Նիկո Լորթքիփանիձե | Սուրբծննդյան մանրապատումներ


Այնտեղ, հեռու-հեռավոր Բեթղեհեմում, տասնինը դար առաջ, մի աստղազարդ գիշեր, քարայրում ծնվեց Հիսուսը` Մարիամ Աստվածածնի որդին, չքավորների հույսն ու մխիթարանքը, տառապանքը թեթևացնողը, մահով մահը ճնշողը…
Իսկ այստեղ․․․այսօր․․․

1
Մահճում

– Չվախենաս, որդիս, բժիշկն ասեց՝ ինչ սիրտն ուզի, կերցրու։ Գոնե սառցաշաքար գցիր բերանդ… քաղցր է… դուրդ կգա։ Առ էս հրեշտակի արձանիկը… քաղաքով մեկ մեն մի հատիկ էր, բերել եմ քեզ։ Չվախենաս, որդիս, հանգստացիր: Այ էսպես, էսպես շնչիր… կանցնի: Հիմա հիվանդության բարձրակետն է, ջերմությունդ կիջնի…
Երեխայի փոքրիկ ձեռքերը դիպան սառը մարմարե արձանիկին, դուրն եկավ, դրեց այրվող կրծքին, ապա լռեց։ Իսկ մայրը դանդաղ շոյում էր նրա քրտնաթոր ճակատը, ուղղում գզգզված մազերը։ Հետո կռացավ ու ննջեց։
Կինը հիշեց իր առաջին համբույրը. մի՞թե փոխակերպում չէր։
Կինը հիշեց, թե իր մարմնում ինչպես մի նոր մարդուկ շարժվեց։
Կինը հիշեց, թե ինչպիսի ցավերով լույս աշխարհ եկավ իր տղան, իսկ հիմա՝ Սուրբծննդյան էս գիշերով Աստված ինչպե՞ս է նրան իրենից խլելու:
Իսկ երեխան պինդ գրկել էր հրեշտակի արձանիկը, շնչառությունը թուլանում էր ու հետզհետե մի նոր կյանք էր սկսվում։

2
Վաճառվում է Վրաստանը

Վաճառվում է Վրաստանը`դաշտ ու հանդով, սար ու ձորով, անտառով, խաղողի այգով, ցանքավայրով,անցյալի պատմությամբ, ապագա բախտ ու ճակատագրով, չքնաղ լեզվով, ասեղնագործ մետաքս ու թավշով, առնական բնավորությամբ, հյուրընկալությամբ, փառահեղ տեսարաններով, մաքուր օդով, վաստակած տուն ու տեղով, քանդակազարդ վանք ու եկեղեցիներով, կայտառ առվակներով, լուրթ ծովով, ջինջ ու շողշողուն երկնքով, ազգով, վանականով, հրապուրիչ կանանց բույլով, սրամիտ տղերքով, ժիր երեխեքով, արծաթահեր պատկառելի ալևորներով: Վաճառվում է Վրաստանը մորով ու հորով, զարմ ու արմատով, եղբորով, քրոջով, կնոջով, ազգ ու տակով։
Վաճառում են բոլորը՝ իշխան, քահանա, վաշխառու, ավազակ, ահել ու ջահել, խելոք ու հիմար, բերանփակ սթափ ու լոթի հարբեցող։
Վաճառվում է ամենուր՝ փողոցում ու տանը, թատրոնում ու դատարանում, ուսումնարանում, բանտում, կառքում, գնացքում, առավոտյան ու գիշերով, տապին ու ցրտին, լավ, թե վատ եղանակին։
Վաճառվում է ամբողջը՝ Սև ծովից մինչև Կասպից ծով, Օսիայից՝ Պարսկաստան։ Վաճառվում է մաս առ մաս՝ Կախեթի և Իմերեթի, Քարթլի, Սվանեթի և Սամեգրելո, Գուրիա և Լեչխումի, Ռաճա և Ջավախեթի։ Վաճառվում է մաս առ մաս` ով ինչքան ու ոնց կուզի՝ անկանխիկ, կանխիկ, ժամանակավոր և ընդմիշտ, բանկով ու մեր միջոցներով։
Եղած-չեղածը գնեք միանգամից, հոշոտեք ու պատառոտեք Վրաստան կոչվածը, որն այսօր անտերության է մատնված, արջագռավներին է կշտացնում ու կոտրում է անզոր մեռելատիրոջ սիրտը։

3
Կույր դերձակը

Դերձակ Լևանան խարխափելով գտավ դռան բանալին, կանգ առավ, ինչ-որ բան որոշեց և բացեց դուռը։ Փողոցի թարմ, սառը օդն ասես վախից նահանջեց ու իր տեղը զիջեց սենյակի՝ նամշ ու քրտինքի հոտով ներծծված օդին։
– Այ կնիկ, ճամփա տուր, բան չեմ տեսնում…
– Սու՜ս,- նույն պահին մեկը պատասխանեց,- կամաց ձեռքդ տուր: Մի կերպ քնեցրի երեխքին,- շշուկով ասաց դիմացինը։ – Փորձի’ր մահճակալի եզրին տեղավորվել, երեխեքին պատի կողմ եմ պառկեցրել։
– Ինձ տար սեղանի մոտ: Բա որ արթնանան, ի՞նչ ենք անելու. բան չեմ բերել, այ կնիկ։
– Ինչի՞,- շշուկով հարցրեց կինը:
-Ինչի, ինչի, որովհետև աչքերս էլ չեն տեսնում, մաքրակարս քանդելու ենթակա էր։ Կոճակներն էլ թարս էի շարել։ Հայհոյեցին, քաշքշեցին ու բաց թողեցին… հասնում էր։ Ինչի՞ մեղքի տակ ընկա։ Երեք հոգու բախտն ինչի՞ վրաս վերցրի։ Գոնե լրիվ կուրանամ… ինձ կընդունեն ապաստան։
-Բան չկա, ա’յ մարդ, Աստծուն մի’ դատապարտիր։
-Չեմ դատապարտում, հակառակը, պաշտում եմ նրա օրենքները… արժանի եմ, ես արժանի եմ էս ամեն ինչին, բայց դուք… դո՞ւք։ Վաղը շներն անգամ մսով կկշտանան․ մեկին մի կտոր կգցեն, մյուները՝ կթռցնեն… իսկ դո՞ւք։ Թեկուզ մոխրով, բայց մճադի (լոշիկ) ունենայիք։
-Մայրի՛կ, հայրիկն եկա՞վ,-տնքում էր նվաղած ձայնով երեխան…
Արցունքներն այրում էին կույր դերձակի աչքերը։
Այնտեղ, հեռու-հեռավոր Բեթղեհեմում, տասնինը դար առաջ, մի աստղազարդ գիշեր, քարայրում ծնվեց Հիսուսը` Մարիամ Աստվածածնի որդին, չքավորների հույսն ու մխիթարանքը, տառապանքը թեթևացնողը, մահով մահը ճնշողը…
Իսկ այստեղ․․․այսօր․․․

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *