Նորից շարունակում եմ մեռնել: Երակներս տեղի են տալիս` Բացվելով
Քնած երեխայի փոքրիկ բռունցքի պես: Հին շիրիմների հուշը,
Նեխող մարմինն ու որդերը Ինձ չեն համոզում
Այս բարդ խնդրի դեմ: Տարիները,
Սառը պարտությունը խորապես ապրում են Կնճիռներիս մեջ:
Բթացնում են դեմքս, բայց ես Շարունակում եմ մեռնել, Որովհետև սիրում եմ ապրել:
ՏՂԱՄԱՐԴԻԿ
Երբ ջահել էի, հաճախ
Դիտում էի վարագույրի հետևից
Ինչպես են տղամարդիկ քայլում փողոցում: Գինովցած տղամարդիկ, ծերունիներ: Մանանեխի պես կծու ջահելներ:
Գիտեմ: Տղամարդիկ միշտ Ինչ-որ տեղ են գնում:
Գիտեին, որ ես այնտեղ եմ: Տասնհինգ Տարեկան ու նրանցով քաղցած: Պատուհանիս տակ կանգ կառնեին մի պահ. Ուսերը` բարձր, ոնց որ
Դեռահաս աղջկա կրծքեր: Բաճկոններն ասես ապտակում էին Նրանց հետույքները:
Տղամարդիկ:
Մի օր պահում են քեզ
Ձեռքի ափի վրա, քնքուշ, կարծես թե դու Աշխարհի վերջին հում ձուն ես: Հետո
Մի քիչ սեղմում են: Մի քիչ: Սքանչելի է Առաջին պինդ սեղմումը: Գրկախառնություն:
Փափուկ մտնում են քո անպաշտպանության մեջ: Մի քիչ էլ: Սկսվում է ցավը: Բռնազբոս ժպիտով Գուրգուրում ես վախդ: Երբ օդը
Չքվում է,
Միտքդ է ցցվում ու պայթում` կատաղի, հատու, Խոհանոցի լուցկու պես: Ցանուցրիվ:
Քո՛ հյութն է ծորում
Նրանց ոտքերն ի վար: Աղտոտում նրանց կոշիկները: Երբ երկրագունդն ինքն իրեն ուշքի է բերում,
Եվ համը փորձում է վերադառնալ լեզվին, Մարմինդ շրխկալով փակվում է: Հավիտյանս: Բանալի գոյություն չունի:
Հետո լուսամուտն իր վարագույրով ծածկում է Միտքդ: Այնտեղ, վարագույրի
Սոսափյունից անդին, տղամարդիկ են քայլում: Գիտեն ինչ-որ բան:
Գնում են ինչ-որ տեղ:
Բայց այս անգամ ես պարզապես Կկանգնեմ ու կդիտեմ:
Միգուցե:
Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի