Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ | Մեծն Գեթսբի

հատված վեպից

Գեթսբին մոտեցավ, կանգնեց Դեյզիի կողքին:
— Ամեն ինչ վերջացավ, Դեյզի՛,— վճռական ասաց նա:— Խոսել չարժե: Ասա՛ նրան ճշմարտությունը, որ երբեք չես սիրել, և ամեն ինչ տեղը կընկնի:
Դեյզին նայեց նրան անիմաստ հայացքով:
— Սիրե՞լ… ինչպես կարող էի սիրել նրան:
— Դու երբեք չե՛ս սիրել նրան:
Դեյզին հապաղում էր: Նա աղերսանքով նա­յեց ինձ ու Ջորդանին, ասես վերջապես հասկացավ անելիքը, ասես մինչև հիմա երբեք մտադիր չէր եղել որևէ բան անելու: Բայց արդեն ուշ էր, ինչ որ եղել էր՝ եղել էր:
— Ես երբեք նրան չեմ սիրել,— նկատելի դժկամու­թյամբ ասաց նա:
— Նույնիսկ Կապիոլանիո՞ւմ,— հանկարծ հարց­րեց Թոմը:
— Այո՛:
Ներքևի պարասրահից օդի տաք ալիքների հետ մեկ­ տեղ երգի խուլ, խեղդուկ հնչյուններ էին բարձրանում:
— Ոչ էլ ա՞յն օրը, երբ քեզ Փանչ Բոուլից ձեռքերիս վրա տանում էի, որ կոշիկներդ չթրջվեն:— Նրա ձայնի մեջ խռպոտ քնքշանք զգացվեց…— Դեյզի՞:
— Խնդրում եմ, մի՛…— Դեյզիի ձայնը սառն էր, բայց արդեն առանց թշնամանքի:— Նա նայեց Գեթսբիին:— Տեսա՞ր, Ջե՛յ,— նրա ձեռքը դողաց սիգարեթ վառելիս: Ապա անսպասելի շպրտեց սիգարեթն ու վառվող լուց­կին գորգի վրա:— Դու շատ բան ես ուզում,— գոռաց նա Գեթսբիի վրա:— Ես քեզ սիրում եմ, բավական չէ՞: Անցյալը չեմ կարող փոխել:— Եվ սկսեց անօգնական հեկեկալ:— Ես նրան մի ժամանակ սիրել եմ, բայց քեզ էլ եմ սիրել:

«Զանգակ» հրատարակչություն, 2014

Գեթսբին բացուխուփ արեց աչքերը:
— Ի՞նձ էլ ես սիրել,— կրկնեց նա:
— Նույնիսկ դա էլ է սուտ,— կատաղի ճչաց Թոմը:— Նա ձեր գոյության մասին անգամ չգիտեր: Իմ ու Դեյզիի միջև կան բաներ, որ դուք երբեք չեք իմանա, այնպիսի բաներ, որ մեզնից ոչ մեկը մոռանալ չի կարող:
Բառերը մարմնական ցավ պատճառեցին Գեթսբիին:
— Ես ուզում եմ Դեյզիի հետ մենակ խոսել,— պնդեց Գեթսբին: — Նա հիմա շատ հուզված է…
— Նույնիսկ մենակ չեմ կարող ասել, որ երբեք չեմ սիրել Թոմին,— հուսահատ ձայնով ընդունեց Դեյզին:— Ճիշտ չի լինի, եթե հակառակն ասեմ:
— Իհարկե, ճիշտ չի լինի,— միացավ Թոմը: Դեյզին դիմեց ամուսնուն:
— Իբր քեզ համար միևնույնը չէ՞:
— Իհարկե, միևնույնը չէ: Սրանից հետո ես ավելի շատ հոգ կտանեմ քո մասին:
— Դուք չհասկացաք,— տագնապեց Գեթսբին:— Դուք այլևս նրա մասին հոգ չեք տանելու:
— Ինչպե՞ս,— Թոմը լայն բացեց աչքերն ու ծիծաղեց: Նա այժմ տիրապետում էր իրեն:— Ի՞նչ է եղել, որ…
— Դեյզին բաժանվում է ձեզնից:
— Հիմարությո՛ւն:
— Այո՛, բաժանվում եմ,— նկատելի ճիգով ասաց Դեյզին:
— Նա չի բաժանվում ինձնից:— Թոմի խոսքերը հանկարծ ծանրորեն ընկան Գեթսբիի վրա:— Այն էլ մի խաբեբայի պատճառով, որը գողացած մատանի է անց­կացնելու կնոջ մատին:

— Ես այլևս չեմ կարող լսել այս բոլորը,— գոռաց Դեյզին:— Խնդրո՛ւմ եմ, հեռանանք այստեղից:
— Եվ ընդհանրապես ո՞վ եք դուք,— պոռթկաց Թոմը:— Որքան ինձ հայտնի է, դուք Մեյեր Վուլֆշայմի խմբից եք: Ես որոշ տեղեկություն եմ հավաքել ձեր գոր­ծերի մասին և դեռ կաշխատեմ ավելին իմանալ:
— Հավաքե՛ք ինչքան կուզեք, բարեկա՛մ,— վստահ ասաց Գեթսբին:
— Ես արդեն գիտեմ, թե ձեր «դեղատները» ինչ են ներկայացնում իրենցից:— Թոմը դարձավ մեզ ու արագ վրա տվեց,— նա և Վուլֆշայմը բազմաթիվ մանր–մունր դեղատներ են գնել Նյու Յորքում ու Չիկագոյում և օղի վաճառել: Սա նրա քաջագործություններից մեկն է: Ես նրան մաքսանենգի տեղ դրեցի հենց սկզբից և չէի սխալվել:
— Իսկ սրա՞ն ինչ կասեք,— քաղաքավարի ասաց Գեթսբին:— Ձեր ընկեր Վոլթեր Չեյսը չէ՞ր, որ մեզ հետ գործակցեց:
— Եվ դուք նրա գլխին փորձանք բերեցիք: Թողե­ցիք, որ մի ամիս մնա Նյու Ջերսիի բանտում: Տե՜ր Աստ­ված: Պետք է լսեիք, թե ինչ էր նա ասում ձեր մասին:
— Նա մեզ մոտ եկավ լրիվ սնանկացած և շատ ուրախ էր, որ մի քիչ փող վաստակեց, բարեկա՛մ:
— Ինձ մի՛ կոչեք «բարեկամ»,— ճչաց Թոմը: Գեթս­բին ոչինչ չասաց:— Վոլթերը ձեզ օրենքի ձեռքը կտար, բայց Վուլֆշայմը վախեցրեց նրան ու բերանը փակեց:
Կրկին Գեթսբիի դեմքին հայտնվեց այդ օտարոտի, բայց ծանոթ արտահայտությունը:
— Այդ դեղատների գործն այնքան էլ մեծ բան չէ,— հանգիստ շարունակեց Թոմը,— բայց հիմա դուք զբաղ­ված եք մի այնպիսի գործով, որի մասին Վոլթերը վա­խեցավ ասել:

Ես նայեցի Դեյզիին, որը սարսափահար նայում էր մերթ Գեթսբիին, մերթ ամուսնուն, մերթ Ջորդանին, վերջինս դարձյալ սկսել էր մի անտեսանելի առարկա հավասարակշռել ծնոտի ծայրին: Ապա նայեցի Գեթս­բիին և ցնցվեցի նրա տեսքից: Կարելի էր մտածել (ասում եմ ես բացարձակ արհամարհանքով նրա պար­տեզում լսած չարամիտ հերյուրանքների նկատմամբ), որ նա «մարդ էր սպանել»: Մի պահ նրա դեմքը, որքան էլ անհեթեթ հնչի իմ ասածը, մարդասպանի դեմք էր:
Սակայն այդ կարճատև պահն անցավ, և Գեթսբին սկսեց հուզված խոսել Դեյզիի հետ՝ ժխտելով ամեն ինչ, պաշտպանելով իրեն այն մեղադրանքներից, որ նույ­նիսկ չէին ասվել: Բայց նրա ամեն մի խոսքից Դեյզին ավելի ու ավելի խորն էր ամփոփվում ինքն իր մեջ, այն­պես որ Գեթսբին լռեց. միայն փշրված երազն էր շարու­նակում ժամանակ շահել՝ փորձելով շոշափելի դարձնել այն, ինչ այլևս իրական չէր՝ ապարդյուն, հուսահատ որ­սալով սենյակի մյուս ծայրին հնչող ողբալի ձայնը:
Ձայնը կրկին ու կրկին աղերսում էր տուն գնալ:
— Խնդրո՜ւմ եմ, Թո՛մ: Էլ չեմ կարող:
Նրա վախեցած աչքերն ասում էին, որ իր նախկին մտադրության ու վճռականության հետքն անգամ չէր մնացել:
— Դո՛ւ, Դեյզի՛, գնա՛ նրա հետ,— ասաց Թոմը:— Պարոն Գեթսբիի մեքենայով:
Դեյզին տագնապահար նայեց Թոմին, բայց վեր­ջինս պնդեց վեհանձն արհամարհանքով:
— Գնա՛, գնա՛: Նա քեզ չի անհանգստացնի: Երևի արդեն հասկացավ, որ իր հավակնոտ փոքրիկ սիրա­վեպն ավարտված է:
Եվ նրանք երկուսով գնացին անմռունչ, չքացան ուր­վականների պես՝ մենավոր ու մեկուսացած, դուրս ամեն ինչից, նույնիսկ մեր խղճահարությունից:

Թարգմանությունը անգլերենից՝ Սոնա Սեֆերյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *