Մի անգամ պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը շատ հետաքրքիր պատմություն պատմեց Արամ Խաչատրյանի մասին։ Պատմությունը պրոֆեսորը լսել էր ակադեմիկոս Սուրեն Երեմյանից, որին էլ պատմել էր ակադեմիկոս Արտաշես Առաքելյանը։ Խոսքը Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային միությունում սկսված «Ժդանովյան դոկտրինի» (1946 թ․) և «մշակութային վերահսկողության» ժամանակների մասին է, երբ խստացվում էր կոմունիստական կուսակցության վերահսկողությունը մշակութային կյանքի վրա։ Մշակութային բոլոր գործերը պետք է համահունչ լինեին կոմունիստական գաղափարախոսությանը և խթանեին սոցիալիստական ռեալիզմը՝ պետության կողմից հաստատված գեղարվեստական ոճը: Եվ հընթացս այս ամենի՝ 1948 թ․ Արամ Խաչատրյանը Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆևի և այլ առաջատար կոմպոզիտորների հետ միասին Կոմկուսի Կենտկոմի կողմից մեղադրվեց «ֆորմալիզմի» մեջ։ Այս եզրույթն օգտագործվում էր նկարագրելու արվեստի այն գործերը, որոնք համարվում էին չափազանց բարդ, փորձարարական կամ չէին համապատասխանում սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներին: Կոմպոզիտորները մեղադրվում էին Խորհրդային գաղափարախոսության փոխարեն Արևմուտքին նախապատվություն տալու մեջ, իսկ նրանց երաժշտությունը համարվում էր էլիտար և դեկադենտ: Խաչատրյանի ստեղծագործությունները որակվեցին խորհրդային մարդկանց համար անմատչելի և անկարող՝ արտացոլելու խորհրդային արժեքները։ Դրանք մնացին հարձակումների թիրախում անգամ Ստալինի մահից հետո, երբ արդեն 1954 թ․ պատրաստ էր նրա «Սպարտակ» բալետը (մտահղացել էր դեռ 1940-ականներին), որի երաժշտությունն ու խորեոգրաֆիայի տարրերը դիտվում էին չափազանց բարդ, փորձարարական կամ արևմտյան ոճերի ազդեցությամբ ստեղծված։ Եվ, որ կարևոր էր, բալետը քննադատում էին հատկապես նրա համար, որ Խաչատրյանը խորհրդային ժողովրդի, բանվոր-գյուղացիության կյանքը փառաբանելու համար ընտրել է «արդիականությունից այդքան հեռու մի թեմա», և ի՞նչ կապ կարող էր ունենալ այդ հեռավոր Հին Հռոմի դարաշրջանի թեման իր ժամանակների հետ։ Եվ ահա այդ քննարկումներից մեկի ժամանակ, երբ Խաչատրյանի հասցեին հնչեցնում էին նշված մեղադրանքները, նա բեմ դուրս եկավ և կարդաց Մարքսից մի հատված Սպարտակի մասին։ Խաչատրյանին այդ մեջբերումը տվել էր ակադեմիկոս Առաքելյանը։ Եվ հարցի այդ կողմը՝ արդիականությունից կամ խորհրդային կյանքից հեռու լինելու թեման փակվում է։
Խաչատրյանի՝ քննադատության առաջ կանգնելու այս պատմությունը հիշեցնում է հին հունական մի առասպել, որը ցույց է տալիս այն ծայրահեղությունները, որոնց ոմանք կգնան իրենց չափանիշները մյուսներին պարտադրելու համար: Ըստ հին հունական դիցաբանության՝ Պրոկրուստեսը, որին ոմանք Դամեստես կամ Պոլիպեմոն էին կոչում, հայտնի ավազակ էր, որն ապրում էր Էլևսիսից Աթենք տանող ճանապարհի մոտ։ Նա դարանակալում էր անցորդներին, հրավիրում էր նրանց իր տուն և գիշերակացի համար առաջարկում իր «ինքնօրինակ» մահիճը (մահճակալը)։ Եթե անցորդներից կարճահասակների համար մահիճը մեծ էր լինում, Պրոկրուստեսը ձգում էր նրանց այնքան, որ հավասարվեն մահճակալին, իսկ բարձրահասակների դեպքում, երբ մարմնի մասերը դուրս էին մնում մահճից, նա կտրում էր այդ մասերը։ Բոլոր դեպքերում ոչ մի անցորդ չէր փրկվում, մինչև մի օր Թեսևսը սպանեց նրան նույն այդ մեթոդով՝ ստիպելով Պրոկրուստեսին հարմարեցնել իր մարմինն իր իսկ մահճին․․․
Սակայն «պրոկրուստեսյան մահճի» պատմությունը չի ավարտվում ո՛չ Պրոկրուստեսի մահվամբ, ո՛չ էլ առասպելի շրջանակներում․ երևույթն առկա է նաև մեր օրերում՝ նոր փոխակերպումներով և համատեքստերով։ Սա հատկապես ակնհայտ է վերջին շրջանում, որը նշանավորվում է գիտելիքի սպառման և տեղեկատվության տարածման զգալի տեղաշարժերով: Պրոկրուստեսյան մահիճների կարելի է հանդիպել բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ գիտական, լրատվամիջոցների և սոցիալական ոլորտներում: Այս փոխակերպումները ցույց են տալիս, թե ինչպես է կանխավ որոշարկված օրինաչափություններին համապատասխանելու անհրաժեշտությունը շարունակում ազդել անհատական և հավաքական (կոլեկտիվ) վարքի վրա: Հավաքական մակարդակում այս միատարրացումը խեղդում է բազմազանությունը, նորարարությունը և առաջընթացը, քանի որ եզակի հեռանկարներն ու տաղանդները ճնշվում են՝ հօգուտ համապատասխանության:
Այդպես Պրոկրուստեսի մահիճը, գերազանցելով իր առասպելաբանական ծագումը, այսօր ներկայանում է իբրև բարոյական և հոգևոր համապատասխանության մակերեսայնություն, որտեղ հավատքն ու բարոյական ընտրությունները փոխարինվում են կոշտ դոգմաներով: Պարտադրված միատեսակության մեջ խորտակվում են հոգևոր և բարոյական կյանքի խորությունները՝ հանգեցնելով այն «մաքուր» համապատասխանության, հավակնելով բացարձակ ճշմարտությունների և լուծումների՝ նվազեցնում են մարդկային փորձի բարդությունը հանգեցնելով պարզեցված, միատեսակ շրջանակների:
Այս առասպելաբանական փոխակերպությանը զարմանալիորեն զուգահեռվում է մի երևույթ, որը ես կանվանեմ «մեջբերումային հասարակություն», որտեղ մարդիկ մեծապես ապավինում են հեղինակավոր աղբյուրներից մեջբերումներին, այլ ոչ թե սեփական մտքերը զարգացնելուն կամ քննադատական վերլուծություններին: Այլ կերպ ասած՝ ժամանակակից աշխարհում «մեջբերումների հասարակությունը» պրոկրուստեսյան մահճով անցած հասարակությունն է, որը դրսևորվում է տարբեր ձևերով, կյանքի տարբեր ոլորտներում՝ ներառյալ սոցիալական մեդիան, ակադեմիական դիսկուրսը և առտնին խոսակցությունները: Փոխառելով այլոց գաղափարներն ու պատկերացումները՝ չեզոքացնում են սեփականն ունենալու հնարավորությունը։ Կայացած (հաճախ՝ կարծրացած) գաղափարներ և հասկացություններ փոխառելու նախընտրության հետևանքը լինում է սեփական հեռանկարների զարգացման և մտավոր անկախության չեզոքացումը:
Երևույթը, հարկավ, նորություն չէ, այն հատուկ է հատկապես ամբողջատիրական հասարակություններին, որտեղ առաջնային է գաղափարական համապատասխանության հաստատումը: Պատմական նախադեպերից իբրև դասական օրինակ կարող ենք նշել Խորհրդային Միությունը, որտեղ տարածված էր հեղափոխական առաջնորդներից (Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին կամ այլ) արված մեջբերումների կամ հղումների պրակտիկան: Այս ավանդույթը և՛ գաղափարների ամրապնդման գործիք էր, և՛ քաղաքականությունն ու գործողությունները օրինավորելու (լեգիտիմացնելու) մեթոդ: Հեղափոխական առաջնորդների խոսքերը վկայակոչելով՝ խորհրդային իշխանությունները ձգտում էին շարունակականություն հաստատել հիմնարար սկզբունքներով և պահպանել «գաղափարական մաքրությունը»։ Անգամ հրատարակվում էին գրքեր, որտեղ մանրամասնորեն դասդասված էին հեղափոխական առաջնորդների տեքստերը (խոսքերը) գրեթե ամեն ինչի մասին (ընտանիք, սեր, եղբայրություն, հայրենիք, լեզու և այլն)։ Դիցուք՝ անհրաժեշտ է տեքստ ազատության մասին, լեզվի մասին․․․․ խնդիր չէ․ բացում ես այդ գիրքը և ընտրում առաջնորդներից որևիցե մեկի կամ մի քանիսի դիտարկումներն այդ թեմայով։ Եվ քո մեջբերում-հղումը պատրաստ է․․․ անկախ նրանից, թե դու քիմիայից ես գրում, աստղագիտությունից, թե լեզվաբանությունից․․․
Ինչպես երևում է, Խորհրդային համատեքստում հեղինակավոր աղբյուրների մեջբերումներն օգտագործվում էին քաղաքական որոշումների և գործողությունների օրինականությունը ամրապնդելու համար: Այս պրակտիկան վերաբերում էր ոչ միայն ինտելեկտուալ հավատարմությանը, այլ խորապես միահյուսված էր վարչակարգի քաղաքականության իրավական և բարոյական հիմնավորման հետ: Ըստ այդմ՝ սահմանված նորմերից ցանկացած շեղում արագորեն դատապարտվում էր իբրև հերետիկոսական կամ հակահեղափոխական՝ այդպիսով պահպանելով հասարակության ներսում խիստ պրոկրուստեսյան համապատասխանությունը։
Այս պրակտիկան մեր օրերում ունի աշխարհագրական այլ ընդգրկում՝ տոտալիտարիզացնելով առտնին կյանքը, առօրեականությունը՝ անգամ անկախ վարչակարգերից և գաղափարախոսություններից։ Դրանում մեծ է հատկապես սոցիալական մեդիահարթակների դերակատարումը, որոնք ընդլայնել են այս միտումը՝ հեշտացնելով հայտնի գործիչների մեջբերումներով և տեղեկատվության հատվածներով կիսվելը: Մեջբերումների հակիրճությունն ու համօգտագործելիությունը դրանք գրավիչ են դարձնում՝ արագ տեմպերով տարածվելով թվանշային միջավայրում, որտեղ հաճախ առաջնահերթություն են տալիս տեսողականորեն գրավիչ և հեշտ օգտագործվող բովանդակությանը։ Սա էլ իր հերթին հանգեցնում է բարդ գաղափարների չափից ավելի պարզեցմանը և սոցիալական մեդիայի համաճարակայնությանը:
Բանն այն է, որ սոցիալական մեդիայի ալգորիթմները նախագծված են ուժեղացնելու բովանդակությունը, որը առաջացնում է ներգրավվածություն, ինչպիսիք են հավանումները, կիսումները և մեկնաբանությունները: Իսկ դա նշանակում է, որ հայտնի գործիչների մեջբերումները կարող են արագ հասնել լայն լսարանի՝ հաճախ առանց ենթատեքստի կամ քննադատական վերլուծության: Կիսվելու այս հեշտությունը հանգեցնում է գիտելիքի մակերեսային սպառման, որտեղ մեջբերման գործողությունն ավելի կարևոր է դառնում, քան հիմքում ընկած հասկացությունները հասկանալը:
Արտաքին վավերացումից այս կախվածությունը կարելի է տեսնել անգամ ակադեմիական միջավայրերում, հանրային դիսկուրսներում և առտնին խոսակցություններում: Սոցցանցերում օգտատերերը հաճախ կիսում և ուժեղացնում են ազդեցիկ կամ հայտնի մարդկանց մտքերն ու կարծիքները՝ առանց քննադատական ներգրավվածության: Ակադեմիական միջավայրերում ուսանողները և գիտնականները կարող են առաջնահերթություն տալ հաստատված հայեցակարգերին, քան ինքնօրինակ փաստարկներ ներկայացնելուն, ինչը պայմանավորված է հաստատութային (ինստիտուցիոնալ) ակնկալիքներին համապատասխանելու անհրաժեշտությամբ: Հարկավ, ակադեմիական միջավայրում մեջբերումների օգտագործումը գիտական աշխատանքի կարևոր բաղադրիչ է, որը հիմք է ստեղծում գոյություն ունեցող գիտելիքների վրա հիմնվելու համար: Այնուամենայնիվ, մեջբերումների չափազանց մեծ շեշտադրումը, ակադեմիական շրջանակներից մինչև առտնին համակեցություն, հաճախ ստվերում է նոր գաղափարների մշակման և քննադատական վերլուծության կարևորությունը:
Այսու՝ «մեջբերումայնության» տարածվածությունը էական ազդեցություն ունի կրթության, ինտելեկտուալ մշակույթի և հանրային դիսկուրսի վրա: Կրթական միջավայրերում ուսումնառուները կարող են իրենց փաստարկները հաստատելու համար ավելի շատ կենտրոնանալ հեղինակավոր մեջբերումներ գտնելու վրա, այլ ոչ թե իրենց վերլուծական հմտությունները և անկախ մտածողությունը զարգացնելու: Սա կարող է խաթարել նաև կրթության նպատակը, որն է՝ խթանել քննադատական մտածողությունը և մտավոր անկախությունը: Մեջբերման շեշտադրումը կարող է նաև հանգեցնել նեղ կենտրոնացման այն թեմաների վրա, որոնք հարմար են համարվում «մեջբերման համար»՝ ստվերելով կամ ուղղակի ոչնչացնելով նորարարությունների ու ավելի քիչ հայտնի գաղափարների ուսումնասիրությունը: Հարկավ, խոսքն այն մասին չէ, որ ընդհանրապես մերժվեն մեջբերումներն ու հղումները․ քավ լիցի, խոսքը համատեքստի մասին է, համատեքստ, որն աջ ու ձախ անտեսվում է, դեն է շպրտվում, մերժվում է ու մոռացվում․․․ Թեև հեղինակավոր աղբյուրներ մեջբերելը կարևոր է դիսկուրսի համար, այդուամենայնիվ, այն չպետք է փոխարինի ստեղծագործական մտածողությանը: Հարկ է հանդես գալ հավասարակշռված մոտեցմամբ, որտեղ մեջբերումներն օգտագործվում են ոչ թե փոխարինելու, այլ անկախ վերլուծություններին և քննադատական մտքին աջակցելու համար:
Մեջբերումների կռապաշտությունը նպաստում է մտքի համասեռացմանը, որտեղ որոշակի ձայներ և հեռանկարներ գերակշռում են բազմազանության հաշվին: Մի բան, որը սահմանափակում է քննարկվող և քննարկվելիք գաղափարների շրջանակը՝ ամրապնդելով գործող ուժային կառույցները և լուսանցքայնացնելով այլընտրանքային տեսակետները: Հեղինակավոր մեջբերումների վրա հիմնված լինելը հատկապես հանրային դիսկուրսների դեպքում, հանգեցնում է բարդ հարցերի մակերեսային ներգրավվածության։ Սա կարող է խանգարել բովանդակալից երկխոսությանը և նպաստել բևեռացված և մասնատված հանրային դաշտի ձևավորմանը:
Իսկ այս ամենը վկայում է առ այն, որ մեջբերումային հասարակությունը հնազանդեցված հասարակություն է, երբ անհատական գործողությունները կապվում են քաղաքական նպատակներին։ Այդպես թե՛ անհատները և թե՛ կոլեկտիվը հաճախ հոգեբանական մխիթարություն են զգում հեղինակավոր հրամաններին հետևելիս, քանի որ դա նվազեցնում է նրանց անձնական պատասխանատվության զգացումը: Պատասխանատվության նման նվազեցումը թեթևացնում է սեփական դիրքորոշումն ինքնուրույն հաստատելու և պաշտպանելու անձնական բեռը:
Եվ ակամա հիշում ես Սթենլի Միլգրեմի փորձը (Milgram experiment), որն անցկացվել է 1960-ականների սկզբին։ Միլգրեմն ուսումնասիրում էր, թե որքանով են մարդիկ ենթարկվում հեղինակավոր գործիչներին, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց խնդրում են կատարել գործողություններ, որոնք հակասում են իրենց խղճին: Մասնակիցներին, որոնք հավատում էին, որ իրենք կրթության վերաբերյալ ուսումնասիրության մաս են կազմում, հանձնարարվել էր էլեկտրական աթոռ հիշեցնող նստարանին նստած «աշակերտին» (իրականում դերասանին) հոսանքահարել յուրաքանչյուր սխալ պատասխանի դեպքում: Չնայած դերասանի նմանակված ցավի ճիչերը լսելուն, փորձարարը մասնակիցներին հորդորում էր շարունակել: Յուրաքանչյուր սխալ պատասխանի դեպքում ցնցումների ուժգնությունը մեծանում էր՝ ի վերջո հասնելով վտանգավոր մակարդակի: Հատկանշական է, որ մասնակիցների մեծամասնությունը շարունակում էր հոսանքահարել՝ չնայած որ ակնհայտորեն անհարմարություն էր զգում: Մասնակիցների հետևողական հնազանդությունը ընդգծեց հեղինակավոր գործիչների խորը ազդեցությունը վարքագծի ձևավորման վրա՝ ցույց տալով, թե ինչպես մարդիկ կարող են առաջնահերթություն տալ հնազանդությանը, քան անձնական անհարմարության ու էթիկական մտահոգություններին։ Միլգրեմի բացահայտումներն ընդգծեցին հեղինակության հույժ ազդեցիկությունը մարդկային վարքի վրա և բարձրացրին հնազանդության սահմանների վերաբերյալ էթիկական բազմաթիվ հարցեր:
Ճիշտ ինչպես Միլգրեմի փորձի մասնակիցները ենթարկվում էին փորձարարի հեղինակությանը, այնպես էլ «մեջբերումային» հասարակության անդամները խոցելի են նրանց մանիպուլյացիաների նկատմամբ, ովքեր վերահսկում են հեղինակավոր պատմություններն ու պատումները: Թեև հեղինակավոր աղբյուրներ վկայակոչելը կարող է վստահություն հաղորդել փաստարկներին, այն կարող է նաև հեռու պահել այլընտրանքային դիսկուրսների մեջ ներգրավվելուց: Սա կարող է հանգեցնել կողմնակալ կամ վնասակար գաղափարախոսությունների ոչ քննադատական ընդունմանը:
Պրոկրուստեսյան մահճին համապատասխանելուն դիմակայելու համար՝ լինի դա բարոյական, հոգևոր կամ մտավոր համատեքստերում, կարևոր է խրախուսել և զարգացնել անկախ միտքը: Սա ներառում է քննադատական մտածողության խթանում և մտավոր անկախությանը առաջնահերթություն տալը: Հաստատված (կարծրացած) ճշմարտությունները պասիվ կերպով ընդունելու փոխարեն հույժ անհրաժեշտ է անհատականության խրախուսումը: Ինքնատիպությունը և բազմազան տեսակետները նշելը կարող է օգնել հակադրվել մեջբերումների հասարակության համասեռացման միտումներին: Մի բան, որը հնարավոր է ճանաչողական այնպիսի հմտությունների կիրառմամբ, ինչպիսիք են վերլուծությունը, համադրությունը, մեկնաբանությունը, եզրակացությունը, գնահատումը և բացատրությունը: Եվ, իհարկե, միջավայր, որը խրախուսում է հարցադրումը, աջակցում է մտավոր ազատությանը և գնահատում է ապացույցների վրա հիմնված հիմնավորումը, խթանում է քննադատական մտածողության հմտությունների զարգացումը:
Այսու՝ պրոկրուստեսյան մահիճը, որպես պարտադրված համապատասխանության փոխաբերություն, հիշեցնում է անհատականության և մտավոր ազատության ճնշման վտանգները: Ժամանակակից դիսկուրսներում մեջբերումային հասարակության ֆենոմենը մարմնավորում է հենց այդ միտումը, որտեղ հեղինակավոր աղբյուրներին ապավինով՝ ոչնչացվում են քննադատական մտածողությունը և ինքնատիպությունը: Մինչդեռ քննադատական և ինքնատիպ մտածողությունը պահանջում է «ինտելեկտուալ խոնարհություն, ինտելեկտուալ քաջություն, ինտելեկտուալ կարեկցանք, ինտելեկտուալ ամբողջականություն, ինտելեկտուալ հաստատակամություն, հավատ բանականության նկատմամբ և արդարամտություն» (Ռիչարդ Փոլ և Լինդա Էլդեր):
Խթանելով քննադատական մտածողությունը, արժևորելով ինքնատիպությունը և խրախուսելով ինտելեկտուալ համարձակությունը՝ հասարակությունը կարող է դիմակայել պրոկրուստեսյան համապատասխանության ճնշումներին և զարգացնել ավելի դինամիկ և բազմազան ինտելեկտուալ լանդշաֆտ: