Ամերիկաբնակ իրանցի արձակագիր Անիտա Ամիրռեզվանին ծնվել է 1961 թվականին Թեհրանում: Վաղ տարիքում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ Սան Ֆրանցիսկո: Իրան կատարած շարունակական այցերն ու կապն արմատների հետ դարձել են շարժառիթ՝ հետաքրքրվելու միջնադարյան Պարսկաստանով և գորգագործության արվեստով: Հեղինակը շուրջ ինը տարում է գրել իր առաջին՝ «Ծաղիկների արյունը» պատմագեղարվեստական վեպը, որը թարգմանվել է ավելի քան երկու տասնյակ լեզուներով և վերջերս՝ հայերեն։
«Ծաղիկների արյունը» պատմագեղարվեստական վեպ է մի կնոջ մասին, որը պայքարում է՝ հաղթահարելու դժբախտությունը։ Ո՞րն էր այդ վեպը գրելու ձեր ոգեշնչումը։
Իմ հիմնական մտահոգություններից մեկն էր ավելի մեղմ պատկերացում հաղորդել Իրանի մասին, քան այն, ինչ սովորաբար տեսնում ենք լուրերում։ Շուրջ երեսուն տարի ԱՄՆ-ն և Իրանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, ինչը նշանակում է, որ անշեղորեն նվազել են միմյանց մասին սովորական, մարդկային մակարդակի գիտելիքները։ Իմ նպատակն էր ավելի լայն պատկերացում տալ մարդկանց և երկրի մասին։ Ես ուզում էի ընթերցողներին այնպես ներքաշել տասնյոթերորդ դարի կյանքի մեջ, որ կարողանան պատկերացնել ավանդական գորգերի խոր լեղակագույներն ու բոսորագույները, զգալ վարդաջրի բույրը: Ինչ վերաբերում է սյուժեի ու կերպարի առանձնահատկություններին, դրանք զարգանում են շատ դանդաղ՝ հինգ կամ վեց տարվա ընթացքում, այնպես որ ես չեմ կարող մատնանշել ոգեշնչման որևէ աղբյուր:
Ձեր հերոսներն արդյո՞ք հիմնված են ձեզ ծանոթ որոշ մարդկանց վրա, թե՞ ձեր երևակայության արդյունքն են։
Իմ կերպարները հիմնված են ոչ թե իրական մարդկանց, այլ իրական իրավիճակների վրա, որոնց կարող էին հանդիպել իրանցի կանայք: Օրինակ՝ իմ հերոսուհին ակնկալում է ամուսնանալ դեռահաս տարիքում, ինչպես իր ընկերուհիներից ու ազգականներից շատերը։ Մինչև վերջերս դա արտասովոր երևույթ չէր Իրանում։ Տատիկս, որը ծնվել է 1910 թվականին, ամուսնացել է տասնչորս տարեկանում, իսկ նրա աղջիկը՝ ծնված 1933 թվականին, ամուսնացել է տասնյոթ տարեկանում։ (Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Իրանում կանանց ամուսնության միջին տարիքն այսօր քսաներեքն է, մինչդեռ Միացյալ Նահանգներում՝ քսանհինգը)։
Ի՞նչն էր ձեզ ոգեշնչում որպես պատմող։
Ինձ ոգեշնչել են ավանդական հեքիաթները, որոնցում բնական է, որ գլխավոր հերոսը մեկնում է կյանքը շրջադարձային դարձնող որոնումների և ճանապարհին սպանում վիշապների: Այդ «վիշապները» կարող են լինել արտաքին կամ ներքին։ «Ծաղիկների արյունը» վեպում իմ հերոսուհին հոր մահից հետո բախվում է անսպասելի մարտահրավերների և պետք է ինքնուրույն հարթի իր ճանապարհը։ Որպես միակ զավակ ծնողների, որոնք տասնհինգ տարի չեն կարողացել երեխա ունենալ, նա հասակ է առել մեծ հոգածությամբ և միշտ չէ, որ կարողանում է վատը լավից տարբերել։ Կյանքի ուղիներով անցնելիս նրա անհատականության յուրատիպ բացերը փորձություններ են առաջացնում։
Թեև ծնվել եք Իրանում, բայց մեծացել եք ԱՄՆ-ում։ Որքանո՞վ եք Ձեզ իրանցի համարում։ Ինչպիսի՞ն է գրել մի վայրի մասին, որին մոտ եք և միաժամանակ նրանից զատված։ Հաճա՞խ եք այցելում Իրան։
Ես ինձ համարում եմ իրանական ծագումով ամերիկացի, որն ունի խոր կապեր իրանական մշակույթի հետ։ Քանի որ այժմ արտերկրում ապրում են շատ ավելի իրանցիներ, քան երբևէ, և քանի որ նրանց մեծ մասը հեռացել է 1979-ի հեղափոխությանը չաջակցելու պատճառով, այժմ Իրանի սահմաններից դուրս մեծ, բազմասերունդ իրանցիներ են ապրում, որոնք փորձում են հարթել հայրենիքի նկատմամբ իրենց բարդ զգացմունքները։
Ինձ համար շատ ավելի հեշտ էր գրել նախորդ դարի մասին, քան այսօրվա, քանի որ մենք բոլորս գտնվում ենք անցյալից հավասար հեռավորության վրա: Ես չփորձեցի գրել մի վեպ, որի գործողությունները ծավալվում են այսօրվա Իրանում, քանի որ չունեմ ամեն օր այնտեղ ապրելու փորձառություն։ Ինչ վերաբերում է այնտեղ այցելելուն, ապա փորձում եմ երկու-երեք տարին մեկ գնալ, քանի որ ունեմ հարազատներ, ինչպես նաև հաճույք եմ ստանում զբոսաշրջիկ լինելուց Իրանի անծանոթ վայրերում: Երկիրն ունի մշակութային բազմաշերտություն, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում այցելելու համար:
Ինչո՞ւ որոշեցիք գրել վեպ տասնյոթերորդ դարի Իրանի մասին, և ձեր կարծիքով՝ այդ միջավայրը որքանո՞վ է հարստացնում պատումը։
Տասնվեցերորդ դարի վերջը և տասնյոթերորդ դարի սկիզբը նշանակալից ժամանակաշրջան են եղել Իրանի համար: Երկիրը ղեկավարում էր Շահ Աբբաս Մեծը, որը հայտնի էր նրանով, որ ծպտվում էր, որպեսզի կարողանա դուրս գալ, խոսել սովորական քաղաքացիների հետ և պարզել, թե իրականում ինչ է կատարվում իր թագավորությունում։ Նա նաև հավակնոտ էր քաղաքաշինության մեջ, ինչպես Դուբայի շեյխ Մոհամմադը, բայց արմավենիների տեսքով կղզիներ սարքելու փոխարեն նա կենտրոնացել էր բարեկարգելու Սպահան քաղաքը՝ դարձնելով այսօրվա հիասքանչ տեսքին։ Շահն օգտագործեց իր արքունիքի լավագույն ուղեղները՝ ստեղծելու Աշխարհի պատկերը (Սպահանի մեծ հրապարակը), որն այժմ համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Վեպի գործողությունները պատկերելով այդ հոյակապ քաղաքում՝ հույս ունեի արևմտյան ընթերցողներին ծանոթացնել Սպահանի հրաշքներին, մանավանդ երբ այս օրերին միայն ամենահամարձակ ճանապարհորդներն են տեսնում այն: Փոքրիկ գյուղական միջավայրում մեծացած իմ հերոսուհու համար քաղաքային կյանքը վճռորոշ դեր է խաղում։ Այդ միջավայրը նրան գեղջկուհուց դարձնում է քաղաքաբնակ, չհասունացած աղջկանից՝ ամուսնացած կնոջ, ավանդական գորգագործից՝ բարդ գորգերի հեղինակ։
Ձեր հետազոտություններում ու գրականությունում շա՞տ զուգահեռներ եք գտել Իրանի անցյալի և ներկայի միջև: Ինչպե՞ս կբնութագրեք ձեր նկարագրած աշխարհի և այսօրվա Իսլամական Հանրապետության հարաբերությունները:
Շատերը չեն գիտակցում, որ Իրանը բավական ժամանակակից երկիր է։ Յոթանասուն միլիոն բնակչության մեծ մասն ապրում է քաղաքներում, և գրագիտության մակարդակը բարձր է։ Մայրաքաղաք Թեհրանն ունի մոտ տասներկու միլիոն բնակչություն և բազմաթիվ տեսարժան վայրեր։ Գրքում նկարագրված շատ սովորույթներ այսօր էլ կան։ Օրինակ, ժամանակավոր ամուսնությունն Իրանում օրինական է եղել հարյուրավոր տարիներ, թեև, ինչպես բոլոր սովորույթները, այն ևս ժողովրդականության անկումներ է գրանցել: Գրքում պատկերված մշակութային որոշ տարրեր շատ նման են այսօրվանին, ինչպես՝ գորգագործությունը։ Թեև այսօր բուրդը կարելի է մանել մեքենայով, ոչ թե ձեռքով, ներկանյութերը հավանաբար շատ ավելի սինթետիկ են, քան բնական, իրանցի ջուլհակները շարունակում են սիրով և մեծ ջանք ներդնելով, ավանդական եղանակով գորգեր գործել տորքերի վրա։
Ինը տարի աշխատել եք «Ծաղիկների արյունը» վեպի վրա։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպիսի հետազոտություն է արվել այս գրքում։ Որո՞նք էին ձեր ամենամեծ ռեսուրսները թե՛ գրելու և թե՛ ժամանակին հավատարիմ մնալու համար։
Գիրքը գրելիս երեք անգամ գնացել եմ Իրան՝ տեսնելու այն ամենը, ինչ նկարագրել եմ և համապատասխան թվացող ամեն ինչի մասին կատարել եմ գրառումներ։ Տանն ամենամեծ հաճույքներից մեկը տասնյոթերորդ դարի մասին ընթերցելն էր։ Հիմնական աշխատություններից մեկը Իսքանդեր Բեգ Մոնշի անունով մի պատմիչի աշխատությունն էր, որը հսկայական տարեգրություն է գրել Շահ Աբբասի թագավորության մասին։ Իմ գիրքն առանձնապես կապ չունի քաղաքական իրադարձությունների հետ, սակայն Մոնշիի պատմության շնորհիվ պատկերացում կազմեցի այդ ժամանակաշրջանի մարդկանց, հատկապես՝ հզորների մտածողության մասին։ Նաև ուսումնասիրել եմ արվեստի մասին բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ Արթուր Ուփեմ Փոփի և Ֆիլիս Արքեմանի «Պարսկական արվեստի հետազոտությունը», որտեղ առկա են բազմաթիվ լուսանկարներ իրանական ճարտարապետությունից, կտավներից, գորգերից, կտորներից, մետաղադրամներից և այլն։ Ես օգտվել եմ այս հսկայական հատորներից (ավելի քան չորս հազար էջ)՝որպես աղբյուր տասնյոթերորդ դարի և հետագա ժամանակշրջանի արվեստի մասին։
Այդ ժամանակաշրջանի ձեր հետազոտություններում ո՞րն էր ձեզ համար ամենազարմանալի բացահայտումը։
Ինձ համար հետաքրքիր էր, թե մարդիկ ինչպես էին մանրակրկիտ ուսումնասիրում, քննարկում աստղերի շարժն ու վախենում դրանից։ Մոնշին իր նոթերում գրել է, որ երկինքը հատող գիսաստղն ավերածություններ է ստեղծում և հանգեցնում ավերիչ երկրաշարժերի ու վատ վարքի դրսևորումների։ Պալատականները խորհրդակցում էին աստղագետների հետ, ուշադիր հետևում նրանց խորհուրդներին ընդհուպ այն աստիճան, որ հետաձգում էին իրենց մարտի մեկնելը։ Աստղագուշակությունը համարվում էր ժամանակի գիտության կարևորագույն մասը:
Ձեր հեղինակային խոսքում գրել եք, որ նարատորի անունը միտումնավոր չի նշվում՝ ի նշան հարգանքի իրանցի ավանդական արհեստավորների, որոնք հաճախ անանուն էին մնում: Մի փոքր կխոսե՞ք այդ ավանդույթի մասին։ Անանունությունն ի՞նչ է ավելացնում պատմությանը։
Մի առավոտ, երբ հյուրասենյակումս նայում էի իրանական գորգերին, ասեղնագործություններին ու մանրանկարչության նմուշներին, մտքովս անցավ, որ դրանցից ոչ մեկը ստորագրված չէ: Ինչպես աշխարհի շատ վայրերում, արհեստավորի ինքնությունը համարվում էր անկարևոր և մնում չհիշատակված։ Վեպը գրելիս միտքս դարձավ դեպի այդ մարդկանց կյանքը, և սկսեցի մտածել՝ որտեղից են նրանք եկել, ինչ պատմություններ ունեն և արդյոք դեռ ողջ են: Իմ հերոսուհին կարող էր լինել նրանց նախնիներից մեկը։ Նրա անունը չնշելով՝ ես հույս ունեի հայտնել, որ որևէ տառ չկա այդ վարպետների (կին թե տղամարդ) մասին, որ ապրել են, շնչել և ստեղծել այնպիսի գեղեցիկ ստեղծագործություններ, որոնցով մինչ օրս հիանում ենք։ Մի խոսքով, իմ նպատակն էր գնահատել «անանուն վարպետին», որի աշխատանքն անցել է դարերի միջով։
Բացի այդ, ինձ վրա ազդեցություն են գործել ժողովրդական հեքիաթներում հանդիպող անանուն հերոսները, ինչը, կարծում եմ, այդ հեքիաթներին տալիս է «յուրաքանչյուր տղամարդունը» և «յուրաքանչյուր կնոջինը» լինելու շնորհ։ Այլ կերպ ասած, հերոսուհին կարող ես լինել դու։
Գորգագործությունը հիմնարար դեր է խաղում թե՛ պատումի և թե՛ պատմողի կյանքում։ Գորգագործությունն ինչպե՞ս է մտել 17-րդ դարի իրանական մշակույթ, և ինչպե՞ս էին վերաբերվում գորգագործներին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էին իրանցիները՝ Շահ Աբբասի գլխավորությամբ, այդքան արժևորում արվեստի այդ հիանալի ուղղությունը։
Որպես կահույքի մաս գորգերն Իրանում շատ ավելի մեծ տեղ ունեին, քան այսօր արևմտյան հյուրասենյակներում։ Իրանական ավանդական սենյակում նստում եք գորգի վրա դրված բարձերին, ինչը նշանակում է, որ գորգը դառնում է արվեստի գործ, որը զգում եք, ոչ թե՝ հիանում հեռվից։ Գորգերը նաև կանաչի զգացողություն են հաղորդում մի երկրում, որը հիմնականում չոր է։
Ինչ վերաբերում է գորգագործությանը տասնյոթերորդ դարում, Իրանն ուներ քոչվոր և բնիկ մեծաթիվ բնակչություն, որը պատմականորեն մշտապես կախված է եղել գորգագործությունից՝ վրանները կամ տները կահավորելուց մինչև ընտանիքների համար հավելյալ եկամտի ապահովում։ Գորգերն իրենց գեղեցկության և բազմատարր օգտագործելիության շնորհիվ միշտ հիացմունքի են արժանացել Իրանում, սակայն չեմ կարծում, թե ջուլհակների մեծ մասը՝ տորքերի վրա աշխատող անհատները, մեծ օգուտ են քաղել այս աշխատատար աշխատանքից։ Քաղաքներում ամեն ինչ այլ էր։ Ջուլհակները, որոնք աշխատում էին Շահ Աբբասի գորգագործարաններում, բարձր որակավորում ունեցող տղամարդիկ էին, որոնց, ենթադրաբար, հարգանքով էին վերաբերվում և լավ փվճարում: Երբ նրանց գորգերը վաճառվում էին օտարերկրացիներին, պետությունը փող էր աշխատում։ Վստահ եմ, որ նաև այդ պատճառով էր Շահ Աբբասը սիրում նրանց:
Գորգագործությունը նաև հիանալի փոխաբերություն է։ Հանգույց առ հանգույց աշխատում ես տորքի վրա, մինչև մի օր ունենում ես ամբողջական մի գորգ՝ բարդ անհատականությամբ ու պատմությամբ։ Ճիշտ ինչպես կյանքը։
Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի