիպնոսական կապերը․ Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության մեջ վհուկերը կենդանիների և բույսերի մնացորդների ձեռնածություններով և անեծքներով էին դիմում դրանց․․․
Իսկ մարդու՝ փոխհարաբերությունների մեջ մտնելու և շփման թելը իրականության սահմաններից դուրս նետելու ունակությո՞ւնը։ Խոսքն այստեղ միայն ծիսակարգերի և միստերիաների՝ Էլևսինյան միստերիաներց[6] սկսած, մասին չէ, այլև սոկրատեսյան «դայմոնի[7]» և Աստվածամոր՝ Սերաֆիմ Սարովացու հետ զրույցների։ Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ։ Բայց Ավետման սրբապատկերներն ինքնին ներկայացնում են փաստը, որը գոյություն ունի՝ անկախ նրանից հավատում ենք մենք, որ Գաբրիել հրեշտակապետը հայտնվել էր Հովակիմին և Աննային, թե՝ ոչ։ Ես եղել եմ այդ գյուղում, տեսել եմ Ավետման եկեղեցին և դրա տակ՝ հնագիտական փորվածքում, միքվեն[8]։ Երկու քայլ այն կողմ արաբական խորտկարանն է, մենք այնտեղ կերել ենք։ Տիրուհու անունը Մարմատ է, ութ երեխա ունի, սիրալիր և բարեհամբույր կին է։ Խոսեցինք։ Սուրճ հյուրասիրեցին մեզ։ Համբուրվեցինք։ Հեռացանք միմյանցից։ Ընդմիշտ։ Իսկ հանգուցիկն ինչ-որ նպատակով կապվեց։
Ամենազանազան կապերի, որոնցով կապակցված է կենդանի ամեն բան, թվարկումը հսկայական բարդության և բազմազանության պատկերի էսքիզն է միայն գծում։ Բայց կան նաև հատուկ, բացառապես միջմարդկային հարաբերություններ, և առաջին կարևորագույն խումբը ուղղակի ազգակցությունն է․ յուրաքանչյուրն ունի ծնողներ և երեխաներ։ Համենայն դեպս, դրանց բացակայությունը բացառություն է։ Կան նաև զգալի քանակությամբ արյունակից ազգականներ՝ ազգակցության նվազման կարգով։ Ցանկացած մարդ բացի արյունակից ազգակիցներից՝ ունի նաև մեծ քանակությամբ խնամիներ։ Խնամիական բարեկամությունը որոշակի առումով նույնպես հավասարեցվում է ազգակցությանը։ Բացի այդ՝ կան նաև դրկից մարդկանց հարաբերություններ, մասնագիտական, կուսակցական և տարբեր տեսակի հասարակական հարաբերություններ․ «գործատեր-աշխատավոր», «բժիշկ-հիվանդ», «ուսուցիչ-աշակերտ» և այլն։ Կրոնական բնագավառը հարաբերությունների ևս մի ահռելի սպեկտր է ստեղծում՝ այլակրոնի հետ հացկերույթի արգելքից մինչև խաչակրաց արշավանքներ և ջարդեր։
Կա ևս մի ամբողջովին խորհրդավոր բնագավառ․ երազատեսությունների և դրանց մերձակից երևույթների բնագավառը։ Մարգարեական, ապագան կանխագուշակող երազներ։ Անհանգստություն հարուցող հանելուկ երազներ և նույնիսկ կոնկրետ տեղեկատվություն կրող երազներ։ Մեծն քիմիկոս Մենդելեևը՝ Մենդելեևի հանրահայտ աղյուսակի ստեղծողն ու բացահայտողը, որը փոխեց նյութի քիմիական բնույթի մասին պատկերացումները, պնդում էր, որ երազում էր տեսել այդ աղյուսակը։ Կապը գիտակցության խորությա՞ն հետ, թե՞ մի ուրիշ աշխարհի բարձունքների։
Հայտնի է նաև այնպիսի երազների կատեգորիա, որոնք կապեր են ստեղծում իրական կյանքի և ուրիշ տեսակի գոյության, ոչ նյութական աշխարհի տարածությունների միջև։ Մենք չգիտենք, թե որտեղից էին տեղեկություններ գտնում սրբազան գրականության ստեղծողները՝ եգիպտական, տիբեթական և ուրիշ տեսակի «Մեռյալների գրքերից» մինչև Մայստեր Էքհարթ[9] և Բլեզ Պասկալ[10]․․․ Բայց այդ առեղծվածային կապերը՝ անկախ նրանից թերահավատությամբ թե հարգանքով ենք մոտենում դրանց, մանրամասնություններով և մանրուքներով են նկարագրված։
Ամբողջ վերոշարադրյալը այն հակիրճ հայտարարության ծավալուն նախաբանն է, որ հենց գրականությունն է մարդու և աշխարհի այդ կապերի գեղարվեստական իմաստավորումը։ Այսպես ասած, աշխատանքային մակարդակով։ Հենց դրանով է զբաղված գրողը, նույնիսկ այն դեպքերում, երբ ձևացնում է, թե պատրաստվում է ուղղակի զվարճացնել հարգարժան հասարակությանը։
Մոլիերիի[11] Ժուրդենի նման, որը բացահայտել էր, թե ամբողջ կյանքի ընթացքում արձակով էր խոսել, ուսանողական տարիներին համեստ հայտնագործություն էի կատարել մարդկային կեցության ժանյականման բնույթի մասին և այն գաղտնիքների մասին, որոնք ոչ միայն հանգույցներում են, այլև նրանց միջև եղած բաց տեղերում։ Այն ժամանակ ուսանող-գենետիկ էի և դարի մեծագույն հայտնագործությունն էի ապրում, որը մեծ դժվարությամբ հասել էր սովետական իշխանության կողմից հալածված կենսաբանական գիտությանը։ Նկատի ունեմ Ուոթսոնի[12] և Քրիքի[13]՝ ԴՆԹ-ի կրկնակի պարույրները։
Այդ մոդելը, ինչպես այն ժամանակ էր թվում, ամեն ինչ բացատրում էր ժառանգականության մասին, և որոշ բաներ՝ տիեզերքի։ Պարույրը պտտվում էր, հետո պտտված տեսքով միավորվում էր ուրիշին, որը նույնպես երկատված էր, ադենինը[14] թիմինի[15] գիրկն էր նետվում, գուանինը[16]՝ ցիտիդինի[17], և կատարվում էր ժառանգական նյութի համակցությունը, որի արդյունքում հայտնվել էինք և՛ ես, և՛ կատուս։ Բայց բացի նոբելյան մրցանակի այս երկու դափնեկիրներից՝ կար նաև երրորդը՝ գիշերայինը, որի հետ հանդիպումը պակաս չէր ցնցել ինձ։ Նա Բորիս Պաստեռնակն էր, ավելի շուտ նրա «Դոկտոր Ժիվագո» վեպը, որն արդեն հայտնի էր ասեկոսեներից, որը գրողի առանձնակի մտերիմներն արդեն կարդացել էին, որն արդեն սկանդալային էր, ռուսերենով հրատարակվել էր Իտալիայում և ձեռքից ձեռք էր անցնում։ Այդ վեպը առաջին իսկ հպումից ինձ համար բացահայտեց կյանքի այդ ժանյակը։ Հետագայում բազմիցս վերընթերցել եմ այն և ամեն անգամ նոր ու նոր գանձեր եմ գտել։
Վեպի ամենալավ և ամենաառեղծվածային տեսարաններից մեկը Յուրի Անդրեևիչ Ժիվագոյի մահն է։ Նա գնում է տրամվայով, շարունակ կոտրվող վագոնի պատուհանից նկատում է բաց մանուշակագույն հագած մի տարեց կնոջ, որը մե՛րթ առաջ է անցնում տրամվայից, մե՛րթ հետևում է մնում։ Նա հիշում է դպրոցական տարիների խնդիրները «․․․տարբեր ժամերին կայարանից դուրս եկած և տարբեր արագությամբ ընթացող գնացքների ժամանակամիջոցի ու կարգի վերաբերյալ․․․ Նա մտածում էր մի քանի, իրար մոտ զարգացող գոյերի մասին, որոնք շարժվում են տարբեր արագությամբ մեկը մյուսի կողքին, և այն մասին, թե ինչպես մեկի ճակատագիրը կյանքում առաջ է անցնում մյուսի ճակատագրից, և թե ով է ումից ավելի ապրում։ Կյանքի մրցասպարեզում գոյություն ունեցող հարաբերականության սկզբունքի պես մի բան էր ուրվագծվում նրա երևակայության մեջ․․․»[18]։
Սրտի կաթված է սկսվում հերոսի մոտ, խեղդվում է տոթ վագոնում, փորձում է բացել ամուր փակված պատուհանը։ «Հանկարծ ներսում չտեսնված, անուղղելի ցավ զգաց․․․», դեպի ելքը նետվեց, դուրս պրծավ տրամվայից և փլվեց քարերի վրա՝ բաց մանուշակագույն զգեստով տիկնոջ՝ մադմուազել Ֆլերինիի ոտքերի մոտ, որին սրանից տասներկու տարի առաջ թռուցիկ հանդիպել էր Ուրալում, և այլևս վեր չկացավ։
Հեղինակի ինչի՞ն էր պետք այդ հանդիպում-չհանդիպումը։ Ժիվագոն հիանալի կերպով կմահանար՝ առանց ժամանակին իրեն ծանոթ տարեց շվեյցարուհու աչքին երևալու։ Եվ ընդհանրապես, այդ ամբողջ բազմապատկեր վեպի, տասնյակ կարևոր, հետաքրքիր հերոսների հետ մեկտեղ նրա ինչի՞ն էր պետք այդ բաց մանուշակագույն ուրվականը, որը բնավ ոչինչ չէր փոխում վեպի բնապատկերում։
Կարելի է տարբեր բացատրություններ հնարել այդչափ նշանակալից և անիմաստ դրվագի համար, բայց անձամբ ինձ համար այն մեկնակետ դարձավ՝ մտորելու կյանքի և գրականության հարաբերակցության և այն մասին, թե հատկապես ինչ է դուրս բերում գրականությունը ճակատագրից, երբ գեղարվեստափիլիսոփայական տեսակետից է դիտարկում այն։ Անկասկած, գրականությունը հայտնաբերում և մաքրում է կյանքի ներսում հանգուցված կապերը, առանձնացնում է առավել կարևորները, զատում է երկրորդականները, այսինքն՝ հեղինակային, սուբյեկտիվ ընտրություն է կատարում։ Հեղինակն ասես կատարվածի իր մեկնաբանությունն է ներկայացնում։ Իսկ տաղանդը համոզում է։ Այն տարիներին Պաստեռնակն ինձ համոզեց, որ աշխարհը շատ բարակ թելերից է հյուսված, որ յուրաքանչյուր կենդանի արարած ունի հազարավոր արժեքականություններ, որոնք միանում են շրջակա աշխարհին և միմյանց։ Ընթերցված գիրքը կուտակում է հետևյալ կապերը․ դրա բոլոր կարդացողները յուրահատուկ կերպով կապված են միմյանց իրենց՝ գրքի հերոսների, նրանց կյանքի հանգամանքների և ճակատագրերի մասին մտորումների հանդեպ վերաբերմունքով։ Կապերի նմանօրինակ կուտակիչներ են և՛ հանճարեղ երաժշտական ստեղծագործությունները, և՛ նկարները, և՛ քանդակները։ Բայց գրականության լեզուն այստեղ ամենահասկանալին է։
Իհարկե, ես Բորիս Պաստեռնակի կատարյալ ունկնդիր-ընթերցող էի։ Նույնիսկ նրա հետ առաջին ծանոթությունս էր նշանակալից և հետաքրքրական։ Տասներեք տարեկան էի, երբ ընկերուհուս պահարանի բոլոր գրքերի ամենահետևում երկու գիրք գտա, որոնք թաքցված էին երեխաներից։ Դրանցից մեկը Բոկաչչոյի[19] «Դեկամերոնն» էր, և մենք այն ուշադիր ուսումնասիրեցինք։ Երկրորդը Բորիս Պաստեռնակի ժողովածուն էր։ Ես բացեցի այն և շնչահեղձ եղա։ «Քույր իմ՝ կյանք»-ն ուղղակի ցնցեց։ Այդ ժամանակ արդեն ճանաչում էի Ախմատովային, Սեվերյանինին, Ցվետաևային և նույնիսկ Աննենսկուն, իսկ Պաստեռնակին՝ ոչ։ Եվ նա իմ սեփական, անձնական բացահայտումը դարձավ։ Մինչև հիմա երբեմն կարոտում եմ նրա երաժշտությունը, բացում եմ նրա հատորյակը։ Նրա բանաստեղծությունների շնորհիվ հասկացա, որ պոեզիան համակենտրոնացնում է բոլոր կապերը, նոր զուգորդություններ է ծնում, վարժեցնում է տեսողությունը, լսողությունն ու գիտակցությունը, առօրյա կյանքից տեղափոխում է հնարավորի, բայց պակաս հասկանալիի աշխարհ։
Ավելի ուշ նույն գրապահարանում հայտնաբերեցի «Լյուվերսի մանկությունը»[20] և շատ տառապեցի այդ մանկության պատճառով․ հուզմունք, անըմբռնելիության կսկիծ։ Հենց այն ժամանակ՝ Պաստեռնակի բանաստեղծություններն ընթերցելիս բացահայտեցի հանգի գաղտնիքը՝ ոչ թե հնչյունային, այլ բազմագործառութային։ «Եվ օդը կապտերանգ, ինչպես հիվանդանոցից դուրս գրվածի սպիտակեղենի կապոց․․․»[21]․ գարնանային երկնքի կապույտը նկատելիորեն հայացքներ էր փոխանակում կապոցի կապույտ փոխանի հետ, կապույտ տրիկոյի հետ, որը բակի մեջտեղում կապված պարանից կախված՝ երկնքին ընդառաջ է թափահարում դատարկ ոտքերը․․․
Հենց Պաստեռնակը հանեց աչքերիս ժապավենը, և նրա շնորհիվ սկսեցի տեսնել այն, ինչի մասին նախկինում անգամ գաղափար չունեի․ ամեն ինչի ամեն ինչի հետ կապված լինելու մասին, այդ կապի անասելի գեղեցկության մասին։ Ես տեսա, որ կյանքը լի է սյուժեներով, ինչպես լավ նուռը՝ հատիկներով։ Եվ յուրաքանչյուր հատիկ կապված է կողքինի հետ։ Բայց թելերի փոխաբերությունն ավելի համոզիչ է։ Ուղղակի դիպչում ես ցանկացած մերձակա թելի, և այն խանդավառության, ցավի, տառապանքների, սիրո ալեկոծումների միջով քեզ տանում է բանվածքի խորքը:
Ո՛չ պատմվածքը, ո՛չ վեպը, ո՛չ էլ բանաստեղծությունը երբեք որևէ հիպոթեզի կամ գաղափարի ապացույց կամ ապացույցների շարք չեն կարող լինել։ Գրողի հմտությունն այդ կիսաերևակայելի, կիսանկատելի, կախարդական կապերը հնարավորինս ճոխ նկարագրելու մեջ է։ Խոսքը, իհարկե, միայն Պաստեռնակի մասին չէ։ Բայց հենց նրան եմ ցմահ երախտապարտ լինելու այն բանի համար, որ նա, ինչպես Պետրոս առաքյալը, իր բանալիով բացում է դուռը, որի հետևում պահպանված է լավագույնը, ինչ ստեղծել է մարդը՝ գրչածայրը թղթի վրայով տանելով։
Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական մուտքը, բայց ոչ մի անգամ չեմ հանդիպել մարդու, որն ինքնուրույն՝ առանց ուսուցչի՝ գրքային կամ իրական, կարողանար գտնել այդ մուտքը։ Եվ ի վերջո ոչ բոլորն են գտնում։
Ամեն ինչն ամեն ինչին կապված լինելու այս անորոշ օրենքից էլ բխում է միանգամայն ակնհայտ հետևություն․ մարդկային առանձին կյանքի հարստությունը կախված է նրանից, թե քանի թել կարող է տանել մարդը։ Ամբողջ մարդկային մշակույթը ոչ այլ ինչ է, քան անթիվ-անհամար թելերից հյուսված հսկայական գործվածք, որի մեջ հենց այնքան բան է պահպանվում, որքան անձամբ դու կարող ես պահել։
Մշակույթի հանրագումարը, որն անընդհատ մեծանում է, մարդկային բանականության կարիքն ունի, որն առավելագույն հզորությամբ է աշխատում, սեփական ճշգրտությունը, դիմացկունությունը, հուսալիությունը և արագաշարժությունն ուժեղացնող գործիքներ է ստեղծում։ Եվ ինչպիսի՜ անուղղելի վնաս են հասցնում իրենց, մշակույթին և ինքնին կյանքին մարդիկ, որոնք իրենց մտային կենցաղից բացառում են արվեստն ու գիտությունը և իրենց գոյությունը սահմանափակում են միայն տաքության ու սննդի աղբյուրներով և սերունդը շարունակելու զուգընկերներով։
Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի
[1] Անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, բանաստեղծ և հասարակական գործիչ։
[2] (մաթ․) Բոլոր իրական թվերի բազմության հզորությունը, (գիտ․) անընդհատություն։
[3] Շնչառական և շարժողական վարժությունների համակարգ, որն առաջացել է դաոսական ալքիմիայի և մասամբ բուդդայական հոգեպրակտիկայի հիման վրա։
[4] Պարկարագիլ։
[5] Անթրոպոսոֆիան (հուն.՝ anthropos – մարդ և sopia – իմաստություն) մարդու մասին միստիկական ուսմունք է, համաձայն որի՝ մարդը զարգացնելով իր մեջ թաքնված աստվածային ունակությունները, կարող է հասնել բնության նկատմամբ հոգևոր իշխանության:
[6] Հին Հունաստանի ամենահայտնի գաղտնի ծիսակարգերը, որոնք տեղի էին ունենում Աթենքի մոտ գտնվող Էլևսին քաղաքում։
[7] (հին հունարեն) Դև։
[8] Հուդայականության մեջ ջրամբար, որտեղ լվացում է իրականացվում ծիսական կեղտերից մաքրվելու նպատակով։
[9] Միջնադարի գերմանացի աստվածաբան, փիլիսոփա, միստիկ։
[10] Ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա, գրող։
[11] Ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան, թատրոնի տնօրեն, «բարձր կատակերգության» ժանրի հիմնադիր։
[12] Ամերիկացի կենսաքիմիկոս։
[13] Անգլիացի կենսաֆիզիկոս, մոլեկուլային կենսաբան։
[14] 6 ամինապուրին, պուրինային հիմք։
[15] Պիրիմիդինի ածանցյալ, հինգ ազոտային հիմքերից մեկը։
[16] Պուրինի ամինաածանցյալ։
[17] Ցիտոզինի պիրիմիդինային հիմքից և ռիբոզա ածխաջրից կազմված նուկլեոզիդ։
[18] Հատված Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպից։
[19] Իտալացի արձակագիր, բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ։
[20] Բորիս Պաստեռնակի վիպակը։
[21] (Բառացի թարգմանություն) Բորիս Պաստեռնակի «Գարուն» բանաստեղծություն։