Խուլիո Կորտասար | Ընկերները

Այդ խաղում ամեն բան արագ պետք է կատարվեր։ Երբ Համար մեկը որոշեց, որ պետք էր վերացնել Ռոմերոյին, և որ Համար երեքը պետք է զբաղվեր այդ գործով, մի քանի րոպե անց ինֆորմացիան հասավ Բելտրանին։ Հանգիստ, բայց առանց ժամանակ կորցնելու նա դուրս եկավ Կոռիենտես ի Լիբերտադ սրճարանից և տաքսի գցեց իրեն։ Տանը, մինչ վերջին լուրերը լսելով լոգանք էր ընդունում, հիշեց, որ վերջին անգամ Ռոմերոյին տեսել էր Սան Իսիդրոյում, մի օր, երբ գործերը հաջող չէին գնում։ Այդ ժամանակ Ռոմերոն նույն Ռոմերոն էր, ինքն էլ՝ նույն Բելտրանը։ Լավ ընկերներ էին մինչև այն ժամանակ, երբ կյանքը տարբեր ուղիներ գծեց իրենց համար։ Նա անտրամադիր ժպտաց, մտածելով, թե ինչ դեմք կունենար Ռոմերոն, երբ նորից հանդիպեին, բայց կարևորը Ռոմերոյի դեմքը չէր, ընդհակառակը, ինքն առանց շտապելու պետք է մտածեր սրճարանի և ավտոմեքենայի խնդրի շուրջ։ Հետաքրքիրն այն էր, որ Համար մեկի մտքով անցել էր Ռոմերոյին սպանել տալ Կոչաբամբա ի Պիեդրաս սրճարանում և հենց այդ ժամին։ Թերևս, եթե հավատալու լիներ որոշ լուրերի, Համար մեկն արդեն մի քիչ ծեր էր։ Ամեն դեպքում, հրամանի ոչ հնարամիտ լինելն իրեն որոշ առավ ելություն էր ընձեռում. կարող էր հանել մեքենան ավտոտնակից, շարժիչը գործի գցած կանգնեցնել Կոչաբամբայի մոտակայքում և սպասել, թե երբ է Ռոմերոն սովորականի պես երեկոյան ժամը յոթի մոտակայքում գալու ընկերների հետ հանդիպելու։ Եթե ամեն ինչ լավ ստացվեր, թույլ չէր տա, որ Ռոմերոն սրճարան մտներ և միաժամանակ ներսում եղածն երբ տեսնեին կամ կասկածեին իր միջամտությանը։ Բախտի ու հաշվարկի բան էր. մի հասարակ ժեստ (որ Ռոմերոն չէր կարող չտեսնել, որովհետև ճարպիկ էր հովազի պես) և կարողանալ երթևեկության մեջ մտնել ու սրընթաց ետ դառն ալ։ Եթե երկուսն էլ ամեն բան այնպես անեին, ինչպես հարկն էր (Բելտրանն այնքան վստահ էր Ռոմերոյի վրա, որք ան ինքն՝ իր), ամեն ինչ կկարգավորվեր մի րոպեում։ Նորից ժպտաց, մտածելով, թե ինչ դեմք կունենար Համար մեկը, երբ մի քանի րոպեից որևէ հեռախոսից զանգահարեր նրան և տեղեկացներ կատարվածի մասին։ Դանդաղ հագնվելով՝ վերջացրեց սիգարետի տուփը և մի պահ հայելու մեջ նայեց ինքն իրեն։ Այնուհետև դարակից նոր տուփ հանեց և լույսերը հանգցնելուց առաջ ստուգեց ու համոզվեց, որ ամեն բան կարգին էր։ Ավտոկայանատեղի գալիցիացի տերերը նրա ֆորդն աչքի լույսի պես էին պահում։ Դանդաղ իջավ Կաչաբուկո փողոցով, երկու պտույտ արեց թաղամասում, սպասելով, որ մթերք մատակարարող մի բեռնատար կայանելու տեղ ազատեր, և յոթից տաս պակաս կանգ առավ սրճարանի մուտքից մի քանի մետր հեռավորության վրա։ Այնտեղ, որտեղ կանգնել էր, հնարավոր չէր, որ սրճարանում գտնվողները տեսնեին իրեն։ Ժամանակ առ ժամանակ թեթևակի սեղմում էր գազի ոտնակը, որպեսզի շարժիչը չանջատվեր։ Ծխել չէր ուզում, սակայն բերանի մեջ չորություն էր զգում, և դա կատաղեցնում էր նրան։ Յոթից հինգ պակաս տեսավ դիմացի մայթով եկող Ռոմերոյին։ Մոխրագույն լայնեզր գլխարկից ու եզրերն իրար վրա բերած վերարկուից անմիջապես ճանաչեց նրան։ Սրճարանի ցուցափեղկին մի հայացք գցելով՝ հաշվարկեց, թե որքան ժամանակ կծախսեր փողոցն անցնելու և այնտեղ հասնելու համար։ Սակայն Ռոմերոյին ոչինչ չէր կարող պատահել այդ հեռավորության վրա, ավելի լավ էր թույլ տալ, որ նա անցնի փողոցը և մայթին բարձրանա։ Հենց այդ պահին Բելտրանը գործի դրեց մեքենան և թևը հանեց պատուհանից։ Ինչպես և կանխատեսել էր, Ռոմերոն տեսավ նրան և անակնկալի եկած՝ կանգ առավ։ Առաջին գնդակը դիպավ աչքամիջին, այնուհետև Բելտրանը կրակեց ցած տապալվող կույտին։ Ֆորդը դուրս եկավ անկյունագծով՝ առաջ անցնելով մի տրամվայից և թեքվեց դեպի Տակուարի փողոցը։ Մեքենան անշտապ վարելով՝ Համար երեքը մտածեց, որ Ռոմերոյի վերջին տեսած բանը եղել է այն նույն Բելտրանը, որ ժամանակին ձիավարժարանի իր ընկերն էր։

Թարգմանությունը իսպաներենից՝ Կառա Չոբանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *