Սմբատ Հովհաննիսյան | Յո՞ երթաս․ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԻՆԻԶՄ․ հիասթափությունից մինչև ոչնչացում

«Եւ ասէ Տէր Աստուած ցԿային. Ո՞ւր է Հաբէլ եղբայր քո։ Եւ նա ասէ. Չգիտե՛մ. միթէ պահապա՞ն իցեմ եղբօրն իմոյ»:

ԾՆՈՒՆԴՔ Դ։9

Պատասխանատվությունից խուսափելու անհատական և հավաքական արդարացումները շատ են։ Այսօր մարդու խելքն ու երևակայությունը հազվադեպ են օգտագործվում տեսախաղերից և սոցիալական ցանցերից դուրս։ Իսկ «արդյունքների» պաշտամունքը, որի գերագույն չափանիշ է դարձել  շահույթ ստանալու կանոնը, նաև խթանում է համատարած ցինիզմը:

Ցինիզմն այսօր մեզ ներկայանում է իբրև ինքնօրինակ քամելեոն, որը հարմարվում է տարբեր միջավայրերին և հանգամանքներին։ Դրսևորումները ևս բազմաշերտ են՝ արտացոլելով այն բազմազան համատեքստերը, որոնցում այն ​​արմատավորվում և ծաղկում է: Դրանցից մենք կառանձնացնենք հատկապես ցինիզմի երկու տարատեսակ, որոնցից մեկը բխում է «վթարված գիտակցությունից», իսկ մյուսը՝ «չարացածությունից» (Նիցշեի ասած ressentiment՝ ոխակալություն, քինախնդրություն, հիշաչարություն):

Առաջին տեսակը՝ «վթարված գիտակցությունից» բխող ցինիզմը, հաճախ ճգնաժամի կամ ընկալման անսպասելի տեղաշարժի հետևանք է, երբ զգալի անջրպետ է առաջանում ավանդական արժեքների և հասարակական նորմերի միջև: Բայց նման առերեսում-ցնցումը ոչ թե հանգեցնում է համոզմունքների, արժեքների և վարքագծի վերագնահատման, այլ անպատասխանատվության՝ ապագա հարաբերություններում: Այս մոտեցումը հանգեցնում է խորը թերահավատության ջատագովման և նախկինում ունեցած համոզմունքների ուղղակի մերժման՝ առանց նորի առաջադրման կամ վերափոխման հնարավորության: Այստեղ ցինիկը, պահպանելով բարոյական չափանիշների հստակ ըմբռնումը, գիտակցաբար ընտրում է դրանց մերժումը՝ սեփական անպատասխանատվությունն արդարացնելու նպատակով:

Երկրորդ տեսակը՝ «չարացածությունից» (ressentiment) բխող ցինիզմը, առաջնորդվում է խորապես արմատացած նախանձով, ոխով և քինախնդրությամբ: Այս ցինիզմը ոչ միայն հասարակական արժեքների մերժումն է, այլև ակտիվ արհամարհանքը դրանց նկատմամբ: Այն առաջանում է անզորության և հիասթափության զգացումից, որտեղ ցինիկը ձգտում է խարխլել և արժեզրկել այն, ինչին ինքը չի կարող հասնել կամ ինչը չի կարող վերահսկել: Նիցշեն դա տեսնում էր որպես կործանարար ուժ, որը քայքայում է ոգին և հավերժացնում է բացասականության և ատելության փուլը:

Ըստ այդմ, օգտվելով մարդկության պատմության մշակութային պահուստներից, կարելի է առանձնացնել ցինիզմի այդ երկու տարատեսակներին համապատասխան երկու նշանավոր պատում՝ Աստվածաշնչյան Կայենի պատումը և Դոստոևսկու Մեծ Հավատաքննիչի պատումը։ Ցինիզմի երկու տարատեսակ, որոնք բխում են թե՛ «վթարված գիտակցությունից» և թե՛ «չարացածությունից»։

Կայենի՝ իր եղբորը՝ Աբելին սպանելու պատմությունը, որը հայտնի է Աստվածաշնչի Ծննդոց գրքից (4:1-16), ելակետային նշանակություն ունի՝ մարդկային էության, բարոյականության և գոյության ավելի մութ կողմերի խորը ուսումնասիրելու դիտանկյունից: Այս պատմությունը ուշագրավ մեկնաբանությունների տեղիք է տալիս մարդկային հույզերի բարդության, էթիկական երկընտրանքների, ազատության, ընտրության, օտարման և պատասխանատվության վերաբերյալ: Սպանությունից հետո Աստծո հետ Կայենի երկխոսության մեջ մենք բախվում ենք վթարված գիտակցությունից բխած ցինիզմի, որը միաժամանակ գիտակցում է իր արարքի անխուսափելի հետևանքներն ու բարոյական պատասխանատվության բեռը, բայց փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Այսպես՝ Կայենի պատասխանը՝ «Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ» (ԾՆՆԴՈՑ Դ։9), վկայում է «հիասթափությունից վթարված գիտակցությամբ ցինիզմի» մասին․ Կայենի հարցը չի ծնվում անտեղյակությունից, այլ պատասխանատվությունը գիտակցաբար մերժելուց: Ըստ էության՝ բացարձակ ցինիզմ՝ բարոյական չափանիշների հստակ գիտակցում՝ զուգորդված դրանք մերժելու գիտակցված որոշմամբ։ Սա նաև ցինիկ թերահավատության դրսևորում է աստվածային իշխանության և բարոյական բացարձակությունների (moral absolutes) նկատմամբ՝ կասկածի տակ դնելով Աստծո դատաստանը և նրա պատժի արդարությունը։ Ընդ որում՝ դրա կողքին առկա է նաև Կայենի հուսահատության և համակերպման զգացումը, որն ընկած է նրա ողբի հիմքում. «Գործած մեղքս մեծ է թողության արժանի լինելու համար» (ԾՆՆԴՈՑ Դ։13)։ Աբելին սպանելու Կայենի որոշումը և դրանից հետո պատասխանատվությունը ժխտելու նրա փորձը բացահայտում է խորապես արմատավորված հավատը իր մեղքի հրեշավորության և փրկագնման անհնարինության նկատմամբ, ինչը ցույց է տալիս նրա ներքին պայքարը ընտրության ազատության և իր գործողությունների հետևանքներին դիմակայելու անխուսափելիության դեմ:

Ցինիզմի մեկ այլ դրսևորում է Դոստոևսկու Մեծ հավատաքննիչի ցինիզմը «Կարամազով եղբայրներ» վեպում։ Այստեղ Մեծ հավատաքննիչը մարմնավորում է մարդկային էության հանդեպ խորը հիասթափությունը և մարդկության ազատությանն ու բարոյականության կարողությանն ուղղված ցինիկ հայացքը: Մեծ հավատաքննիչի հայեցակարգը հիմնված է այն համոզմունքի վրա, որ մարդիկ ի սկզբանե թույլ են և անպատրաստ՝ կրելու իսկական ազատության բեռը: Նա պնդում է, որ մարդիկ գերադասում են անվտանգությունն ու հարմարավետությունը, քան ազատ կամքի և բարոյական պատասխանատվության բարդ պահանջները: Հոռետեսական այս ցինիկ մեկնաբանությամբ նա փորձում է արդարացնել իր ավտորիտար վերահսկողությունը՝ հավատալով, որ կարգուկանոն ապահովելով և հիմնական կարիքները բավարարելով՝ նա անում է այն, ինչ լավագույնն է մարդկության համար, անգամ եթե դա նշանակում է ճնշել նրանց ազատությունը:

Մեծ հավատաքննիչը, ըստ էության, ժամանակակից քաղաքական ցինիկի նախատիպն է։ Մարդկային բնության հանդեպ նրա ժխտողական և հոռետեսական հայացքը հուշում է, որ մարդիկ ուզում են և պետք է խաբվեն: Մարդկանց կարգ ու կանոն է պետք, կարգուկանոնն իշխանություն է պահանջում, իսկ իշխանությունը՝ սուտ: Նրանք, ովքեր ձգտում են իշխանության, պետք է գիտակցաբար օգտագործեն կրոնը, իդեալները, խաբեությունն ու գայթակղությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բռնությունը: Նրա համար ամեն ինչ, այդ թվում՝ նպատակները, դառնում են միջոց. մեծ քաղաքականությամբ զբաղվող ժամանակակից քաղաքական գործիչը լիակատար «գործիք» է և արժեքների ձեռնածող  (մանիպուլյատոր)։

Այսու՝ Մեծ հավատաքննիչը, կարգուկանոն պարտադրելով և ճնշելով ազատությունը, ըստ էության զրկում է անհատներին սեփական ընտրություն կատարելու և իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրելու հնարավորությունից: Վերահսկողություն գործադրելով և ուրիշներին պարտադրելով իր կամքը՝ նա ձգտում է խուսափել անորոշությունից և պատասխանատվությունից, որոնք ուղեկցում են իսկական ազատությանը: Եթե Կայենի դեպքում դրսևորվում է սեփական ընտրության հնարավորությունից հրաժարումը, ապա Մեծ հավատաքննիչի դեպքում՝ սեփական ընտրության հնարավորությունից հրաժարումի պարտադրանքը։

Մերօրյա հասարակության մեջ, որտեղ զգացմունքները գերակայում են մտքին, ձևավորվել է ցինիզմի մի նոր տարատեսակ, որը թե՛ մերժում-ոչնչացնում է ընտրության հնարավորությունը, թե՛ պարտադրում նման ընտրությունից հրաժարվելը։ Բայց և ցինիզմին բնորոշ է սկանդալին հավակնել այնտեղ, որտեղ այն չկա, և համարձակվել դրան՝ դրա բացակայության դեպքում (Դըլյոզ, Գվատարի)։ Սկանդալներ, որոնք միտված են հասարակության մեջ հիասթափության և անվստահության զգացումները հավերժացնելուն: «Արդյունքների» համատարած պաշտամունքը, որտեղ շահույթը համարվում է հաջողության հիմնական չափանիշը, ավելի է սրում այս ցինիզմը՝ ամրապնդելով նեղ և նյութապաշտ աշխարհայացքը, որը գերադասում է անմիջական շահույթը էթիկական նկատառումների և իրական մարդկային կապերի համեմատ:

Եթե անտիկ ժամանակներում ցինիկին (ավելի ճիշտ՝ կինիկին) ճանաչում էին իբրև էքսցենտրիկ միայնակ ու ճարպիկ բարոյական սադրիչ, ապա «ժամանակակից ցինիկը սոցիալապես ինտեգրված հակասոցիալական տեսակ է» (Սլոթերդայք), որն ունակ է մրցակցել ցանկացած ասպարեզում․․․ Ժամանակակից ցինիզմը վաղուց գրավել է առանցքային տեղ հասարակության մեջ՝ դպրոցներում, համալսարաններում, գրողների, ուսուցիչների, դասախոսների և պրակտիկ աշխատողների շրջանում, գրասենյակներում և խմբագրություններում, խորհրդարաններում, ձեռնարկությունների տնօրինություններում, քաղաքականության մեջ․․․ Ուր ասես ներկա են ցինիկը և ցինիզմը․․․

Ցինիզմը, ըստ էության, վկայում է մշակութային-քաղաքակարթական ճգնաժամի մասին, վերջինս էլ՝ ավանդույթի ճգնաժամի, այդպիսով՝ անցյալի (անգամ ներկայի ու ապագայի) հետ մեր հարաբերությունների ճգնաժամի մասին: Եվ պատահական չէ, որ մշակութային հիվանդության գլխավոր ցուցիչներից մեկը համարվում է ՑԻՆԻԶՄԸ, երբ քաղաքականությունը ցինիզմ է, գրականությունը ցինիզմ է, և գիտությունն է ցինիզմ։ Եվ այդ ամենը ցինիզմ են առանց մշակույթի: Բայց և պարադոքսն այն է, որ ցինիզմն ինքնին մի նոր մշակույթ է՝ ցինիզմի մշակույթ․․․ Համատարած։ Մշակույթը կարծես չորանում և անկում է ապրում, ինչն էլ ավելի է նպաստում հոռետեսությանը: Մշակույթը մի տեսակ դեղնում է, քանի որ բազմապատկվող հոռետեսները կենտրոնանում են այն բանի անկման վրա, ինչը նրանք արդեն «գնահատում» են, և անտեսում են այն, ինչ դեռևս պետք է լինի: Բանն այն է, որ չափազանց հեշտ է ընկալել իմացածի կորուստը և ավելի դժվար՝ նոր զարգացումներն ու հեռանկարները:

Բայց և անգամ եթե երկարաժամկետ միտումները դրական են, մշակույթը, միևնույն է, գնում է դեպի անկում: Եվ կրկին առաջին պլան է գալիս «մռայլ» հեռանկարը, մանավանդ երբ դիտորդները հաճախ դատում են ներկա մշակույթն անցյալի մշակույթի լավագույնի համեմատ։ Արդյունքում ներկան (ամբողջական) մնում է առանց հակադրության, չունի հակադրություն: Անցյալի լավագույնը ներկայի ամբողջության հետ համեմատելը, ըստ էության, արդարացի չէ և հաճախ հանգեցնում է ժամանակակից հասարակության ավելի ցինիկացման: Այդպես ավելի շատ ընդգծված են մարդկանց սոցիալական պատկերները, քան նրանց սոցիալական կամ անձնային պարտականություններն ու հանձնառությունները։ Ոչ ոք չի խոսում իրական խնդիրների մասին․ ցինիզմը մշտապես խուսանավում է ցանկացած խնդրից, քանի որ դրա սևեռուն գաղափարը ծայրահեղություններին կամ, այսպես կոչված, «ժխտողականության ոգուն» հավատարիմ լինելն է։ Եվ, որ զարմանալի չէ, չարամտությունը ժամանակակից ցինիկին չի թվում վատ արարք կամ անբարոյական քմահաճույք, ինչի համար ինքը պետք է անձամբ պատասխան տա։ Այդու՝ նա անխոցելի է զգում ցանկացած քննադատության նկատմամբ․․․

Պակաս վտանգավոր չէ և այն, որ ժամանակակից ցինիկը դուրս է գալիս բանականության և գիտելիքի դեմ զուտ հակադրվելու մղումից: Նա ակտիվորեն գործնական եզրակացություններ է անում իր թերահավատությունից և չարացածությունից (ressentiment): Եզրակացություններ, որոնք հատկապես նենգ են իրականացման մեջ և իբրև հետևանքներ։ Ստեղծվում է ինքնիրագործվող մի մարգարեություն, որտեղ սոցիալական արժեքների ակնկալվող քայքայումը խաթարում է դրական փոփոխությունների ներուժը․․․

Նման ցինիկ մտածողությունը լայնորեն տարածված է ժամանակակից հասարակության մեջ, որտեղ մարդիկ հաճախ գործում են էթիկական հետևանքների լիարժեք գիտակցությամբ, բայց գործում են այնպես, որ խաթարեն հավաքական արժեքներն ու պատասխանատվությունը: Ցինիզմն աստիճանաբար «հաղորդակցական հիշողությունից» տարածվում է «մշակութային հիշողության» մեջ։ Այն այլևս չի սահմանափակվում սոսկ անձնական վերաբերմունքով, այլ խորապես տարածվում է հասարակական կառույցների և ինստիտուտների վրա:

Մերօրյա հայաստանյան հասարակությունը, փորձելով ապրել աղետներից խուսափելով, իր ներկայիս պատմությամբ կարծես կորցրել է գործողությունների դրական ծրագիր (ծրագրեր) մշակելու շարժառիթը, ձգտումը, կամ անգամ նպատակը։ Հետևանքները, հարկավ, լայն են և խորապես ներթափանցել են առօրյա կյանք: Մանկապարտեզները, դպրոցները, համալսարանները, գիտական կամ քաղաքական հաստատությունները, Զլմ-ները՝ մեր հասարակության լայն հաղորդակցման հիմնական ձևերը, հագեցած են ստերով և ձեռնածություններով: Խաբեության և մակերեսայնության այս արմատավորումն ընդգծում է ցինիզմի համատարած ներկայությունն ամենուր՝ ուրվագծելով մի հասարակություն, որը պայքարում է իր հիմքը գտնելու հիասթափության և էթիկական էրոզիայի ծովի մեջ․․․ Այս համատարած ցինիզմը ոչ միայն խոչընդոտում է սոցիալական համախմբվածությանը, այլև քայքայում է վստահությունը՝ ստեղծելով դժվար միջավայր իրական ընթացքների, այլացումների և հաստատումների համար:

Տարօրինակ, բայց արդեն իսկ տարածված պրակտիկա է այն, որ ուսուցիչներից ու գիտնականներից սկսած, քաղաքական գործիչներով և առաջնորդներով վերջացրած՝ բոլորն օգտագործում են հռետորաբանություն, որին ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց լսողները (կարդացողները, ընտրողները․․․) չեն հավատում, բայց որը թե՛ արտաբերողները և թե՛ լսողները (կարդացողները, ընտրողները․․․), այնուամենայնիվ, օգտագործում են ոչ թե իրենց գործողություններն արդարացնելու համար, այլ ուրիշներին մեղադրելու: Հատկապես մեղադրելու․․․

Քննարկման գրեթե բացակայությունն ընդգծում է ցինիզմի համատարածությունը հայ հասարակության քաղաքական և մշակութային շրջանակներում, որի անվերահսկելի տարածումը կարող է քայքայիչ հետևանքներ ունենալ, հանգեցնել համատարած բացասականության, որը կխաթարի սոցիալական համախմբվածությունը, կխոչընդոտի կառուցողական երկխոսությանը և ընդհանուր բարիքի ձգտմանը: Հույժ կարևոր է գտնել մի հավասարակշռություն, որտեղ ցինիզմը ծառայում է դյուրահավատությունն ու ինքնահավանությունը զսպելուն, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա ստվերել վստահության, հույսի և էթիկական պատասխանատվության սկզբունքները, որոնք անհրաժեշտ են բարեկեցիկ հասարակության համար: Այս հավասարակշռության պահպանումը պահանջում է զարգացնել կրթությունը, որը խրախուսում է քննադատական և միևնույն ժամանակ կառուցողական մտածողությունը, և ձևավորել մշակույթ, որտեղ գնահատվում են փոխադարձ հարգանքն ու տարբերությունները:

Վերադառնալով Կայենի և Մեծ Հավատաքննիչի պատումներին՝ կարող ենք ասել, որ դրանք պարզաբանում են թերահավատության և հավատքի, հուսահատության և հույսի միջև մշտական պայքարը՝ վեր հանելով մարդկային հույզերի և էթիկական հրամայականների բարդ փոխազդեցությունը: Այդ պատումները սոսկ նախազգուշական պատումներ չեն, այլ մարդկային վիճակի խորը այլաբանություն, որը մեզ հրավիրում է դիմակայելու մեր գոյությունը ձևավորող երկընտրանքները: Այն մեզ հիշեցնում է մարդկային ոգու փխրուն, բայց տոկուն էությունը, որն ընդմիշտ կանգնած է ցինիզմի անդունդի և ներունակ հնարավորության միջև: Եվ ուստի հարց է առաջանում․ կարո՞ղ է արդյոք ցինիզմը համարվել հասարակության առողջացման ձգտում․․․ Այո՛, եթե այն բացահայտումն է հասարակության իդեալների և նրա գործելակերպի միջև առկա բացերը: Այո, եթե այն բխում է պատասխանատվությունից և հանձնառությունից։ Միայն ու միայն այդ դեպքում։ Մնացած բոլոր դեպքերում ցինիզմը հարաժարումն է պատասխանատվություններից ու հանձնառություններից, ժխտումն է էթիկական հրամայականների, որոնք մեզ կապում են միմյանց և արդար ու իմաստալից գոյության ցանկությանը:

Այսպիսով՝ Կայենի և Մեծ Հավատաքննիչի պատմությունները, ի վերջո, ընդգծում են ցինիզմի երկակի ներուժը՝ կա՛մ լուսավորել և վերափոխել, կա՛մ մթագնել և ոչնչացնել: Ճանաչելով այս երկակիությունը՝ մեզ մնում է զգուշորեն վարվել մեր թերահավատության հետ՝ ապահովելով, որ մեր քննադատական հեռանկարները հիմնված լինեն էթիկականության և հավաքական պատասխանատվության հանձնառության վրա:

Եվ այդուամենայնիվ, ցինիզմի չափազանց ներկայությունը ոչ միայն պարզապես անլրջացնում է ասելիքը, հավատալիքը, կենցաղը, իրականությունը և, ընդհանրապես, ամեն ինչ, այլև քայքայում է դրանք, տանում է առ Ոչինչը, ոչնչացում․․․ Այդպես մեռնում են քաղաքակրթությունը, մշակույթը, տնտեսությունը կամ պետությունը, անգամ ազգությունը։ Այդպես կորցնում են ամեն ինչ։ Մանավանդ երբ ցինիզմը հաստատութացվում է քաղաքական, տնտեսական, մշակութային կամ գիտական նորմերով և ավանդույթներով։ Ի վերջո հասարակության առողջության ցուցիչը ոչ միայն հարցականի տակ դնելու և քննադատելու, այլև ավելի բարձր էթիկական չափանիշները և համայնքային համերաշխությունը պաշտպանելու և դրանց ձգտելու ունակության մեջ է։

25 օգոստոսի, 2022 թ․ – 9 հունիսի, 2024 թ․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *