Ծիծաղը սրտի խորքից է և նրա համար միևնույն է այս կամ այն սեղանը։ Ծիծաղում, մոտենում ու հարցնում է.
– Որևէ բան չե՞ք ցանկանում։
– Դեռևս ոչ,- ասում եմ։
– Ի՞նչ էիր պատմում,- ասաց։
– Պատմում էի, որ երեխա ժամանակ, խաղի ընթացքում Սաքոն թռավ ճաղի վրա, մատը լռվեց սայրին, կտրվեց, ընկավ գետնին. ես վերցրի, վազեցի նրանց տուն, պահեցի մոր առաջ, ասացի.
“Սաքոյի մատը”։ Երբեմն մտածում եմ,- ասացի,- քաքի մեկն եմ։
– Դրանում կասկած չկա,- ասաց ու ծիծաղեց։
Լուսամուտի ետևից, վարագույրի ետևից, ամեն ինչի ետևից տեսել էի, որ ում հետ էլ որ լինում է, ինչպես հիմա, սրտի խորքից, հենց այնպես ծիծաղում է։ Ինքն էլ գիտի, որ ավելի է հմայիչ դառնում։ Սակայն ես, ասես լռվել եմ մի կտոր պարանի, չորս հախճասալի և մի ոտքը ջարդված քառոտանու միջև։
Ասացի.
– Երբեմն մարդ այնպիսի ցավ է ունենում, որ սիրուց չի։ Սիրտը ուզում է վեր կենալ և ինչ որ ձեռքն է ընկնում` ջարդուփշուր անի…
Ասացի.
– Տեսե՞լ ես, երազում երբեմն մարդ ուզում է ինչ-որ բանից փախչի` չի կարողանում. ոնց որ մարդու ոտքերը գետնին սոսնձված լինեն։
Գալիս է, ծիծաղում է և ասում.
– Դեռևս ոչինչ չե՞ք ցանկանում։
Ուզում էի Ժան Լուի Թերնթինյանի նման ասել` ազատ սենյակ չունե՞ք։
Ասացի.
– Վոդկա առանց սառույցի։
– Մարգարիտա սառույցով։
Եվ ծիծաղեց, և ավելի կանացի դարձավ և ավելի հմայիչ։
Վոդկան սիրո ստվերի տակ` իսկն էր։ Ուսերը մերկ էին, և հոգի էին տալիս համբույրի համար։
– Ինչի՞ մասին ես մտածում,- ասացի։
– Սաքոյի մոր,- ասաց։
ԳՈՒՑԵ ԱՆՁՐԵՎ ԷԼ ԳԱ
Պանդոկապանը խումար ու կարմիր աչքեր ուներ։ Իր մտքերի մեջ էր։ Քառոտանու վրա տեղաշարժվեցի ու ասացի.
– Դու՞ք էլ էիք ավերակում։
– Ի՞նչ եք ցանկանում,-ասաց։
– Գարեջուր,- ասացի։
Մարդ չկար։ Աղը դատարկեցի գարեջրի մեջ և ասացի.
– Ասում ես օգուտ էլ ունի՞։
– Ի՞նչը,- ասաց։
– Աղն եմ ասում` գարեջրի հետ։
Հայացքը խումար ու կարմիր էր։ Խղճացի։ Շատ միայնակ էր։
– Զարմանալի է,- ասացի,- շարունակ մտածում եմ, որ դուք էլ եք ավերակում եղել։
Հեգնաժպտաց։ Գարեջուրը դառն ու աղի էր։Գլխիվայր սայթաքեցի մինչև մայթ, դիպա ծառին, առվակին և դիակի սպիտակությամբ փրփուրի, և հայացքս ընկավ վրան ու մեխվեց։ Շները և թափառաշրջիկները, և պոռնիկները, և ոստիկանները հավաքվել էին ավերակում և կրակ էին արել և օղի էին խմում և մեկ-մեկու քամակը մատ մտցնելով` հռհռալով ծիծաղում էին։ Մեկը ավելի մոտեցավ, մի քանի անգամ ուժեղ ներքաշեց ծխախոտի ծուխը, կռացավ և ծխախոտի այրվող կրակը թափահարեց դիակի պատռված ակնախորշում։ Ինչ-որ բան պղպջակի պես պայթեց խավարի ու լռության մեջ և քամին հայացքի մոխիրը ցրեց ավերակում։ Ցուրտ էր։ Վերադարձա տուն։ Կինս քնած էր։ Նստեցի մահճակալի եզրին, նրան շրջեցի ու ծխախոտ վառեցի։ Զարմանալիորեն հմայիչ ու ցանկալի էր։ Ծխեցի, կրակը շիկացավ։
– Նանարիդ մոտ էի՞ր,- ասաց։
– Մարմինդ էս ինչ ճերմակ է։
Երանի ինչ որ բան ասեր, երանի ճանկռոտեր, երանի ինչ որ բան աներ։ Լռության մեջ ինչ որ բան պայթեց։
Քնելս չի գալիս։ Լուռ ու սառն է։ քամին սուրում է։ Փողոցի խորքում կարմիր նեոնալույսը աչքով է անում։ Երևի հիմա ինչքան շուն և պոռնիկ և թափառաշրջիկ ու ոստիկան կա հավաքվել են պանդոկում։ Գուցե անձրև էլ գա։ Վերադառնում եմ տուն և քնած կնոջս կողքին պառկում ու քնում եմ։
BUDWEISER
Դուրս որ նետվեցինք` մարդուն հենց նոր դրել էին շտապօգնության մեքենայի մեջ և կնոջը պանդոկի վերևի սենյակից իջեցնում էին, որ տանեն։ Քամին սուրում էր։ Վերադարձա բար։ Բաբը ասաց.
– Լցնե՞մ։
Հեռուստացույցը գովազդում էր, և Ֆրանկը դաշնամուր էր նվագում, և մի ահագին կոկորդիլոս տասներկու հատանոց BUDWEISER -ի տուփը մեջքին դրած դուրս էր գալիս պանդոկից։ Կինը վերադարձավ, եկավ նստեց քառոտանուն` ասաց.
– Մենա՞կ ես։
Ուզում էի ասել տխուր եմ, որովհետև, երբ նա մեկ ուրիշի հետ է լինում` ավելի միայնակ եմ։ Չեղավ։ Ասացի.
– Ի՞նչ կխմես։
Ձիթապտուղը դառն ու աղի էր, և հեռուստացույցը բեյսբոլ էր ցուցադրում։
– Սիգարեթ կպցրու,- ասաց։
Եվ մինչ վառում էի ծխախոտը նմանվեց Էմանուելլին, որին մարդը մի գիշեր տարավ բոքսի ռինգ և ասաց` ծնկի, որպեսզի էն թայլանդացի էր ինչ էր, ռինգի մեջտեղում բոլորի առաջ հետևից հեծնի նրան։
– Քեզ,- ասում եմ,- երեք հարյուր ձևով ուզում եմ, մեկը այս գիշերվա պես է։
– Դու,- ասաց,- ինձ միայն քո պատմվածքների համար ես ուզում։
Ո՞վ իմ ոտքը բացեց դեպի պատմվածք։ Պատմվածքը սկսվեց Շահրզադ կինոթատրոնի այն տեսարանից, երբ էդ մի հոգավորը, ով էր, կիսաբաց դռան արանքից լիզում էր Լոքրես Բուրժիայի մերկ թևը։
– Ինչ որ գաղտագողի արվի` մեղք է,- ասացի,- բացի` սիրուց։
– Մխտրեցիր,- ասաց։
Ֆրանկը վերջին ուժերն էր գործադրում, և բեյսբոլը ավարտվել էր և կոկորդիլոսը վերադառնում էր պանդոկ։
– Վերջինը լցնե՞մ,- ասաց Բաբը։
Որտեղ է պատմվածքի վերջը։
Իգուանան վերջին գիշեր վզի պարանը այնքան էն ձգում, որ կամ այն պատռի կամ խեղդվի։ Դուրսը անփոփոխ է։ Քամին դեռևս սուրում է, և վառ է վերևի սենյակի լույսը