–Էս ի՜նչ սիրուն ես, – համարյա բղավեց Լյովը, – երբ հավասարվեցին։ –Իսկ դու նույն գիժն ես, – ասաց աղջիկը։
Անցնում էին դպրոցին հարակից մայթով։ Զբոսանքներին հարմար ուղի էր, մեքենաներ չէին մտնում, միայն երեխաներ, երեկոյան՝ հազվադեպ տարեցները, միմյանց ձեռք բռնած – վերջին օրերի հոգու թրթիռ – իրիկնային զբոսանքի էին դուրս գալիս, միայնակ մայրերը՝ օրորոցներով, հպարտ գլորում էին սայլակները, երբեմն՝ ապագա երեխան իրենց մեջ։
Լյովն ուրախ էր․շատ, շա՜տ գեղեցիկ էր աղջիկը: Միշտ էր գեղեցիկ եղել։ Իրենց վերջին հանդիպումից հետո բավականին ժամանակ էր անցել ու ավելի էր գեղեցկացնել․․․ պեպենները մանրիկ-մանրիկ տարածվում էին քթարմատի շուրջը, իջնում ներքև։ Աչքերը մանր էին, թաքնված բներում ու խորհրդավոր, կնոջ գաղտնախորհուրդ հմայքի անիմանալի խոստումներով, ծնկի բերող ու հմայող, վեհացնող կամ ոչնչացնող։ Շրթունքները 18 տարեկանի շրթունքներ էին, սպիտակ-վարդագույն, կյանքոտ ու ուռուցիկ, համբուրելու համար։ Մազերը կարճ էին, սեռազգայուն. Լյովն ինքն էլ չհասկացավ, թե այդ ինչպես, բայց հենց այդպես էր՝ սեռազգայուն․․․ ամբողջովին։
Հարցնի՞, իմանա՞ ինչ է տեղի ունեցել իրենց հանդիպումներից հետո։ Նա մի քանի րոպե ուշադիր նայեց աղջկան․․․աչքերը․․․մանր էին, տարօրինակ ձևով անշարժ, իրեն էին նայում․․․ձգում-պարտադիր չէ խոշոր լինեն հմայելու համար։ Իսկ այ ժամանակը անհեթեթ մի բան է, ամեն ինչի մեղավորը, – անցավ մտքով, – բայց դե մեր աշխարհը ե՞րբ է ավելի լավը եղել կամ ավելի լավը լինելու։ Հիշեց պատմության ուսուցչին, ասում էր, հռոմեական կայսրությունում մի օրենք կար, եթե հանցանքի մեջ բռնված կինը շատ գեղեցիկ էր ու մերկանում էր դատավորների առաջ-ուրեմն անմեղ է։ Ինչ-որ է․․․
Նա բռնեց աղջկա ձեռքը (աղջիկը հոնքերը բարձրացրեց վերև), մի քանի վայրկյան մխրճվեցին հայացքներով ապա ներքին պոռթկումով ուրախ հռհռալով` պտտվեցին դպրոցի շուրջբոլորը: Մի քանի րոպե նայեցին դաշտում ֆուտբոլ խաղացող երեխաներին․թաց դաշտում քրտնամխած ու ոգևորված այս ու այն կողմ էին վազվզում։ Բղավում էին ինչքան ուժ ունեին, երբեմն իրար վրա` երբ թիմակիցը սխալներ էր թույլ տալիս, երբեմն՝ հենց այնպես, որովհետև տղաներ էին ու հենց այդ պահին էին ապրում։
Սկզբում պահում էին հաշիվը, բայց հետո ձանձրացան ու թողեցին․համաշխարհային մակարդակի խաղ չէր, Մխիթարյանն էլ չէր խաղում։ Ապա կարդացին վերջացրին դպրոցի պատին փակցված բոլոր գովազդները` առանց բաց թողնելու ձեռքերը։ Ուրեմն աղջիկը դեմ չէր․․․
-Մենք միակ սիրահարնե՞րն ենք, – հարցրեց Լյովը։ – Մենք վիրավորվե՞լ էինք։ Հիմա կարո՞ղ էինք չնկատել ու անցնել իրար կողքով․․․
-Այդպես շատ պատմություններ են կիսատ մնացել ու մահացել կես ճանապարհին։ Աշխարհը տուժե՞լ է դրանից կամ չի տուժել, – ասաց աղջիկը։
-Մենք դա չգիտենք, արի կոլա խմենք, դա ավելի ճիշտ է, – ասաց տղան, – որ հասկանանք՝ հիմա միասին ենք։
-Խմենք, – պատասխանեց աղջիկը, – կոլան կարմիր է, փրփրոտ ու եռուն, իսկ մենք այնքան էլ շատ բան չգիտենք, խրոնիկական տգետներ ենք, պարծենկոտ ու գլուխգովան։
Մոտակա խանութից երկու շիշ կոլա գնեցին, ֆիրմային, թանկ էր։ Վաճառողները նայեցին մահացած հայացքներով։ Լյովը մտածեց, որ կամ «տանն են մնացել», կամ ուրիշ երկրում ապրող-աշխատող ամուսիններ ունեն։
Դանդաղ քայլեցին նույն հարակից մայթով` կոլայի շշերը ձեռքին: Կիսատ-պռատ ձյան, երիտասարդական արյան եռքի ու ներքին ուրախության համադրությունը հրաշալի էր: Ձյունն աստիճանաբար հալվում էր՝ գարնան կեղծ շունչ տարածելով շուրջբոլորը։ Դա օգնում էր, որ Լյովը հպարտությամբ շուրջբոլորը նայի՝ նայեք, տեսե՜ք, ում հետ եմ քայլում, գեղեցիկ աղջիկ է, իմն է․․․Ու աշխատում էր ավելի շատ հպվել աղջկան, զգալ Tereza-ի սեռաշշմեցնող-այդ բառը՝ սեռ, դարձավ իր բարեկամը-բույրը։
Լյովը ժամանակ առ ժամանակ, չհասկանալով թե ինչպես, որսալով պահը, համբուրում էր աղջկան, իսկ սա ծվծվում էր ու կոկետություն անում, ինչը շատ էր դուր գալիս Լյովին: Միայն սկզբում խփեց ձեռքին՝ թե ի՜նչ ես անում․․․ ինչ է անո՞ւմ․․, բա պեպեննե՜րը… ե՞րբ հասցրեց այսքան փոխվել, թե՞ կարոտել էր, դրանից է… լավ, ո՞նց ինքը այն ժամանակ չէր նկատել նրա պեպենները, տաք շնչառությունը, իմաստալից խոսքերն արևի, կյանքի ու զգացմունքների մասին: Ո՞նց գրավել սիրտը, որ այլևս չհեռանա իրենից։ Ավելի ամուր բռնեց աղջկա ձեռքը։
-Արևի մասին ի՞նչ կարծիքի ես, – հարցրեց՝ ուշադիր նայելով աղջկա աչքերի մեջ ու ցանկանալով լինել ամենախելացին։
-Արևը լավ է` ջերմ է ու հագուստների մեջ շատ կոլոլվելու կարիք չկա: Թող այրի մեր բոլոր հագուստներն ու մերկ կանգնենք աշխարհի առաջ։
-Լսի, արի գնանք պիցցա ուտենք, ես հյուրասիրում եմ: Պիցցա կուտենք, սուրճ կխմենք…լսի, քո ժպիտը, փափկեցնում ես ինձ, կենդանացնում, հույս ներշնչում, քո ժպիտը ապշեցնող սիրառատ է, դու օձին էլ կարող ես սիրել, չէ՞, եթե չլինի կծելու վտանգը, ասենք դա էլ երևի չկանգնեցնի քեզ, հը՞․․․ տղան ամեն բառի հետ թույլ ցնցում էր աղջկան։
Աղջիկը զարմացած նայում էր Լյովին. այս ե՞րբ է բանաստեղծ դարձել ու բլբուլ կտրել իր իմացած էն հասարակ, բառերի մեջ չխորացող տղան․․․ այն ժամանակներից ի վեր շատ է փոխվել։ Ինքը հիացած չէր նախկին Լյովով, բայց այս մեկը այլևս նախկին Լյովը չի: Պիցցա՞․․․ Ճիշտ է, Լյովի աշխատավարձի օրերն են, բայց նրա 5 000–անոցների կապուկն այնքան էլ հաստ չէ ու նույնիսկ խղճաց տղային։ Լյովը հիվանդ մորն է պահում ու փոքր եղբորը: Բայց ձգում էր տաք պիցցան, տղայի վերաբերմունքն ու հիացմունքը: Ասելիք շատ կար այս քաղաքում, այս թաղամասում, ծանոթ ու սիրելի էր ամեն ինչ, որ առաջներում չէր նկատել․․․ բայց միայն ժպտաց ու ասաց․
-Լուրջ ե՞ս ասում, մի քանի անգամ արդեն խաբել ես, չէ՞։
-Լսի, հավատա․․․ լուրջ է, սա ե՞ս եմ՝ չգիտեմ, արի միասին քայլենք, միշտ, նայենք անծայրածիր հովիտներին ու հորիզոններին, անվերջ, ինչպես մեր կյանքը, երազենք ճախրող հոգիների ու սիրո մասին, որ մեր սերը չավարտվի։ Մենք շատ ենք բաց թողել, բայց դեռ կհասցնենք։
Աղջիկը սկզբում քմծիծաղ տվեց, բայց հետո հասկացավ, որ սա կյանքի ամենահետաքրքիր պահն է։ Տարօրինակ բան է կատարվում հինավուրց ու հոգնած, այնքա՜ն բան տեսած մայր հողի վրա․․․ սա մի այլ պատմություն է, իրեն սիրու՜մ են։ Նա տխուր նայեց տղային։
-Սա դու ես, այնուամենայնիվ, հիշում եմ, – Ու անսպասելի ծիծաղեց։
-Գնացինք, – ասաց Լյովը, ինքն էլ ծիծաղելով։
Պիցցան կերան, իսկ սուրճը հետաձգեցին։ Լավ բաները հետաձգենք,-որոշեցին, – ապրենք կանխավայելումով։
Երկար չմնացին, ձմեռային ժլատ արևը ձգում էր։ Դուրս գալուց հետո մի քիչ էլ ֆուտբոլ նայեցին: Երեխաները չէին վախենում ցրտից ու շատ ուրախ գնդակ էին տշում: Լյովն իր մանկությունը հիշեց, երբ հարձակվող էր ու ձախ ոտքի հրթիռային հարվածներին ոչ մի դարպասապահ չէր դիմանում։ Ուզեց մտնի դաշտ, մի քանի բարդ հնարք ու խաբս ցուցադրի, զարմացնի աղջկան, բայց հետո միտքը փոխեց, տարիքն այն չէ, ով գիտի, մեկ էլ տեսար շունչը փչեց հենց դաշտում։
Նրանք միայն միացան երեխաների ուրախ բղավոցներին ու սկսեցին սատարել երկու թիմին էլ՝ ամեն գոլի հետ վեր–վեր թռչելով։ Հետո աղջիկը սկսեց մրսել ու Լյովը մտածեց, որ միայն աղմկելով ու տաք սուրճի հիշողություններով հնարավոր չէ տաքանալ: Բայց չիմացավ՝ ուր տանի աղջկան:
Թեպետ նախկինում էլ հանդիպել էին, բայց այն ժամանակ ամառ էր ու իրենցն էր քաղաքի ամեն անկյունը, նստարաններն ու այգիները, վերելակները… կարևորը` չէր պակասում սիրելու ցանկությունը: Իսկ աղջիկն էլ հարմարվող էր ամեն ինչին: Ինչպե՜ս ինքը բաց թողեց ավելի շատ ու ավելի խոր սիրելու ժամանակները։ Բայց հիմա էլ դեռ ուշ չէ, պետք է բարեկամություն անել այն ժամանակի հետ, որը միշտ պատրաստ է ու միշտ ընդառաջ եկող։
-Մրսում եմ, – ասաց աղջիկը:
-Ես էլ, – ասաց Լյովը ու նորից ուրախ հռհռացին: Ներքին զգացողությունն ասում էր, որ հարկավոր է անզուսպ հռհռալ։ Օգնում էր դիմանալ սրտի հուզումներին, թրթռոցներին, անսպասելի քայլերին ու հնարավորություններին։ Կյանքը խաղում է իրենց հետ, իսկ հռհռալն իսկապես օգնում է։
-Սա լու՞րջ է, – մի անգամ էլ ասաց աղջիկը, – բան չեմ հասկանում։
-Արի չհասկանանք, – ասաց Լյովը, – սա նոր գրվող, հորինված պատմություն է երկնքից․․․միայն մեզ համար։ Երկինքն այսպիսի շատ պատմություններ ունի։
Լյովը մի անգամ էլ ամուր գրկեց աղջկան, ցանկացավ խեղդել հենց գրկում ու անէանալ նրա հետ միասին Լեթայի ջրերում (դպրոցական ժամանակ պատմության ուսուցիչն էր պատմել Լեթայի՝ հունական իմաստասիրության մեջ մոռացության գետի մասին ու մինչև հիմա հիշում է, շատ էր ազդվել այն ժամանակ։ Երբ տանը պատմեց, վրան ծիծաղեցին։ Հայրն ասաց․
-Դասատուին կասես՝ քիչ խմի։ – Դա բոլորին դուր եկավ ու ընդունվեց ողջույններով, մինչ ինքը մռայլվեց ու այդ օրն այլևս հաց չկերավ։
-Թող, – ճչաց աղջիկը, – վայրենի արջ, խեղդում ես։
Շատ ծիծաղելի էր մրսող զույգը, որ չգիտեր ուր գնալ: Նրանք կոլոլվեցին վերարկուների մեջ ու նորից իրար ձեռք բռնեցին: Սառն էր աղջկա ձեռքը, սառը ու սեռազգայուն, այնտեղից տարօրինակ թովչանք էր տարածվում ու ձգում, դա հուզում էր Լյովին. ամեն ինչի մեջ նա սեր էր տեսնում․․․ մի անգամ էլ համբուրեց աղջկան ու գզգզեց, ինչին ի պատասխան աղջիկը նորից դիմադրեց ու դժգոհեց.
– Լսիր, խոզի նման չփչփացնում ես, չսովորեցի՞ր համբուրել։
– Դե թող, է՜, – ասաց Լյովը, – ես այդպես եմ սիրում, որովհետև համբուրելը չեն սովորում, սերն ու համբույրը սրտից է գալիս, ոչ թե ուղեղից։
Նրանք նորից քայլեցին ու խմեցին, ավարտեցին կոլան միաժամանակ: Նորից հիշեցին չխմած սուրճն ու ծիծաղեցին իրենց հիմարության վրա․հաճելի էր լավ բաներին սպասելը․․․ Ամեն ինչ անսովոր էր ու հակադրվում էր աշխարհին, իրենցն ուրիշ էր, մի ուրիշ սեր, չկրկնվող, միայն իրենցը։
Ապա թեթև վազեցին ու ֆուտբոլիստների նման ոտքով հարվածեցին կոլայի շշերին, որ օդում մի քանի շրջան գծելով զնգոցով գետին ընկան։ Մի անգամ էլ շրջան գծեցին կրթահամալիրի շուրջը՝ հարվածելով ու ցրելով մահացած տերևները: Սառած արևը թույլ ժպիտով ու ըմբռնումով ուղեկցում էր նրանց: Հատ հատ կաթում էին անցած տարվա չորացած տերևները: Բնությունը խորիմաստ լռություն էր պահպանում: Մտածեցին մի քանի չորացած ու կիսամեռ տերևներ հավաքել, բայց արագ փշրվում էին ու չէին պահպանվում։ Թողեցին․այն չէր, չէր համապատասխանում իրավիճակին ու հուզումներին։
–Լսի, դու ինձ դավաճանե՞լ ես, – հարցրեց Լյովը՝ ավելի ամուր սեղմելով աղջկա սառած ձեռքը, նրան անընդհատ զգալու համար։
–Իսկ դո՞ւ, – պատասխանեց աղջիկը։
Հենց այդ պահին մի համակրելի շուն նկատեցին։ Աղջիկն ուրախ հարձակվեց նրա վրա ու սկսեց սիրել։ Շունը անձայն, զարմացած նրան էր հետևում. դեռ ոչ մեկն այդպես չէր սիրել իր նման քնձռոտին… իսկ երբ փորձեց փախչել, երկուսով ընկան ետևից ու ետ բերեցին։ Շունը հանձնվեց, բայց բարեկամացավ։
Աղջիկը սիրում էր շանը ու անընդհատ ծիծաղում էին. շա՜տ համակրելի շնիկ էր, կեղտոտ մռութով ու պեծիկ, քաղցած էր, հոտոտում էր իրենց ու սպասում հյուրասիրության։
Այդ ամբողջ ընթացքում Լյովը մտմտում էր` թե ուր է տանելու մրսող աղջկան, ում արդեն կարեկցում էր, անսովոր հուզում զգում, հիշում Լեթան: Հենց այնպես բաց թողնել չէր կարող գեղեցիկ աղջկան: Կարող էր իրենց տուն տանել, միակ տեղը, ուր ցանկանում էր գնալ այդ պահին, բայց ինչպե՞ս կընդուներ մայրը` չէր կարող երաշխավորել։ Մի բան հաստատ էր՝ դա աշխարհի վերջը չէր լինելու։ Այդ մտքից նա անբացատրելի ջերմություն զգաց ու նայեց դանդաղ հալվող արևին։ Նա հեռանու՞մ էր իրենցից։
-Գնանք մեր տուն, – ասաց Լյովը, բաց չթողնելով աղջկա ձեռքը, – արևը, տեսնու՞մ ես, հեռանում է:
Աղջիկը զարմացած նայեց նրան:
-Մի քանի քայլ է մինչև մեր տուն, իսկ մինչև արև շատ հեռու է, թե չէ կտանեի այնտեղ,- ավելացրեց Լյովը, – տեսնու՞մ ես այն պատուհանը, իսկ այնտեղից կախվածը եղբայրս է, մեզ է նայում:
-Ես չգիտեի, որ դու այստեղ ես ապրում, լա՜վ տեղ ես ապրում։ Իսկ եղբորդ կողքինն էլ երևի մա՞յրդ է, մեզ նկատել է, վա՜յ` մեզ է նայում:
-Հա, գիտեմ, – ասաց Լյովը, նյարդայնացած, – գնանք ասում եմ, – ու քաշքշեց աղջկա դիմադրող ձեռքը, – իհարկե մայրս է, ճանաչում եմ, քեզնից էլ լավ եմ ճանաչում… բայց հոգիս հանել է, ասում է` ամուսնացիր։
Աղջիկը ձեռքերը խոթեց վերարկուի գրպանը, հնազանդ, ոտքերը քսքստացնելով քայլեց տղայի կողքից։
Նրանք դանդաղ քայլեցին դեպի վերգետնյա կամուրջը, փողոցի մյուս կողմն ապահով անցնելու համար: Այստեղից երևում էր ծառերի ու բազմահարկերի մեջ թաղված, հարազատ թաղամասը։ Ահա շունը, որ փախավ իրենցից չգիտես ինչու․․․ ծանոթ խանութները, փոքրիկ դեղատները, դպրոցականները, մարդիկ։ Աշխարհն աչքերի առաջ է, քաղաքը, մի փոքրիկ թաղամաս աշխարհի սրտում։
Լյովի սիրտը ուռավ հպարտությունից՝ աշխարհն իրեն է նայում, իր մեջ է, իր ողջ քմայքներով ու պճրուհու կոկետությամբ, աղջիկն էլ այնտեղ է, չի դիմադրում, չի բողոքում, եթե բողոքում է՝ քնքշությամբ ու սպասող, քայլեց իր հետ, խմեց իր շշից․․․ սիրում է փոքրիկ շնիկին, շոյում։
Նա նայեց աղջկան, դեռ քանի՜ տարի կարող են ապրել միասին, ուրիշ մեկն իրեն պետք չէ, երկար է սպասել, մինչև գտել է․․․ահա կամուրջը, որի վրա քայլում են, դիմացը թաղի շենքերն են, ծառերն՝ առատ, բարձրաբերձ ու անշարժ, ահա դպրոցն իր մասնաշենքերով, ավտոբուսները սպասում են դպրոցականներին, որ տուն տանեն։ Արդյո՞ք այստեղ է ամփոփված աշխարհի սիրտը։ Իսկապես, ինչու՞ նա պետք է ուրիշ տեղ լինի, այստեղ կա ամեն ինչ՝ երջանիկ լինելու համար, եթե երջանիկ ես, աշխարհի ցանկացած անկյունում երջանիկ կլինես, եթե ունես մայր, եղբայր ու գեղեցիկ աղջիկ քո կողքին, որ քայլում է քո ուղղությամբ։ Լյովը ավելի ամուր բռնեց աղջկա ձեռքը։
-Թո՛ղ, ցավեցնում ես, – ասաց աղջիկը։
Բայց Լյովը գիտեր, որ նա ցանկանում է ասել՝ միշտ այդպես ամուր բռնիր․․․ պարզ, հին ճշմարտություն է, այնպես չէ՞։ Արդեն հասուն մարդ են, հասկանալու համար սիրո պարզ ճշմարտությունը՝ բռնիր ձեռքը, քայլիր քո առջև բացված կյանքի հովիտներով, քանի դեռ չի եկել լացի ժամանակը։ Ուրիշ ինչ․ահա իրենց շենքը, պատուհանները, տան ներսն էլ կարելի է պատկերացնել։ Ամեն ինչն իրենց է սպասում․․․ սա կյանքն է։
-Արի կամուրջի վրայից նայենք ներքև, – առաջարկեց նա աղջկան, – սա անկրկնելի պահ է, տես՝ մեքենաները, վարորդները, բեռնատարները՝ բարձված իրերով, հետո կնայենք ծառերի մեջ թաղված դպրոցին, ես այստեղ եմ սովորել, թարմ փայտի հոտ արձակող գրքեր, գրենական խորհրդավոր պիտույքներ, գրողներ, գումարում, հանում, Լեթայի, բանի մասին․․․ նրա շունչը կտրվում էր հուզմունքից, այնքան շատ ասելիք ու անելիք ուներ։
-Նայենք, – համաձայնվեց աղջիկը, – գրկիր ինձ, վախենում եմ բարձրությունից, իմ կյանքը կարևոր չէ՞ քեզ համար։
-Արի երազենք, – պատասխանեց Լյովը, – բայց մնա մեր մեջ։
Նրանք նայեցին ներքև, հետո՝ վերև, մինչև այդ՝ նորից ծառերին, ավելի մերկ, քան մի քանի րոպե առաջ էր, ախր կյանքն անհետանու՜մ է, ի՜նչ սիրուն են․․․մարդիկ, մեքենաները, արտացոլված մանրիկ աչքերի մեջ։
Կամրջի տակով թեթևակի կաղալով, դանդաղ, ալեհեր, գզգզված մազերով ծերունի էր անցնում՝ զգույշ նայելով շուրջբոլորը, զգուշանալով մեքենաներից։ Նրանք ակամա իրար նայեցին, մռայլվեցին․․․
Հետո նորից նայեցին վերև, նույնն կապտասպիտակ ամպերն էին, մի քիչ ավելի առաջացած։ Եթե աշխարհը փոխվում է, ինչու՞ իրենք էլ չփոխվեն, միշտ կքայլեն այսպես իրար ձեռք բռնած, ինչպես երկու անմեղ երեխաներ, որ անբաժան ընկերության խոստում են տալիս․․․
Միշտ այսպես կքայլեն․․․գեղեցիկ․․․ ինչպես կյանքն ինքը։
Նրանք մի քանի րոպե լուռ էին․․․
Լյովն ուրախության պոռթկում զգաց, ամբողջ ուժով ամուր բռնել էր աղջկա ձեռքը, վերգետնյա անցումի վրա մի անգամ էլ համբուրեց աղջկան՝ ամուր գրկելով, ուղեղի մի անկյունում դժգոհելով կամուրջի կարճությունից։
Այս անգամ աղջիկը չդիմադրեց։
-Լյով, – միայն ասաց նա։