Գիտե՞ս՝ ինչ եմ մտածում։
Մտածում եմ՝ պատճառը մարմնի դողն էր։ Պիտի որ դա լիներ։ Թե ոնց էր հատակը բոնգոբորդի նման օրորվում ոտքերի տակ։ Հիշու՞մ ես՝ ես, դու, պապան էինք ճաշի սեղանին։
– Երևի երկրաշարժ չէր,- ասացիր,- երևի դո՞ւ ես շարժում սեղանը։
Պիտի որ ամեն ինչ հենց էդ պահին կատարված լիներ։ Պահարանին դրված ժամացույցը, դե փոքրիկ իր է, ցնցվեց ու միանգամից ընկավ հատակին։
Բայց Մեյդին ի՞նչ իմանար։ Մեյդին, որ բժշկի մոտ էր։ Էսքան տարի հոգեբույժի բազմոցին, մեկ էլ բազմոցը սկսում է շարժվել։
Աստված իմ, մեծ ալիքը որ խփեց, նա բազմոցին նստած էր։
Մեյդին քեզ չի պատմել, բայց գիտե՞ս՝ հոգեբույժն ինչ ասաց։ Երբ Մեյդին թռավ բազմոցի վրայից ու ասաց․
– Էս երկրաշա՞րժ էր։
Բժիշկն ասաց․
– Իսկ քո զգացածով երկաշա՞րժ էր։
Կարծում եմ՝ երկուսս էլ համաձայն ենք, որ պետք է լավատես լինել։
* * *
Ու կարծում եմ՝ ամեն ինչ հենց էդ պահին կատարվեց։ Չնայած ինձ չի հետաքրքրում։ Մեյդին է ուզում իմանալ։ Մտածում է՝ իրեն է հասնում, որովհետև ավագ դուստրն ինքն է։ Բայց ու՞ր էր ավագ դուստրն էդ պահին։ Ո՞ր դուստրն է քեզ գտել։
Երբ Մեյդին սկսեց հարցեր տալ ժամացույցիդ մասին, զգացի, որ պիտի ասեմ։ Ասացի․
– Մարմինը նոր չի՞ սառել։
Մեյդին ասաց, որ մարմինը չի մարդը, ոգին է մարդը, և ոգին մարմինը թողնում է հետևում՝ մարմնի սեփականության հետ միասին․ օրինակ՝ ժամացույցի՞։
– Ժամանակը թռչուն է,- ասացի,- ջայլամի պես։
– Ժամանակը թռչում է,- ասացի, ու Մեյդին ասաց՝ ի՞նչ։
– Ժամանակը թռչում է,- կրկնեցի,- իսկ ջայլամն էդպես էլ չսովորեց։
Այ էսքան հեշտ է հիմարացնել Մեյդիին։
Հիշու՞մ ես՝ ինչ հեշտ էր։
Հիմա Մեյդին մտածում է, թե ես եմ տարել ժամացույցդ։ Մտածում է՝ քանի որ առաջինը ես եմ հասել, առաջին միտքս ժամացույցը տանելն էր։ Անընդհատ հարցնում է․
– Ո՞վ է տարել մամայի ժամացույցը։
Հարցնում է․
– Դու՞ ես տարել մամայի ժամացույցը։
Թարգմանությունը անգլերենից` Յուրի Սարգսյանի