Տաթև Թամրազյան | ԿանգԱռ

Ինչո՞ւ ենք մխիթարում որդուն, որ անհայր մնաց, կնոջը, որ այրիացավ կամ թոռանը, որ էլ պապ չունի: Մինչդեռ մեռնողը միաժամանակ առանց կին, որդի ու անթոռ մնաց: Մեռնողն անաշխարհ մնաց: Իրեն է պետք մխիթարել, հենց իրեն` հանգստացնել:

Թեև մեքենան բաց գույն ուներ, բայց հոգնած փոշին, մեղքի ծանրութունը, հոգնության դառը լուծը հերիք չի՝ սևացրել են մեքենան, ապակիներն էլ հետը:

Սահակ պապը մտքերից, թե շոգից քրտնել է: Չնայած արև է, բայց պապերին հատուկ սև, հաստ, կոստյումանման վերարկուն ուխտել էր չհանել: Գլխարկն էլ` գլխին:
Մեքենան կանգնել է. խցանում է: Մտքերից, թե շոգից քրտինքը կաթում է: Մեքենան կանգնել է ծանր, պատվավոր: Ծանր էր, ոչ այն պատճառով, որ կեղտոտ էր կամ հին: Ծանր էր, որովհետև Սահակ պապը ամուր պարանով խնձորի մի այնպիսի արկղ էր կապել մեքենայի գլխին, որ եթե արկղը լեզու ունենար, քաղաքավարությունից պարանը կպատռեր ու, մեքենայից ներողություն հայցելով իր ծանրության համար, կիջներ ու գետինը կմտներ:

Թե Սահա՛կ պապ, դու կարո՞ղ ես էդ արկղը շալակել, մինչև քաղաք հասցնել, որ քեզնից տարիքով ավտոդ հասցնի:
Ասենք, կարելի է ըմբռնել արկղի ծանրությունն էլ, ավտոյինն էլ: Բա խնձորների՞նը: Էդքան քաղցրությամբ քաղել ու լցնել արկղը ու արածի սրբությունը չխոստովանել հնարավո՞ր է:
Չխոստովանելն էլ անուշադրությունից չէ: Կարևորի մասին ո՞վ է խոսում, ո՞վ է բարձրաձայնում: Բարձր մտածելն էլ հաշիվ չէ:
…Մեռնողն անաշխարհ մնաց:

Ա՜յ թե շուկա այցելողները խնձորները չհավանեն: Էդ ժամանակ Սահակ պապի աչքին ո՛չ խնձորի քաղցրությունը, ո՛չ քաղելու սրբությունը չեն երևա: Սահակ պապն էլ թոռներ ունի, իսկ դպրոց ու դաշնամուրի գնալու համար խնձորները քիչ չեն, բայց շատ էլ չեն:

Աստղը իր թաշկինակը զոհեց մի խնձոր, երկու խնձոր, չորս…տասը…քսան… խնձոր սրբելու համար:

-Աստղ ջա՛ն, ճամփին փոշոտվելու են. մի՛ արա, բալaե՛ս:
-Ոչինչ, պա՛պ, սենց մի քիչ քիչ կփոշոտվեն:
… Մեռնողն անաշխարհ մնաց:
Սահակ պապն էս անգամ էլ մնացած անգամներից չտարբերվող ինքնամոռաց հավատով հարցրեց՝ ինչ բերեմ քաղաքից:
Աստղն էլ ամեն անգամից չտարբերվող այտերի անո՜ւշ կարմրությամբ լռեց՝ արդեն մտովի տիկնիկներով խաղալուց հետո մեծավարի զգեստներ պատկերացնելով:

Պապի պատուհանը, թեև մաքուր չէր, բայց լուսացույցի սպասեցնելը ստիպեց աջ ու ձախ նայել:

Գորգավաճառը բոլորից շուտ էր հավաքում իր գորգերը. մեկ-մեկ քաշում էր ձողից, ու գորգը անփույթ ընկնում էր գետնին, ու փոշին բարձրանում էր: Գորգերը անփույթ էին ընկնում ոչ նրա համար, որ իրենց գցում էին կամ ավելի ճիշտ շպրտում: Ընկնում էին, որովհետև հոգնել էին արևից մաշվելուց, անձրևից քամվելուց, հոգնել էին հերթական գորգ լինելուց:

Մի կանգառի համար Սահակ պապին սա էլ էր բավական՝ իր խնձորների հետ ճամփան շարունակելու:

Աստղը սպասում էր, շուկան՝ մի քանի կանգառից:
Պապի, ավտոյի, խնձորներով արկղի ու կոստյումանման վերարկուի(չհանելու երդումով` անկախ ջերմաստիճանի ցուցաբերած վարքուբարքից) անձնակազմում բոլորից նորեկը պապն է: Ավտոն իր կյանքի առաքելությունը դեռ Սահակ պապի հոր ժամանակներից է գիտակցել: Խնձորները արևից իրենց հանձնարարությունը ստացել, քաղցրացել, ոմանք` թթվաշացել, կանաչել, դեղնել կամ հատկապես կարմրել են ու հիմա պատրաստ են կշռվելու, իրենց ցուցադրելու, կծվելուց հետո հյութեղ հոսելու ու պապի փորձառու կնճիռներին հանգստության կոպեկներ պարգևելու:
Ո՛նց կամաչի էն խնձորը, որ ճանակագրի անեծքով որդնած դուրս կգա: Հազար ամոթ. արևը, պապը, Աստղը, արկղը, ավտոն… ամո՛թ:
Բայց էս բոլոր խնձորներին հաղթողի գոռոզությամբ է նայում էն մեկը, որ, դեռ լրիվ չհասած, զոհ դարձավ Աստղի քաղցած ժամերին ու չհասցրեց կեղտոտվել քաղաքի փոշով կամ էլ կշեռքով, այլ մաքրագործվեց Աստղի` տատի խոհանոցից թռցրած գոգնոցի փեշով:
…Մեռնողն անաշխարհ մնաց:

Շուկայի կշեռքները: Այդ անկողմնակալ դատավորները, որ նման են այն խեղճ երեխաներին, որոնց տանը անգիր անել են տալիս հյուրերի մոտ ինչ խոսելիքը: Բայց իրականում այդ երեխաներն են բոլոր մայրերի հոգում փառասիրության կրակի հրշեջները ու հայրերի հպարտության շոյողները:
Ու կշեռքներն են, որ արժանանում են մեր` քաղաքացիներիս, արիստոկրատիզմի տարրեր անպայմանորեն պարունակող, հեգնական ու կասկածներով լի հայացքներին, որ միշտ պիտի մատնանշեն իրենց ավելի գիտակից լինելը:
Կապ չունի, կշե՛ռք, դու քո գործն արա, մեր Սահակ պապին Աստղ սպասող կա:

…Մեռնողն անաշխարհ մնաց:

Արևին Սահակ պապն է քնից հանել, իսկ հիմա 7-ն անց է: Արևը քիչ-քիչ քնով է անցնում, պապի ուսերը` խեղճանում:

Կողքի տղաների մեծ ավտոբուսները եկել են, հաշվեցին օրվա առուծախը, ավանդական հումորներն արեցին, հիմա իրենց կանաչ ներկով ներկված, նոր արկղերն էլ կդասավորեն ու վերջ:
Պապը նայեց իր փայտե արկղին, տեսավ, որ տեղ-տեղ փայտի փոքրիկ ծուռմռտիկ մասեր էին ցցվել ու ցավեցնում էին խնձորներին: Հետո քուն մտնող արևին նայեց, մեկ էլ կոշիկներին, որ մոռացել էին` որ եղանակի համար էին նախատեսված:

Էս բոլոր հարցերի պատասխանը երկինքը վերջը տալու՞ է:
…Մեռնողն անաշխարհ մնաց:
Դե, Սահա՛կ պապ, քեզ պինդ պահիր:
Ա՛յ ջրի կաթիլ, չմատնես Աստղի պապին, չփորձես հոսել տարիներ ոլորած, կոշտացած, հողն անկողին դարձրած դեմքի վրայով: Չմատնես պապի թաքուն թուլությունները. դրանց մասին ինքը` պապն է մոռացել:
Եղածդ մի ջրի կաթիլ չէ՞, ինչո՞ւ են քեզ արցունք կոչում, ինչո՞ւ ես այդքան հասկանալի տեսնողի համար:

Էն պինդ պարանն ո՞ւր ընկավ է՜:
Հետ ենք գնում. Աստղի աչքը ջուր կտրեց: Ոչինչ, խնձոր կուտեն:

Ուրի՞շ ճանապարհով գնաց ավտոն, թե ինչ. ճամփան երկար ու ծանր էր:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *